
Աչքերը բացեց, պտտեցրեց առաստաղով մեկ։ Երեք շաբաթ, չորս օր առաջ էր ներկել տվել առաստաղը՝ առագաստե սպիտակ։ Այսօր աչքին թվում էր դեղնավուն։ Դա ի՞նչ է՝ չորրորդ անկյան գրեթե ողջ մակերեսով մեկ։ Լաքա՞։
Ոտքերը կախ տվեց մահճակալից։ Տարածությունը թվաց սովորականից ավելի կարճ։ Երեկ, որ պառկում էր, ուզածի պես բարձր էր։ Գիշերը անձրև՞ էր եկել, որ առաստաղին այդ չարաբաստիկ լաքան էր թողել։ Այդքան գումար՝ ոչնչի համար։
Ու՞ր են բոթասները։
Նայեց մահճակալի տակ։ Հետևը։ Ինչու՞ պիտի հետևը լինեին։ Երբեք չէր շպրտում դրանք։ Մի բան, որ կորցնում ենք, գտնելու հույսը ավելի մեծ է, քան ամենաակնառու փաստերը։
Ծանրաքայլ գնաց դեպի պահարանը։ Պահարանի դուռը ճռռաց։ Հատակին` բորբոսի հետք։ Ինչո՞ւ առաջ դա չէր նկատել։
Ո՞ւր են բոթասները։
Հստակ հիշում է՝ մի քանի զույգ ուներ։ Այդ ինչ հնամաշ, հնաոճ շականակագույն կոշիկների երեք զույգ են։ Որ մի ապուշն է կոշիկների բոլոր զույգերը միագույն առնում։ Բայց դա իր պահարանն էր։
Ո՞ւր է սպորտային վերնահագուստը։ Եթե չի գտել բոթասները, արդեն անիմաստ է. ճտքավոր կոշիկների հետ ո՞վ է սպորտային վերնահագուստ կրում։
Այս առավոտ իրեն մի քիչ հիմար է զգում։ Գոնե միայն նրա համար, որ չի կարողանում գտնել այն, ինչ վստահ գիտի, որ պետք է լինի։ Տեսնես իրենց նույն կերպ են զգում մարդիկ, որոնք մինչև քառասուն չեն հաջողում գտնել իրենց մարդուն։ Վստահ գիտի, որ մինչ այդ պետք է մեկին ունենալ։
Տասնվեց, տասնյոթ… ու՞ր է տասնութերորդ աստիճանը։ Իր դուռը փողոցի աղմուկից բաժանում է տասնութ աստիճան։ Թե՞ տասնյոթ։ Միթե այդքան տարի սխալ է հաշվել՝ օրական երեսունինը անգամ ելնել-իջնելով։
Պետք է գտնել առաստաղը վերանորոգողին։ Զանգել ու նրան տհաս անվանել։ Բայց դա՝ հետո։
Պահարանում մեկը կա։ Կամ մի քանիսը։ Բայց երբվանի՞ց, մի՞շտ այնտեղ են, թե գալիս-գնում է։ Ամենայն հավանականությամբ վերոնշյալ ապուշն ինքն է։ Միագույն կոշիկների երեք զույգ գնող անուշադիր տականքը։ Ոչինչ։
Ստամոքսի գռգռոցի ձայնը թույլ չի տալիս կենտրոնանալ։ Մարդկանց դեմքերն էլ բութ են մի տեսակ «Կարծես շինված են տապարով»։ Քմծիծաղ տվեց։ Հպարտացավ իրենով, որ չարենցյան այդ տողը հիշեց առանց որևէ էական ջանք հործադրելու։ Ի վերջո երբեք էլ շատ տգետ չի եղել։
Դա էլ հետո։ Դրանից ավելի կարևոր են այն դևերը, դե՝ չարքերը էլի, որ գիշերը մտել են պահարան ու խժռել բոթասները։ Ցեցադեմ հրեշներ են, հագուստի շուրջ խնջույք են կազմակերպել։ Ինքը հիմար չէ։ Կերել են հագուստները, որոնք վստահ գիտի, որ ունեցել է։ Թողել են միայն հագի զոլավոր, անճաշակ, «պապիս» վերնաշապիկը ու մի քանի զույգ մոխրագույն կոստյումի տաբատ։ Առանց պիջակի։ Անողորմներ։
Ու եկել էին հաստատ նաև էն առավոտ, երբ մի սիրուն շիկահերի էր իր հետ տուն բերել։ Պատահական հանդիպման մի արդյունք, որ երբ արթնացավ, բարձի վրա շիկահեր մազափնջից ու միջին դասի օծանելիքի բույրից բացի ոչինչ չգտավ։
Գլուխը ընկղմեց բարձի մեջ՝ ռունգերի մեջ ագահաբար ներքաշելով շիկաբույրը՝ մի քիչ խառնված քրտնքահոտի հետ։ Գիշերվա արդյունքը։
Էլ չգտավ նրան՝ իր մի գիշերվա խնդումին։ Դրան էլ հաստատ էդ անպիտանները խժռեցին։ Լավ էլ խոշոր մազափունջ էր բարձին, չի հիշում, որ ինքը պոկած լինի։
Բոթասներն էլ չգտավ։
Թանկ էր վճարել։
«Հիմա քար եմ տշելու» մտածեց: Երեխա։ Ճիշտ էր նախկին ընկերուհին, որ ասում էր «տղամարդիկ երեխաներ են»։ Դե վատ է, երբ դա ասում է մի կին, որին նայելով կարելի է ասել «բոլոր կանայք թեթևսոլիկ են»: Ի դեպ էդ թեթևսոլիկը նաև քաղաքականությամբ էր զբաղվում, ինչ-որ խոսնակ էր։ Հիմա ի՞նչ « Բոլոր քաղաքական գործիչները թեթևսոլի՞կ են»: Անցա՛նք, լավ։
Տշաքարը իրեն հասցրեց շուկա։ Պետք էր մի բան գնել, կամ մի քանի բան։ Մի քանի համեղ բան։ Դնել պահարանում, որպես զոհաբերություն, որ էդ անառակորդիները էլ հագուստը չուտեն։ Ոչ էլ նոր ընկերուհուն։ Եթե ունենա։
Նայեց դդմավաճառի դեմքին։ Դդումի էր նման` կլորավուն, դաշտի արևից այրված արտասովոր գազարագույն դեմքով։ Գուցե այստեղ ճիշտ կլիներ ասել դդմագույն դեմքով։ Իրեն նայեց մի տեսակ դժգոհ, ծռմռված հայացքով, ասես նրա առաստաղն էր էդքան փող թափելուց հետո դեղնել լաքոտել առաջին իսկ միջանցիկ անձրևից հետո։ Նայեց շուրջը, ապա դդմավաճառի դեմքին։ Նորից` շուրջը։ Ոչ էլ եկել էր։ Ջրափոսեր չկան։
-Քաղցր դդում ունե՞ք,- այնպիսի զզվանքով հարցրեց ասես դդմավաճառն էր ցեցադեմ հրեշը, որին որպես զոհաբերություն էր ծառայելու խեղճ դդումը։
-Հա, դիմացի շարքը։
– Մեկը տուր։
-Ի՞նչ արժե։
– Ինչ տաս, տաս։
-Այդ ինչ խոսք է, այ ախպեր, բա որ մի պեսո տամ։
– Տուր։
Երկար ման եկավ մոխրագույն կոստյումի շալվարի գրպանում։ Մտքում մի քանի անգամ հայհոյեց տաբատը, գրպանը, ինքն իրեն, որովհետև մտածեց, որ մարդաշատ վայրում տաբատը շուռումուռ տվող տղամարդը ծիծաղելի տեսք ունի։ Հետո մտքում մի քանի անգամ հայհոյեց պահարանը, հետո բոթասները իրեն վաճառողին, որ չէր զգուշացրել իրեն, թե դրանց աչքը դուրսն է, կորելու են գնան։
Գտավ պեսոն, պահեց ուղղահայաց աչքերի դիմաց, հայհոյանքների տարափը տեղաց պեսոյի գլխին, թե «Ուր էիր մտել, անամոթ» շպրտեց սեղանին, թևարկեց դդումը մարդու գլխի պես ու առաջ գնաց` մտքում դդմավաճառին թերուս անվանելով։
Ինչ հիմարություն է «Ինչ տաս-տաս»։ Ապավինել մարդկային խղճին։ Խավարամի’տ դդմավաճառ, մեր օրերում մարդն ի՞նչ ուզենա, որ չարժեզրկի։
Ասում են չէ՞, բոլոր շները նման են իրենց տերերին։ Շատ է լսել այս արտահայտությունը։ Բա ինչո՞ւ ոչ մեկ չի ասել, որ բանջարեղեն վաճառողներն էլ նման են իրենց աճեցրած բանջարեղեններին։ Այ, օրինակ, սմբուկավաճառը, որին հիմա հուշիկ քայլերով մոտենում է նա։ Պոլոզ դեմքով, գունատ, փոս ընկած աչքերով։ Կոպերի տակ կապտուկներ էին, պարզ չէ, կինն էր ամեն մի աչքի տակ մի-մի հատ հասցրել անպետք բերքի համար, անքուն գիշերների թե բնության խզբզանքի հետևանք է։
– Ինչքանի՞ կտաս սմբուկներից մի չորս հատ։
– Ինչքանի որ տարար։
«Էս մեկն էլ է անմիտ»:
-Բա, որ ասեմ մի պեսոյի։
-է, տար, ի՞նչ ասեմ։
Սրանք ձեռ են առնում իրեն։ Բա լա՞վ որ երեք շաբաթ չորս օր առաջ առաստաղ վերանորոգողը չասաց «Ինչ տաս-տաս», այ էդ իսկական երջանկություն կլիներ։ Թե չէ սմբուկ, դդում։
Մի րոպե։
Աչքերը իջեցրեց անճաշակ ճտքավոր կոշիկներին։ Նորից վրդովվեց՝ հիշելով, որ դրանցից պահարանում ևս երկու զույգ կա։ Հայհոյեց շականակագույն կոշիկ ստեղծողին։ Աչքերը հեռացրեց։ Կոշիկների քարին զարկած քթերից մի տաս մետր ուղիղ դեմ դիմաց վեր էր խոյանում զարդերի խանութը։ Իսկ եթե՞…։
– Էս երեքը մի պեսոյով տանում եմ,- մատնացույց արեց երեք ասես անձեռակերտ զարդ։
– Ջանդ սաղ, ախպեր։
Շրջվեց դեպի կողքին կանգնած ադամանդ վաճառողը.
-Ինձ մի պարկ, մի պեսոյով ։
– Առ,- ադամանդավաճառը իրեն մեկնեց մի մեծ պարկ։
Չէ մի բան էն չի։ Մեկական պեսո փայլեց ադամանդավաճառի ու ոսկերչի սեղաններին։
Մի բան էն չի։
Լավ պարզ է։ Մարդիկ կորցրել են մատերիայի հանդեպ հետաքրքրությունը։ Նորմալ տրամաբանական բացատրություն է։ Տեղ-տեղ սպասելի ու արդարացված։ Վերջերս աշխարհն այնքան էր սկսել պաշտել նյութը, որ գուցե դարձի եկան։ Մի գիշերո՞ւմ։ Էդ դեպքում…:
– Ինչքա՞ն ես ասում մի գիշերը։
Վազեց մայթեզրին կանգնած կնոջն ընդառաջ։
-Ինչքա՞ն կտաս։
Էս հարցից արդեն մարմինը դողում էր։
Շրթունքները դանդա՜ղ իրարից անջատվեցին։
-Մ-Ի Պ-Ե-Ս-Ո։
-Գնացինք։
Նա ձեռքերը առաջ պարզեց, ու մարմնով հետ-հետ գնաց։
«Չէ՜, հարցը մարդկության դեպի հոգևորը դարձը չէ։ Այլապես սա էսպես չէր պատասխանի։ Սրանք ընդհանրապես չէին լինի»։
Տունդարձի ճանապարհին, հանդիպելով մի բան վաճառող ցանկացած մեկի` ծաղկավաճառ փոքրիկի, թղթե «կուլյոկով» արևածաղիկ վաձառող տատիկի, փորձելու համար ամեն պատահածի հարցնում էր «Ի՞նչ արժե» ու նույն պատասխանը լսելով ավելի էր արագացնում քայլերը` պոկելով էն ինչ կարող է։
Առաջին անգամ նայեց պահարանին ու տեսավ մենակ դռները։ Մեկ մեծ դուռ, դեպ այլ աշխարհ։ Բացեց, բանջարեղենները, դրեց շեմին։ Հետ-հետ գնաց։ Նստեց աթոռին։ Ծխախոտ վառեց։ Սպասեց։
«Մարդկային խիղճ։ Մի բան, որին չարժե ապավինել։ Թարսլամա իրականություն: Ոչինչ չունի արժեք։ Վաճառվող ցանկացածի արժեքը խղճիդ է։ «Ինչ արժե» հարցն ունի մի պատասխան «Ինչ տաս»:
Դուրս է գալիս ինքը խիղճ չունի։ Ինչից որոշե՞ց։ Նայեց բանջարեղեններին, հետո մի պարկ ադամանդին, վզնոցին, մատանուն, թևնոցին, նոր մեքենայի բանալիներին, մտքի մեջ ափսոսեց էն թմբլիկի համար, որին հիմա մի պեսոյի դիմաց բերած կլիներ իր նեղլիկ բնակարանը։ Հիմարի պես հետ-հետ գնաց, շատ իզուր։ Ի դեպ, կարելի էր հաջողել դուրս պրծնել նաև նեղլիկ բնակարանից քանի դեռ բոլորը ուշքի չէին եկել, բայց ի՞նչ գնով։ Մի պեսոյի։ Կորցրած խղճի։
Մտորումներն ըդհատվեցին։ Իրեն թվաց` պահարանից դուրս եկող ձեռք տեսավ։ Թե չթվա՞ց։
Ձեռքը դանդա՜ղ ներս քաշեց բանջարեղենները։ Ու կամա՜ց դուրս սահեցրեց մի պեսո։
-Բանջարեղենների համա՞ր,- կակազելով հարցրեց։
-Քեզ համար,- մռմռթաց քոսոտ մի ձայն…։