Մանկությանս հուշերում ես նստած եմ մեր պաշտգամբում ու քեռիս ինչ-որ բան է թղթի վրա գծում։ Ընդհանրապես թղթերի ու գծել-մծելու հետ նա շատ մեծ սեր ունի։ Կապույտ խոշոր աչքերը հաստ ապակիների ետևում էլ ավելի են մեծանում։ Կենտրոնանում է ու կծմծում ստորին շուրթը։ Սովորույթ է, ասում են՝ մանկուց է էդպիսին։ Վերցրել է իմ գունավոր մատիտները, եթե չեմ սխալվում օրացույց է պատրաստում։
Հա, ճիշտ է։ Այ հիմա հիշեցի։
Մայիս ամսվա համար էր։
Աչքերս վազում են, չէ՛ դանդաղ սողում են նրա հաստլիկ մատների ուղղություններով, ոգևորված՝ քանզի մայիսին նաև տարեդարձս է, ու մեկումեջ մանկական ուղեղս ցանկանում է խնդրել, որ այ այնտեղ՝ անկյունում, ինձ համար վարդագույն փայլուն գրիչով վարդեր նկարի ու հա անպայման մի ճերմակ կարապ, որ լողում է կապույտ լճակում։ Չայկովսկու հանդեպ սերը փոքրուց է գալիս, այդտեղ ես անզոր եմ ինչպես երևի հենց ինքը՝ Ժիզելը։
Ես ասում եմ։
Իհարկե չի նկարում։
Ես ավելի ուշ ավելացնում եմ։
Բայց այդ ի՞նչ է այնտեղ քեռիիս մատների կողքին վազում, չէ՛ դանդաղ սողում է։ Իսկապես որ, և՛ կա, և՛ ոչ։ Կիսաթափանցիկ փոշու կտոր, փոքրիկ, այնքան փոքրիկ, որ աչքերս մանկական սկզբում սարսափում են, հետո չեն կարողանում կտրել հայացքը։ Ոտքեր չունի, վրան փոշի, մարմին էլ չկա կամ կա, կամ էլ չկա, աչքեր չկան, չէ՛ իսկապես չկան աչքեր։ Վազում է ու պաղկվում պատուհանի փայտե փեղկի անցքերից մեկի մեջ։
Ու չքվում է, չեմ տեսնում այլևս երբեք։ Երբեք չեմ տեսնում չնայած 4 օր դեռ շարունակում եմ որսալ դրան ու հուսալ, որ կգտնվի իմ անբացատրելի ու կախարդական արարածը։ Իսկ ես կախարդական արարածներ այնքան շատ եմ սիրում․․․
Մոռանում եմ ես սակայն նաև շատ արագ։ Ուղեղս սիրում է շեղվել։
Այդպես էլ թռան 20 տարիներն իմ կյանքի, պատշգամբս փոխվեց, քեռիս գծում է դեռ, բայց այլ բաներ, չնայած ես վստահ չեմ, ու ես հիմա ինչ-որ բավարական գյուղում եմ, որ եդեմական բույսերի սիրտ է դարձել հուլիսյան այս արևշոգ տապին, հապճեպորեն կոճկում եմ հողաթափերս, քրտնած եմ արդեն ու հանկարծ աչքերս փոշուն են բախվում։
Փոքրիկ կտոր, երևի մատիս ծայրին հազիվ տեղավորվող մի փոշիկ։ Վազում է, չէ՛ դանդաղ սողում է քարե գետնի վրայով։ Մարմինը չի երևում, աչքեր չունի, բայց փոքր է, շատ փոքր։
Ես այլևս չեմ հետևում նրան։
Այդ տեսակին չեն հետևում ընդհանրապես։
Այդ տեսակը թաքստոցում պաղկված սեփական փետուրներով ջերմանում ու իմ կարիքը վախ թե ոնց ունի, բայց կմեռնի, կտանջվի, կտապալվի ու կպարտվի, սակայն նեղություն չի տա, հարցեր չի տա ու չի կանչի նույնիսկ, որ հետևեմ նրան, որ փրկեմ խեղճին։
Իմ փոքրիկ փոշե կանայք, ես տեսնում եմ ձեզ։ Ես տեսնում եմ ձեզ, երբ դուք վազում եք, չէ՛ սողում եք դանդաղ ու չեք ցանկանում նույնիսկ գետինը ցավեցնել։ Շտապում եք կյանքի միջով, բայց ուրիշների համար եք վազում։ Հասնում եք հոգիներին մոլորված, պղծված, չորացած ու թմրած։ Ոտքերը ձեր բարակ են ու զգույշ։ Բամբակե ամպեր եք դուք իմ փոքրիկ կանայք։
Իմ ջերմ կանայք, որ մի մեծ տուն եք լցնում լույսով, որ գույն չունի ու տարբեր է միշտ ու ուժն անսպառ է։ Կենսատու ծառի պես, որ փթթել է վարդագույն տերևներով ու ծաղկափոշով գարնան, դուք գրկում եք ձեր կողմերում մոլորվածներին։ Անհույս կորածներին՝ օթևան, մոլորվածներին՝ քարտեզ, ցավով լցվածներին՝ մեղրամոմ։ Ձեր փոքրիկ օրհնությամբ, ձեր անվերջ տոկունությամբ, որ փխրուն ձեռքերում ձեր լուսապայծառ մի ջահ է դառնում, ուղին հարթեցնող ու աչքեր լուսավորող։ Լուսավորե՛ք նաև աչքերը իմ։
Իմ փխրուն կանայք, որ այդքան հեշտ եք կոտրվում։ Բեկվում եք քամուց, որ չնայած բքին ու սառցե շնչին, ձեզ սիրում է միևնույն է անեզր ու անչափ։ Մարմինները ձեր լղար, ճեփ-ճերմակ, ճենապկյա, ճաքերով պատված, մի կերպ ճողոպրված։ Մոմի պես հալչող իմ փխրուն կանայք, որ այդքան ջերմության կարիք ունեն, բայց այդքան արագ են սպառվում։ Տալով ամեն բան, տրվելով անպատասխան, սիրելով անհատույց ու անվերապահորեն։ Անվերապահորեն սիրողը միշտ հաղթում է։
Իմ մեղմ կանայք, որ փոթորիկներն եք հարթեցնում, ասես դրանք թելեր են բրդյա երկար ու գույնզգույն։ Պտտում եք մտքերը ամպրոպային ու պահում ձեզ պես փոքրիկ կղզյակներում, ուր մենք երբեք-երբեք չենք ցանկանում երկար մնալ։ Հեռանում ենք արագ, բայց աներեսաբար միշտ վերադառնում։
Իմ փոքրիկ կանայք, որ Սուրբ Ծննդյան ճրագ եք սպասված։ Փաթիլները նույնիսկ չհալեցնող ջերմության ճառագայթներ եք դուք, մայր չլինելով մայր եք բոլորին՝ հարազատ, թե՛ անտեր, հեռու թե՛ մոտիկ, սև թե՛ սպիտակ։
Իմ փոքրիկ կանայք, կյանքի արևկաթ հոգիներ։ Մթնշաղային անտառների լաբիրինթոսի ավարտն եք դուք, սկիզբն եք դուք կյանքի դարամյա։ Արևային օրացույց եք դուք, որ խրված եք քարի մեջ, ու փթթել են վարսերը ձեր նուրբ ու ալիքավոր, ու հավերժ եք դուք ու ոգին ձեր մով։
Իմ փոքրիկ կանյաք դուք հուլիս եք։ Դուք անվերջանալի անդորր եք, հանգստությունն եք ու ցորյանական հասկեր եք դուք, ոսկեզօծ ու ջերմ, պարում եք ամռան մեղմ հովվքով ու ճկվում եք ձեր խորքերում թաքնվող հոգիների ծանրությունից։ Ծիրանագույն եք դուք ու քաղցրաշունչ, ծաղկային հողմ եք դուք հոգին սնուցող։
Իմ փոքրիկ կանայք, որ անտեսանելի եք ավաղ։ Աննկատ ոգիներ, որ սլանում են մոխրագույն ու խոնավ քաղաքներում։ Վազում եք, չէ՛ սողում եք հսկա մատների միջով, որ տարբեր ուղղություններով են գնում, բայց ձեզ չեն նկատում։ Արարում եք գաղտնի միայն, լալիս եք գիշերում միայն, ցավեցնում միայն ու միայն ինքներդ ձեզ։ Սեփականը հեռվում, խավարում ու թաղված։ Աննկատ ու դանդաղ, լուռ ու կամաց։
Իմ փոքրիկ կանայք, ձեր հոգիները հսկա, մարմինները՝ փոքր։ Շիրազական կանայք, աննկատ կանայք, որ ստվերում իրենց լույսն են տարածում։ Սիրառատ ու սիրատու կանայք։ Որքա՞ն եք անսեր մնալու, որքա՞ն եք տենչալու խոնարհ եդեմի անկյուն։ Կարապների պես սողում եք դուք ոսկեզօծ ջրի եզրին, ձեր ճերմակ փետուրներով լուսադեմ ու ես անզոր եմ այլևս, քանզի Ժիզելին շատ եմ սիրում, իսկ կախարդական արարածներին՝ առավել ևս․․․
Իմ փոքրիկ կանայք, դուք որ շարժվում եք փոքրիկ նավակներով, սողում եք դանդաղ ծովի վրայով՝ հարթ ու անհողդողդ։ Արևահարված կարմիր մաշկ, որ հետո այնքան առողջ տեսք դեռ պետք է ստանա, որ դեռ կյանքով պետք է սնուցվի ու լցվի։ Քամին փչում է դեմքիդ, համբուրում քեզ իր արարչական օրհնությամբ, որ դու էլ գոնե քո փոքրությամբ ստանաս սերը նրա։ Որտե՞ղ են մտքերդ, փոքրիկ իմ կին։ Ո՞ւր ես հասել մտքերիդ նավակներով, և ո՞ւր է հասցնելու քո Ոդիսականը քեզ։
Դո՛ւ, իմ փոքրիկ կին։
Որտե՞ղ ես հիմա։
Ինչպե՞ս գտնեմ քեզ հազարների մեջ։
Դեմքդ լուսադեմ, ես ինչպե՞ս ճանաչեմ։
Մայրական աչքերդ ամոթխած ինչպե՞ս պաշտպանեմ պղծերից կեղտաձեռ։
Ինչպե՞ս պահեմ օջախդ վառ, որ հազարավորների աչքի մեջ փուշ է սուր։
Իմ փոքրիկ կին ձայն տուր միայն ու ես կգամ։
Կգամ։
Իմ փոքրիկ կանայք
Մանկությանս հուշերում ես նստած եմ մեր պաշտգամբում ու քեռիս ինչ-որ բան է թղթի վրա գծում։ Ընդհանրապես թղթերի ու գծել-մծելու հետ նա շատ մեծ սեր ունի։
• 5 րոպե