Առաքել Սեմիրջյան | Անքննություն

Հսկա չափսերին նայեի՞ր, թե՞ ափի մեջ սեղմված պճլիկ Նարեկին, որին փաթաթված` ամեն գիշեր նա փորձում էր քնել: Լինում էր` ստացվում էր, լինում էր` չէ, սակայն Նարեկը դարձել էր նրա ափի անբաժանելի մասը:
40-ից ու 40-քից հետո Աստծուն դժվար է գտնել, եթե մինչ այդ մի քանի անգամ կորցրել ես, սակայն սարսափը այնքան մեծ էր, որ կարծես Աստված էր ակամայից նրան գտել:
Մեկ օրվա ընթացքում աչքերում մեծացած երեխաներն էլ արդեն լրիվ նույնը չէին: Նրանք նայում էին իրենց հոր խեղճացած վիճակին ու փորձում նրան հայրություն անել:
Օտարներից արդարություն մուրալու ճանապարհին նա արդեն սկսել էր մոռանալ, որ առաջինն ինքն է դավաճանել Աստծուն, իսկ 30 արծաթն էլ որպես թեյավճար թողել օդանավակայանի սրճարանի մատուցողուհուն։
— Գոնե այդ դրամագլուխը լիներ, որ խուրդեի ու գլխիս կուտակած հարցերը լուծեի,— Նարեկին գրկած՝ աղիողորմ աղոթում էր նա։
Արդյոք ինքն իր սեփական ձեռքով չէ՞ր կայացրել իր դատավճիռը:
Արդյոք ինքը՞ չէր տենչացել այն պատիժը, որն այդքան գեղարվեստորեն քողարկում էր մանրապճեղ կյանքի ետնախորշերում:
Նույն մարդը, որը նախկինում պատրաստ էր եղել կյանքը զոհաբերել հանուն անանձնականի, հիմա կառչել էր իր չնչին խնդիրներից ու փորձում էր դրանք փաթաթել ուրիշների վզին: Նա վախենում էր խոստովանել, որ սեփական ընտանիքին սիրում է ամենից շատ ու տնեցիներին նեղացնելով` փորձում էր ձև տալ, թե իբր կարող է չսիրելով նրանց պաշտպանել, որպեսզի իր հեռացումից հետո նրանք որևէ ցավ չապրեն։
— Մի՞թե չսիրելուց ավելի լավ պաշտպանություն կա այս աշխարհում,— մտածում էր նա, սակայն արի ու տես, որ նման ձևը վախկոտների պաշտպանական մեխանիզմն է, իսկ համարձակները չեն վախենում սիրել, առավել ևս՝ սիրով պաշտպանել:
— Նարե´կ ջան, իսկ դու ինչի՞ց էս վախենում։ Թե՞ քո վախերը կապված են միայն իմ պեսների հետ, որ հանկարծ համարձակվենք չսիրել, նամանավանդ դադարենք հավատալ սիրուն․․․

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով