Հրայր Խաչատրյան | Ձանձրույթի հպարտ լռությունը

Անվերնագիր

Գիտակցաբար ապրելու օրվանից սկսած սխալի ընկալումը ուրիշ կերպ է դրսևորվել իմ մեջ: Սխալը մի ճանապարհորդություն է, որտեղ ամեն քայլափոխի կոշիկիդ տակ բախվում են մանր քարերը: Նրանք ուղեկցում են քեզ դեպի կյանքի հանդիպակաց կամուրջներ, որտեղ քեզ ինչ-որ ելակետ է սպասում: Մանր քարերը խորհրդանշում են այն սխալների շղթան, որը կառուցել ես կյանքի ընթացքում՝ ճանապարհորդության ժամանակ: Հանդիպակաց կամուրջները այն սահմաններն են, որոնք գծել են մաշված կոշիկներդ, իսկ ելակետը ստանձնել է ճշմարտության դերը, որին փորձում ես հասնել վերջում:

Ձանձրույթի հպարտ լռությունը

Մի օր իմ դուռը թակեց ձանձրույթը: Նա մենակ էր մնացել, փորձեց հյուրընկալել ինձ, առանց թույլտվության մտավ ներս և նստեց բազմոցին: Ինձ համար նորություն չէր. ձանձրույթը վաղուց էր իմ տան մշտական հյուրը: Նա գիտեր թե ինչով եմ զբաղվում, ում եմ սիրում և օրական քանի բաժակ թեյ եմ խմում: Տարիներ շարունակ մենք ընկերություն էինք անում, սակայն նախկինում մտքներովս անգամ չի անցել, որ ընկերներ ենք: Նստելով բազմոցին՝ փորձեցի կարդալ սոցիալական կայքով ինձ հասցեագրված վերջին նամակը: Ձանձրույթը, մոտենալով համակարգչին, փորձեց պարզել, թե ով է գրողը, քանի որ դժվար է հանդուրժում իրենից բացի որևէ մեկի ներկայություն իմ կողքին: Նա համոզված է, որ ես պատկանում եմ իրեն, ամբողջովին, սակայն մի պահ թեքվելով՝ նայեց դեմքիս, ոչինչ չասաց: Լռության մեջ խեղդվել էր նույնիսկ օդը՝ սպասելով ձանձրույթի հաջորդ քայլին, սակայն նա այդպես էլ ոչինչ չասաց: Հագնելով իր վերարկուն՝ նա դուրս եկավ տանից:

Հուսահատվածների լույսը

Դու բուրում էիր ինչպես սուրճը: Քո տան սենյակում նշմարվում էին ծխախոտի հատիկները, որոնք սպառել էին իրենց մարգարեական խոսքը, դատարկ շշեր, որ նեղսրտել էին սենյակի անտարբերությունից, գրքեր որոնք սպասում էին անծանոթի հետաքրքրությանը, կոշիկներ, որոնք նայում էին դեպի վեր առաստաղ, թե երկինք՝ այդ ես չգիտեմ, տանջվում էին քար լռությունից: Միայն դու էիր բուրումինչպես սուրճը՝ գոհ լինելով այս կյանքից:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *