Լեոպոլդո Լուգոնես | Աղե արձանը

Ահա, թե ինչպես պատմեց ուխտագնացը Սոսիստրատի ճշմարիտ պատմությունը.
– Նա, ով երբևէ չի եղել սուրբ Սաբաս վանքում, չգիտե, թե ինչ բան է ամայությունը: Պատկերացրեք չափազանց հիմավուրց մի շինություն` կառուցված Հորդանան գետի վրա, որի դեղնավուն ավազով ներծծված ջրերը, արդեն գրեթե բոլորովին նվաղած, սահում են դեպի Մեռյալ ծով` Սոդոմի խնձորենիների ու պիստակենիների թավուտների միջով: Այդ ողջ փոխարքայությունում մեն մի արմավենի կա, որի ճյուղերը ձգվում են վանքի պատերից վեր: Անվերջ միայնություն, որ միայն երբեմն-երբեմն խախտվում է իրենց հոտը քշող որոշ քոչվորների տեղաշարժով. ահռելի մի լռություն, որ կարծես իջնում է հսկաների պես հորիզոնը գրկած բարձրադիր լեռներից: Երբ փչում է անապատի քամին, անշոշափելի ավազ է անձրևում երկնքից. երբ քամին լճի կողմից է, բոլոր բույսերը ծածկվում են աղի շերտով: Մայրամուտն ու արևածագը միաձուլվում են միևնույն տխրության մեջ: Միայն նրանք, ովքեր մեծ հանցանքներ ունեն քավելու, գնում են նման միայնության: Վանքում կարելի է պատարագ լսել և հաղորդություն ստանալ: Վանականները, որ այժմ միայն հինգն են, և բոլորն առնվազն վաթսունն անց, առաջարկում են ուխտագնացին համեստ թեթև կերակուր` տապակած արմավներով, խաղողով, գետի ջրով, երբեմն արմավենու գինով: Երբեք վանքից դուրս չեն գալիս, չնայած շրջակայքի ցեղերը նրանց հարգում են` որպես լավ բժիշկների: Երբ նրանցից մեկը մեռնում է, նրան թաղում են ներքևում` գետի ափին գտնվող անձավներում, ժայռերի մեջ: Հիմա այդ քարայրներում վանքի հետ բարեկամացած կապույտ աղավնիների զույգերն են բույն հյուսում: Նախկինում, շատ տարիներ առաջ, բնակվում էին այդտեղ առաջին ճգնավորները, որոնցից մեկը վանական Սոսիստրատն էր, ում պատմությունը խոստացել եմ պատմել ձեզ: Թող Կարմելոյի սուրբ Աստվածամայրն ինձ օգնական լինի, և դուք լսեք ուշադրությամբ: Այն, ինչ կլսեք, բառ առ բառ ինձ պատմել է եղբայր Պորֆիրիոն, որ այժմ թաղված է Սուրբ Սաբասի քարայրներից մեկում, որտեղ ավարտել էր իր կյանքը՝ ութսուն տարեկան հասակում, առաքինության ու ապաշխարհանքի մեջ: Թող Աստված նրա հոգին լուսավորի: Ամեն:
Սոսիստրատը մի հայ վանական էր, որ վճռել էր իր կյանքն անցկացնել միայնության մեջ իր երկրային կյանքի մի քանի երիտասարդ ընկերների հետ, ովքեր նոր էին քրիստոնեական հավատքին դարձել: Այսպիսով պատկանում էր ճգնակյացների տոկուն տեսակին: Անապատում երկար դեգերելուց հետո, հասնում են մի օր այն անձավներին, որոնց մասին ձեզ պատմեցի, և այնտեղ բնակություն հաստատում: Հորդանանի ջուրը, փոքրիկ այգու պտուղները, որ միասին մշակում էին, բավարարում էին՝ իրենց կարիքները հոգալու համար: Օրերն անց էին կացնում` աղոթելով և մտորելով: Այդ անձավներից վեր էին խոյանում աղոթքների սյուներ, որոնք իրենց ջանքերով կանգուն էին պահում երնքի երերուն գմբեթը` այնքան մոտ աշխարհի մեղքերի վրա փլուզվելուն: Այդ վտարանդիների զոհողությունը, ովքեր իրենց մարմինը մեռցնում և դառը ծոմ էին պահում Աստծո արդարացի բարկությունը մեղմելու համար, փրկեց բազմաթիվ հիվանդություններից, պատերազմներից ու երկրաշարժերից: Այդ մասին չգիտեն անհավատները, ովքեր թեթևամտորեն ծիծաղում են ճգնավորների ապաշխարհանքի վրա: Եվ, այնուամենայնիվ, արդարների զոհողություններն ու աղոթքներն են, որ տիեզերքի կամարները կանգուն են պահում:
Երեսուն տարի ժուժկալության ու լռության մեջ ապրելուց հետո Սոսիստրատը և իր ընկերները հասել էին սրբության: Պարտված սատանան անկարողությունից ոռնում էր սուրբ վանականների ոտքերի տակ: Վերջիններս մեկը մյուսի ետևից հեռանում էին կյանքից, մինչև որ, ի վերջո, Սոսիստրատը մնաց մենակ: Արդեն շատ ծեր էր, շատ փոքրամարմին: Գրեթե թափանցիկ էր դարձել: Ծնկաչոք աղոթում էր օրեկան տասնհինգ ժամ, հայտնություններ էր ունենում: Նրան ընտելացած երկու աղավնիներ ամեն երեկո բերում էին նռան մի քանի հատիկ և կերակրում էին նրան իրենց կտուցներով: Բացառապես դրանով էր ապրում. փոխարենը բուրում էր ինչպես հասմիկի թուփը իրիկնամուտին: Ամեն տարի Ավագ ուրբաթ օրը արթնանալով գտնում էր ճյուղերից շինված իր անկողնու գլխամասում գինով լցված ոսկե գավաթ և մի կտոր հաց, որի փշուրներով հաղորդություն էր ստանում` անասելի էքստազի մեջ ընկղմվելով: Երբեք մտքով չէր անցել հարց տալ, թե որտեղից էր այդ ամենը հայտնվում, քանի որ լավ գիտեր, որ տեր Հիսուսը կարող է դա անել: Եվ կատարյալ նվիրումով սպասելով դեպի երանություն ճանապարհվելու իր օրվան` շարունակում էր կրել իր տարիների բեռը: Արդեն ավելի քան հիսուն տարի էր` ոչ մի անցորդ այնտեղով չէր անցել:
Բայց մի առավոտ, մինչ վանականը աղոթում էր իր աղավնիների հետ, նրանք հանկարծ վախեցած, թռան-հեռացան: Քարայրի մուտքի մոտ մի ուխտագնաց էր կանգնել: Սոսիստրատը նրան աստվածահաճո բառերով ողջունելուց հետո հրավիրեց հանգստանալու` ցույց տալով նրան թարմ ջրով լի սափորը: Անծանոթը խմեց ագահորեն, ասես հոգնածությունից ուժասպառ եղած լիներ, և իր խուրջինից հանած մի բուռ չիր ուտելուց հետո` աղոթեց վանականի հետ միասին:
Անցավ յոթ օր: Ճամփորդը պատմեց իր ուխտագնացության մասին Կեսարիայից մինչև Մեռյալ ծով` ավարտելով իր պատումը մի պատմությամբ, որ անհանգստացրեց Սոսիստրատին:
-Տեսել եմ անիծված քաղաքների դիակները,- ասաց մի գիշեր իր հյուրընկալին, – տեսել եմ, թե ինչպես է ծովը հնոցի պես ծխում, և սարսափով լի դիտել եմ կնոջ աղե արձանը` Ղովտի պատժված կնոջը: Կինը կենդանի է, եղբա՛յր, և ես լսել եմ` ինչպես է տնքում ու տեսել եմ` ինչպես է քրտնում կեսօրի արևի տակ:
-Նման մի բան պատմում է Յուվենկուսը իր «Սոդոմի մասին» աշխատության մեջ, – ցածր ձայնով ասաց Սոսիստրատը:
– Այո, ծանոթ եմ այդ հատվածին,- ավելացրեց ուխտագնացը:- Այնտեղ դեռ է՛լ ավելի որոշակի բան կա. այնտեղից երևում է, որ Ղովտի կինը շարունակում է ֆիզիոլոգիապես կին լինել: Ես մտածում եմ, որ գթառատության քայլ կլիներ ազատել նրան իր պատժից:
– Դա Աստծո արդարադատությունն է, – բացականչեց ճգնավորը:
– Մի՞թե Քրիստոս չէր եկել իր զոհաբերությամբ հին աշխարհի մեղքերը քավելու,- մեղմորեն պատասխանեց նրան ճամփորդը, որ սուրբ գրերի գիտակ էր թվում:- Մի՞թե մկրտությունը չի մաքրագործում հավասարապես Օրենքի դեմ հանցանքը և հանցանքը Ավետարանի դեմ:
Այս բառերից հետո երկուսն էլ քուն մտան: Դա վերջին գիշերն էր, որ անցկացրեցին միասին: Հաջորդ օրը անծանոթը մեկնեց` իր հետ տանելով Սոսիստրատի օրհնությունը, և հարկ չկա ձեզ ասել, որ չնայած իր արտաքին բարեհոգությանը` այն կեղծ ուխտագնացն ինքը Սատանան էր:
Նենգամիտը նրբորեն էր իր դավը հյուսել: Այն գիշերվանից ի վեր համառ մտահոգություն թափանցեց սրբի հոգին: Մկրտել աղե արձանը, ազատել իր տառապանքից այդ շղթայված հոգին: Կարեկցանքը պահանջում էր, ողջախոհությունը` առարկում: Այս պայքարի մեջ անցան ամիսներ, մինչև որ, ի վերջո, վանականը մի հայտնություն ունեցավ: Երազում նրան մի հրեշտակ հայտնվեց ու հրամայեց գործն ի կատար ածել:
Սոսիստրատն աղոթեց ու ծոմ պահեց երեք օր և չորրորդ օրվա առավոտյան, հենվելով ակացիայի ճյուղից պատրաստած ձեռնափայտին, Հորդանանի ափերը երիզելով, բռնեց Մեռյալ ծովի ճանապարհը: Երկար չէր ճամփան, բայց իր հոգնած ոտքերը հազիվ էին իրեն պահում: Այսպես քայլեց երկու օր: Հավատարիմ աղավնիները շարունակում էին սովորականի պես կերակրել նրան, և նա շատ էր աղոթում, ի խորոց սրտի, քանի որ այդ վճիռը նրան չափազանց վշտացնում էր: Վերջապես, երբ ոտքերն արդեն տեղի էին տալիս, լեռները բացվեցին, և հայտնվեց լիճը:
Ավերված քաղաքների կմախքները կամաց–կամաց սկսում էին անհետանալ: Արդեն մնացել էին միայն մի քանի այրված քարեր. կամարների կտորներ, աղից քայքայված և ձյութի մեջ թաղված չթրծած աղյուսների շարաններ… Վանականը գրեթե ուշադրություն չդարձրեց այդ մնացուկներին` փորձելով շրջանցել դրանք, որպեսզի ոտքերը չկեղտոտվեն: Հանկարծ ամբողջ ծեր մարմինով դող անցավ: Դեպի հարավ` փլատակներից այն կողմ, լեռների ոլորաններից մեկում հենց այդ պահին նկատեց արձանի ուրվագիծը:
Իր կարծրացած թիկնոցի տակ, որին ժամանակը կրծոտած տեսք էր տվել, նա երկար ու նրբին մի ուրվականի էր նմանվել: Արևը փայլում էր լուսավոր շիկացածությամբ` մոխրացնելով քարաբեկորները, ստիպելով պսպղալ թփերի տերևները ծածկող աղե շերտը: Կեսօրի կուրացնող արտացոլանքի մեջ, թվում էր, թե այդ թփերը արծաթից էին: Երկնքում ոչ մի կտոր ամպ չկար: Դառը ջրերը քնած էին իրենց բնորոշ անշարժության մեջ: Ուխտագնացներն ասում էին, որ երբ փչում էր քամին, նրանց մեջ կարելի էր լսել թե ինչպես էին տրտնջում քաղաքների ուրվականները:
Սոսիստրատը մոտեցավ արձանին: Ճամփորդը ճիշտ էր ասել: Մի գոլ խոնավություն ծածկում էր նրա դեմքը: Այդ սպիտակ աչքերը, այդ սպիտակ շուրթերը կատարելապես անշարժ էին` քարի տակ ճնշված, իրենց դարավոր քնի մեջ: Կյանքի ոչ մի նշույլ չէր թափանցում այդ քարաբեկորի տակից: Արևն այրում էր նրան անգութ համառությամբ` միշտ անփոփոխ հազարավոր տարիներ ի վեր, և, այնուամենայնիվ, այդ Էակը կենդանի էր, քանի որ քրտնում էր: Նման քնի մեջ ամփոփվում էր բիբլիական սարսափների խորհուրդը: Եհովայի ցասումը թափվել էր այդ էակի` մսի ու բեկորի այդ սարսափելի միաձուլման վրա: Արդյոք թեթևամտություն չէ՞ր այդ քունը խանգարելու մտադրությունը: Չէ՞ր ընկնի արդյոք անիծված կնոջ մեղքը այն անմիտի վրա, ով կփորձեր նրան ազատել: Գաղտնիքն արթնացնելը հանցավոր խենթություն է, գուցե դժոխքի գայթակղությունը: Սոսիստրատը` թախիծով լի, ծունկի իջավ` աղոթելու սակավ ծառերի ստվերում:
Թե ինչպես գործն ի կատար ածվեց, ձեզ չեմ պատմի: Իմացեք միայն, որ երբ օրհնյալ ջուրն ընկավ արձանի վրա, աղը դանդաղորեն հալվեց, և ճգնավորի աչքերի առաջ հայտնվեց կին` հավերժության պես ծեր, փաթաթված սարսափելի ցնցոտիների մեջ, մոխրի թեթևությամբ, նիհար ու դողդողացող, դարերի խորքից: Վանականը, որ տեսել էր սատանային առանց վախի, սարսափ զգաց այդ տեսիլքի առջև: Նզովված ժողովրդն էր նրա մեջ մարմնավորվում: Այդ աչքերը տեսել էին, թե ինչպես էր ծծումբը այրվում` աստվածային ցասումի ուժով անձրևի պես թափվելով քաղաքների անպատվության վրա: Այդ ցնցոտիները գործված էին Ղովտի ուղտերի մորթուց, այդ ոտքերը տրորել էին Ամենակարողի հրդեհի մոխիրները:

Սարսափազդու կինը խոսեց նրա հետ իր հնամենի ձայնով: Արդեն ոչինչ չէր հիշում: Միայն հրդեհի աղոտ տեսիլ, մռայլ զգացողություն` այդ ծովի տեսարանից ծնվող: Նրա հոգին շփոթմունքով էր պարուրված: Երկար էր քնել գերեզմանի պես սև քնով: Տանջվում էր` ինքն էլ չիմանալով, թե ինչու է այդ մղձավանջի մեջ ընկղմված: Այս վանականը հենց նոր փրկել էր իրեն: Հասկանում էր դա: Դա միակ պարզ բանն էր իր վերգտած գիտակցության մեջ: Եվ ծովը… հրդեհը… աղետը… այրվող քաղաքները… այդ ամենը անէանում էր մահվան պարզորոշ գիտակցման մեջ: Պետք է մեռներ: Եվ ահա փրկված էր: Եվ վանականն էր, որ փրկել էր իրեն: Սոսիստրատը դողում էր ահարկու: Մի կարմիր բոց էր հրդեհվել նրա բիբերում: Անցյալն այդ պահից ի վեր անէացել էր նրա համար, կարծես հրդեհի քամին ավլել-սրբել էր հոգին: Եվ միմիայն այս համոզմունքն էր զբաղեցնում նրա միտքը. Ղովտի կինն այնտեղ էր: Արևն իջնում էր դեպի սարերը: Հորիզոնը վառվում էր հրակարմիր երանգներով: Ողբալի օրերը վերակենդանացել էին այդ բոցավառվող շքեղության մեջ: Կարծես պատժի հարություն լիներ, որ երկրորդ անգամ էր արտացոլվում դառը լճի ջրերի մեջ: Սոսիստրատը դարերի խորքն էր վերադարձել: Հիշում էր: Ինքն աղետի մասնակից է եղել: Եվ այդ կինը…. Այս կինը նրան ծանոթ էր:

Այդ ժամանակ սարսափազդու մի բաղձանք բոցկլտաց մարմնում: Եվ լեզուն խոսեց` դիմելով հարություն առած ուրվականին.
-Կի՛ն, պատասխանի՛ր միայն մեկ բառ:
– Խոսի՛ր… հարցրո՛ւ…
-Կպատասխանե՞ս:
-Այո, խոսի՛ր. դու փրկել ես ինձ:
Ճգնավորի աչքերը փայլեցին, կարծես նրանցում խտանար ողջ փայլը, որ հրդեհում էր լեռները:

– Ասա՛ ինձ, կի՛ն էակ, ի՞նչ տեսար, երբ դեմքդ դարձրիր տեսնելու համար:
– Օ, ոչ… հանուն Էլոհիմի, մի՛ ցանկացիր իմանալ դա:
– Ասա՛ ինձ` ի՞նչ տեսար:
– Ոչ… ոչ… Դա կորստյան անդունդը կլինի:
– Ես ցանկանում եմ անդունդը:
– Դա մահ կլինի:
– Ասա` ի՞նչ տեսար:
– Չեմ կարող…. չեմ ուզում:
– Ես քեզ փրկել եմ:
– Ոչ… ոչ:
Արևն արդեն մայր էր մտել:
– Խոսի՛ր:
Կինը մոտեցավ: Նրա ձայնը ասես փոշով էր ծածկված. մարում էր, մթագնում մահամերձ:
– Հանուն ծնողներիդ մասունքների …
– Խոսի՛ր:
Այն ժամանակ այդ ուրվականը մոտեցրեց իր բերանը ճգնավորի ականջին ու մի բառ ասաց: Եվ Սոսիստրատը` շանթահար, շշմած, առանց մի ձայն արձակելու, ընկավ անշունչ: Աղոթենք Աստծուն նրա հոգու համար:

Թարգմանությունը իսպաներենից՝ Նարինե Բարսեղյանի

Share Button

1 Կարծիք

  • Մհեր says:

    Հետաքրքիր էր… Սա հենց այն Լուգոնեսն է, ում իր ,,Արարիչը,, գրքի առաջաբանի փոխարեն գրած խոսքում Բորխեսն ասում է. «Ձանձրույթս ու թախիծս են ստեղծել անհնարին այս տեսարանը: Թող այդպես լինի, (ասում եմ ինքս ինձ), բայց վաղը ես էլ եմ մեռնելու, և միաձուլվելու են մեր ժամանակները, և անսահման խորհրդանիշերի մեջ կորչելու է ժամանակագրությունը, և ինչ-որ ձևով արդար կլինի հավաստել, թե ես ձեզ եմ հանձնել այս գիրքը, և որ դուք ընդունել եք այն»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *