Հրանտ Ալեքսանյան | Մինիդրամաններ

Գործող անձինք.
Բլոգեր՝ մոտ 30 տարեկան
Գող՝ մոտ 40 տարեկան

(Բարձր թփուտի մեջ թաքնված բլոգերը տեսախցիկով նկարահանում է հեռվում՝ կամրջի բարձրադիր երկաթե հենաճաղի վրա կանգնած մարդուն. թվում է՝ վերջինս պատրաստվում է ինքնասպանության: Բլոգերն անհամբերությունից ճակատի վրա գոյացող քրտինքն է սրբում եւ մենախոսում).

ԲԼՈԳԵՐ- Դե, ցատկիր, ցատկիր, շան որդի, ի՞նչ ես նազուտուզ անում… Որոշել ես ինքնասպանություն գործել՝ ցատկիր ուրեմն… Արդեն կես ժամից ավելի քո ցատկին եմ սպասում… Բլոգումս ցնցող տեսանյութերի իսկական դեֆիցիտ է, վաղուց նման բան չէր եղել: Մի շաբաթ է՝ ոչ մի ինքնասպանության, սպանության, բռնաբարության կադրեր չունեմ. բախտը երես է թեքել ինձնից… Բլոգս դիտողների թիվը կտրուկ նվազել է: Ես ու՞մ եմ պետք առանց ցնցող տեսանյութերի… Ինձ դրանցով են գնահատում, ես դրանցով եմ վաստակում… Ես իմ տեսակի մեջ լավագույն բլոգերն եմ աշխարհում: (Լռություն) Ի՞՜նչ… փոխանակ ցատկի՝ հիմա էլ հեռադիտակով է նայում… Ու՞մ է նայում… Գո՞ւցե նկատել է ինձ… Չէ, ոնց որ թե հեռու տեղեր է զննում… կամ ինչ-որ մեկին է հետեւում… Չէ՜, սրա մտքին ինքնասպանության ցանկություն չկա, էսքան էլ զուր ժամանակ կորցրի: (Դադար) Իջնում է… թյու, ես քո մերը… Գնում է… գնա-գնա, ուրիշը կգա, սիրտս վկայում է, որ էսօր մեկնումեկը իրեն կամրջից ցած կնետի… ինքնասպանության համար հարմար օր է, սիրտս է վկայում: (Անջատում է տեսախցիկը, վառում ծխախոտն ու նստում): Ես իմ դիրքերը չեմ զիջի… ուրիշ շշմեցուցիչ սյուժեներ կգտնեմ, նոր ու ցնցող բաներ, հիմա դրա ժամանակներն են: Ես իրավունք չունեմ ժամանակից հետ մնալ:
(Հետեւից հայտնվում է Գողը, ով ատրճանակը ուղղելով Բլոգերի վրա՝ չոր հրամայում է).

ԳՈՂ- Վեր կաց, ձեռքերդ դիր ծոծրակիդ եւ դանդաղ շուռ արի իմ կողմը… (Բլոգերը անակնկալի եկած՝ բերանից բաց է թողնում ծխախոտը եւ ճշտորեն կատարում Գողի հրամանը): Էս ինչո՞վ ես զբաղված, ընկեր… (Քմծիծաղով) Ինձ էիր նկարահանում, հա՞… Կարծում էիր՝ ինքնասպանությու՞ն պիտի գործեմ… Ուզում էիր սեփական մա՞հս նկարել… Ինչո՞ւ… Պատասխանիր առանց ստելու, տանել չեմ կարող սուտասան մարդկանց, նրանց վրա հաճույքով կրակում եմ… Դե ասա, ի՞նչ նպատակով ես էստեղ թաք կացել տեսախցիկով…

ԲԼՈԳԵՐ(կմկմալով)- Ուզում էի… ինքնասպանություն տեսանկարել…

ԳՈՂ- Որ ի՞նչ անես… Հա, զուր էլ հարցնում եմ, կմտածես՝ անտեղյակ միամիտի մեկն եմ… Որ նկարածդ յութուբ-մութուբ խցկես, չէ՞… (Բլոգերը գլուխը կախ լռում է): Դե, մի ամաչիր, հաստատիր ասածս, կամ հերքիր… Պարզ խոսիր, դու ամաչկոտներից չես:

ԲԼՈԳԵՐ- Հա… ճիշտ եք:

ԳՈՂ- Քաղաքավարի ես, հետս դուքով ես խոսում. ճիշտ ես անում, ես՝ որպես գող, շատ ավելի հարգանքի եմ արժանի, քան դու… Ես ընդամենը գողանում եմ, էն էլ՝ ավելի խոշոր գողերից, իսկ դու ուրիշների մահերով շուոներ ես սարքում ու փող ձեռք գցում. արյունոտ, կեղտոտ փողեր են… Դու մտածե՞լ ես, որ քո էդ այլանդակ գործով ինքնասպանություն ես քարոզում… մարդկանց մոտ մութ բնազդներ ես արթնացնում… Մտածե՞լ ես էդ մասին…

ԲԼՈԳԵՐ- Չէ…

ԳՈՂ- Դու շատ կարճամիտ մարդ ես, քո մտքին միայն քո հիմար շուոն է… մտքիդ միայն փողն է: Հիմա ի՞նչ անեմ քեզ հետ…

ԲԼՈԳԵՐ- Բաց թող ինձ… խնդրում եմ… Ինձ մի սպանիր… այլեւս էս գործով չեմ զբաղվի: Կարող ես քեզ վերցնել տեսախցիկը…
(Գողը վերցնում է տեսախցիկը):

ԳՈՂ- Ես, միեւնույն է, պիտի բռնագրավեի հանցանքի քո գործիքը… (Մի պահ մտածում է): Հիմա դու կգնաս ու կկանգնես էնտեղ, որտեղ քիչ առաջ ես էի կանգնած…

ԲԼՈԳԵՐ(վախեցած)- Ինչո՞ւ…

ԳՈՂ- Դու կցատկես էնտեղից, իսկ ես կնկարահանեմ:

ԲԼՈԳԵՐ- Չէ-չէ, ի սեր Աստծո, ինձ մի պարտադրիր նման բան անել, ես մեռնել չեմ ուզում… դու ինձ սպանության ես հարկադրում:

ԳՈՂ- Ոչ ոք չի ուզում մեռնել, անգամ ինքնասպանները: Նրանք մինչեւ վերջին վայրկյանը սպասում են, թե ով կկանգնեցնի իրենց…

ԲԼՈԳԵՐ- Որտեղի՞ց գիտեք…

ԳՈՂ- Ես մինչեւ գող դառնալս մի երկու անգամ փորձել եմ ինքնասպան լինել…

ԲԼՈԳԵՐ- Եվ ձեզ օգնությա՞ն են եկել…

ԳՈՂ- Հա, բախտս բերել է:

ԲԼՈԳԵՐ- Հիմա այլեւս նման ցանկություն չի՞ ծագում ձեր մեջ…

ԳՈՂ- Ինքնասպանությա՞ն… (Ծիծաղում է) Չէ, բնավ: Ես ինքս կանխում եմ ուրիշների փորձերը:

ԲԼՈԳԵՐ- Իսկ էն ժամանակ ինչո՞ւ էիք ուզում ցած նետվել…

ԳՈՂ- Շատ թշվառ վիճակում էի… պարտքերի մեջ էի խրված…

ԲԼՈԳԵՐ- Հիմա լա՞վ է ձեր վիճակը…

ԳՈՂ- Ավելի քան լավ… պարզապես նախանձելի:

ԲԼՈԳԵՐ- Իսկ ինչո՞ւ էիք կանգնել կամրջի բարձր հենաճաղին… Իսկապես կարծում էի, թե ուզում եք ինքնասպան լինել…

ԳՈՂ- Մի ժամանակ հենց էդ կետից էի ուզում ցած նետվել… Հիմա դա իմ լավագույն դիտակետն է:

ԲԼՈԳԵՐ- Դուք հեռադիտակով կարծես թե ինչ-որ բան էիք փնտրում…

ԳՈՂ- Հաստատ ոչ քեզ… պատահաբար աչքովս ընկար: Ես Գետափի շքեղ առանձնատներն էի ուսումնասիրում… Մի հոյակապ նոր պլան ունեմ:

ԲԼՈԳԵՐ- Գողությա՞ն…

ԳՈՂ- Խոշոր ու տեղին կողոպուտի… Շարքային գողությունից խիստ տարբեր բան է. իմ գործերը խորը բովանդակություն ունեն… Էդ տները, որ ասում եմ, արժանի են կողոպուտի, ինքդ գիտես:

ԲԼՈԳԵՐ- Հա:

ԳՈՂ- Կուզե՞ս մասնակցել… Այ, թույլ կտամ դա նկարահանել…

ԲԼՈԳԵՐ- Դուք ինձ ուզում եք գո՞ղ դարձնել…

ԳՈՂ- Ավելի լավ է լինել ինձ նման գող, քան քեզ նման… քեզ նման… սինլքոր… (Դադար) Լավ, եթե սրտովդ չէ առաջարկությունս, կարող ես հրաժարվել… Գնա, ցցվիր իմ դիտակետում:

(Ատրճանակը մոտեցնում է նրան):

ԲԼՈԳԵՐ- Եթե ուզում ես ինձ սպանել, ավելի լավ է սպանիր էստեղ, ես կամրջից ցած չեմ կարող նետվել… ես շատ եմ վախենում բարձրությունից… Ես ի վիճակի չեմ ինքնասպանության:

ԳՈՂ- Ցած նետվել պետք չէ. մի քանի րոպե կկանգնես էնտեղ, ես կգամ ու քեզ, իբր համոզելով, կիջեցնեմ… որպես մտափոխ ինքնասպանի… Էդ ամբողջը կնկարահանենք, հետո տեսանյութը կդնենք համացանցում:

ԲԼՈԳԵՐ- Չէ-չէ, նման բան մի արեք, խնայեք ինձ:

ԳՈՂ- Բայց ես պետք է քեզ պատժեմ որեւէ ձեւով… Եթե չպատժեմ, դու շարունակելու ես քո հիմար օյինբազությունները: (Դադար) Գնա կանգնիր կամրջի հենաճաղին…

ԲԼՈԳԵՐ(գոռում է)- Ո՜չ…

ԳՈՂ- Գոռալով չէ:

ԲԼՈԳԵՐ(դժվարությամբ զսպելով իրեն)- Գիտեմ: (Լռություն): Լավ, համաձայն եմ… ձեր մյուս առաջարկությանը…

ԳՈՂ- Այսինքն՝ վերջնական ընտրությու՞ն կատարեցիր…

ԲԼՈԳԵՐ- Հա, մասնակցում եմ ձեր կողոպուտին… եւ նկարահանում եմ:

ԳՈՂ- Լավ:

ԲԼՈԳԵՐ- Էդ կադրերը կդնենք յութուբում, չէ՞…

ԳՈՂ- Տեսնենք…

(Գողն ու Բլոգերը ցածրաձայն ինչ-որ բան են պայմանավորվում, ապա երկուսով հեռանում են):

ՎԵՐՋ
մարտ, 2019

 

 

ՄԵԿԸ, ՈՐ ՅՈԹ ԱՐԺԵ

Գործող անձինք.

Ճարտարագետ

Գործարար

Անցորդներ

(Ճարտարագետն ու Գործարարը պանդոկում գարեջուր են խմում):

 

Գործարար– Ի՞նչ եղավ քո նոր նախագիծը…

Ճարտարագետ Տնօրենների խորհուրդը մերժեց:

Գործարար– Բայց հոյակապ, հեռանկարային գաղափար էր, քեզ նման ճարտարագետի նախագիծը ո՞նց կարելի է մերժել… Ձեր ընկերությունը կարգին շահույթներ կստանար…

Ճարտարագետ– Գործարար ես, ու քո մտքում միայն շահույթն է… Հիշիր, ընկեր, միշտ չէ, որ մարդիկ առաջնորդվում են շահախնդրությամբ:

Գործարար– Հապա ուրիշ ինչո՞վ…

Ճարտարագետ– Մարդիկ ավելի շուտ հարմարվող, վախկոտ ու անբարո են՝ ի վնաս իրենց իսկական օգուտի ու շահի:

Գործարար– Դու էլի խտացնում ես գույները… Ազնիվ, բարոյական ու օրինավոր մարդիկ շատ կան:

Ճարտարագետ– Քիչ են… Երեւի 7-ից հազիվ մեկը…

Գործարար– Համամիտ չեմ, գոնե ասա՝ երկուսից մեկը:

Ճարտարագետ– Ոչ, 7-ից մեկը: Արի գրազ գանք… Հազար դոլար:

Գործարար– Համաձայն եմ, թող գրազ լինի: (Իրար ձեռք են սեղմում): Բայց ո՞նց կապացուցես…

Ճարտարագետ– Գնացինք:

(Դուրս են գալիս պանդոկի ետնաբակ):

Ճարտարագետ (Գրպանից հանում է ատրճանակը) Հիմա մենք էսպիսի մի ստուգիչ թեստ կանենք. դու նստիր գետնին, իսկ ես իբր կամենում եմ քեզ սպանել… Դու քեզ պահում ես իմ գերու պես… կամ՝ պատանդի, ոնց կուզես:

Գործարար– Էդ ի՞նչ ատրճանակ է, հո մարտական չէ՞… լիցքավորված…

Ճարտարագետ– Մի վախեցիր, գազով ատրճանակ է, մոտս միշտ պահում եմ, ինքնապաշտպանության համար:

Գործարար– Պարզ է:

Ճարտարագետ– Ուրեմն, երբ անցորդ հայտնվի, քեզ վրա կգոռամ՝  «Հիմա շանսատակ կանեմ, շան որդի…» Չնեղանաս… եւ ատրճանակի փողը կսեղմեմ գլխիդ: Տեսնենք՝ անցորդները ոնց կարձագանքեն…

Գործարար– Լավ:

(Գործարարը նստում է գետնին: Մի փոքր սպասում են: Հայտնվում է առաջին անցորդը՝ մոտ 40 տարեկան մի տղամարդ):

Ճարտարագետ(Գործարարի քունքին մոտեցնելով ատրճանակը)– Կսատկացնեմ քեզ, շուն-շան որդի… (Աչքի տակով նայում է անցորդին: Վերջինս ճողոպրում է):  Տեսա՞ր… Սա՝ մեկ:

Գործարար– Մի շտապիր… Դեռ մինչեւ 7-ը պիտի հասնես:

Ճարտարագետ– Շուտով կհասնենք:

(Քիչ անց հայտնվում են երկու կին: Ճարտարագետը դեռ չհասցրած իր խոսքն ասել Գործարարին, կանայք ճչալով փախչում են հեռու):

Գործարար– Կանայք է՞լ են հաշիվ էս փորձի մեջ…

Ճարտարագետ(ծիծաղելով)– Անշուշտ, նրանք էլ մարդիկ են, եւ շատ ավելի խոսուն:

(Տեսարանը, նույնօրինակ խոսքերով, կրկնվում է եւս երեք անգամ. նոր անցորդներից մի պատանի ու երիտասարդ, հերթով արագ անհետանում են՝ չտեսնելու տալով միջադեպը: Վեցերորդ անցորդը՝ միջին տարիքի մի տղամարդ, տեսնելով զինված Ճարտարագետին ու Գործարարին, մի պահ կանգնում, երկմտում է՝ մոտենա՞լ նրանց, թե՝ չէ. ի վերջո նա ձեռքը թափ է տալիս ու հեռանում: Յոթերորդ անցորդն է հայտնվում՝ մոտ 70 տարեկան մի տղամարդ):

Ճարտարագետ(Գործարարի քունքին մոտեցնելով ատրճանակը)– Կսատկացնեմ քեզ, շան որդի… կեղտոտ կենդանի… հիմա կկրակեմ գանգիդ… (Աչքի տակով նայում է անցորդին: Վերջինս մի պահ հապաղում է, ապա վճռական մոտենում է Ճարտարագետին ու Գործարարին):

Անցորդ մարդ– Չկրակես, ընկեր, մարդուն մի սպանիր… թող նրան… սպանել պետք չէ, մեծ սխալ գործած կլինես:

Ճարտարագետ– Բայց քո ի՞նչ գործն է, բիձուկ… Կորիր էստեղից: (Ատրճանակը ուղղում է նրա վրա):

Անցորդ մարդ Մարդը հավի ճուտ չէ, որ հեշտությամբ սպանեք՝ դեն նետեք… Մեղք է մարդ սպանելը, Աստծու ստեղծածն է: Մի սպանիր:

Ճարտարագետ– Քարոզ մի կարդա գլխիս, ասացի՝ կորիր աչքիցս: (Գոռում է). Կորիր, թե չէ քեզ էլ կսպանեմ, սրան էլ…

(Անցորդ մարդը ընկրկում եւ ետետ է գնում: Հեռանալով՝ բարձր կանչում է).

Անցորդ մարդ– Ոստիկանությո՜ւն… ոստիկանությո՜ւն…

Գործարար(վեր կենալով) Հա… յոթից մեկը իմ կյանքին տեր կանգնեց:

Ճարտարագետ–  Համոզվեցի՞ր… ընդամենը յոթից մեկը:

Գործարար Դա վատ ցուցանիշ է, չէ՞…

Ճարտարագետ– Ընդհանրապես՝ ոչ: Աշխարհը էդ յոթից մեկերի վրա է կանգնած… դեռ կանգնած է: Հիմա դու մտածիր գրազդ տալու մասին:

Գործարար– Կտամ… վաղը:

Ճարտարագետ– Իսկ նկատեցի՞ր՝ ամենատարեցը միայն հանդգնեց մեզ խանգարել…

Գործարար– Հա, ինչո՞ւ… Որ կյանքն ապրել է արդեն եւ կորցնելու ոչինչ չունի՞, թե՞ իր հումանիստական դեմքն էր ուզում ցույց տալ…

Ճարտարագետ– Ամեն տարիքում կյանքը քաղցր է… Էդ բիձուկը էդպես կվարվեր նաեւ երիտասարդ տարիքում:

(Թեթեւ աշխուժությամբ վերապատմելով կատարվածը՝ հեռանում են: Լսվում է մոտեցող ոստիկանական մեքենայի ազդանշանը):

                                                                     ՎԵՐՋ

                                                                                                                                             մարտ, 2019

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *