Հովհաննես Ազնաուրյան | Ասպո

Պատերազմից գրեթե անմիջապես հետո մետրոյի գետնանցումում՝ շարժասանդուղքներից այն կողմ, որտեղ արդեն աստիճաններով իջնում ես դեպի գնացքները, փոքրիկ գրախանութ էր բացվել. ընդամենը չորս գրապահարան՝ յուրաքանչյուրում հինգական դարակ, և մի վաճառասեղան (ահա և ամբողջ խանութը)։ Իսկ արդեն կես տարի անց այդ խանութում սկսեց աշխատել Ասպոն։ Մինչ այդ խանութում աշխատում էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի ուսանողուհի, որը աշխատանքից դուրս  էր եկել, որովհետև մետրոյի այդ գետնանցումում անընդհատ միջանցիկ քամի էին. նա հաճախ էր հիվանդանում, և բացի այդ, համալսարանի դասերի պատճառով ստիպված էր խանութը բացել միայն օրվա երկրորդ կեսին։ Իսկ Ասպոն առավոտյան ութից իր «պոստում» էր՝ վաճառասեղանի հետևում, և թվում էր՝ երբեք չէր հիվանդանում։ Ասպոն և՛ վաճառող էր, և՛ մենեջեր, և՛ խորհրդատու (ի դեպ, ասում էին՝ հիանալի խորհրդատու)։ Նա հրաշալի գիտեր գրեթե բոլոր գրքերի բովանդակությունը, հրատարակության տարեթվերը, կարող էր կիլոմետրերով անգիր մեջբերումներ անել:

Ո՞վ գիտեր Ասպոյի տարիքը։ Ոչ ոք չգիտեր նրա տարիքը, և ընդհանրապես, արտաքինից նրա մասին որևէ բան ասելը շատ դժվար էր։ Ասպոն ջահել չէր, բայց ոչ էլ ծեր, ոչ նիհար էր, ոչ էլ գեր, ոչ բոյով էր, ոչ էլ կարճահասակ։ Սակայն նա ակնհայտորեն տարբերվում էր մյուսներից։ Դա հասկանում էիր միօրինակ կրկնվող շարժումներից, և թերևս, նրա մոխրագույն-կանաչ աչքերի չափազանց կենտրոնացած հայացքից։

Ասպոյի ոչ տիպիկ լինելը սկսել էր նկատվել դեռևս մանուկ հասակից, իսկ դպրոցական տարիներին այն արդեն ակնհայտ դարձավ։ Սկզբում ծնողները ուշադրություն չէին դարձնում. դե, չի սիրում խաղալ ուրիշ երեխաների հետ, հետո՞ ինչ։ Փոխարենը համբերատար է, առավոտից գիշեր բառարաններ է կարդում․․․ Ասպոն իսկապես վաղ սովորեց կարդալ ու հաշվել, արագ էր ընկալում և շատ բան մտապահում, սովորել էր երեք օտար լեզու, շատ շուտով սկսեց զարմացնել հանրագիտարանային գիտելիքներով (ծնողները պարզապես հիանում էին, երբ փոքրիկ Ասպոն, ծեր պրոֆեսորի պես, հյուրերի ներկայությամբ լուրջ տեսքով հայտնում էր, որ Echeveria elegans-ը, պարզ ասած՝ «քարե վարդը», պատկանում է թանձրատերևազգիների ընտանիքի սուկուլենտ բույսերի ցեղատեսակին և աճում է Մեքսիկայում, կամ երբ այս փոքրիկ Պագանելը հայտնում էր, որ Յուպիտերի ամենամեծ արբանյակը Գանիմեդն է, որն ավելի մեծ է, քան Մերկուրի մոլորակը)։ Ծնողների կարծիքով Ասպոն վունդերքինդ էր, և միայն միջին դպրոցում նրանք ուշադրություն դարձրին, որ Ասպոն բացարձակապես լեզու չի գտնում հասակակիցների հետ, և որ դա, ըստ էության, խնդիր է։

Ասպոն երբեք չէր նայում զրուցակցի աչքերին, իսկ եթե նայում էր, ապա միշտ չափազանց ուղղակի, սևեռուն ու խորաթափանց։ Սովորական մարդը կնկատեր, որ զրուցակիցը կաշկանդվում է, իսկ Ասպոն պարզապես դրան նշանակություն չէր տալիս։ Նա դժվար էր հասկանում այլ մարդկանց զգացմունքները, մտքերը, էմոցիաները։ Սովորաբար ինչպե՞ս է լինում. երբ մարդը ցանկանում է կանխատեսել մյուսի վարքագիծը, նա իրեն դնում է նրա տեղը և որոշում, թե ինչպես կվարվեր։ Ասպոյի մոտ, կարծես, այդ ունակությունն ի սկզբանե անջատած էր, ինչի պատճառով շատերին նա անզգա էր թվում։ Ասպոն չափազանց ուղիղ էր խոսում և իսկապես չէր կարողանում հասկանալ, թե ինչու են իր խոսքերը վիրավորական դիմացինների համար։ Այս ամենի պատճառով նա դժվար էր ընկերներ ձեռք բերում։ Սակայն դա չէր նշանակում, որ Ասպոն հարաբերությունների կարիք չուներ կամ չէր ցանկանում դրանք։ Նա տառապում էր միայնությունից և անկեղծորեն չէր հասկանում, թե ինչու դուր չի գալիս հասակակիցներին։

Ոչ արտահայտիչ դիմախաղի շնորհիվ Ասպոն ցանկացած իրավիճակում անտարբեր էր երևում (նրա մտերիմները, և առավել ևս՝ ոչ այնքան մտերիմները չէին հասկանում՝ նա ուրա՞խ է, թե՞ տխուր), ամբողջ կյանքում նրան դժվար էր եղել հասկանալ դիմացինների դեմքի արտահայտությունը։ Նա կա՛մ ընդհանրապես դիմաշարժ չուներ, կա՛մ էլ անում էր այն չափազանց ակտիվ. այլ կերպ ասած՝ Ասպոն վատ էր տիրապետում իր մարմնի լեզվին։ Այնուամենայնիվ, նրա խոսքը հիանալի էր զարգացած, թեև նա օգտագործում էր այն միայն որպես տեղեկատվության փոխանակման գործիք, այլ ոչ թե սոցիալական շփման միջոց։ Ասպոն նման շփման կարիք չուներ և ընդհանրապես չէր հասկանում, թե ինչու է պետք շփվել։ Նա խոսում էր միապաղաղ և ռիթմիկ, ինչպես ռոբոտը, և գրեթե ամեն ինչ ընկալում բառացի. նա չէր կարողանում տարբերել սարկազմը, հեգնանքը, չէր հասկանում փոխաբերությունների և այլաբանությունների իմաստը, չէր տարբերում՝ զրուցակիցը կատակո՞ւմ է, թե՞ լուրջ է խոսում։ Իր խոսքի մեջ նա միշտ հյուսում էր հորինված և հնաոճ բառեր, օգտագործում էր արտահայտությունների արտասովոր համադրություններ։ Այնուհանդերձ, Ասպոն հիանալի տիրապետում էր գրավոր խոսքին։

Դեռ մանկուց Ասպոն խենթի պես ինչ-որ բան էր հավաքում։ Օրինակ, մի շրջան սկսել էր տարատեսակ բանալիներ հավաքել՝ ամենատարբեր կողպեքների, որոնք գտնում էր տանը կամ դրսում՝ ամեն տեսակ տեղերից, ու կախում իր սենյակի պատին։ Հաճախ նա պատից հանում էր այդ բոլոր բանալիները և նորից կախում դրանք մեկ այլ, միայն իրեն հասկանալի հերթականությամբ (ընդհանրապես, Ասպոն կարող էր օրերով խաղալ կրկնվող և կարծրատիպային խաղեր, որոնք գրավում էին նրա ողջ ժամանակն ու ուշադրությունը)։ Մեծանալով՝ նա սկսեց հավաքել փաստեր, ամսաթվեր, գրքերի բովանդակություն, ինչը, ի դեպ, նրան պետք եկավ իր նոր՝ գրախանութի խորհրդատուի աշխատանքում։ Ասպոն ուշադիր էր և մանրախնդիր։ Անկախ զբաղմունքի ընտրությունից՝ նա միշտ ֆենոմենալ համառություն էր ցուցաբերում։ Այնտեղ, որտեղ շատերը կարող էին ձախողվել և նահանջել, Ասպոն շարունակում էր համառորեն հասնել նպատակին։ Ընդհանրապես, նա դժվար էր ուշադրությունը մի բանից մյուսին փոխում. նա լիովին ընկղմվում էր այն աշխատանքի մեջ, որն անում էր (ինչպես մանկության տարիներին, երբ ժամերով դասավորում էր բանալիները պատին, այնպես էլ հասուն կյանքում, երբ գրքերը գրանցում էր համակարգչի հատուկ կատալոգում), և ոչ մի կերպ չէր շեղվում իր գործից։ Օրինակ, եթե Ասպոն ինչ-որ բանով զբաղված էր, նա երբեք չէր արձագանքում մեկնաբանությանը, խնդրանքին կամ հրահանգին։ Նա ունակ չէր խախտելու իր բացարձակ, համապարփակ կենտրոնացումը, չէր կարողանում շեղվել։

Ասպոն օժտված էր իրադարձությունների, ամսաթվերի, փաստերի նկատմամբ ֆենոմենալ երկարաժամկետ հիշողությամբ, ընդ որում նա երբեմն չէր կարողանում հիշել ընթացիկ մանրուքները։ Օրինակ, Ասպոն կարող էր մոռանալ, թե ինչպես կոճկել կոճակները, կոշկաքուղերը կապել, կարող էր թափել ըմպելիքը՝ մոռանալով, թե ինչպես է պետք բռնել բաժակը, նա այդպես էլ չսովորեց մկրատով աշխատել։ Ասպոյի օպերատիվ հիշողության ծավալը հսկայական էր, հաստատ ավելին, քան սովորական մարդկանց մոտ, բայց միևնույն ժամանակ նրա միտքը ճկուն չէր. նա կարող էր ժամերով զննել գորգի որևէ նախշ կամ հետևել փոշեհատիկների խաղին արևի ճառագայթում։ Հենց այս մշտական կենտրոնացվածության պատճառով Ասպոյին կարող էին վախեցնել բազմաթիվ հնչյուններ, որոնց վրա սովորական մարդիկ պարզապես ուշադրություն չէին դարձնի, օրինակ՝ փոշեկուլի ձայնը, հեռախոսի զանգը։ Ձայներն առհասարակ շատ հաճախ էին վախեցնում Ասպոյին։ Աշխատելով մետրոյի անցումում՝ Ասպոն ստիպված էր փակել ականջները ամեն անգամ, երբ հերթական գնացքն էր անցնում (ի դեպ, նա հաշվել էր, որ օրվա ընթացքում այս կայարանով երկու ուղղություններով անցնում է ուղիղ հարյուր քառասուն գնացք)։

Ասպոն չէր սիրում նաև, երբ իրեն դիպչում են կամ գրկում՝ նույնիսկ մանկության տարիներին, երբ մայրը փորձում էր գրկել կամ փաղաքշել նրան։ Միևնույն ժամանակ Ասպոն կարող էր երկար ժամանակ ձեռքերը պահել աշխատող լվացքի մեքենայի վրա. միապաղաղ վիբրացիան, երևի, նրա սրտով էր։ Նա շատ քմահաճ էր նաև ուտելիքի հարցում․ նրան կարող էին դուր չգալ ուտելիքի գույնը, ջերմաստիճանը, համը, հոտը, նույնիսկ ուտելիքի տեքստուրան ու ձևը։ Ասենք, թխվածքաբլիթը անպայման պետք է լիներ քառակուսի։ Եթե այն լինում էր ուղղանկյուն կամ կլոր, Ասպոն կարող էր նույնիսկ սրտխառնոց ունենալ։ Այդ պատճառով, գուցե, Ասպոն միշտ մատով դիպչում էր ուտելիքին, նախքան այն բերանը տանելը։ Նմանատիպ քմահաճություն նա ցուցաբերում էր նաև հագուստի և կոշիկի նկատմամբ։ Ոչ ոք չէր կարող ասել, թե ինչու Ասպոյին դուր էր եկել ԱՅՍ շապիկը, իսկ ԱՅՍ մեկը նա ատում էր, թեև երկուսն էլ նույնն էին… Դե, գրեթե նույնը…

Ինչ վերաբերում է սոցիալական ադապտացիայի դժվարություններին, ապա դրանք Ասպոյի մոտ պահպանվեցին ողջ կյանքի ընթացքում, և տարիների հետ ավելի ու ավելի էին հանգեցնում դեպրեսիաների և տագնապային խանգարումների։ Ասպոն ցանկանում էր ինտեգրվել հասարակության մեջ, բայց երբեմն չէր հասկանում՝ ինչպես դա անել, և մնում էր ինքնամփոփ ու մեկուսացած։

Ու նաև մենակ:
Ասպոն միշտ միայնակ է եղել:
Ասպոն միշտ միայնակ է եղել ինքն իր հետ:
Ասպոն ինքն իր հետ էր միայնակ մինչև այն պահը, երբ նրա կյանքում հայտնվեց Մելիսան:

Նա հայտնվեց անսպասելիորեն, հանկարծակի, կարծես ոչ մի տեղից, դուրս թռավ գնացքից և վազելով բարձրացավ մետրոյի աստիճաններով՝ շիկահեր, գանգուր, սրընթաց, սակայն չհասավ շարժասանդուղքներին և կանգ առավ գրախանութի մոտ, որի վաճառասեղանի հետևում կանգնած էր Ասպոն և անթարթ հայացքով նայում էր նեոնային լամպերի թրթռուն լույսին։

— Բարի երեկո, իսկ դուք ունե՞ք Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը։
— Բարի երեկո, — պատասխանեց Ասպոն՝ ինչպես միշտ չնայելով զրուցակցի աչքերին։ — Ունենք:

Եվ հետո պատմեց, որ այդ գրքի առաջին հրատարակությունը լույս էր տեսել դեռ 1964 թվականին, որ մինչ օրս վաճառվել է հինգ միլիոն օրինակ ողջ աշխարհում, որ ներկայիս թարգմանությունն ամենահաջողվածն է, որ խանութում առկա է այդ գրքի թարգմանության թարմ վերահրատարակությունը։

Մելիսան գնեց գիրքը և գնաց։ Իսկ հետո երկու օր անց, տուն գնալու ճանապարհին նորից մտավ Ասպոյի խանութը։ Այլ գրքերի մասին հարցրեց և ստացավ հիմնավոր տեղեկատվություն յուրաքանչյուրի մասին։ Եվս երկու օր անց նորից եկավ և հանկարծ հասկացավ, որ գալու է Ասպոյի մոտ նորից ու նորից։ Եվ գալիս էր։ Գրեթե երկու օրը մեկ։ Ասպոյի դեմքից նա չէր հասկանում՝ ուրախանո՞ւմ է Ասպոն իր հետ հանդիպումներից, թե՞ ոչ, բայց շատ էր ուզում հավատալ, որ այո, ուրախանում է։ Ամեն դեպքում, նա Մելիսային թշնամանքով, ջղայնությամբ կամ վախով չէր վերաբերվում։ Ամեն անգամ ավելի լավ էր ճանաչում. «բերետով աղջիկը», «կարմիր բջջայինով աղջիկը»։

Այն մասին, որ Ասպոն յուրահատուկ է, մասնագիտությամբ հոգեբան Մելիսան հասկացավ միանգամից, և մեկ ամիս անց նա արդեն գալիս էր մետրոյի գետնանցման խանութը ամեն օր, և ամեն անգամ փորձում էր ավելի շուտ գալ, որպեսզի երկար լինի Ասպոյի կողքին։ Մելիսան զգում էր, որ ավելի շատ ժամանակ է ցանկանում անցկացնել այս տարօրինակ մարդու հետ, իսկ թե ինչու՝ ինքն էլ չէր հասկանում։

Իսկ Ասպո՞ն։ Դե ի՞նչ Ասպոն։ Նա մանրակրկիտ ճշգրտությամբ ֆիքսում էր այն ժամը, երբ Մելիսան գալիս էր իր մոտ.
— Դու այսօր տասներկու րոպե շուտ ես եկել, քան երեկ։ Դու այսօր տասներկու րոպե շո՞ւտ կգնաս։

Մելիսան ծիծաղում էր.
— Ո՛չ, Ասպո։ Ես տասներկու րոպե շուտ չեմ գնա։ Եվ նույնիսկ մի քիչ ավելի երկար կմնամ քեզ հետ այսօր։
— Դու տասներկու րոպե շուտ կգնաս, — միատոն պատասխանում էր Ասպոն, — Դա նորմալ է։ Չէ՞ որ դու տասներկու րոպե շուտ ես եկել։ Ես կհասկանամ։

Եվ այդ պահին Մելիսան հասկացավ, որ Ասպոն ուրախանում է, երբ նա գալիս է, և նույնիսկ, գուցե, սպասում է։

Կողքից թվում էր, թե գրախանութում երկու հոգի են աշխատում, որովհետև արդեն երկու ամիս անց Մելիսան գալիս էր Ասպոյի մոտ ամեն օր, կարծես աշխատանքի։ Նա զգում էր, որ ավելի ու ավելի է կապվում Ասպոյին։ Մի օր Մելիսան առաջարկեց «փակել» խանութը օրվա վերջում և, նախքան տներով գնալը, զբոսնել այգիներում։ Ասպոն գլխով արեց՝ հայացքն ուղղելով դեպի գնացքները։
— Ես կհավաքեմ քո ուսապարկը, — առաջարկեց Մելիսան։
— Դու իմ ուսապարկը հավաքել չգիտես, — առարկեց Ասպոն։

Մելիսան ծիծաղեց.
— Իսկ կարելի՞ է փորձել։

Ասպոն նորից գլխով արեց և սկսեց շատ ուշադիր նայել, թե ինչպես է Մելիսան հավաքում իր ուսապարկը։ Երբ նա ավարտեց, Ասպոն ասաց՝ հայացքը չկտրելով իր կոշիկներից.
— Դու լավ հավաքեցիր իմ ուսապարկը, բայց բջջայինը պետք է դնել աջ գրպանը, իսկ լիցքավորիչը՝ ձախ։ Դու հակառակն արեցիր։ Եթե այլևս նման սխալներ չանես, ապա քեզ այսուհետ կթույլատրվի հավաքել իմ ուսապարկը։
— Այլևս սխալներ չեն լինի, Ասպո՛ ջան, — հուզվեց Մելիսան։ — Էլ չեմ մոռանա, որ բջջայինը պետք է դնել ձախ գրպանում։
— Ա՛ջ։
— Ա՛ջ, ա՛ջ, կներե՛ս։

Մելիսայի աչքերը լցվեցին, բայց նա ժպտում էր և իրեն շատ երջանիկ զգում. չէ՞ որ նա հասկանում էր, թե ինչ է նշանակում ՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՊԻՍԻ մեկի կողմից, ինչպիսին Ասպոն էր։
— Լա՞ց ես լինում, — հարցրեց Ասպոն՝ հայացքը Մելիսայից թեքելով։
— Ո՛չ, Ասպո։ Ինչ-որ բան է ընկել աչքս։
— Միանգամից երկո՞ւսը։
— Միանգամից երկուսը, սիրելի՛ս, միանգամից երկուսը։ Ես երջանիկ եմ, որ մենք հիմա զբոսնելու կգնանք, ու որ ինձ թույլ ես տվել հավաքել քո ուսապարկը։
— Դու երջանիկ ես, — մեխանիկորեն կրկնեց Ասպոն, թեև, հավանաբար, չէր հասկանում այդ բառի նշանակությունը։ Ասպոն հաճախ էր կրկնում այն, ինչ չէր կարողանում հասկանալ։

Օրինակ, Մելիսան հաճախ էր կատակով հարցնում.
— Կարոտե՞լ էիր ինձ, իմ ասպետ։

Եվ Ասպոն կրկնում էր նրա հետևից.
— Կարոտե՞լ էիր ինձ, Ասպո։
— Ես քեզ կարոտել էի։ Իսկ դո՞ւ։
— Իսկ դո՞ւ։

Ահա այսպիսի երկխոսություն էր։
Նման երկխոսությունը հաճախ էր կրկնվում, Մելիսան այդպես հաճախ էր կատակում, հատկապես այն բանից հետո, երբ Ասպոն ապաքինվեց հիվանդությունից հետո (մետրոյի գետնանցման սառը քամիներից նա, այնուամենայնիվ, մրսել էր)։ Ի դեպ, երբ Ասպոն տանը ջերմությամբ պառկած էր, Մելիսան գալիս էր խանութ և փոխարինում նրան։

Մելիսան իմացել էր, որ Ասպոյի ծնողներն արդեն շատ ծեր են (նա զանգեց իրենց, երբ մի օր ջերմության պատճառով Ասպոն չներկայացավ իր «պոստին»՝ գրախանութի վաճառասեղանի հետևում)։ Ապաքինվելուց մեկ ամիս անց, երբ Ասպոն նորից սկսեց գալ աշխատանքի, ծնողների համաձայնությամբ Մելիսան վերցրեց նրան իր մոտ ապրելու։ Ասպոյի ծնողները ակնհայտորեն հասկանում էին, որ այլևս չեն կարող խնամել իրենց տարօրինակ որդուն, որ Ասպոյի համար այդպես ավելի լավ կլինի։

Ասպոյի համար իսկապես այդպես ավելի լավ էր։ Մելիսան հաճախ էր նրա հետ զբոսնում, օգնում էր խանութում, ծանոթացրեց նրան կինեմատոգրաֆի հետ (տարօրինակ է, բայց Ասպոն իր ողջ կյանքում ոչ մի կինոնկար չէր դիտել)՝ հետաքրքրությամբ հետևելով նրա արձագանքին։ Փոխարենը Ասպոն նրան ծանոթացնում էր գրքերի հետ, խորհուրդ տալիս կարդալ այս կամ այն, ինչպես նա էր ասում, «գլուխգործոցը», օգտակար տեղեկություններ տրամադրում։

Այսպես Ասպոն ու Մելիսան սկսեցին միասին ապրել։ Մեկ տարի անց Մելիսան գրեց և հրատարակեց հոգեբանության մասին գիրք, որի ստեղծման գործում մեծ դեր էր խաղացել նաև Ասպոն. նրա մանրակրկիտությունը, ֆենոմենալ հիշողությունը, բացարձակ կենտրոնանալու ունակությունը պետք եկան նաև այստեղ։ Գրքի վաճառքից ստացված գումարով Ասպոն ու Մելիսան մեկնեցին ճանապարհորդության՝ Փարիզ, Հռոմ, Մյունխեն․․․

— Չե՛ք պատկերացնի, աղջիկնե՛ր, որքա՜ն հետաքրքիր է նրա հետ ճանապարհորդելը, — հիանում էր Մելիսան՝ ճանապարհորդության մասին ընկերուհիներին պատմելիս, — նա աշխարհի ամենահրաշալի զբոսավա՛րն է։ Նա ամե՛ն ինչ գիտի։
— Անձնական զբոսավար ունենալը հիանալի է, իհարկե, — առարկեց ընկերուհիներից մեկը, — բայց ես այդպես էլ չհասկացա՝ իրականում ի՞նչ ես գտել նրա մեջ։ Չէ՞ որ նա հիվանդ է, հաշմանդա՛մ է։ Կյանքդ ես կործանում։ Լավ, եթե դու՝ բարի հոգի, այցելեիր նրան, խնամեիր ինչ-որ մասնագիտացված հաստատությունում, դեռ կհասկանայի։ Ախր չէ՛, դու նրա հետ ապրո՛ւմ ես։

Մելիսան երջանիկ ժպտաց և պատասխանեց.
— Նախ և առաջ, այն, ինչ Ասպոյի մոտ է, հիվանդություն կամ հաշմանդամություն չէ: Ու հետո… Գիտե՞ս ինչ: Բոլորս էլ ինչ-որ չափով Ասպո ենք: Բոլորս այսպես թե այնպես Ասպո ենք դարձել վերջին տարիներին: Նա գոնե ի ծնե է այդպիսինը… Ու ես սիրում եմ նրան: Գուցե նա էլ է ինձ սիրում, թեև չի բացառվում, որ «սիրել» բառը չի հասկանում: Բայց ի՞նչ անենք: Ես երջանիկ եմ, որ Ասպո ունեմ…

Մելիսային և Ասպոյին այժմ էլ կարելի է հանդիպել մեր քաղաքի փողոցներում. ձեռք ձեռքի տված զբոսնելիս և ինչ-որ բանի մասին կիսաձայն զրուցելիս։ Երբ նայում ես նրանց, զգում ես՝ որքան երջանիկ են, և ինքդ էլ մի փոքր երջանիկ ես դառնում։

Որովհետև բոլորս էլ ինչ-որ չափով Ասպո ենք։

02.05.2026 թ.

Թարգմանությունը ռուսերենից՝ Մարթա Սեմյոնովայի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *