Յաննիս Կարաձողլու | Աշուն

Աշուն: Տերևաթափ:
Տերևները միշտ են թափվում տարվա այս ժամանակ,
օրերը կարճանում են, լույսը նվազում, առավոտյան դեռ մութ է,
հրաժարվում ես բրդե շորեր հագնել` քաղցր օրերի հույս ունես դեռ,
բայց աշուն է: ՈՒ հար տերևաթափ:
Անզսպելի աշուն: Իսկ թե պատկերներն ու գույները դա չասեին
այդ մասին վկայում է դեպի անցյալն ամենօրյա ետդարձի տանջանքը,
թելերը, որ փրկել ես փորձում, իսկ նրանք քիչ-քիչ քրքրվում են
գորշ անձրևների հետ ընկնելով ցեխոտված հիշողությունների վրա:
Աշուն: Տերևաթափ: Փտում են տերևները
քեզ սովոր հյուսիսային քաղաքների հեռավոր նրբանցքերում
ու մի ցուրտ քամի փոսերն է քշում նրանց:
Աշնանամուտ է: Սեր բառը զեղչով է տրվում:
Քո միակ ապագան` ձմեռը:

Թարգմանությունը հունարենից`Շամրիկ Խաչատրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *