Արմեն Սարգսյան | Վենետիկ

Վենետիկ,
քանի որ արդեն մտերիմ ենք,
ես կարող եմ կամուրջներին քո անհող,
քչքչոցների տակ ջրերի քո
սեր խոստովանել քեզ:

Քանի որ արդեն մտերիմ ենք,
կարող եմ անշեղորեն ասել,
որ սիրեցի քեզ ամբողջությամբ,
որ կապույտ ժամին ապրեցի գտնված երանությունը,
տեսա ճայերիդ, որ չեն հպվում ջրին,
ներս առա ջրերդ` երկնքին կիպ:

Քանի որ արդեն մտերիմ ենք,
ես կարող եմ շրխկոցով արտասվել
ջրասույզ լինելուդ մտքից ծակող,
երբ տեսնելիք կլինի միայն կտուրներիդ կարմիրը:

Քանի որ արդեն մտերիմ ենք,
ուզում եմ անկեղծորեն ասել,
որ Մուրադ-Ռափայելյան վարժարանում
ես չհանդիպեցի Վարուժանին ու Ալիշանին
և ոչ մի մրահոն աղջիկ էլ չտեսա
Ռիալտոյի կամրջին:

Քանի որ արդեն մտերիմ ենք,
ես կարող եմ անթաքույց հավաստել,
որ դու մելանխոլիայի մայրաքաղաքն ես
համընդհանուր մարդկության,
որ դու ավազ ես, աղյուս, բայց ոչ երբեք հող,
որի վրայով կարող էին վարգել ձիերը,
ես ոտքերս դոփում եմ գետնին,
բայց փոշի չի նստում խոնավ կոկորդիս,
մինչ ձիերը շարունակում են վազել մարմնիս վրայով:

Քանի որ արդեն մտերիմ ենք,
ես քեզ ուզում եմ ասել կարևոր, անչափ կարևոր մի բան.
ոտքերս հող են փնտրում, տեղ,
որ շենքերը չեն, ջրերը չեն, կամուրջները չեն:

Վենետիկ,
քո սրտում կանգնած,
գրկելով Ադրիատիկի ջրերը ափեափ,
պսպղոցը որսալով ոսկեգույն ժամին`
ես ուզում եմ ասել, որ կարոտել եմ Երևանը,
և գիտեմ, որ կներես ինձ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *