Թավիրզում 1907 թվականին ծնված Փարվին (Ռախշանդե) Էթեսամին իր ներկայությամբ նոր շունչ հաղորդեց դասական պարսկական պոեզիային։
Նրա մայրը բանաստեղծ էր, իսկ հայրը՝ հայտնի գրող, որը հրատարակում էր «Բահար» գրական ամսագիրը։ Փարվինն ութ տարեկանից սկսեց բանաստեղծություններ գրել և երբեմն արտասանում էր դրանք հոր կազմակերպած գրական հավաքույթների ժամանակ։ Այդ հանդիպումներին ներկա էին այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Դեխոդան և Մալեք օշ-Շոարա Բահարը, որոնցից էլ նա ստանում էր իր առաջին խրախուսանքները:
Այն ժամանակ, երբ կանանց ձայնը սակավ էր լսվում գրականությունում, իր գիտելիքների և լայնախոհ տեսլականի շնորհիվ Էթեսամին դարձավ լուսանցքավորվածների ձայնը։ Նա համոզված էր, որ կանանց կրթությունը առաջադեմ հասարակության հիմքն է։
Երբ նա հրատարակեց իր առաջին «Բանաստեղծությունների դիվանը», սոցիալական բարքերի նրա քննադատությունը մեծ արձագանք գտավ ժողովրդի սրտում։ Մեծանուն բանաստեղծ Շահրիարը Էթեսամիի ստեղծագործության մասին ասել է.«Երկնային, վեհ մի օրհներգ է Փարվինի դիվանը. վեհ աստղերի նման՝ անթիվ-անհամար»։
Պարսկական պոեզիայի «մունազարա» (երկխոսություն-վեճ) ոճի անգերազանցելի վարպետը կյանքից հեռացավ 1941 թվականին։
«Այս պատառիկը շիրմաքարիս համար եմ գրել»
Նա, ում համար սև հողն իր մահիճն է,
Գրական երկնակամարի աստղ Փարվինն է,
Թեև դառնից բացի կյանքից ոչինչ չտեսավ նա,
Ինչ էլ փնտրես դու. քաղցր է խոսքը նրա,
Այսօր տերն այդ ողջ խոսքի
Աղերսում է Ֆաթեհե ու Յասին[1],
Ընկերները լավ է՝ հիշեն նրան,
Սիրտն անընկեր սիրտ է վշտահար,
Սաստիկ հոգեհան է հողը միջում աչքի,
Սաստիկ ծանր է քարը վրան կրծքի,
Կտեսնի այս մահիճն ու խրատ կառնի
Ով ճշմարտատես աչքեր ունի,
Ով էլ լինես և ուր էլ հասնես,
Սա է գոյության տունը վերջին,
Մարդը որքան էլ կարող լինի,
Անզոր է հասնելով այս կետին,
Որտեղ բախտն իր զարկն է հասցնում,
Ճարը հնազանդումն է․ խոնարհ ու զուսպ,
Ծնելն ու սպանելն ու թաքնվելը
Հին վարքն ու բարքն են աշխարհքի,
Նրան երանի, ով այս վշտի աշխարհում
Մեկի սրտի սփոփանքն է դառնում։
Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի
[1] Պարս․՝ فاتحه و یاسین : Ղուրանի սուրաներ են: Իսլամական ավանդույթում ընթերցում են հոգեհանգստին։
