Աստղիկ Խաչատրյան | Սիրելի բաներ

Իմ սիրելի տունը, որտեղ ես որբ եմ եղել և խաղացել ավազե խաղալիքներով ժամանակից չմաշված սենյակներում, բաց եմ պահել դարակները ու օդափոխել ինքս իմ ներսը վարագույրը քաշած։ Ես կշտացել եմ կարոտով և առավոտները սկսել մի բաժակ հում ջրով ու հիմա շփոթում եմ ժամի ու րոպեի սլաքը իմ երբեք չաշխատած ընտանեկան ժամացույցի։
Իմ սիրելի ժամանակը վաղուց է անցել, բռնել, զգալ, ապրել, շոշափել չեմ կարողացել, ափսոս։ Իմ սիրելի ժամանակը, որ հրում է մեջքից դեպի կասկած չունեցող ավարտը ամեն բանի ու եթե ընկնես, ձևացնում է իրեն անմեղ։
Իմ սիրելի մեղքերը ես ինքնուրույն եմ գործել ամբողջ աշխարհի համար և զղջում եմ, խնդրում եմ, ներե’ք,
խնդրում եմ, ներե’ք,
էլ չեմ կրկնի,
էլ չեմ կրկնի։
Իմ սիրելի կրկնությունը սեզոնային հիվանդության, որ բուժվում է մեկ-երկու անգամ խորքային մրսելով, բայց եթե չլինենք հիվանդ, ինչպե՞ս հասնենք իրար, ո՞նց մարդ դառնանք։
Իմ սիրելի մարդիկ հավատագողեր են, նրանք տարիներով չեն քնում, բայց ամեն օր տեսնում են նույն երազը կյանքի մասին։
Իմ սիրելի, անչափ սիրելի կյանք, որ միակը չես,
բա’ց թող ձեռքս ճանապարհի կեսին և
մի’ կատարիր իմ խնդրանքները։
Տա’ր ինձ դեպի մութը, ինչպես ես եմ միշտ լողացել հակառակ լույսին։
Իմ սիրելի լույսը վառն է մնացել դեռ սենյակում այն դատարկ շենքի, ուր ամեն օր հավաքվում են խելքները չթռցրած անմեղ մարդիկ և թղթաբանությամբ ու հաշվապահությամբ զբաղվում երկրի հետ։
Իմ սիրելի երկիրը, որ տարածվում է մի պատից մյուսը ու հետդ մնում բոլոր հաջորդ կյանքերում։ Նա քեզ վաճառել է իր մեղքերի դիմաց և պարտք մնացել, բայց ինչի՞ ատել չես կարողանում, երբ չոքել է ստիպում իր ծնկներն ու մտքերը քերծող հողի վրա ու աղոթք ասել չլղոզվող լեզվով։
Իմ սիրելի լեզվով է խոսում մոլորության բացատրական բառարանը Աստծո մասին։
Հարգելի Աստված,
Տու’ր մեզ այսօր մեր հանապազօրյա բաժինը ոչինչ չհետապնդող գոյության,
Եվ ների’ր մեզ մեր անսահման ճշտությունը,
Բայց և Քո կամքը թող լինի ամեն ստի մեջ։
Իմ սիրելի հորինած ստերը, որ ասել և լսել եմ հարյուրավոր տարիներ, հանկարծ կպան իրար բառերով ու ձանձրալի երգ դարձան։
Իմ սիրելի երգը, որ էդպես էլ չգրեցի,
ես ոչինչ չգրեցի, բացի արագ ուղարկվող նամակներից, որ աստղերով են թանաքված։
Իմ սիրելի աստղերը, խաբեբա աստղերը, որ խոսք էին տալիս անանցություն, բայց պահը հերիք էր, որ հաշվես-պրծնես ու նետես աղբը։ Պոլիէթիլենային պատմությունը սիրո մասին ավարտվում է առաջին արևով։
Իմ սիրելի արևը վաճառվում է խանութում, անժամկետ հին է ու հակացուցված մահվան համար։ Մենք երբեք նրա համար չենք վճարում, բայց գդալով քիչ-քիչ վերցնում ենք, որ զգանք համը մեր մեջ սառած հեռավորության և լցնենք ստամոքսներս խղճի խայթով, իսկ հոգիները անսպառ սիրով։
Ես սիրել եմ ամեն ինչ ու բոլորին, բայց
Սիրելիս, մի՞թե քեզ եմ սիրում ամենից շատ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով