Սայակա Մուրատա | Ինչպես ունենալ գեղեցիկ կնճիռներ

Դեմքիս առաջին անգամ կնճիռ հայտնվեց, երբ համարյա երեսուն տարեկան էի։ Ես, կոսմետիկայի խանութի վաճառասեղանի մոտ կանգնած, փոքր-ինչ ամաչելով, որոշեցի վաճառողուհուն ուրախացնել և իբր հիացմունքից աչքերս չռելով` ասացի։
– Օ՜, ինչ հրաշք է այս խնամքի միջոցը։
Նույն վայրկյանին վաճառողուհու դեմքը Պրաջնայի արձանի նմանվեց և մինչ ես մտածում էի, թե շատ եմ չափազացրել իմ արտահայտություններում, նա ասաց։
– Հարգելի գնորդ…Ինչպե՞ս ասեմ, Ձեր դեմքին կնճիռներ կառաջանան, պետք չէ աչքերը այդքան լայն բացել։ Ուշադի՛ր եղեք։
Տրամադրությունս միանգամից ընկավ։ Նախ, վաճառողուհու հայացքն էր սարսափելի, հետո հաճոյախոսությունս էին մերժել, բայց ամենից շատ ինձ տխրեցրեց այն, որ ինձ ասացին, որ գեղեցկության համար պետք է դեմքիս միմիկաները սահմանափակեմ։
Ես սիրում եմ տարիքով մեծ, գեղեցիկ մարդկանց կնճիռները։ Զմայլվում եմ, երբ աչքերի անկյուններում կնճիռներ ունեցող կանայք ժպտում են, և երբ տեսնում եմ, որ բարակ վզին ոսկե շղթայի պես գեղեցիկ կնճիռ կա, իսկ դրա վրայից էլ վզնոց է կախված, մտածում եմ՝ ի՜նչ գեղեցիկ է։
Մյուս կողմից էլ, լինում է նաև, որ քնից նոր արթնացած սեփական դեմքը տեսնելիս, մարմնովս երկյուղ է անցնում։ Ինքս ինձ համոզելով, որ սա բարձից մնացած հետքն է, դեմքիս կրեմ եմ քսում ու շվարած նայում դրանից հետո էլ չանհետացող կնճիռին։
Չգիտես ինչու, ինձ թվում է, թե կնճիռներս ինձ մինչև ուղն ու ծուծը հասկանում են։ Մտածում եմ, որ ժպիտից ու ծիծաղից, կամ հիացմունքից և այլ հաճելի էմոցիաների միմիկաներից առաջացած կնճիռները գեղեցիկ են, բայց մյուս կողմից էլ հոնքերի արանքում, ինչ-որ մեկի հետ կռվելիս ի հայտ եկող սարսափազդու միմիկաներից առաջացած կնճիռները անճոռնի են թվում։ Այդպիսի պատրանքներ բավականին փոքր հասակից եմ ունեցել (երևի այն պատճառով, որ մայրս միշտ բողոքում էր, թե՝ «Ես ջահել ժամանակ շատ դժվարություններ եմ տեսել, դրա համար էլ հոնքերիս արանքում կնճիռներ են առաջացել։ Միշտ դեմքի մռայլ արտահայտություն եմ ունեցել, դրա համար էլ այս օրն եմ ընկել»)։
Միայն ես չէ. ուսանող ժամանակ ընկերուհիներիս հետ էլ, «Հա՛, հա՛, հաստատ էդպես է» ասելով, հաճախ էինք դրա մասին խոսում։ Աղջիկներ կային, որ մարդկանց կնճիռներն անխնա դատապարտում էին։ «Այսինչ դերասանուհու կնճիռները սիրուն են, շատ եմ հավանում, բայց այսինչ-այսինչ պրոֆեսորի կնճիռները կարծես ստրեսից առաջացած կնճիռներ լինեն»։ Հարթ ու պիրկ մաշկով աղջիկները գիտունիկի դեմքով դատափետում էին իրենցից մի քանի տասնյակ տարի մեծ մարդկանց կնճիռները։ Հիմա, նայելով սեփական կնճիռներիս, մեկ-մեկ ասում եմ՝ ի՞նչ կմտածեի, եթե այն ժամանակ ինձ ցույց տային այս կնճիռները։
«Կնճիռներ ունենալն» ինքնին խիստ քննադատության է արժանանում։ Հատկապես տղամարդկանց կողմից։
«Իբր ուզում է ջահել երևալ, բայց հլա դրա կնճիռների՛ն նայիր»։ Մարդիկ կան, որ առանց աչքը թարթելու, այսպիսի բաներ են ասում։ Ինչքան էլ նրանց պնդես, որ «այս կնճիռներն իմ հպարտությունն են, նրանք գեղեցիկ են, դեռ ավելին, ինձ ավելի հրապուրիչ են դարձնում», միևնույն է, ոչինչ չեն հասկանա։ Նրանց դեմ կռիվ տալն էլ անիմաստ է։
Տեսնես գեղեցիկ կնճիռներ ունեցողները հայելու դիմաց կանգնած տառապո՞ւմ են։ Ես, իմ արժեհամակարգի հանդեպ վստահություն չունենալով, ամեն անգամ հայելու առջև կանգնած տառապում եմ։ Անիմաստ թանկ կրեմներ եմ գնում, քսում դեմքիս, միմիկայի մկանների մարմնամարզության համար Նինթենդո DS եմ գնում։ Հետո սկսում եմ ինքս ինձ ատել, որ «բոլոր կնճիռները տգեղ են» ասողների արժեքներին եմ ենթարկվում. իդեալական է ասել, որ կնճիռները գեղեցիկ են, բայց երբ իրականում դրանք հայտնվում են, սկսում ես տագնապի մատնվել։
Ես կարծում եմ, որ կնճիռները գեղեցիկ են։ Բայց ջանքեր եմ թափում, որ դրանք չունենամ։ Թվում է, թե այս երկուսն էլ իմ իրական զգացողություններն են։ Ես երկու արժեհամակարգի միջև վեր ու վար եմ գնում։ Աչքերի անկյունների կնճիռները լավն են, բերանի անկյունների կնճիռներն ատում եմ, վզի կնճիռները լավ կլինի, որ շքեղ ոսկե շղթայի նման լինեն՝ կարծես բիժուտերիայի խանութում առևտուր անելիս, էգոիստորեն մտածում եմ ես։ Դեռահասության ժամանակ արդեն պետք է հասկացած լինեի, որ մարմինդ քո ուզածի պես չի փոխվում, բայց ահա ու տես, որ չափահաս եմ դարձել, բայց դեռ փորձում եմ թանկ քսուքներով ու հանելուկային մարմնամարզությամբ մարմինս վերահսկել։ Այսպիսի տվայտանքների մեջ ընկնելը դեռահասական «հիվանդության» է նման, ապագայում ես հաստատ ինքս ինձ վրա ծիծաղելու եմ։
Փարիզուհիների նորաձևության մասին գիրք գնեցի։ Այնտեղ բազմաթիվ կանայք կային, որոնք, տարիքն առնելուց հետո էլ վայելում էին նորաձևությունը և երիտասարդ կանանց չզիջող, խորը գեղեցկություն ունեին։ Իմ սիրած ֆիլմերից մեկի մեջ էլ մի կադր կա, որտեղ մի հրապուրիչ տատիկ, կնճիռներով մաշկը զարդարած, չարաճճի ժպտում է։ Դա տեսնելով, մտածում եմ՝ ի՜նչ սիրուն է։
Ուզում եմ այն օրը գա, երբ ես հպարտ կկանգնեմ հայելու առաջ ու ժպտալով կասեմ՝ իմ կնճիռները գեղեցիկ կնճիռներ են։ Ուզում եմ մտածել, որ հայելու դիմաց կանգնելիս վրա եկող անհանգստությունը ֆիզիկական աճի հետ կապված ցավի նման մի բան է։ Թեև արդեն չափահաս եմ, բայց մարմնիս փոփոխություններն ինձ ցավ են պատճառում։ Մարմինս իմ պատկերացրածից շատ ավելի մեծ փոփոխությունների է ենթարկվում։ Մտածում եմ՝ գուցե այդքա՞ն էլ վատ բան չէ չափահաս դառնալուց հետո կրկին դա զգալը։

Թարգմանությունը ճապոներենից՝ Աստղիկ Հովհաննիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *