ՄՀԵՐ ԲԵՅԼԵՐՅԱՆ | Ասպետական պոեմ (հատված)

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

Ռազմի երգը

Նախքան ելնելն իսկ արևի
Պատրաստ ենք մենք լինել վկան,

Խոռոչների մեջ ամեհի
Նայել մահվան, մահվան, մահվան:

Հանգիստ ու պարզ են մեր աչքերն,
Ոգին մեր սուր է, սուրը՝ խաչ.
Ոգու ետքից մարմինը մեր
Նետվեց առաջ, առաջ, առաջ:

Հատու է զարկը մեռնողի,
Անկեղծ, ինչպես մնաք բարովն.
Հայացք գցենք խոնավ հողին
Աչքով մարող, մարող, մարող:

Արյունը տաք է հոսելիս,
Հառաչը մեր քամին տարավ.
Խավար մահվանը սպասելիս
Հոգին թախծեց – ծարավ, ծարավ:

Եթե ծնկենք՝ վերքից միայն
Եվ սուրն արդար բռնած ձեռքում,
Վկա են մեզ մեռյալք համայն
Կռվի եռքում, եռքում, եռքում:

Ահա ընկավ աջից եղբայրն
Աչքում երազ, կարոտ սառած,
Նայում է վեր՝ բիբերը լայն
Երկնին հառած, հառած, հառած:

Մութ դարերում ռազմիկ եղան,
Հայրերը մեր միշտ քաջարի.
Հազար անգամ կռվում մեռան
Մեզ ձեն տվին – արի, արի…

Արդ մեզ հասավ պայքարն հավերժ
Ազնիվ կռվի պատիվը վեհ,
Անմեղների արդար վրեժն –
Դրոշն ի վեր, ի վեր, ի վեր:

Չկա արարք վեհ առավել,
Քան մահ գտնել Աստծո հանուն,
Արյամբ սրբված հողին փարվել,
Հիշել քաջաց՝ անուն-անուն:

Ի մի ենք, մեկ, ամուր ու կուռ
Մենք սուրն ենք, մեր երկրի – պատիվն,
Արյուն ոթող ճաքած մի նուռ,
Նռան հատիկ, հատիկ, հատիկ:

Գտանք բռի մեջ Բարձրյալի
Մենք ջերմություն, ու ջինջ հույսեր,
Անրջեցինք մենք բաղձալի
Սփոփանք ու սեր, սփոփանք ու սեր:

Կմիանանք եղբարց ննջած
Եվ կհառնենք վերջին ժամին.
Անունը մեր կերգի ցնդած
Ու խենթ քամին, քամին, քամին…

Մեզ պետք չէ փառքը անցողիկ,
Եվ ոչ արյամբ ներկված ոսկին-
Արդար է զարկն աղոթողի
Հզոր բազկի, բազկի, բազկի:

Իրար կողքի մեռած ու ողջ
Խրոխտ կանգնած մի կուռ շարքով.
Կթնդացնենք աշխարհն ամբողջ –
Խրոխտ զարկով, զարկով, զարկով:

Մեր սուրբ հայրերը նահատակ,
Կռվում են աստ մեզ հետ հիմա
Փախել է մահը խեղկատակ
Մեր գոռ կանչից՝ ի մահ, ի մահ:

Ահեղ է ձայնը բյուր բազմաց,
Եվ տեսքը վեհ զորաց հպարտ,
Հրեշտակներն փաղանգ կազմած
Նետվում են շեշտ ի մարտ, ի մարտ:

Կռիվը այս չունի վախճան,
Քանի երկնից դեռ չի իջել
Տիեզերաց խաչված Արքան,
Շեփորն վերջին դեռ չի հնչել:

Կանգնած այսպես մի կուռ շարքով
Հազար ու մի չարին ընդդեմ,
Եվ խաչ դարձած թրի զարկով
Մենք կհաղթենք – գիտեմ, գիտեմ:

Միայն թե մի լքիր Բարձրյալ,
Այս ցուրտ վայրում սաստիկ մթար,
Ներիր մեղքերը մեր անցյալ
Եվ մեզ գթա, գթա, գթա…

Նշանաբառ՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով