Սադեղ  Չուբաք | Մայմունը, որի խաղացնողը մեռել էր

Ճիշտ է, որ ասում են՝ չարաս[1] ծխածի քունը լուսադեմին ծանր է լինում, հատկապես,  լոթի[2] Ջահանինը, որ առավոտ ծեգին իր  մայմունի՝ Մախմալի հետ ճանապարհ էր ընկել Աբգինե կամրջից, ամբողջ ցերեկը հետիոտն անցել Քոթալ Դուխտար բլուրը և գիշերամուտին հասել՝ Բարմի դաշտ: Մինչև ծուխումուխի պատրաստություն էր տեսել,  ափիոնը ծխել, մի քանի մուխ չարաս քաշել  ու իր մայմունին էլ մուխ տվել, արդեն կեսգիշեր էր դարձել, և հոգնած-ջարդված քուն էր մտել այս շագանակենու հաստաբեստ խոռոչում: Բայց որքան էլ հոգնած լիներ, դժվար թե մինչ օրվա այս ժամը տեղից չշարժվեր, չզարթներ խճուղով անցնող այդքան բեռնատարների աղմուկից  և ածխակիրների այդչափ հարայ-հրոցից, որոնք  դաշտով մեկ ընկած, իրար հետևից վառում ու ածուխ էին անում շագանակները:

Մախմալն այնքան էր  վիզը ձգել ու երկու ոտքի վրա կանգնել՝ տեսնելու արդյոք արթնացել էր իր լոթին, թե ոչ, որ թթվել ու  ձանձրացել էր, այժմ ինքն էլ սմքել էր մի անկյուն՝ սպասելով իր լոթիի արթնանալուն: Ինքն էլ ամբողջ օրը  լոթիի հետ հավասար ճամփա էր եկել՝ մերթ երկու ոտքի վրա, մերթ չորեքթաթ  քայլել  և ցատկոտել, իսկ հիմա որքան էլ ծիկրակում էր, իր լոթին ժաժումաժ չէր գալիս: Հոգնած-փշրված  էր,  թաթերի ափերն  ու   ոտնատակերը փերթփերթվել ու ցավում   էին, դեռ երեկվանից  ահագին հող ու փոշի կպած էին մազերի արանքում, մարմնի  մաշկի վրա: Նստել էր՝ մանրիկ աչքերը  և շնային, բարակ դունչը   դարձրած շագանակենու կողմը, որի տակ  քնած էր իր լոթին: Թաթերը դրել էր ոտքերի միջև և զարմանքով նայում էր իր լոթիի՝ քնած տիպարին: Կրկին համբերությունը հատեց, վեր   կացավ  ու մի քանի պտույտ արեց իր շուրջը, բռնեց ու քաշեց իր շղթան, որ գամով ամրացված էր գետնին, հետո նորից նստեց առաջվա պես՝ աչքը ճամփին: Շվար թարթում էր աչքերն ու  տնտղում իր լոթիին:

Արեգակը դեռ չէր ընկել դաշտին և թաքնված էր բարձր լեռների հետևում, բայց նրա տարտամ լուսավորության արտացոլանքը Քուհ Մարե լեռների ճեղքից  շաղվել   էր  դաշտի վրա: Լեռները տակավին  քնած էին հեռուներում. արևի  շողքը չէր արթնացրել նրանց:

Դաշտը կարմրաթույր էր, հայկական կավի գույնի էր, և սպիտակավուն մառախուղ էր իջել գետնի վրա: Խոշոր ու փոշոտ շագանակները, բեկնիները և թխկու  թեփուկները ցիրուցան էին դաշտի երեսին:

Երիզորդի  նման երկար ու բարակ մի խճուղի երկու մասի էր կիսել դաշտը: Դաշտի բոլոր կողմերից, այգաբացի հանդարտ ու անշարժ օդի միջով վեր էին բարձրանում ածխացող շագանակների  ծխասյուները, և հասնելով այն վերև-վերևներ` չքանում ու միախառնվում էին երկնքին:

Լոթի Ջահանը քնել էր չորացած ու հնամենի այս շագանակենու խորշում, որը չուներ գեթ մի կանաչ տերև: Ծառի ոսկրացած, անկենդան  ու ծուռումուռ ճյուղերը մխրճվել էին իրար մեջ: Քարավաններն այնքան շատ էին հանգրվանել տակը, ճյուղեր պոկոտել նրանից  և կրակ վառել նրա փչակում, որ խորշանման անճոռնի խոռոչ էր բացվել բնում՝ պատը ծածկված ճաք-ճաք  ու պսպղուն ածխի շերտով: Տարիներ էր արդեն, որ այս շագանակենին մեռած էր:

Լոթի Ջահանն այս խոռոչի մեջ, իր քրձի տակ քնել էր՝  թիկն տված խոռոչի ներսի պատին ու կռթնած նրան: Դեմը՝ գետնի վրա, իր դերվիշի կոտն էր,  չիբուխն էր, վաֆուրն[3] էր, տոպրակն էր, թութունի քսակն էր, չարասի տուփն էր, իսկ առջևում թափթփված էին մարած-մոխրացած ածխակտորները: Քրձի տակից դուրս էին թեքվել ծաղկատար երեսն ու ցանցառ մորուքը, ասես, դիմակ՝ քրձով փաթաթված:

Մախմալը  երկու ոտքի վրա բարձրանալով՝ գլուխը  վեր քաշեց իր լոթիի կողմը:   Խոժոռված դեմքն ու կիտած նոթերը խառնվել էին իրար, երկարուկ քթի կտրած անցքերը նեղլիկ դնչին կպած դողում էին:  Մռայլվել էր,  բնավ սիրտ չուներ: Լոթիի սփրթնած դեմքն ու  պլզած աչքերը նորություն էին նրա համար: Դեսուդենը նայեց և էլի նստեց տեղը՝ աչքերը ման ածելով գետնի վրա, կարծես, ինչ-որ բան  էր փնտրում:

Լոթին նրան կապել էր բեկնու  հսկա ծառի տակ: Երկար ու  կոշտ գամը   ցցված էր սիզավետ ու խոնավ հողի մեջ՝ դառնալով այն շրջանագծի կենտրոնը, որը  նրան միացված էր պահում գետնին: Զուլալ ու բարակ մի առվակ էր հոսում նրա և այն շագանակենու միջև, որի տակ քնել  էր իր լոթին: Անթարթ  նայում էր իր  լոթիին, ասես, նրա մեջ ինչ-որ նոր բան էր  տեսել: Մի պահ իրեն թվաց, թե լոթին զարթնել է քնից, սակայն նրա երեսի մաշկին ոչ մի թրթիռ չկար, աչքը չուներ այն մշտական լույսը, դեմքն անգույն էր, ինչպես հում կաշին: Լոթիի աչքերը բաց էին, սևեռուն նայում էր դիմացը՝ լույսը սպիտակած  ու սառած: Պարզ չէր՝ մեռա՞ծ էր, թե՞ քնից նոր արթնացած ու մտքերի մեջ սուզված: Դեմքը սրված  էր, ողորկ և մեռելի պես փայտացած, ակնակապիճները չռված էին ու լայնացած, բերանի անկյունից ծորում էր լպրծուն ջուր՝ ձվի սպիտակուցի պես:

Մախմալը վախեցել էր, մի քանի անգամ իրար հետևից ինչքան ուժ ուներ, իր խոշոր ու անտաշ մարմինը բարձրացնելով գետնի վրայից, օդ ցատկեց, բայց վզաշղթայի օղակը նեղում էր: Նայվածքն ամբողջությամբ  լոթիի վրա էր մեխել: Մի բան էր հասկացել. լոթիի  կերպարանքը մի  տեսակ էր  դարձել իր աչքին. էլ  չէր վախենում նրանից, նա օտար էր դարձել իր համար: Ինչքան նայում էր, գլուխ չէր հանում դրանից: Մինչ այդ օրը նման տեսքով չէր տեսել իր լոթիին, մինչ այդ օրը մարդուն այդպես անվնաս ու անճարակ չէր տեսել, ինքն այլևս չէր վախենում այդ կերպարանքից: Այն դեմքը, որի մաշկի  յուրաքանչյուր անկյան շարժումից  ահուդող  էր  ընկնում իր սիրտը,  հիմա արդեն ոչինչ  չէր հաղորդում իրեն: Այն աչքերը, որոնց ամեն մի  ոլորումն  ինչ-որ  գաղտնիք էր  հասկացնում իրեն՝ մյուս աշխարհին պատկանող իր գոյակցից, այժմ  բաց էին մնացել՝ դուրս պրծած,  խամրած   և անփայլ: Հանկարծ միայնության տանջալի մի սարսափ կծեծ նրա ներսը, զգաց մենակությունը:

Լոթին հենց այդ շագանակենու կոճղի վիճակն էր ստացել իր աչքին: Այստեղ կծեց բութ մատը. իմացավ, որ  ինքը միայնակ է այդ դաշտում և ոչ ոքու չի ճանաչում: Անընդհատ այս ու այն կողմ էր շարժվում ու պտտվում, այնուհետև կանգ առավ  և  դիրեց դաշտի բոլոր կողմերում երկնասլաց ծխերի շուրջ եռուզեռող մարդկանց: Այդ  պահին է՛լ ավելի վախեցավ. աչքերի առջև եկան լոթիից  կերած մշտական ծեծերը, նրա տված ահերը: Կրկին նստելով գետնի վրա՝ դարանակալ նայվածքը նշան բռնեց լոթիի երեսին, այնուհետև մանրիկ ու տագնապալի աչքերը հառեց այն բեկնու ծառի մուգ, փոշոտ  ու գզզված տերևների վրա, որի տակ ինքն էր կապված, ապա  հայացքն ուղղեց   փչակի մեջ կծկված իր իր լոթիին:Կարծես, նրանից էր հարցնում իր անելիքը:

Լոթին, ըստ ամենայնի, ջոջ քուն էր  մտել: Մախմալը դեռ  շուտ էր զգացել, որ իր լոթին փարսախներով փախել էր իրենից  և  այլևս չէր ճանաչում իրեն:

Երեկ գիշեր երբ ճանապարհից հասան, հենց այս շագանակենու տակ օթևանեցին: Հասան թե չէ,  լոթի Ջահանը հենց այս շագանակենու տակ վայր գցեց Մախմալի շղթան, ափալ-թափալ կրակ վառեց, տոպրակից հանեց թեյնիկը, բաժակը, փասա-փուսան,  չարասի տուփը, վաֆուրը, ափիոնը՝ բոլորը շարելով կրակի շուրջ: Այնուհետև տոպրակից հանեց  չորս հատ եփած ու վառված-ճմլկտված ճնճղուկ, որոնք նախորդ օրը Քազերունից էր գնել ու լավաշով փաթաթել, դուրս բերեց ու սկսեց Մախմալի հետ միասին ուտել: Հետո վռազ, հացը կերած-չկերած, մոտ քաշեց վաֆուրը, իրար հետևից մի քանի  փաթեթ ծխեց և վերջին փաթեթի ժամանակ, ինչպես միշտ, Մախմալին էլ մուխ տվեց: Մախմալը, նրա դեմդիմաց պպզած, ըմբոշխնում էր ծխի մասնիկները, ռնգերը զգայուն էին ու կլանիչ՝ մրջյունի գլխի բեղիկների պես,  բայց լոթին առաջին  փաթեթներն իրեն էր պահում, իր շնչափողի մեջ յուրացնում ծուխը՝  ամենևին ուշադրություն չդարձնելով Մախմալին, թեև լավ գիտեր,  որ նա էլ իր  նման ծխի պահանջմունք ուներ: Երբ լոթին դիվոտած էր լինում ու հաճույքից ուշացած, Աստծուն անգամ չէր հնազանդվում: Նույն  պատմությունն  էր նաև քաղաքում.  չայխանաներում ու ծխարաններում  Մախմալն ավելի շատ ուրիշների ծխից էր օգտվում, քան իր լոթիի՝ դուրս փչածից:

Քաղաքում երբ լոթին տեղը տեղին ավարտին էր հասցնում մայմուն խաղացնելու թամաշան, ճրագները մեկ առ մեկ հավաքած էր լինում և ուզում էր յուղել մարդկանց գլուխն ու ծլկել, Մախմալին էր պատճառ բերում՝  իր խզզան  ձայնով դիմելով նրան.

-Մախմա՜լ, Մախմալ ջա՜ն, այ ծխող անկրո՛ն հնդիկ,  ա՛յ թմրամոլ  հիվա՜նդ, կայֆդ ուշացե՞լ ա….  դարդ մի արա, հենց հիմա քեզ տանեմ՝ էնպե՜ս ծուխ տամ, որ քեֆդ քոքվի:

Բայց երբ հասնում էին չայխանաներ, ոչ մի փույթ չէր դարձնում նրան, նստում ու կուշտ ծխում էր ափիոնը, հետո մի քանի քուլա պարպված մխից, որի ուղնուծուծն արդեն ներքաշել էր սեփական շնչափող, բաց էր թողնում Մախմալի կողմը:

Հիմա էլ որ   դաշտում էին, էլի նույն  պատմությունն  էր, երեկ գիշեր  ևս կարգին ծուխ չէր հասել Մախմալին, և հիմա մնացել էր առանց հագուրդի:

Երեկ գիշեր քնելուց առաջ լոթի Ջահանը ափիոնից կշտանալուց հետո, հաշիշի չիբուխն էլ  չաղ արեց ու վրա-վրա մի քանի մուխ քաշեց, Մախմալին ևս ծուխ տվեց, հետո անշտապ  վեր կացավ, Մախմալի  շղթայից  բռնելով նրան տարավ առվի մյուս կողմը՝ բեկնու ծառերի տակ, գամը մինչև վերջ խրեց հողի մեջ, իսկ ինքը հետ գնաց ու քնեց:

Սակայն քնով ընկավ, մեռելաքուն մտավ: Եվ առավոտյան, երբ Մախմալն աչքերը բացեց, լուսաբացի սև-սպիտակ օդի միջով նշմարեց, որ իր լոթին շագանակենու կոճղի օրին էր ընկել.  չորացել էր, բիբերը անճրագ էին, հրաման չէին  տալիս և գործ չուեին իր հետ: Ինքը մենակ  էր և ազատ:

Այդտեղ այլևս լոթին գոյություն չուներ իր համար: Չգիտեր ինչ անել, երբևէ ինքն իրեն առանց լոթի չէր տեսել: Լոթին իր համար մի  գոյակից էր, առանց որի թերի էր իր գոյությունը, կարծես, ուղեղը կիսով չափ անդամալույծ լիներ  ու չաշխատեր: Որքան հիշում էր, մարդկանց միջից միայն լոթի Ջահանին էր ճանաչում, նա էր իր հաղորդակիցը, մյուս մարդկանց աշխարհին կապողը, ոչ մեկի լեզուն այնքան լավ չէր հասկանում, որքան նրա լեզուն: Ամբողջ կյանքում նրա համար «բարեկամի ու թշնամու տեղն էր ցուցադրել»՝  հետույքը օդում տնկելով,[4]  բայց ի՛նչ արել էր, լոթի Ջահանի հրահանգով ու ակնարկով էր արել:

Բոզանոցներում, չայխանաներում, հրապարակներում, սգավայրերի տաղավար-  ներում, գարաժներում, գերեզմանատներում, քարվանսարաներում և դուքան-բազարներում, որտեղ որ լոթին հանդես էր բացում, ամեն տեսակ մարդ էր  հավաքվում նրա և Մախմալի չորս դին: Եվ մարդկանցից մշտապես այն հուշն էր մնացել իր սրտում, որ նրանք հավաքվում էին իր շուրջբոլոր՝ իրեն նեղացնելու, բզբզելու և  բոթբթելու համար: Հենց նրանք էին, որ իր վրա քար էին նետում, լխկած միրգ, փայտ, ոսկոր, պատռված  կոշիկ, նռան կճեպ, աթար և երկաթի կտոր: Բոլորն  իրենից ուզում էին, որ հետույքը տնկի օդում և թշնամու տեղը  մատնացույց անի վրան:

Քարկոծվում էր Մախմալը, սակայն ոչ մեկի խոսքին ականջ չէր դնում: Ականջը միայն իր լոթիին էր, ոպեսզի  հենց շղթան թափ տար, նրա ուզածը կատարեր: Պատահում էր, որ  մարդիկ,  ինչ է թե Մախմալն իրենց  տնազն անի,  սեփական հետույքն էին թեքում և թշնամու տեղը ցուցադրում նրան, բայց Մախմալը ծամածռություն էր անում, ժիժինում և ատամները  կռճտում էր նրանց վրա, հետո շուռ էր գալիս ու նրանց դեմ տալիս իր պլպլան կարմիր հետույքը, որ գունդ պալարի պես այտուցված  էր իր բոժոժավոր պոչի տակ: Այս  շարժումը Լոթին էր իրեն սովորեցրել, որ  կատարի  հանդես հարամող «դղեզ» մարդկանց համար, ովքեր ծաղրախոսություններ էին անում  իր և լոթիի հասցեին, փորձում թամաշայի  եկածներին ցրել իրենց մոտից: Լոթին թափ էր տալիս Մախմալի շղթան և իր ծորուն ձայնով կանչում.

-Մախմա՜լ, ո՞րն է քթի մազ, դղեզ մարդու տեղը:

Մախմալը գլուխը դնում էր գետնին և հետույքը բարձրացնում օդ, ձեռքը ճարահատությամբ  վրան դնում և կոկորդից խուլ ու տխուր ձայն հանում ՝ «Հը՜մ, հը՜մ , հը՜մ»:

Լոթի Ջահանը նորից էր հարց տալիս.

– Խալխին  նեղացնող մարդու տեղը ո՞րն է:

Կրկին նույն ձևով հետույքը տնկում էր օդ և նույն խուլ ձայնն արձակում իր կոկորդից՝ «Հը՜մ, հը՜մ, հը՜մ»:

Այդ ամենն իր լոթիի համար անում էր վախվորիկ և գաղտագողի հայացքներով: «Թշնամին» մի անեծք էր, որն իր ականջում ուներ կաղապար, և երբ արտաբերվում էր լոթիի բերանից, գնում-մտնում  էր իր ականջի մեջ,  տեղավորվում  այդ կաղապարում՝ լցնելով բաց տարածությունը: Այդ  ժամանակ էլ ձեռքը դնում էր իր հետույքի վրա. սա էր նրա գործը, սրա համար էր աշխարհ եկել:

Բայց ինչքան մարդ կար, ատելով ատում էր ամենքին,  աչքով աչք չուներ  ոչ մեկին տեսնելու: Լոթիի հայացքը սարսուռ էր գցում իր մեջքին, ամենից շատ նրանից էր վախենում, ատում էր նրան, երկյուղում նրանից: Կյանքն ուրիշ բան չէր իր համար, բացի վախ շրջապատից. սարսափում էր այն ամենից, ինչ կար իր չորսբոլորը: Փորձով գիտեր, որ բոլորն իր արյանը ծարավ թշնամիներ են: Միշտ սպասում էր, որ կամ լոթիի  ճիպոտն  իջներ իր ուղեղին, կամ փոկը սեղմեր վիզը, կամ էլ աքացու հարված ստանար իր կողերին: Ի՛նչ անում էր՝ ստիպված էր անում, ի՛նչ տեսնում էր՝ ստիպված, ի՛նչ ուտում էր՝ ստիպված:

Կապված էր այն շղթայով, որի ծայրն ուրիշի ձեռքին էր, և շղթայատերը քարշ էր տալիս նրան՝ ուր որ կամենար, իր ձեռքում չկար ոչ մի բան: Իր ամբողջ կյանքում քարշ էր տրվել, սակայն այդ պահին  հանկարծապես տեսավ, որ լոթիի հասակից դուրս հորդող, երբեմնի տիրակալ ուժը վերացել է իսպառ, չկա այլևս իրեն և լոթիին  կապող ոչ մի կապ: Լոթին մութ ու անլույս դիակ էր, որ ոչ մի  առնչություն չուներ Մախմալի հետ, ինչպես ասենք թե հողը: Հիմա արդեն Մախմալի ատելությունը  նրա հանդեպ նվազել, հասել էր այն աստիճանի, որքան նա տածում էր՝ գետնի և շրջապատող պինդ, կոպիտ ու դիմացկուն  միջավայրի հանդեպ:

Ծալապատ նստեց ու քորեց գլուխը, ապա մի քանի անգամ իր շուրջը պտտվեց շշմած, մեկեն, աչքը դիպավ իր շղթային. նկատեց այն: Երբևէ այդպես ապշած ու քինախնդիր չէր նայել դրան. կոշտ էր, ժանգոտած ու ծանր, միշտ էլ այդպիսին էր եղել: Քանի ճանաչել էր իրեն, շղթան թունավոր օձի պես իր շուրջը փաթութ էր եկել. թե՛ քարշ էր տվել իրեն, թե՛ շրջակալել իրեն, թե՛ փակել իր փախուստի ճամփան: Մի  ծայրը երկար գամով հողի մեջ էր մխրճված, մյուս ծայրը՝ իր վզաշղթային  դարձաբևեռված: Մշտապես այդպես էր եղել: Քանի տեսել էր ինքն իրեն, այդ ծանր բեռն իր վզի վրա էր եղել, կարծես, իր մարմնի անդամներից մեկը լիներ,  լավ էր ճանաչում դրան և ատում էր այն, ինչպես ատում էր իր լոթիին և  մնացած ամեն ինչը,  սակայն գիտեր, որ  դա տաբերվում էր իր մարմնի անդամներից՝ ավելի պինդ էր: Ծանրությունից, հոգնածությունից, վնասից ու նեղությունից   զատ, ուրիշ բան չէր տեսել շղթայից:

Երկու ձեռքով բռնեց շղթան ու գետնի վրայից բարձրացրեց, ձեռքերը սահեցրեց  վերև, հասավ իր կոկորդի տակը՝ ճիշտ այնտեղ, որտեղ շղթայի կեռիկն  ու վզափոկի օղակը դարձաբևեռվել  էին միմյանց: Թափ-թափ տվեց այն և ձախուծուռ բզբզեց:

Բժժած, առանց հասկանալու՝ ձեռքերը տարավ շղթայի ներքևը և գնաց  դեպի    հողին ամրացված  գամը, ասես, լարից կախ ընկածի  պես  ձեռքերով սահեր լարի վրայով: Հասավ շղթայի վերջը, որից այն կողմն արդեն իրենը չէր, մի այլ աշխարհ էր, որն իրեն բռնել ու սեղմած պահում էր:

Լոթի Ջահանը միշտ Մախմալի շղթայի գամը մինչև գլխիկը հուպ տված ու կիպ մտցնում էր հողի մեջ: Ասում էր. «Մայմունից ավելի հարամզադա կենդանի չկա աշխարհիս երեսին՝ հենց մարդու աչքը հեռու տեսնի, իր թույնը կթափի: Մեկ էլ տեսար՝ քնած ժամանակ խեղդեց մարդուն»:

Շղթայի գամի ամրացվելը գետնին սովորական բան էր Մախմալի համար: Մշտապես տեսել էր, որ երբ լոթին դա խրում էր հողի մեջ, ինքը նույն  կետում գերի էր ընկնում  ու կարկատվում գետնին: Ոչ մի ճիգ ու ջանք չէր բանեցնում, սովորույթն ու վախը նրան կապված էին պահում իր տեղում: Երբեմն զգում էր, որ գամը թուլացել ու երերում էր հողի մեջ, բայց ինքը փրկության փորձ չէր էլ անում: Սակայն հիմա այլ իրավիճակ էր, հիմա ցանկանում էր ամեն գնով քանդել այն: Երկու ձեռքով պինդ բռնեց գամի գլխիկից և զայրացկոտ  շարժեց այն: Բնազդը նրան հուշել  էր. «Ոչ մի վտանգ չկա և ծեծ չի լինելու»: Գամը քանդելու համար գործադրած իր ուժը շատ ավելին էր, քան անհրաժեշտ էր, բայց ինքն էլ  ձևերը գիտեր, թե ոնց պիտի օգտվեր իր ձեռքերից,  իր ուժեղ բթով  ու մատներով բռնի գամի գլխիկից, ուրեմն իր ամբողջ զորությամբ  թափ տվեց գամը և վերջապես այն դուրս քաշեց հողից:

Շատ հրճվեց, վեր-վեր թռչկոտեց:

Իր փրկության համար ուրախ էր, առաջ շարժվեց, բայց շղթան էլ ճամփա ընկավ նրա հետևից և սկսեց նրա հետ միասին ոստոստել և ուրախանալ, դա էլ էր փրկվել, բայց երկուսով կապված էին մեկմեկու,  և այս անգամ էլ շղթան իր անախորժ, մենությունը խանգարող ձայնով գալիս էր նրա հետևից: Մախմալը հուսախաբվեց  ու  քիթը կախեց, բայց ճար չուներ:

Գնաց դեպի իր լոթիի դիակը, փոքր ոստյունով թռավ առվի վրայով, թեթևակի ուղղեց իրանը՝ վարանած նայելով իր լոթիին, ապա առաջացավ, սակայն մոտենալուն պես կասկած ընկավ սիրտը, ուստի հենց այդտեղ՝ հեռու նրանից,  ոտնածալ նստեց նրա դեմ հանդիմանը: Դեռ վախենում էր՝ առանց նրա նշան տալուն  մոտենալ:

Կիսովին կուզ դիակը հենված էր շագանակենուն՝ շուրջեշուրջ կլոլված հնամաշ վերնազգեստով, իսկ նրա առջևում ցրիվ  էին գիշերվա խարույկի մոխիրը, հանգած օջախը, թեյնիկը, չիբուխը, վաֆուրը, տոպրակն ու կոտը:

 Ճիշտ կարծես, իր թողած ժառանգությանն էր  մտիկ անում:

Մախմալն արդեն լավ իմացել էր, որ լոթին քարաբեկորի  պես վեր էր ընկել ու չէր  շարժվում, հայացքը  փախցրեց նրանից,  ապա հետ շրջվեց և դիտեց դաշտում վեր սլացող ծխասյուները, դրանց շուրջ հավաքված մարդկանց, որոնցից վախենում էր, բոլորն էլ օտար էին իր համար :

Տեղից վեր ելավ, գնաց իր լոթիի կշտին և բավականաչափ մոտիկ նստեց: Լոթիի դեմքը ոչինչ չէր  հաղորդում նրան, չէր ասում՝ գնա, չէր ասում՝ նստիր, չէր ասում՝ չիբուխը չաղ արա, չէր ասում՝ շոր փաթաթիր գլխիդ, չէր ասում՝ մոմի պես կանգնիր,  չէր ասում՝ թշնամու և բարեկամի տեղը ցույց տուր, էլ չէր կանչում՝ «Բարիքա՜լլա[5] սուրլիկ, դասդ սերտի՛ր սուրլիկ», չէր ասում՝ «Հեծյա՜լ, հեծյա՜լն  է եկել,  վարժ ու ճարտա՜րն  է եկել», չէր ասում՝ «Ա՜յ հալվա՛, հալվա՛, հալվա՛   քաղցր ու համով ես հալվա՜», ոչինչ չէր ասում իրեն: Ինչքան զննում էր նրա դեմքը, բան չէր հասկանում, հենց այդ պատճառով ո՛չ մի վախ չէր զգում նրա հանդեպ: Լոթիի դեմքից  անհետացել էին  այն մշտական խայթն ու կծոցը, որոնք նրա իշխանության  մասն էին կազմում: Իր բնազդն իրեն   հասկացրեց, որ այս տեսքն ու կերպարանքն այլևս  ի վիճակի չէին  ոչինչ անել իրեն:

Մախմալի սիրտը դառնացած էր իր լոթիից, որովհետև չկար այնպիսի գործ, որ նա առանց սպառնալու ուզեր Մախմալից: Երբ Ջահանն իր փեշակակիցների  կամ «դղեզների» ձեռքից  վիրավորված ու մաղձոտված էր լինում, Մախմալից էր հանում մուռը, Մախմալի վրա թափում իր զայրույթը, նրան  ծեծում էր ճիպոտով, ապտակով, քացիով ու շղթայով և  բերանի եկած հայհոյանքը թափում գլխին:  Մախմալն էլ ծանոթ էր իր լոթիի ուշունցներին, ականջը վարժ՝ դրանց սպառնագին ձայներանգներին: Իր լոթիի հայհոյանքները լսելով՝ մոտն այն վիճակն էր առաջանում, որ հարկավոր էր վախենալ, շուտափույթ կատարել պահանջվող գործը, վիզը ծռել լոթիի առջև և պաղատանքով ու հնազանդությամբ նայել նրան, որպեսզի ծեծ չուտեր: Այդուհանդերձ, երբեմն կրակ էր կտրում, կողը դեմ էր տալիս, իծանը գալիս էին, այնպես էր  շղթան քաշում Լոթիի ձեռքից, որ նրան ստիպում էր  կակղել  և ուզած-չուզած մի առ ժամանակ ջան-ջիգյարով խոսեր, նուշ ու չամիչ հրամցներ, որ ինքը չխրտներ ու հանդարտվեր:  Ինքը թեև հնազանդվում էր, բայց մեկ-մեկ էլ ճիշտ ժամանակին, հանդեսի  ամենաթեժ պահին, երբ  լոթին շատ էր իրեն բանեցնում, այլևս չէր սանձվում, որքան լոթին հարվածում էր գլխին, ավելի շատ էր հակառակի ընկնում, չէր հպատակվում, հրահանգը չէր կատարում:

Ջահանն էլ այդ ժամանակ Մախմալին կապում էր ծառին կամ սյունին և այնքան խփում, մինչև նա թառանչում էր, սրտի տակից բղավում, և կոկորդում ինչ-որ ձայներ էին բղղում:  Բայց ոչ ոք օգնության չէր հասնում, ոչ ոք նրա լեզուն չէր հասկանում, բոլորը ծիծաղում էին ու քար նետում վրան: Երբեմն ցավի սաստկությունից կծում էր ինքն իրեն, թավալվում հողի ու փոշու մեջ ու ճչում: Բերանը ջվալի պես լայն բացվում էր, երևում էր բողազի տակը, սեփական լեզուն էր ծամում: Եվ մարդիկ  զվարճանում էին ու խնդխնդում, որովհետև «Հաջի Ֆիրուզը[6]  ծեծ է ուտում»:

Բայց Մախմալի համար ամենածանր պատիժը քաղցածությունն էր, մեկ էլ առանց ծխի մնալը: Երբ Ջահանի ուղտաքենը բռնում էր, Մախմալին  սոված և անծուխ էր թողնում, ուտելիք չէր տալիս, կապում էր նրան, որ չկարողանար ինքն իր համար մի բան գտներ ու սնվեր: Եթե ինքն ազատ լիներ, կգնար աղբակույտերի ու թափթփանքների  միջից ինչ-որ բան կգտներ՝ ակռայի տակ գցելու, իսկ եթե ծխի պահանջ զգար, մարդկանց պես կնստեր չայխանաներում և ուրիշների ծխից կընդարմանար: Բայց ազատ չէր:

Կամացուկ, մեծ հետաքրքրությամբ ձեռքը մեկնեց  և  լոթիի գլխից վար քաշեց քուրձը: Երևաց թելով կապած  թասակը, որի եզրը կպրաձյութի  պես պլպլան տարթ էր կապել: Լոթիի  փոթ ընկած երեսը  փսորվել  էր, ինչպես ջրոտված կրավազե արձան:

Հանկարծահաս կայտառություն ու հաճույք պատեցին Մախմալին, ասես էգ կապիկ տեսած լիներ: Ասես, լոթին նայում էր հեռու ճանապարհից, իրենց միջև ընկած մեծ գետի մյուս կողմից, և նրա ձեռքը չէր հասնում իրեն: Խտղտացող կրքոտ հեշտանքը վազեց երակներով  ու ջիլերով: Զգաց, որ հաղթել էր իր լոթիին, մեխվեց նրա երեսին և սկսեց ուշադիր դիտել նրան: Կոկորդից դուրս թռան մի քանի ընդհատ ու խուլ  ձայներ. «կի՛ ….կի՛…. կի՛…..»:

Հետո ձեռքը տարավ և տոպրակից դուրս քաշեց հացի սփռոցը, այնտեղից հանեց երկու եփած ճնճղուկներն ու անմիջապես կուլ տվեց, այնուհետև ինչքան հաց կար՝ կերավ: Ոչ մի մտավախություն չուներ, բավարարված էր ու խանդավառ:

Գետնի վրայից վերցրեց լոթիի չիբուխը և զննեց գլխիկն ու փայտը, անվարժորեն շուռ ու մուռ տվեց և դրեց բերանը: Երբ լոթին կենդանի էր, նրա հրամանով չիբուխը մտցնում էր թութունի քսակը և գլխիկը թութունով լցնում: Հիմա քսակը անփութորեն վերցրեց գետնի վրայից, գլխիվայր էր բռնել՝ թութունը շաղ եկավ գետնի վրա, ինքն էլ մատներով դրանք ակոսեց հողի մեջ՝ կռվազան նայելով լոթիին, հետո դեն թալեց չիբուխը և նորից պիշ-պիշ սևեռվեց լոթիին:

Ծխելու այրող  տենչը նրան մղեց, որ հանգած օջախի մոտից վերցնի վաֆուրն ու մոտեցնի իր քթատակին, քթի եզրերը  քերթված  էին, ասես, բորոտված: Չարչարանքով ու սրտմտությամբ մի քանի անգամ վաֆուրը պտտեց իր սևացած ու հողոտ մատների արանքում, ապա հոտոտեց և  ծծակը բերանն առավ, ծամեց ու փշրեց այն: Տհաճություն զգաց փողակի ներսում այրված խեժի դառնության համից, բայց ափիոնի հոտը մտավ քթերքը և գրգռեց ցանկությունը, թքեց վաֆուրի փայտի ծամծմած փշրանքը, զզվել էր դրա դառնությունից, վաֆուրը թափով զարկեց օջախի քարին և հետո շփոթմունքից մի քանի անգամ քաշեց Ջահանի քրձի փեշը՝ օգնություն էր հայցում նրանից, ուզում էր արթնացնել նրան: Այնուհետև  հույսը կտրած, դանդաղորեն վեր ելավ տեղից, թիկունքը դարձրեց իր լոթիին և  ճանապարհ ընկավ դեպի դաշտ:

Դաշտն ավելի էր լուսավառվել. արևը սփռվել էր վրան՝ նրան հաղորդելով շիկացած և կամաց սառչող պղնձի գույն: Բեռնատար մեքենաների թրթռոցը  տարածվել էր ամենուր: Բոլորովին չգիտեր, թե ո՛ւր էր գնում: Մշտապես լոթին էր ուղեկցել նրան՝ ստվերի պես և եզրապատի նման, մինչդեռ հիմա հողի ու քարի վրա քսվող շղթայի ձայնն էր հետևից գալիս, ինչը  զայրացնում էր նրան: Շղթան նրա գոյակիցն էր, հիմա ինքն էր ու իր շղթան, և շղթան առավել քան երբևէ ծանրացել էր, ձեռուոտի տակ էր ընկնում,  տհաճ ձայնով   խախտում նրա առանձնությունը:

Անցավ մի քանի քարաժայռի մոտով, արդեն հեռացել էր իր լոթիից, երկու ոտքի վրա էր քայլում, պոչը կարճ էր՝ բոժոժածայր: Իր խոժոռ կազմվածքով   քարշ էր տալիս շղթան և կքված էր քայլում: Չկար ոչ մի արգելանք, ուր ուզեր՝ կգնար, մեկը չկար՝ շղթան ձգեր, ինքն էր իր շղթան քարշ տալիս, իր լոթիից փախչել էր, որ ազատ լիներ: Գնում էր դեպի ուրիշ աշխարհ, չգիտեր ինչպիսի տեղ էր դա, բայց զգում էր, որ  եթե լոթի չունենա,  ազատ կլինի:

Հասավ մի արոտավայր, որտեղ արածում էր ոչխարների հոտը: Նրանք բոլորը գլուխները կախ կրծում էին կարճ խոտերը, վխտում իրար մեջ և իրենք իրենց գործով էին զբաղված: Մանկահասակ մի հովիվ խոտերի մեջ ոտքերը երկարած՝ սրինգ էր նվագում: Արոտավայում տեղ-տեղ լուռ ու ծանր կանգնած էին հաստ ու փոշոտ շագանակենիներ, Մախմալը նստելով արոտավայրի պռնկի շագանակենու տակ՝ սկսեց նայել ոչխարներին ու հովիվին:

Փոքր-ինչ խաղաղվել էր: Հենց այս կարճ տարածությունը, որ սեփական իրավունքով էր ընթացել, կենդանություն էր  հաղորդել նրան: Ոչխարների հոտը դուրն էր եկել: Զգում էր, որ այնտեղ նստած հովիվ տղան ավելի մոտ ու հարազատ էր իրեն, քան ոչխարները: Բայց հիմա էլ մի նոր գլխացավանք էր  ի հայտ եկել իր համար, ինքը ոչ մեկի հետ գործ չուներ, բայց ստեպ-ստեպ քննում էր իր շուրջը. վախը խլրտում էր մարմնում:

Հենց այդ ժամանակ մի սիրունթևիկ իշամեղու  բզզալեն  պոկ չէր գալիս նրանից, ամեն վայրկյան վրա էր տալիս աչքունքին ու նեղացնում, նստում էր աչքի անկյունին ու խայթում: Մախմալը հմտությամբ ու համբերատար թաք կացավ և մատներով ճարպկորեն բռնեց իշամեղվին, մի քիչ խարխրեց, հետո դրեց բերանն  ու կերավ:

Ոչխարների հոտը անհոգ արածում էր: Մախմալին տեսնելուն պես՝ հովիվ տղան վեր ելավ տեղից  և քայլեց նրա կողմը: Տղան ձեռնափայտը դրել էր վզակոթին և երկու ձեռքը փայտի տակից վերև բերելով՝ բռնել այն: Մախմալն էլ էր միշտ այս  ձևերն անում  լոթիի օյիններին. լոթին ճիպոտը տալիս էր Մախմալին և ձայն տալիս. «Բարեքալլա՜ չոբանիկ, ցույց տու՛ր չոբանիկ»: Ճիշտ այս հովիվ տղայի պես Մախմալն էլ ճիպոտը դնում էր իր ծոծրակին, երկու ձեռքը փայտի տակից վերև բերելով՝ բռնում այն և պար գալիս:

Մախմալին դուր էր եկել հովիվ տղան, որ նման էր իրեն, երբ ինքը խեղկատակություններ էր անում: Տեղից չշարժվեց, ինքն իր համար նստել ու բռունցքները դրել էր ոտքերի միջև և դիտում էր մոտեցող հովիվին:

Հովիվը մոտ գնաց, մի քայլ էլ առաջ անցավ զգուշությամբ և կանգնեց՝ մի ճիպոտաչափ հեռավորության վրա: Ապշած ու չտեսավարի տնտղում էր այդ կենդանուն, որի նմանը միայն մի անգամ հեռվից էր տեսել գյուղում: Դիտում էր նրա ականջները, ձեռքերն ու ոտքերը, աչքերն ու դեմքը, որոնք նման էին իրեն: Ձեռքն առաջ բերեց և հիացած ու  մայիլ մնացած նախ նայեց իր մատներին, ապա հետաքրքրասիրությամբ ու չարաճճիությամբ նայեց Մախմալի ձեռքերին: Սիրտն ուզում էր մոտ գնար, կենդանուն առներ իր գրկի մեջ և խաղար նրա հետ, նրա և իր միջև  այնպիսի կապ տեսավ, որ չէր տեսել իր և ոչխարների միջև: Ձեռքը տարավ գրպանը և այնտեղից հանեց շագանակե հացի մի կտոր, որ չոփ-չոր էր՝ պատից քանդված գյաջի գուղձի պես, հացը նետեց Մախմալի գոգը և սկսեց տնտղել նրան:

Մախմալը երկմտանքով վերցրեց հացը, հոտոտեց, ապա անփութորեն  հեռու շպրտեց: Տարակուսանքով և զգոնությամբ  աչքի տակ ուներ պատանի հովիվին, որևէ վախ չէր զգում նրանից, իր սրտում ոխ չուներ նրա հանդեպ, բայց ուշքը վրան էր պահում, որ  իմանար տղան այդ ձեռնափայտով ինչ էր  մտադրված անել: Նա իր կյանքում  լավ էր ճանաչել ձեռնափայտը և նրանից սպասվելիք գործերը, նա թշնամի էր ձեռնափայտին:

Դուրս ցցված հոնքերի և նրանց փուշ-փուշ բաշերի տակից մանրիկ աչքերը բարկ ու կիզիչ, ինչպես խոշորացույցի տակից ցոլացող արևի ճաթագայթներ, ընկել էին պատանի հովիվի հասակի վրա:  Առավել զգուշավորությամբ ու կասկածանքով սկսեց  զննել հովիվին, որովհետև տղան ձեռքում թափահարում էր վայրի նշենու փայտը, իսկ  Մախմալն այս տեսակ արարածներից միշտ ցավ ու տառապանք էր տեսել, նա լավ էր ճանաչում իր տիպի և իրեն նմանվող կենդանիներին, սրանցավելի շատ էր հանդիպել, քան մյուս կենդանիներին:

Հովիվ տղան մի քայլ ևս առաջացավ: Մախմալն էլի մնաց իր տեղում,  միայն աչքերով հետևում էր հովիվի շարժումներին: Տղան, ինքն իր մեջ գտած միայնությունից և ամաչկոտությունից ելած, ցանականում էր իմանալ, թե դա ի՛նչ էր, ի՛նչ էր ուզում անել: Մեկ էլ հանկարծ ձեռնափայտը բարձրացրեց  և նետահարեց Մախմալին, բայց նույն վայրկյանին ինքն ավելի շուտ վախեցավ  և անմիջապես հետ քաշվեց: Փայտը չդիպավ Մախմալին:

Հիմա արդեն Մախմալն  առավել կասկածանքով էր  հետևում հովիվին, հոգնած էր և ուժաթափ, ձեռքերի ու ոտքերի ափերը վառվում էին, մարմինը մրմռում էր անծուխ մնալու ճնշումից: Աչքերի առջև հառնում էր մանղալի առջև նստաց լոթին, որ ափիոն էր ծխում և իրեն էլ ծուխ տալիս, սա անցյալից պահպանված հիշողություն էր: Ինչքան էլ դողացնում էր իր նեղլիկ, ծայր կտրած քթանցքերը և շունչ քաշում, ափիոնի հոտ չէր առնում: Շնչառությունն արագացել էր, հովիվի ներկայությունը հունից հանում էր նրան, ուզում էր վեր կենալ ու հեռանալ, բայց զգում էր, որ չպետք է մեջքով շրջվել դեպի հովիվը:

Մախմալի սառնասրտությունից ու խելոքությունից տղան առյուծ կտրեց, փայտը կրկին բարձրացրեց ու հանկարծակի ամուր հարվածեց Մախմալի գլխին: Մախմալն էլ միանգաից  հավաքեց իրեն, պպզեց ու ցատկեց հովիվի վրա, թաթերը դրեց նրա ուսերին, վայրկենապես պինդ  խայծեց այտը, և մսի մի ծլանգ պլոկված մնաց տղայի երեսի վրա: Տղան սարսափահար ընկավ գետնին, վառ արյունը ուժգին ցայտեց երեսից: Մինչև այդ օրը Մախմալը երբեք առիթ չէր ունեցել որևէ ադամորդու նեղացնել այդպես:

Մինչ տղան ցավից գալարվում էր ու մղկտում, Մախմալը մի քանի ոստյունով հեռացավ այդ վայրից, առանց  իմանալու՝ բռնեց նույն եկած ճամփան: Դա էր իր  գիտցած միակ ուղին, անցավ նույն  քարքարոտ ճանապարհով, որով եկել էր:  Ամենևին չգիտեր, թե ի՛նչ աներ:

Չորեքշուրջ տարածված էր լենուբոլ  դաշտը, որի մեջ  մոլորվել էր ինքը, հունքուբունքը չգիտեր: Ո՛չ ուտելիք ուներ, ո՛չ ծուխ ուներ և ո՛չ կարգին զենք, որով կարողանար կռիվ տալ իր միջավայրի  դեմ: Մարմնի միսը տկար էր, անզոր ու  քայքայվող՝  կարծր ու վնասատու միջավայրի դեմ: Ականջները սրել էր և սարսափում ու մտահոգվում էր խոտերի մեջ շարժվող ամենափոքր ճպուռի ձայնից անգամ Չորսբոլորն ի՛նչ կար՝ աչքին  դաժան ու համառ թշնամի էր երևում:

Մարմնի հոգնածությունն ու թմրությունը խեղճացրել էին նրան, կուչ եկավ մի ժայռաքարի տակ   և ինչքան կարող   էր  խցկվեց  երկու քարի արանքում  ընկած փոսի մեջ, շփոթված էր ու խճճված, ուշքը վրան չէր, բնազդը բթացել էր ու ժանգոտել, դիմացն էր դիտարկում՝ հսկողության տակ պահելով  ծառահատների և կացնավորների ուրվականները: Մարդիկ ոնց որ բոբոխ լինեին իր համար,  խորշում էր նրանցից, վախենում էր նրանցից, վաղնջական ու հավիտենական մի վախ էր մնացել նրանցից իր սրտում: Հիմա որքան կարողանում էր, իրեն թաքցնում էր նրանցից:

Խոտերից մի քանի ճյուղ պոկեց, հոտոտեց ու կերավ,  քաղցրաթթու և դալար համը թարմացրեց նրան ու փոխվեց բերանի համը, նորից կերավ այդ խոտերից, կոկորդը թրջվեց ու հովացավ: Մայիսյան մեղմ ու ննջաբեր արևը կպնում էր կրծքին ու փորին և քաղցր ու նիրհուն խուտուտ տալիս մարմնի կաշին: Մեջքով հենվել էր քարին և նայում էր հանդիպակաց տերեփուկներին ու վաղենակներին, որոնք գորգի պես սփռվել էին հողի վրա: Ներքևի շուրթն առաջ բերեց և փոքր-ինչ դողդղացրեց, սղղուն ձայնի ղլղլոց եկավ կոկորդից, ասես, ծիծաղում էր:

Հետո ավելի ներս քաշվեց իր ծվարած փոսում, թիկունքը սեղմեց հետևի քարին ու հանգիստ առավ, հանկարծ դուրեկան զգացողություն ապրեց, զգաց իր ազատությունը: Գոհ էր, կարծես, օտարության ծանր ու ճնշող բեռը թոթափել էր վզից:

Ձեռքը տարավ թևատակ և խրթխրթոցով քորեց, գլուխն ուսի կողմն էր թեքել՝ հաճույք ստանալու կեցվածքով, ասես, մեկը մերսում էր նրան: Այնուհետև ձիգ նստեց և սկսեց տնտնալ ու զբաղվել իր փորով, սրունքով ու ոտների արանքով: Եղունգների սուր ունելիներով մեկ առ  մեկ բռնում էր մարմնի վրայի անիծներն ու ոջիլները, դնում ատամի տակ և ուտում: Փորի կաշին արծաթագույն էր, և կապույտ երակները պրկվել էին վրան:

Ամբողջ մարմինը բռնկվել էր ինչ-որ բնական ցանկության կրակով, կարծես, նույն պահին էգ կապիկ էր դեմը բուսնել ու ոտքերը չռել: Աչքերը թարթում էր տանջագին՝ խումար նայելով իր դիմացը: Ձեռքը տարավ իր ազդրերի արանքը և բռնեց ոտնամեջը: Այն օրերին, երբ լոթի ուներ, հենց ուզում էր ինքն իր հետ խաղար, լոթին ճիպոտով պինդ ու շեշտակի հարվածում էր իր մատներին,  բայց քանի որ մարմնեղ էր, երբ առիթ էր ստեղծվում և հաճախորդ էր ճարվում, լոթին բեղմնավորման նպատակով  նրան վարձով էր տալիս էգ կապիկ ունեցող մյուս լոթիներին: Այս հատ ու կենտ օրինավոր կենակցությունները Մախմալի կյանքում միակ հեշտագին հիշողություններն էին, որ ուներ իր էգ ցեղակիցներից, բայց լոթին երբեք թույլ չէր տալիս, որ առանց վարձավճարի զուգավորվեր էգ կապիկների հետ, դրա համար էլ Մախմալը միայն հեռվից էր տեսնում էգ կապիկներին, որոնք ևս  իրենց վզներին կրում էին շղթա: Լոթիները քաշում էին նրանց և չէին թողնում, որ մեկմեկու մոտենան, հենց ուզում էին միմյանց մոտենալ, երկու կողմից քաշվում էին շղթաները, և գլխավերևներում պտտվում էին ճիպոտները:

Մախմալն էլ հենց լոթիի աչքը հեռու էր տեսնում, ձեռնաշարժությամբ էր զբաղվում,  հատկապես, գիշերները: Բայց լոթին մեկ-մեկ հասկանում էր, առավոտյան երբ կանգնում էր գլխին  ու տեսնում, որ ձեռքի մեջ կամ մարմնի վրա ջուր էր չորացել, այդ ժամանակ խփում էր նրան: Պատահում էր, որ լոթին ծաղրածության և ժողովրդին խնդացնելու համար ճլորված մի կատվի ձագ կամ շան լակոտ էր գցում Մախմալի առջև, Մախմալն էլ դրանց առնում էր իր ձեռքերի մեջ, ճմռթում, հոտոտում, տանում իր ոտերի արանքը, անվարժորեն թափ-թափ տալիս իրեն և հետո մի կողմ նետում,  ո՛չ մի հագեցում ու բավարարում չէր ստանում նման գործերից: Հիմա արդեն ինքը մենակ էր և ոչ մի վախ չուներ լոթիից, մարմնից անհետացել էին թուլությունն ու  ընդարմությունը, տաքացել էր, նոր և հաճելի ուժ էր զգում երակներում ու կաշվի տակ: Ձեռքն անընդհատ վերուվար էր անում այնտեղ, որտեղից բռնել էր: Կաշին սլլան էր այնտեղ: Չգիտեր ինչ էր անում, բայց սպասում էր ներքին այլափոխության, սպասում էր բավարարող ծանոթ մի հաճույքի, ֆիզիկական ինչ-որ հաճույք  դրդում էր նրան այդ գործին, դողում էր մարմնով, ցավագին տրորում էր իրեն, դիմացն էր նայում՝ թախծոտ, ձեռուոտ կորցրած, իրար խառնված: Մտքից ցնդել էր ամեն ինչ, մոռացել էր ինքն իրեն, մեջքին դող էր զգում, արդեն քիչ-քիչ նվաղում էր, աչքերը կիսախուփ էին: Արդեն պիտի լիներ, երբ հանկարծ երկնքի խորքից հզոր բազեի հրեշը թափով ու շեշտակի դեպ նրան սուրաց, արյունարբու և քինախնդիր բազեն իր մագիլներով ու բաց կտուցով հարձակվեց Մախմալի վրա:

Իսկույնևեթ գոյապահպանման բնազդը գերիշխեց Մախմալի մյուս բոլոր կարիքներին, սարսափահար վեր ցատկեց և կանգնեց երկու ոտքի վրա, զգացել էր վտանգը, ասես, խելքը թռցրեց: Երախն  ու ճանկերը բացվեցին  ինքնապաշտպանության համար, ձեռքերը գլխի վերև տարավ և ուժեղ ժանիքները դուրս բերեց, բայց շղթան խանգարում էր նրան: Ամբողջ այդ ընթացքում, երբ իրեն ազատ էր համարել, թերևս, մտքից դուրս էր հանել շղթան, կամ էլ իր մարմնի անդամներից մեկը կարծելով և միշտ աչքի առջև  տեսնելով, այնքան էլ կարևորություն չէր տվել դրան:

Բազեն արագ անցավ Մախմալի գլխավերևից և վախի ու սպառնալիքի տարափ թափեց նրա վրա, նույն արագությամբ, որ վայր էր սուրացել, վեր սլացավ: Երկուսն էլ վախեցել էին իրարից: Մի քիչ  մտիկ արավ իր շրջապատին և այդ վայրից  էլ հիասթափվեց, այդտեղ էլ ապրելու տեղ չէր, խարխլվել էր նրա անդորրը, նորից ահաբեկվել էր: Միջավայրում չէր տեսնում աջակցության և օգնության ոչ մի  նշույլ, ամեն ինչ օտարոտի  էր ու սպառնալի, կարծես, ամենուրեք հողի մեջ ասեղ ցանած լինեին, չէր կարելի ոչ մի վայրկյան հապաղել, հողը շիկացած տապակի պես այրում էր նրա ոտքերը՝  ստիպելով փախչել:

Հոգնած, անճար, երկյուղած ու տխուր քայլեց  նորից իր եկած ուղով, վերադարձավ նույն ճանապարհով, որով կատարել էր իր հաղթական  ու ազատատենչ փախուստը: Ինչ-որ ուժ նրան մղում էր դեպի դիակը, դեպի միակ արարածը, որին ճանաչում էր այն օրվանից, երբ աչքը հանդիպել էր ցերեկվա լույսին, զգում էր, որ իր լինելությունն առանց լոթիի լիարժեք չէր: Հոժարությամբ և բաղձանքով գնաց դեպի ամենավաղեմի թշնամին, ով նույնիսկ մահվանից հետո նրան քարշ էր տալիս հետևից: Գնում էր իր հետ տանելով շղթան, մինչդեռ շղթան էր, որ քարշ էր տալիս նրան:

Լոթիի դիակը նույնությամբ իր տեղում էր՝ էլի թիկն տված ծառին: Նրան տեսնելով՝ ուրախացավ Մախմալը, մտերմություն զգաց նրա նկատմամբ, սրտապնդվեց, մենակությունը ցրվեց: Դիակը նորելուկ  խաղալիքի պես խաբում ու հրապուրում էր նրան: Փախուստից էլ էր հիասթափվել, փախուստ էլ չկար, փախուստի թոհուբոհի մեջ էլ ահաբեկվում էր: Լոթիի մահը նրան ազատություն չէր բերել, ոչ էլ փախչել էր, միայն շղթայի ճնշումն ու կշիռն էին մեծացել: Նա պտտվում էր այն շրջանագծում, որի սկզբնակետը չգիտեր, չգիտեր քանի անգամ էր անցել մեկնակետից, մշտապես դոփում էր իր տեղում և նույն կետում:

Հիմա արդեն ամողջապես հոգնած ու անկար էր, հույսը հատած ամեն տեղից, ո՛ւր գնացել՝ հեռացվել էր այդտեղից: Մարմինը  նվվում էր, ձեռքն ու ոտքը տնքում էին: Երեկվա հետիոտն ուղևորությունը և այսօրվա անծխության տագնապը, անընտել կյանքը թևաթափ էին արել նրան:

Տարակուսանքով ու վհատությամբ մոտեցավ, նստեց՝ լոթիին ծունկ ծնկի տված, և մտամոլոր նայեց վրան: Թախիծը  համակել էր նրան ոտից գլուխ: Չգիտեր ինչ անել, բայց եկել էր, որ մնար այդտեղ՝ իր լոթիի մոտ, չէր ուզում նրա կողքից հեռանալ: Եվ լոթին, որ  իր համար  հաղորդակցող լեզվի  դեր ուներ և իրեն կապում էր մյուս աշխարհին, այլևս մեռած  էր:

Հեռվից երկու գյուղացի ածխակիրներ՝ ուսներին երկու մեծ  գերան առած, գալիս էին դեպի Մախմալն ու չորացած շագանակենին ու մեռած լոթին: Տեսնելով նրանց՝ Մախմալը խիստ խուճապեց, բայց լոթին իր կողքին էր, աղաչանքով նայեց իր լոթիի դիակին, կոկորդում մի քանի ընդհատ ձայներ ղլղլացին, մարմինը դողում էր:

Նա ոչ այն է՝ մարդ էր, ոչ այն է՝ կապիկ, այդ երկուսի միջև կերպափոխված մի էակ էր: Մարդկանց հետ շատ նիստուկաց անելով՝ դարձել էր նրանցից մեկը, բայց  ճամփա չուներ դեպի նրանց աշխարհը: Լավ էր ճանաչել մարդկանց, բնազդը նրան ասում էր, թե կացնավորները  գալիս էին իրեն ոչնչացնելու: Կրկին նայեց իր լոթիի՝ մեռած կերպին, որը  պաղ էր ու փսորված, հետո ձեռքը երկարեց, բռնեց ու քաշեց նրա փեշից, օգնություն էր աղերսում նրանից: Որքան մոտենում էին կացնավորները, այդքան մեծանում էին՝ նրա վախը,  անճարակությունն ու թշվառությունը: Ածխակիրները անտաշ, քնձռոտ, սև, քարսիրտ ու անտարբեր էին  և ծիծաղում էին բարձր-բարձր:

Կացնավորները մոտենում էին, և նրանց կացինները  փայլ էին տալիս արևի տակ: Մախմալն այլևս ժամանակ չուներ հապաղելու, այդտեղ էլ նրա տեղը չէր, այդտեղ էլ ասեղ էին ցանել, այդտեղ էլ շիկացած տապակ էր, որի վրա չէր կարելի մնալ,  հապշտապ վեր կացավ՝ փախչելու: Ուզում էր փախչել իր լոթիի՝ մեռած կերպից և նրա կաղապարի մեջ մտած կացնավորներից, բայց ձգումն ու ծանրությունն ու շղթան խլեցին նրա ուժը՝ մահացու սաստով նրան մեխելով տեղում, ասես, գամը գետնի մեջ մտցված լիներ:  Թվաց, թե իր լոթին քարով  ամրացնում էր  գամը գետնին, կարծես, երբեք  էլ այն չէր քանդվել հողի միջից: Ձեռքով ու վզով ինչքան քաշեց շղթան, չպոկվեց. գամի կեռիկը մնացել էր շագանակենու ոսկրացած  ու պնդերես արմատի հետևը և տեղից չէր շարժվում:

Կատաղեց, մոլեգնած կռացավ ու շղթան կծեց և դառը զայրույթով կրծեց: Օղակները չխչխկում էին ատամների տակ՝ փշրելով ատամները:

Զայրույթից  լայնացել ու կլորվել էին բիբերը, մոռացել էր ծնոտների ցավի մասին  և խելագարի պես  կրծում էր շղթան: Արյունն ու ատամի փշրանքները փրփրախառն  դուրս էին թափվել բերանից: Հառաչում էր ու վեր ցատկում, և կոկորդում  ցավագին  բութ ձայներ էին ղլղլում:

Դաշտի բոլոր կողմերից ծխասյուներ էին բարձրանում, բայց կրակ չէր երևում, և ինչ-որ մարդիկ ստվերների պես այդ ծխասյուների շուրջը պրպտում էին: Կացնավորները մոտենում էին, նրանց կացինների շեղբը փայլում էր արևի տակ, և բարձր-բարձր ծիծաղում էին:

Թարգմանությունը պարսկերենից՝ Էմիկ Ալեքսանդրիի

[1] Կանեփից ստացվող հոգեմետ (հոգեներգործուն) պատրաստուկ:

[2] Իրանում ժամանակին կապիկ խաղացնողներիին, կապիկ պար ածողներին լոթի էին կոչում:

[3] Ափիոն ծխելու հատուկ ծխամորճ, ծխասարք:

[4] Մայմուն խաղացնելու հանրահայտ համարը, որի ժամանակ կապիկն իր տիրոջ հրահանգով՝ բարեկամի տեղը ցույց տալու համար ձեռքը դնում էր իր գլխին, իսկ թշնամու դեպքում՝ տնկած հետույքին:

[5] Ապրես, «Աֆարին», «Աֆարիմ»:

[6] Հաջի Ֆիրուզը նիրանական նովրուզյան տոների ավանդական կերպարներից է, ըստ որի մի տղամարդ երեսն ու ձեռքերը սևացնում է, կարմիր զգեստ հագնում կարմիր գլխարկով, փողոցներով ման գալիս և դափ կամ դահիրա ածելով, երգելով ու պարելով՝ ուրախացնում ու ծիծաղեցնում է մարդկանց:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *