Ռուբեն Սեւակ | Եթէ գիտնայի՜ր


Եթէ գիտնայի՜ր, ո՜վ անծանօթ քոյր,
Թէ որքա՜ն ատե՛ն է կը փնտռեմ կո՜յր,
Ճամբուս վրայ ոտքիդ հետքը սիրաթո՜յր,
—Եթէ՜ գիտնայիր…։
Անծանօթ մ’ես ինձ, անծանօթ մ’եմ քեզ ,
Բայց տարիներով քեզ համար վէրքէս
Հաներ եմ քանի՜ երգեր սիրակէզ ,
—Եթէ՜ գիտնայիր…։
Դու դեռ ա՜յնքան փոքր ես, ժպտո՜ւն այնքան,
Բայց քու միամիտ շունչիդ մանկական
Ի՜նչ դժոխային բոցեր ինձ կու գան ,
—Եթէ՜ գիտնայիր…։
Ահա ես մո՜ւթ եմ , — մահուան մօ՜տ արդէն, —
Մինչեւ ճանչցայ որ մարդերը մա՛րդ են ,
Ի՜նչ ցաւեր անցան կեանքիս անդունդէն ,
—Եթէ՜ գիտնայիր…։
Սակայն կը ժպտի՜ս ինձ, ու կ’անցնի՜ս դուն .
Կ’երթաս ապրելո՜ւ…։ Խե՜ղճ, կեանքը մարդուն
Գերեզմանի մէջ հսկում մ’է արթուն ,
—Եթէ՜ գիտնայիր…։
Բայց ո՛վ աղուոր է՝ քիչ մ’անմահ է այն…։
—«Ի՜նչ լաւ է այսպէս » կ’ըսես լռելեայն։
—Վարդերը կ’ապրին առտո՛ւ մը միայն ,
—Եթէ՜ գիտնայիր…։
Աչքերըդ խոնաւ, շրթներդ մսուտ են …։
Բայց համբոյրներուն մի՛ հաւտար, սո՛ւտ են…։
Լո՛կ ցաւած սրտի սէրերը զո՜ւտ են ,
—Եթէ՜ գիտնայիր…։
Դու չես հասկընար ինձ, ինչո՞ւ գրել…։
Բայց թէ նայէիր սրտիս վրայ մեռել
Պիտի սիրէի՜ր զիս. քի՜չ մը սիրել
—Եթէ՜ գիտնայիր…։
Էրֆուրտ, 1910, Կաղանդ

Նշանաբառ՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով