Խուլիո Կորտասար | Փոքրիկ դրախտ

Julio Cortazar por Mario Muchnik, para Cultura

Երջանկության ձևերը շատ են տարբեր: ԳեներալՕրանգուի ղեկավարած երկրի բնակիչները երջանիկ են այն օրվանից, երբ նրանց արյան մեջ ընկան ոսկե ձկնիկները: Ու պետք չէ զարմանալ դրանից: Քիչ կոպիտ՝ այդ ձկնիկերը ոսկե չեն, այլ ընդամենը` ոսկեգույն, սակայն բավական է տեսնել, թե ինչպես են փայլում ու ինչ կայտառ են, և դու ուզում ես ունենալ նրանցից: Իշխանությունն անմիջապես հասկացավ սա, երբ ինչ – որ մի բնագետ որսաց առաջին ձկնիկներին, ու սկսեցին արագորեն բազմացնել դրանց բարենպաստ պայմաններում: Մասնագետներին հայտնի «Z-8» ոսկե ձկնիկը չափազանց փոքր է. պատկերացրեք հավը ճանճի չափերով, ոսկե ձկնիկը այդ հավի մեծության է: Ուստի, երբ լրանում է երկրի բնակիչների տասնութ տարին, առանց դժվարության ներարկում են ձկնիկները նրանց արյան մեջ. նշված տարիքը ու ներարկման գործողությունը սահմանված են օրենքով: Բոլոր երիտասարդներն ու աղջիկներն անհամբերությամբ սպասում են օրվան, թե երբ կմտնեն այդ հատուկ բժշկական կենտրոններից մեկը, ուր նրանք գալիս են իրենց ընտանիքների ուղեկցությամբ ու ձեռքի երակներին միացնում են փողակը, որը միաժամանակ թափանցիկ երակի մի մասն է` լի ֆիզիոլոգիական լուծույթով, որտեղ հետո բաց են թողնում քսան ոսկե ձկնիկներ: Երջանիկը ու նրա ընտանիքը վայելում են ոսկե ձկնիկների խաղերը անոթի մեջ, մինչև որ նրանք, մեկը մյուսի հետևից, արդեն անշարժ, ու թվում է՝ վախեցած, լույսի փոքրիկ ցոլքերով մտնում են երակի մեջ: Կես ժամում քաղաքացին ստանում է ոսկե ձկնիկների մի ամբողջ վտառ, ապա հեռանում՝ հանդիսավորությամբ նշելու իրեն հասած երջանկությունը: Ուշադիր լինելու դեպքում կտեսնենք, որ երկրի բնակիչները երջանիկ են առավելապես երևակայության շնորհիվ, քան իրականության հետ ուղղակի շփման: Ոսկե ձկնիկներին ներարկելուց հետո տեսնելը արդեն հնարավոր չէ, ամեն ոք գիտի` նրանք անդադար անցնում են երակների ու զարկերակների հսկա ծառով ու յուրաքանչյուրին վերջին րոպեներին քնից առաջ թվում է, թե իր փակված կոպերի բաժակներում երևում ու անհետանում են այդ շողարձակող կայծերը, որոնք առանձնանում են իրենց փայլով՝ գետերի ու գետակների կարմիր ֆոնին, որոնցով շարժվում են նրանք:
Հատուկ հուզմունք է առաջացնում միտքը, թե քսան ոսկե ձկնիկները նույն պահին սկսում են բազմանալ: Սա է պատճառը, որ երկրի բնակիչը պատկերացնում է նրանց` փայլուն ու անթիվ՝ մարմնի տարբեր մասերում. ինչպես են դրանք սպրդում գլուխ, ինչպես են հոսում դեպի մատների ծայրերը, ինչպես են կուտակվում կոնքային մեծ զարկերակներում, լծային արյունադարձ երակներում կամ անհավանական ճկունությամբ թափանցում մարմնի ամենաթաքուն անկյունները: Ներքին այդ հայացքի ամենամեծ ուրախությունն ապահովում է ոսկե ձկնիկների փուլային անցումը սրտով, ուր թեք ոլորաններ են, լճակներ, սրընթաց հոսանքներ` հարմար խաղերի ու շփման համար: Այս մեծ ու աղմկոտ նավահանգստում ծանոթանում են ոսկե ձկնիկները, ընտրում զույգեր, միավորում ճակատագրերը: Պատանին կամ պարմանուհին սիրահարվում են՝ համոզված, թե տղայի (կամ աղջկա) սրտում նույնպես մի ոսկե ձկնիկ գտավ իր զույգին: Մի քանիսը նույնիսկ խուտուտ հիշեցնող զգացումը բացատրում են համապատասխան վայրերում ոսկե ձկնիկների զուգավորմամբ: Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝ հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն: Պատկերը մռայլում է սոսկ հանգամանքը, թե երբեմն – երբեմն ոսկե ձկնիկներից որևէ մեկը մեռնում է: Ու թեպետ ապրում են երկար, սակայն օրերից մի օր, մեռնողի մարմինը` արյան հմայական շարժումներով, ի վերջո, խցանում է անցումը զարկերակից երակ – երակից որևէ անոթ: Երկրի բնակիչներին հայտնի են ախտանիշները, որոնք նաև շատ պարզ են. դժվարանում է շնչելը, ու երբեմն պտտվում է գլուխը: Եթե զգում է սույն երևույթը, ուրեմն անմիջապես հանում են ներարկման սրվակը. որը պահում են տանը՝ նման դեպքերի համար: Մեռած ձկնիկը սրվակի պարունակությունից հաշված րոպեների ընթացքում ներծծվում է, ու նորից կարգավորվում է արյան շրջանառությունը: Յուրաքանչյուրին պաշտոնապես թույլատրված է օգտագործել ամիսը երեք սրվակ` հաշվի առնելով հանգամանքը, թե ոսկե ձկնիկները բազմանում են արագ, ու ժամանակի ընթացքում նրանց մահերի քանակը նույնպես աճում է: Գեներալ Օրանգուի իշխանությունը սրվակի արժեքը սահմանել է քսան դոլլար, որը տարվա ընթացքում երկրին մի քանի միլիոն եկամուտ է բերում: Եթե արտասահմանցի դիտորդները որակում են սույնը որպես ծանր հարկ, ուրեմն երկրի բնակիչները բողոքում են, քանի որ յուրաքանչյուր սրվակ վերադարձնում է նրանց երջանկությունը, իսկ երջանկության համար վճարելը միանգամայն արդարացի է: Աղքատ ընտանիքների մասին խորհելիս (ինչը հաճախ է պատահում), իշխանությունը հնարավորություն է ընձեռում նրանց ձեռք բերել սրվակները ապառիկով՝ բռնագանձելով կրկնակի, ինչը լիովին տրամաբանական է: Եթե վերոնշյալ հարմարավետ պայմաններից հետո էլ ինչ – որ մեկը մնում է առանց սրվակների, ուրեմն դիմում է գերհաջողակ սև շուկային, որին իշխանությունը թույլատրում է ծաղկել` ըմբռնելով մարդկանց կարիքները ու ցանկանալով օգնել նրանց՝ հանուն ժողովրդի ու մի քանի գնդապետների բարօրության: Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի աղքատությունը, երբ հայտնի է, որ բոլորն ունեն ոսկե ձկնիկներ, ու ոսկե ձկնիկներ կստանան բոլոր սերունդները, ու կրկին ու կրկին կլինեն տոնակատարություններ, կլինեն պարեր, կլինեն երգեր:

Թարգմանությունը անգլերենից` Նաիրա Համբարձումյանի

Share Button

1 Կարծիք

  • Աբգար says:

    Կյանքի գլխավոր ռիթմերը արտաքնապես համընկնում են նույն ռիթմերին` արդեն նրանց ներսում. ուստի՝ հնարավո՞ր է առավել ներդաշնակ երջանկություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *