Իրանի ժամանակակից արձակի մեծագույն վարպետը
Հուշանգ Գոլշիրին (1937-2000) իրանական ժամանակակից գրականության ամենաազդեցիկ և տաղանդավոր դեմքերից է։ Նրա ստեղծագործությունները նոր շունչ ու ինքնատիպ լեզվամտածողություն բերեցին պարսկական արձակ, իսկ նրա թողած գրական ժառանգությունը մինչ օրս համարվում է արդիական և ուսումնասիրվող։
Գոլշիրիին մեծագույն ճանաչում և գրական հաստատուն տեղ ապահովեց նրա հանրահայտ «Էհթեջաբ արքայազն» վեպը։ Այս ստեղծագործությունը ոչ միայն սիրվեց ընթերցողների կողմից, այլև դարձավ իրանական մոդեռնիստական գրականության անկյունաքարերից մեկը՝ ցույց տալով հեղինակի բացառիկ հմտությունը հոգեբանական նրբերանգների պատկերման մեջ։
ԳԱՅԼԸ
Հինգշաբթի ճաշին իմացանք, որ բժիշկը վերադարձել և հիմա հիվանդ է։ Առանձնապես բան չէր պատահել։ Բուժարանի դռնապանն ասել էր, որ երեկ գիշերվանից մինչև հիմա քնած է, երբ էլ արթնանում է՝ հոնգուր-հոնգուր լաց է լինում։
Սովորաբար, հինգշաբթի ճաշից հետո կամ չորեքշաբթի կնոջ հետ մեկնում էր քաղաք։ Այս անգամ էլ կնոջ հետ էր գնացել, սակայն բժշկին բերող բեռնատար ավտոմեքենայի վարորդն ասել էր. «Միայն բժիշկն էր մեքենայի մեջ»։ Հավանաբար ցրտից անզգայացել էր։ Բժշկին թեյարանի առաջ թողել – գնացել էր։ Բժշկի մեքենան գտել էին կիրճի կենտրոնում։ Սկզբում մտածել էին, որ պետք է ավտոմեքենայի կամ որևէ բանի կապել ու գյուղ բերել, այդ պատճառով էլ բուժարանի ջիպով էին գնացել, բայց հենց որ վարորդը նստել էր ղեկին, ու հրել էին՝ աշխատել էր։ Վարորդն ասել էր. «Երևի գիշերվա ցրտից է, մեքենային բան էլ չի պատահել»։ Նույնիսկ ապակեմաքրիչներն անվնաս էին, և քանի դեռ բժիշկը չէր ասել․ «Ախթար, բա Ախթարն ո՞ւր է», ոչ ոք կնոջ բացակայությունը չէր նկատել։
Բժշկի կինը կարճահասակ ու նիհար էր, այնքան նիհար ու գունատ, ասես ուր որ է՝ կընկնի։ Բուժարանի ներսում երկու սենյակ ունեին։ Բուժարանը գերեզմանատան մյուս կողմում էր, այսինքն՝ գյուղից ճիշտ մի հրապարակի հեռավորությամբ։ Կինը հազիվ տասնինը տարեկան կլիներ։ Երբեմն երևում էր բուժարանի բակում կամ լուսամուտների հտևում։ Միայն, երբ եղանակը արևոտ էր լինում, գերեզմանատան կողքով անցնում ու շրջում էր գյուղում։ Հաճախ ձեռքին գիրք էր լինում, երբեմն էլ՝ սպիտակ վերնաշապկի գրպանում կամ պայուսակում՝ քաղցրավենիք կամ շոկոլադ։ Երեխաներին շատ էր սիրում և հաճախ գալիս էր դպրոցի կողմը։ Մի օր առաջարկեցի, որ եթե համաձայնի որոշ դասաժամեր իրեն կհանձնարարենք, ասաց. «Երեխաների հետ գլուխ դնելու տրամադրություն չունեմ»։ ճիշտն ասած՝ բժիշկն էր առաջարկել, որպեսզի կինը որևէ զբաղմունք ունենա։ Երբեմն էլ գնում էր աղբյուր՝ կանանց մոտ։
Առաջին ձյունից հետո այլևս չերևաց։ Կանայք տեսել էին, որ նստում է վառարանի կողքին և ինչ-որ բան է կարդում կամ էլ թեյ է խմում։ Իսկ երբ բժիշկը տեսակցությունների համար ուրիշ գյուղեր էր մեկնում՝ վարորդի կինը կամ դռնապանը մնում էին տիկնոջ մոտ։
Սկզբում վարորդի կինը՝ Սադիղեն էր հասկացել։ Կանանց ասել էր. «Կարծում էի՝ ամուսնու համար է անհանգիստ։ Անընդհատ մոտենում է լուսամուտին ու վարագույրը hետ քաշում»։ Կանգնում էր լուսամուտի մոտ և նայում ճերմակ ու պայծառ դաշտերին։ Սադիղեն ասել էր. «Գայլի ոռնոցը լսելուն պես՝ հպվում է լուսամուտին»։
Պարզ է, ձմռանը՝ ձնից հետո, գայլերը դեպի ավաններն են գալիս։ Ամեն տարի այդպես է եղել։ Երբեմն որևէ շուն , ոշխար կամ նույնիսկ երեխա է կորել, որից հետո գյուղով մեկ սկսել են փնտրել, որ գոնե շան վզկապ, կոշիկ կամ որևէ բան գտնեն կորցվածից։ Բայց Սադիղեն տեսել էր գայլի փայլուն աչքերը և նկատել էր, թե ինրպես է բժշկի կինը հայացքը հառել գայլի աչքերին։ Իսկ երբ Սադիղեն կանչել է՝ նա չի էլ լսել։
Երկրորդ, երրորդ ձնից հետո բժիշկը տեսակցությունների համար այլևս չկարողացավ շրջաններ գնալ։ Իսկ երբ ստիպված եղավ շաբաթվա չորս-հինգ օրը տանը մնալ, համաձայնվեց մասնակցել մեր երեկույթներին։ Կանայք բացակայում էին մեր հավաքույթներից։ Դե, իհարկե, եթե բժշկի կինը գար կարող էր միանալ մեր կանանց, բայց կինը ասել էր ․«Ես կմնամ տանը»։ Իսկ երբ հավաքույթը բժշկի տանն էր լինում, կինը նստում էր վառարանի կողքին և գիրք էր կարդում կամ գնում կանգնում էր լուսամուտի մոտ ու դուրս նայում կամ գնում էլ մյուս լուսամուտից նայում էր գերեզմանատան կողմը՝ գյուղի վառվող լապտերներին։ Եթե չեմ սխալվում՝ մեր տանն էր, բժիշկն ասաց․ «Այս գիշեր պետք շուտ գնամ»։ Ճանապարհին մի մեծ գայլ էր տեսել։
-Գուցե շուն է եղել,-ասաց Մորթազավին։
Բայց ես բժշկին ասացի, որ այս կողմերում գայլեր շատ են հայտնվում, պետք է զգույշ լինի և երբեք ավտոմեքնայից չիջնի։ Կարծում եմ կինս էր հարցրեց․
-Բժիշկ, բա ձեր կի՞նը․․․այդ տանը, գերեզմանոցի կողքին։
-Հենց դրա համար էլ պիտի շուտ գնամ,-պատասխանել էր բժիշկը։
Հետո էլ ասաց, որ կինը երկչոտ չէ և պատմեց, որ մի օր կեսգիշերին արթնացել ու տեսել է կնոջը լուսամուտի մոտ նստած։ Բժիշկը կանչել է նրան, կինը պատասխանել է․«Չգիտեմ այս գայլը ինչո՞ւ է շարունակ գալիս այս լուսամուտի առաջ»։
Լուսնի լուսաստվերում՝ նստած վիճակում, ճիշտ ցանկապատից այն կողմ, բժիշկը գայլին տեսել է՝ դեպի լուսին մերթ ընդ մերթ կաղկանձելիս։
Դե, ով կմտածեր, որ հենց այդ լուսամուտի դիմաց խոշոր ու միայնակ գայլի նստելն ու սևեռուն նայելը բժշկի համար կդառնար խնդիր։ Նույնիսկ բոլորիս համար։ Մի գիշեր չմասնակցեց մեր երեկույթին։ Մտածեցինք՝ երևի կինն է հիվանդացել կամ ինքը, բայց հաջորդ օրը կինը հիմնարկի ինքնաշարժով եկավ դպրոց և ասաց, որ եթե նկարչության դասաժամերն իրեն հատկացնեն՝ պատրաստ է օգնել։
Ճիշտն ասած՝ աշակերտներն այնքան էին քչացել, որ այլևս նրա կարիքը չէր զգացվում։ Եթե նույնիսկ բոլորին մի դասարանում հավաքեինք՝ միայն պարոն Մորթազավին կարող էր հարցերը լուծել, բայց, ինչ խոսք, ոչ իմ նկարչությունն էր մի բանի նման, ոչ էլ՝ Մորթազավիինը։ Պայմանավորվեցինք չորեքշաբթի օրը։ Հետո էլ գայլի մասին խոսք բացեցի ու ասացի, որ չպետք է վախենա, որ եթե դուռը բաց չթողնի կամ եթե տնից դուրս չգա, ոչ մի վտանգ էլ չի սպառնամ։ Նույնիսկ ասացի՝ ցանկության դեպքում կարող եք գյուղի մեջ տուն վարձել։ Ասաց՝ ոչ, շնորհակալ եմ, կարևոր չէ։ Հետո էլ պատմեց, որ սկզբում վախեցել է։ Այսինքն, մի գիշեր լսելով ոռնոցը՝ զգացել է, որ ցանկապատի ճաղերից անցել է այս կողմ և հիմա լուսամուտի կամ դռան հտևում է։ Լույսը վառելուն պես նկատել է ճաղերից ցատկող նրա ուրվագիծը, իսկ հետո էլ՝ զույգ փայլուն աչքերը։ Ասաց. «Նման էին երկու վառվող ածուխի»։ Հետո էլ ասաց ․ «Ինքս էլ չգիտեմ ինչո՞ւ, երբ նրան տեսնում եմ անշարժ ու լուռ… գիտեք, ոնց որ հոտի շուն, գլուխը դնում է թաթերին և ժամերով նայում է մեր լուսամուտին»։
-Ախր, դուք ինչո՞ւ եք…,– հարցրեցի։
Հասկացավ։ Ասաց.
-Չգիտեմ, հավատացեք, երբ տեսնում եմ, հատկապես աչքերը, այլևս չեմ կարողանում լուսամատից հեռանալ։
Գայլերի մասին երկար խոսեցինք, և ես նրան պատմեցի, որ երբեմն քաղցած ոհմակը շրջանաձև նստում ու սևեռուն նայում են իրար։ Մի ժամ, երկու ժամ, մինչև մեկը տկարությունից տապալվի, իսկ մյուսները հարձակվում ու խժռում են։ Շներից էլ խոսեցինք, որ մերթ ընդ մերթ կորչում են, և հետո միայն վզկապն են գտնում։ Բժշկի կինն էլ, հավանաբար Ջեկ Լոնդոնի գրքերից էր կարդացել, ասաց.
-Ես հիմա գայլերին լավ եմ ճանաչում։
Հաջորդ շաբաթ երեխաների համար ինչ-որ ծաղիկ, թե տերև էր նկարել։ Ես չեմ տեսել, լսել եմ։
Շաբաթ օրն էր, երեխաներից լսեցի գերեզմանատան թակարդի մասին։ Երրորդ ժամին ինքս մի աշակերտի հետ գնացի ու տեսա։ Մեծ թակարդ էր։
Բժիշկն էր քաղաքից գնել և մի մեծ կտոր միս էլ կախել էր մեջը։ Հետմիջօրեին կինս պատմեց, որ գնացել է բժշկի կնոջ մոտ։ Ասաց. «Վիճակը լավ չի»։ Ասաց, որ իբր բժշկի կինը վախենում է վիժել։
Կինս սփոփել է։ Մի տարի կլինի՝ ամուսնացած էին։ Հետո էլ կինս թակարդից է խոսել ու ասել է. «Սովորա բար այստեղ մորթազերծ են անում ու տանում են քաղաք»։
-Հավատա,-ասաց կինս,-աչքերը հանկարծ խոշրացան։ Սկսեց դողալ։ Ասաց. «Լսո՞ւմ եք, նրա ձայնն է»։ Ես ասացի. «Ախր, տիկին, հիմա՞, օրվա այս ժամի՞ն»։
Բժշկի կինն իբր վազել է լուսամատի կողմը։ Ձյունը էր զալիս։ Կինս ասաց.
-Վարագույրը հետ քաշեց ու կանգնեց լուսամատի մոտ։ Ընդհանրապես մոռացավ, որ հյուր ունի։
Հաջորդ առավոտ վարորդը և մի քանի գյուղացի գնացել են թակարդի մոտ։ Ձեռք տված չի եղել։ Սաֆարը բժշկին ասել է.
-Հաստատ երեկ գիշեր չի եկել։
-Ոչ, եկել է,– ասել էր բժիշկը,-ինքս եմ ձայնը լսել։ Ինձ ասաց.
-Էս կինը խելագարվում է։ Երեկ գիշեր առհասարակ չի քնել։ Լուսամուտի մոտ նստել ու նայում էր դուրս։ Իսկ կեսգիշերին, երբ գայլի ձայնից արթնացա, տեսնեմ՝ կինս դռան փականն է բացում, բղավեցի՝ էդ ի՞նչ ես անում, այ կին։
Հետո էլ ասաց, որ վառված լապտերը կնոջ ձեռքին է եղել։ Բժիշկը սփրթնել էր, ու ձեռքերը դողում էին։ Միասին գնացինք թակարդի մոտ։ Թակարդը մսի կտորով անշարժ իր տեղում էր։ Ոտնահետքերից իմացանք, որ գայլը մոտեցել էր թակարդին։ Նույնիսկ նստել էր թակարդի կողքին։ Հետո էլ գայլի ոտնահետքերը գափս էին մինչև բուժարանը շրջապատող ցանկապատը։ Կնոջ դեմքը նկատեցի լուսամուտի ապակու ետևում։ Մեզ էր նայում։
-Ոչինչ չեմ հասկանում,-ասաց բժիշկը,-գոնե դու մի բան հասկացրու այս կնոջը։
Կնոջ աչքերը լայնացած էին։ Դալուկ դեմքն ավելի էր գունատվել։ Սև մազերի հյուսքն ընկած էր կրծքին։ Ոնց որ միայն աչքերն էին ներկած։ Գոնե շուրթերին շրթներկ կամ ինչ-որ բան քսեր, որ այդքան սպիտակ չերևային։ Ասացի.
-Ես դեռ չեմ լսել, որ քաղցած գայլը մսից հրաժարվի։ Ոտնահետքերի մասին պատմեցի, ասաց՝ վարորդն ասում է. «Քաղցած չի եղել»։ Չգիտեմ, գուցե շատ խորամանկն է։
Հաջորդ օրը լուր բերեցին, որ թակարդը ջարդված է։ Հետքը բռնել ու գտել էին։ Կիսամեռ վիճակում էր եղել։ Բահի երկու հարվածով սպանել էին։ Այնքան մեծ չէր։ Բժիշկը, որ տեսավ, մրմնջաց. «Փառք քեզ, Աստված»։ Բայց կինը Սադիղեին ասել էր.
-Առավոտյան մութուլուսին տեսա նրան, ճաղերի մոտ նստած էր։ Սա որ բռնել են՝ կամ շուն է եղել, կամ գայլի ձագ։
Գուցե, չի բացառվում, որ նույն խոսքերն ասել է նաև բժշկին, որովհետև բժիշկը ստիպված գնաց ժանդարմների հտևից։ ժանդարմները մի երկու գիշեր մնացին բժշկի տանը։ Երրորդ գիշերը կրակոցի ձայն լսեցի։ Հաջորդ օրը ժանդարմները մի քանի գյուղացու և բուժարանի վարորդի հետ արյան հետքը բռնել ու հասել էին գյուղից հեռու գտնվող բլրի լանջը։ Կիրճում գայլի ոտնահետքերը տեսել էին, նաև՝ տրորված ձյունը, սակայն մի կտոր սպիտակ ոսկոր անգամ չէին կարողացել գտնել։
-Շուն շանորդիներ, նույնիսկ ոսկորներն են կերել,- ասել էր վարորդը։
Ես հո չհավատացի։ Պարոն Սաֆարին էլ պատմեցի։ Սաֆարն ասաց. « Տիկինն էլ որ լսեց՝ միայն ժպտաց»։ ճիշտն ասած, ինքը՝ բժիշկը պնդեց՝ գնա լուր տուր։ Տիկինը նստած էր վառարանի կողքին և ինչ-որ բան էր նկարում։ Դռան ձայնը չլսեց, իսկ երբ ինձ տեսավ, թղթերը շուռ տվեց։
Տիկնոջ նկարչությունն այնքան էլ գովելի չէր։ Միայն գայլ էր նկարում։ Սև ֆոնի վրա երկու վառվող կարմիր աչքեր։ Սի գրաֆիկական գործ՝ նստած գայլ, մի նկար էլ, երբ գայլը լուսնի վրա էր կաղկանձում։ Գայլի ստվերը չափազանցված էր, այն գրավել էր ամբողջ բուժարանն ու գերեզմանոցը։ Մի քանի նկարում էլ միայն գայլի դունչն էր պատկերված, որն ավելի շատ նման էր շան դնչի, հատկապես՝ ժանիքները։
Չորեքշաբթի երեկոյան բժիշկը գնաց քաղաք։ Սադիղեն ասաց, որ բժիշկը տրտնջաց՝ կինը լավ չի զգում։ Չհավատացի, ինքս չորեքշաբթի առավոտյան տեսել էի նրան։ ճիշտ ժամին եկավ ու երեխաներին նկարչություն դասավանդեց։ Գրատախտակի վրա իր գործերից էր նկարել։ Ինքն ասաց, իսկ երբ ես հարցրի․
-Ախր՝ ինչո՞ւ գայլ։
-Չգիտեմ,– պատասխանեց,– որքան ուզեցի ուրիշ բան հիշել՝ չկարողացա։ Հենց որ կավիճը մոտեցրի գրատախտակին, ինքն իրեն նկարվեց։
Ափսոս, դասամիջոցին երեխաները մաքրել էին։ Հետմիջօրեին, երբ մի քանիսի նկարները նայեցի, մտածեցի՝ երևի երեխաները չեն կարողացել ճշտորեն արտանկարել։ Ախր, երեխաների նկարածն ավելի շատ նման էր հոտի շան, քան գայլի։ Ականջները կախ, պոչը օղակաձև՝ մեջքի վրա ցցված։
Հինգշաբթի ճաշին, երբ իմացա բժիշկը վերադարձել է, մտածեցի՝ հավանաբար գիշերը կնոջը թողել է քաղաքում ու եկել իր աշխատանքին։ Հիվանդ չուներ։ Այսինքն, ուրիշ գյուղերից չէին գալիս։ Բայց դե բժիշկը պարտաճանաչ մարդ է։ Իսկ երբ Ախթարի՝ կնոջ մասին հարցրեց, բոլորը շարժվեցին դեպի կիրճ։ Բժշկի ու բուժարանի մեքենաներով։ ժանդարմներն արդեն գնացել էին։ Ոչինչ չէին գտել։
Բժիշկը չէր խոսում։ Ուշքի գալուց հետո էլ, եթե նույնիսկ չէր արտասվում, ապա կնոջ նման չռված աչքերի սևեռուն հայացքով մեկ առ մեկ նայում էր մեզ։ Ստիպված մի երկու բաժակ խմեցրի՝ մինչև լեզուն բացվեց։ Գուցե չէր ցանկանում մյուսների մոտ խոսել։ Չեմ կարծում, թե վիճել էին։ Սակայն չգիտեմ, թե բժիշկն ինչո՞ւ էր շարունակ ասում՝ հավատա, ես մեղավոր չեմ։
Կնոջիցս, նույնիսկ Սադիղեից ու Սաֆարից էլ որ հարցրի, ոչ մեկը չէր հիշում, թե երբևէ ամուսինները մեկը մյուսի վրա ձայն բարձրացրած լինեին։ Բայց ես բժշկին ասել էի՝ չգնաս, նույնիսկ ասել էի, որ ձյունը կիրճում կուտակված է։ Գուցե բժիշկն իրավացի էր, չգիտեմ, ասաց.
-Իրեն լավ չի զգում։ Վախենում եմ՝ այստեղ չդիմանա, հետո էլ՝ այդ նկարները…
Հետո տեսա։ Մի քանի նկարում գայլի մագիլներ էին պատկերված, մի երկուսում էլ՝ կախ ականջներ։
Բժիշկը կարգին խոսել չէր կարողանում։ Հավանաբար ձյունը կիրճի կենտրոնում այնքան է շատանում, որ ծածկում է բոլոր ապակիները։ Հետո բժիշկը նկատում է, որ ապակեմաքրիչները փչացել են. ստիպված արգելակում է։
-Հավատա, տեսա,-ասաց,-սեփական աչքերով տեսա, որ կանգնել է ճանապարհի մեջտեղում։ ֊ Սի բան արա,-ասել էր Ախթարը, այստեղ ցրտից կսառչենք։
-Սի՞թե չտեսար,– հարցրել է բժիշկը։
Բժիշկը լուսամատից ձեռքը դուրս է հանել՝ դիմապակին մաքրելու համար, բայց չի կարողացել։ Ասաց․
-Ինքդ գիտես, այնտեղ շրջադարձ անել հնարավոր չի։ ճիշտ էր ասում։ Հետո էլ իբր ավտոմեքենայի
շարժիչն է խափանվել։ Ախթարն էլ, երբ ձեռքի լապտերը վառելէ, տեսել է գայլին՝ ճանապարհի եզրին նստած։ Ասել է.
-Ինքն է, հավատա, շատ անմեղ է, գուցե առհասարակ գայլ չի, գուցե հոտի շուն է կամ մի ուրիշ շուն։ Գնա դուրս, տես կարո՞ղ ես գործի գցել։
-Դուրս գնա՞մ,– ասել է բժիշկը,– մի՞թե դու չտեսար նրան։ Պատմելիս բժշկի ատամները կափկափում էին։ Գունատվել էր։ ճիշտ Ախթարի դեմքի նման, երբ կանգնում էր լուսամուտի մոտ ու նայում դուրս։
-Պայուսակս չգցե՞մ նրան,-ասել է Ախթարը։
-Որ ի՞նչ,-հարցրել է բժիշկը։
-Կաշվից է,-ասել է,-մինչև պայուսակս ուտի՝ դու կարող ես սրա հետ մի բան անել։
Եվ նախքան պայուսակը նետելը, ասել է.
-Երանի մորթե վերարկուս վերցրած լինեի։
Բժիշկն ասաց.
-Մի՞թե ինձ չէիր ասել, որ չպետք է դուրս գալ կամ դուռը բացել։
Պայուսակը նետելուց հետո բժիշկը դուրս չի եկել։
-Աստված վկա,-ասաց,-ուրվապատկերը տեսա, այնտեղ, ճանապարհի եզրին կանգնել էր, ոչ շարժվում, ոչ էլ ոռնում էր։
-Իսկ հետո Ախթարը ձեռքի լապտերով փնտրել է պայուսակը ու չի գտել։ Ախթարն ասել է.
-Ուրեմն, ինքս կգնամ։ Բժիշկն ասել է. «Դու հո բան չես հասկանում», կամ ասել է. «Դու հո չես կարող սարքել»։ Բայց հիշում էր՝ մինչև գլխի է ընկել, Ախթարն արդեն դրսում է եղել։ Բժիշկը չի տեսել, այսինքն՝ ձյունը խանգարել է։ Նույնիսկ ճիչ չի լսել։ Իսկ հետո հավանաբար վախից դուռը փակել է կամ էլ Ախթարն է փակել։ Ինքը ոչինչ չասաց։
Ուրբաթ առավոտյան ամբողջ գյուղով նորից ճամփա ընկանք։ Բժիշկը չեկավ։ Չէր կարող։ Ձյունը շարունակում էր մաղել։ Ոչ ոք հույս չուներ, թե ինչ-որ բան կգտնենք։ Ամենուր ճերմակություն էր։ Որտեղ խելքներս կտրեց՝ բահով փորեցինք։ Միայն կաշվե պայուսակը գտանք։ ճանապարհին Սաֆարից որ հարցի, ասաց.
-Ապակեմաքրիչները նորմալ էին։
Ես բան չեմ հասկանում։ Իսկ երբ Սադիղեն նկարները բերեց, ավելի խճճվեցի։ Ձեռագիր մի երկտող էլ ամրացված էր նկարներին, իբր նվիրում է դպրոցին։ Գնալուց առաջ հանձնել էր Սադիղեին, որ եթե վիճակը չլավանա և չորեքշաբթի չկարողանա դպրոց գալ, տա ինձ, որպեսզի մոդելի փոխարեն օգտագործենք։ Սադիղեին չէի կարող ասել, բժշկին՝ նույնպես, բայց և այնպես շան, այն էլ սովորական շան գծանկարներն ինչքանո՞վ պիտի հետաքրքրեն գյուղացի երեխաներին։
Թարգմանությունը պարսկերենից՝ Էդուարդ Հախվերդյանի
