Ուղեգրություն

Ճանապարհ Մաչու Պիկչուի հետքերով

«Վիլիս» մակնիշի մեքենան բռնեց կեռ ու ծուռ, քարոտ ճանապարհի պլանավորած ընթացքը։ Թվում էր՝ ոլորապտույտների կիսաշրջանից մեքենայի անիվներից մեկը կմնա տեղում, սակայն նույն ճանապարհը երևի թե հարյուրերորդ անգամ իր «հռչակ» վայելող մեքենայով ընթացող վարորդի ինքնավստահո…

• 6 րոպե

Ճանապարհ Մաչու Պիկչուի հետքերով

«Վիլիս» մակնիշի մեքենան բռնեց կեռ ու ծուռ, քարոտ ճանապարհի պլանավորած ընթացքը։ Թվում էր՝ ոլորապտույտների կիսաշրջանից մեքենայի անիվներից մեկը կմնա տեղում, սակայն նույն ճանապարհը երևի թե հարյուրերորդ անգամ իր «հռչակ» վայելող մեքենայով ընթացող վարորդի ինքնավստահությունը դրանից չէր փոխվում: Մեծ ու փոքր քարերի վրայից ցատկելով կամ փոսերի մեջ մեքենային ու մեզ հուպ տալ, վեր կենալով՝ կարծում էինք՝ քանդվել ու թափվում են մեր մարմնի մասերը ևս։ Կանգնելիս այն փազլի նման հավաքելու ու ամբողջացնելու մասին էինք մտածում։
Աջ ու ձախ ձգվող խոր կիրճերը, կանաչին տվող լանջերը, ժայռերի փեշերից ծիլ տված քարաշեն տների մնացուկները՝ կտավային պատկերների հետաքրքրությամբ մոռացության տվեցին դժվարությունները։ Սա պարզապես երթուղի չէր։ Գնալով այն մեզ բաժանում էր առօրյայից՝ հասցնելով մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ոլորան բացում էր մի նոր ու չկրկնվող տեսարան, մոտեցնում լեռան լանջերին քարացած ժամանակին։
Ճանապարհը կտրուկ էր ու ազդեցիկ, լուռ էր ու պատմական, ճանապարհն իր զիգզագ, դանդաղ ընթացքով մեզ հասցրեց Սյունիքի Հին Խոտ գյուղ։
Խոտը հիշատակվում է վաղ միջնադարից։ Դարեր շարունակ այն եղել է Տաթևի վանքի կարևոր կալվածքներից մեկը։ Գյուղի շրջակայքում պահպանվել են միջնադարյան խաչքարեր, հնագույն դամբարանադաշտեր։ 5–6-րդ դարերի Խոտի վանքը և Մրգաձորի խաչ եկեղեցին համարվել են տեղի կարևոր կրոնական հուշարձանները։
Ըստ էության, Խոտը եղել է Սյունյաց աշխարհի նշանավոր հեթանոսական վայրերից մեկը։ Հայտնի հուշարձաններից է եղել Մեհյան կոչվող տաճարը, որը հետագայում վերածվել է քրիստոնեական սրբավայրի։
Քարե տները, նեղ արահետներն ու քարանձավային բնակատեղիները ստեղծում են կոլորիտային մի այնպիսի պատկեր, ինչը վավերագրում է, որ այստեղ ժամանակը չի ծերացել, այլ քարացել ու կանգ է առել իր նույն տեղում։
1960-ականներին Խորհրդային իշխանության որոշմամբ գյուղը տեղափոխում են ավելի հարմարավետ, ջրառատ վայր՝ իրենց հետ տանելով տեղի բարքերն ու ավանդույթները, գյուղի ժլատ, բայց առատություն խորհրդանշող անունը։
Պատմում են՝ գյուղն իր անունը ստացել է այն օրից, երբ լեռնալանջերը խոտի այնպիսի առատությամբ են ծածկված եղել, որ այդ փարթամ ծածկույթն անտեսանելի է դարձրել անգամ ձիավորներին։ Սա հենց արտացոլում է բնության ու մարդու դարավոր կապը, հիշողությունը, որ գյուղացիները պահել են իրենց բնակավայրի մասին։
Նոր շեն տեղափոխվելով՝ երկար ժամանակ տեղացիներից շատերը, ոմանք՝ մինչ օրս, շարունակում են իջնել հին գյուղ՝ այգիները մշակելու, եկեղեցու պատին մոմ վառելու, հարազատների գերեզմանները խնկարկելու կամ պարզապես նստելու անդուռ ու տանիք այն պատի տակ, որը շարունակում է տալ օջախի ջերմություն։
Տարեց խոտեցիները պատմում են՝ ամենահուզիչ պահը կապված է եղել գյուղը լքելու վերջին օրվա հետ։ Երբ կայացվում է տեղափոխվելու որոշում, սկզբում շատերը ընդդիմանում են, չեն ցանկանում հեռանալ իրենց հող ու ջրից, պապական, թեպետ կենցաղային անհարմարություններ ունեցող, բայց հարազատ օջախից։ Սակայն որոշումը մնում է անփոփոխ։ Իրագործվող ծրագրի համաձայն՝ նոր գյուղը դառնալու էր ավելի հարմարավետ ու բարեկեցիկ․ արդեն կառուցվում էր բուժկետ, դպրոց, քարաշեն տներ, ճանապարհներ․․․
Հեռանալու օրը շատերն ուղղակի կողպում են տան դուռը, համբուրում շեմքի քարը, մոմ են վառում գյուղի եկեղեցում, իրենց հետ տանում մի բուռ հող՝ որպես հարազատ օրրանի շարունակություն։ «Մենք մեր տունը չենք քանդում, ոչ էլ վաճառում, տունը թողնում ենք ու գնում»․ այս արտահայտությունը մինչև այսօր փոխանցվում է որպես հայրենի օջախին հավատարիմ ու կապված մնալու խորհրդանիշ։
Փաստորեն Հին Խոտը դատարկվում է, բայց չի ամայանում։ Անշեն են մնում միայն տները։ Մարդիկ իրենց հետ վերցնում են ունեցած-չունեցածը, սակայն պատերի խոռոչներում ամուր պահում են ծվարած հիշողությունները։
Նեղլիկ անցուղիներով քայլելիս երևի հենց այս կենսական զգացողությունն է ստիպում զգալ ու տեսնել տան՝ արևից գոլացած պատին թիկն տված նանին, որը ստիպում է նստես իր կողքին, շունչ առնես, հյուրասիրած սառը թանը գլուխդ քաշես, միտքդ անջատես առօրյայից՝ լսելով գյուղի անցյալի մասին նրա պատմած հին պատմությունները։ Կամ էլ հանկարծ աչքովդ կընկնի իրար գլուխ հավաքված թութ թափ տվող հարևաներին ու առանց երկար-բարակ մտածելու՝ դու էլ, ամանը թևիդ տակ դնելով, կմիանաս խմբին։ Ծառի տակ կանգնած կվայելես երկնքից կարկուտի նման թափվող, հասունությունից բարակած պտղամաշկով հատիկները, որոնք հողին դիպչելով՝ պայթում են միանգամից՝ քաղցրության կաթիլները դրոշմելով դեմքիդ։ Առանց ամաչելու սկսում ես լեզուդ դուրս հանել, լիզել շուրթերդ․ սա է Հին Խոտի քաղցրության համը։
Գյուղի մասին պահպանված ազգագրական նյութերից պարզ է դառնում, որ հին խոտեցիների կյանքը վերագրվում է Սյունիքի լեռնային գյուղերին բնորոշ սովորույթներով ու կենսակերպով։
Այստեղ տները կառուցել են տեղական քարից։ Բնական ռելիեֆից ելնելով՝ գյուղն ունեցել է աստիճանաձև կառուցվածք՝ հենված բնական ժայռերի վրա։ Մեկի տանիքը ծառայել է որպես հարևանի բակ կամ անցուղի։ Երևի հենց դա ևս նպաստել է մարդկանց մտերմության խորացմանը։ Հարևաններն ապրել են գրեթե մեկ ընտանիքի նման․ «Դրկիցի տանիքը՝ իմ բակն է»,- ասել են։
«Քարը չի ներում անփույթ ձեռքը»․ սա կարևոր խորհուրդ է եղել տեղացի շինարարների համար։ Տուն կառուցելիս երկար են ընտրել ամեն մի քարը, որպեսզի օրինաչափ լինի, զոդվի ու դառնա ժայռի բնական շարունակությունը։ Դա է պատճառը, որ բնությանը միաձուլված ճարտարապետության շնորհիվ թվում է՝ տները ոչ թե կառուցած են, այլ ուղղակի աճել են լեռան մարմնից։
Միջազգային լրագրողները, տեսնելով Որոտանի կիրճից սկիզբ առնող, ժայռերին մխրճված բնակավայրը, զարմանքով բացականչել են՝ սա Հայկական Մաչու Պիկչուն է։
Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվել են այգեգործությամբ ու անասնապահությամբ. Խոտագետի այգիները տարածաշրջանում հայտնի են եղել իրենց պտղատու ծառերով։
Խոտեցիները եղել ու մնում են շատ հյուրասեր։ Եթե ճանապարհորդ կամ ուխտավոր է հայտնվել գյուղում, նրան առանց սեղան նստեցնելու չեն ճանապարհել։ Հյուրասիրել են լավաշ ու պանրով, անմահական համ ունեցող թթվով, սեզոնային միրգ ու բանջարեղենով, իսկ տոնական օրերին գինի կամ թթի օղի են հյուրասիրել։
Տան կառուցման, խոտհունձի, հատկապես խաղողի կամ թթի բերքահավաքի ժամանակ մեկը մյուսին թիկունք է եղել։ Գործածել են «մեջքով կանգնել» դարձվածքը, ինչը նշանակել է հարևանին օգնել առանց վարձատրության։
Գյուղի եկեղեցիներն ու խաչքարերը եղել են ուխտատեղի, իսկ եկեղեցական տոները միավորել են ողջ համայնքին։
Մրգաձորի Խաչը, Խոտի վանքը, շրջակա սրբավայրերը տեղացիների համար միայն աղոթատեղիներ չեն եղել, սրանք նաև գյուղի հավաքի վայրերն էին։ Երգ են ասել, պար բռնել, մատաղ արել, իրար հետ հաց կիսել՝ օրը վերածելով համագյուղական տոնի։
Կարմիր եկեղեցու զանգի մասին ավանդույթն ամենահայտնիներից է։ Ասում են՝ Հին Խոտի Կարմիր եկեղեցու պղնձե զանգն այնքան հզոր ձայն է ունեցել, որ դրա ղողանջը լսվել է անգամ հեռավոր ձորերում։ Ըստ ժողովրդական ավանդույթի՝ «Զանգեզուր» անվանումը կապվում է հենց այդ հզոր զանգի հնչյունների հետ։ Իսկ երբ թշնամին փորձել է հարձակվել երկրի վրա, որպես ահազանգ՝ հնչեցրել են եկեղեցու մեծ զանգը: Նրա ձայնը լսելով՝ մարդիկ զինվել ու պատրաստվել են ոսոխին դիմագրավելու:
Պատմում են՝ թշնամու հարձակումից հետո քունը գլխին մի հոգևորական հնչեցրել է եկեղեցու զանգը, գյուղացիներն ասել են՝ զանգը զուր է։
Մեկ այլ ավանդույթի համաձայն՝ Մրգաձորի խաչ եկեղեցին կառուցել է Շահ Աբասի հարեմից փախած մի կին։ Ապաստան գտնելով այս անմատչելի լեռներում՝ նա, ի նշան փրկության ու երախտագիտության, կառուցում է այդ սրբավայրը։
Խոտեցիները մեծ հարգանքով են վերաբերել ծեր ծառերին ու աղբյուրներին։ Համարել են, որ աղբյուրը պետք է միշտ մաքուր պահել, որովհետև այն գյուղի «կյանքի շունչն» է։
Տարեց խոտեցիները պատմում են, որ գյուղ տանող արահետների մասին գիտեին միայն տեղացիները։ Օտար մարդը հեշտությամբ կարող էր մոլորվել ժայռերի ու այգիների միջև, իսկ գյուղացիները կարճ ճանապարհներով ակնթարթորեն հայտնվել են հարևանի բակում։ Այդ պատճառով Հին Խոտը համարել են բնական ամրոց։
Այսօր, ճիշտ է, Հին Խոտը լքված է, տեղ-տեղ նաև ամայի, սակայն հպարտությամբ պետք է նշել, որ գնալով այն դառնում է Սյունիքի ամենագրավիչ զբոսաշրջային վայրերից մեկը։
Գյուղը ափերի մեջ առած Բարգուշատի լեռնաշղթայի ազդեցիկ վսեմությունը, Որոտանի կիրճի հարուստ գույները, քարե կիսափուլ կամարակապ տները, հին փողոցները, պտղից պորտը չկտրած ծառ ու թփերը այցելուների համար ստեղծում են բացառիկ ու հիշվող պատկերներ։
Թող որ մեր Մաչու Պիկչուն նույնպես ունենա այնպիսի ճանաչում, ինչպես ինկերի կորուսյալ քաղաքն է, ու թող ամենահիշվող ճանապարհորդությունները մեզ վերադարձնեն լեռների գիրկը, որտեղ ամեն ինչ կենսածին է ու անաղարտ, որտեղ յուրաքանչյուր փլված պատի հետևում ծվարել է մի ընտանիքի պատմություն, յուրաքանչյուր արահետի վրա դաջված է վերադարձի սպասման ոտնահետք։

Թողնել մեկնաբանություն