Նելլի Ձավարյան | Անվերնագիր տապանաքար

2025-ի հունիսին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հատուկ դասընթացների ու աշխատարանների ծրագրի շրջանակում Աշոտ Ստեփանյանը Կողբում վարեց «Կայծակնային արձակ» աշխատարանը։ Ուսանողները խորացան արագ, խտացված ստեղծագրության առանձնահատկությունների մեջ՝ սովորելով դրամատիկ ու կայծակնային ավարտել իրենց սկսած աշխատանքը։
Դասընթացի նպատակն էր ցույց տալ, թե ինչպես կարելի է մեկ շնչով կարդացվող պատմության մեջ ստեղծել ամբողջական աշխարհ, կերպար և տրամադրություն։
Ձեզ ենք ներկայացնում նրանց արդյունքները՝ անկեղծ, անմիջական և ստեղծագործական առաջին փորձերը, որոնք լավագույնս արտացոլում են երիտասարդ ուսանողների երևակայությունը։

Ես Նելլի Ձավարյանն եմ, 17 տարեկան։ Ծնվել և ապրում եմ ՀՀ Լոռու մարզի Օձուն գյուղում։ Սովորում եմ Օձուն գյուղի Հովհան Օձնեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, 11-րդ դասարանում։ Ազատ ժամանակ սիրում եմ կարդալ դետեկտիվ գրքեր և լսել երաժշտություն։ Բացի այդ, հաճախ ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ, սիրում եմ զբոսնել:

Պա՛պ, ոնց խոստացել էի՝ այսօր մոտդ եմ գալու։ Կներես, որ երկար ժամանակ չեմ եկել։ Ուժ չունեմ, պապ, չեմ կարողանում…
Խոհանոցի հին դարակից մի տուփ խունկ վերցրի, այգուց վեց հատ մեխակ քաղեցի ու ճամփա ընկա։
Գերեզմաններ տանող ճանապարհը ահավոր վիճակում է, իսկ արևը խփում է ուղիղ աչքերիս։ Համարյա հասնում եմ քո գերեզմանին։ Մոլախոտերը ահագին բարձրացել են, ոչինչ չի երևում։ Հազիվ մեկ-երկու անուն է հնարավոր կարդալ։
Վարդան Մանուկյան
Աստղիկ Մանուչարյան
Ըհը՜մ… ոնց որ հասնում եմ։
Պա՛պ, հիշո՞ւմ ես, որ մամայի ծնունդին բարձրացանք սարը՝ ձնծաղիկ քաղելու։ Ես ընկա, երևի ոտքս կոտրեցի։ Վախեցա, որ կբարկանաս, բայց բան չասացիր։ Ի՜նչ հավես օր էր, չէ՞։ Սարից իջնելիս թողեցիր, որ մեքենան ես վարեմ։ Հիշում եմ՝ մենակ ձախով էի ոտնակին սեղմում։ Արագ էի քշում, դու էլ ջղայնանում էիր։ Բայց ես քամուն ընդառաջ գոռում էի, ու արցունքներս մնում էին սարերի մեջ։
Պա՛պ, այս անգամ ճանապարհը սովորականից ավելի ծանր թվաց։ Երևի նրանից էր, որ կես տարի է՝ չեմ եկել։ Ահագին շատացել են, չէ՞, գերեզմանները։
Խունկը վառում եմ։ Ծուխը բարձրանում է ու քիթս մտնում։ Հիմա էս խոտերն էլ կպոկեմ, որ հետդ հանգիստ խոսեմ։ Մի թուփ քաշում եմ, հետո՝ մի ուրիշ, ու էլի… մինչև ձեռքերս սկսում են քոր գալ հողի հետ շփումից։ Այդ պահին ուժով մի թուփ քաշեցի։
Մեջքի վրա ընկա։ Այդքան էլ ցավոտ չէր, բայց այդ պահին մի բան տեսա։
Քարը իմ դեմքից մի քանի սանտիմետր հեռու էր։ Բայց…
Խունկը վառվում էր։
Լուսանկարը՝ իմը։
Անունը՝ իմը։
Ծնունդը՝ ճիշտ։
Մահը՝ արդեն գրված…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *