Լուսինե Խառատյան | Ուկրաինական սահմանագրություն 6

«Գրել աշխարհը» թե՞ «գրել աշխարհ» երկընտրանքում ես ընտրեցի երկրորդը՝ գրելով աշխարհը

Դրոշները թողեցինք ծածանվելու։ Համալսարանի դիմաց փոքրիկ հուշարձան է՝ քարի կտոր Ուկրաինայի ազատության և անկախության համար պայքարողների հիշատակին։ Մեզ սպասող ուսանողների հագին շապիկներ են։

I am

Ukraine

I love

Freedom

 

«Ես Ուկրաինան եմ, ես սիրում եմ ազատություն»։ Գրված է շապիկներին։ Անդրիի շապիկն էլ է այս մասին։ Ուսանողները Ուկրաինական առաջնորդության ակադեմիայից են։  Ակադեմիայի կայքն ասում է, որ ինքդ քեզ ստեղծելով ստեղծում ես Ուկրաինան։ Ակադեմիան Արժանապատվության հեղափոխության ծնունդ է` ստեղծված Իսրայելի Մեխինոտի օրինակով։ Մեխինոտի կայքը հայտնում է, որ «Նախազինվորական առաջնորդության ակադեմիաների (Մեխինոտ) առաքելությունը ոչ միայն երիտասարդ իսրայելցիներին օգնելն է իմաստալից զինվորական ծառայության պատրաստվելու գործում, այլև բանակից հետո քաղաքացիական հասարակության առաջնորդներ պատրաստելը»։ Առաջնորդության ուկրաինական ակադեմիան էլ ուկրաինակենտրոն առաջնորդների է պատրաստում։ Մայդանից հետո ակադեմիայի համահիմնադիր Ռոման Տիչկիվսկին հասկացել է, որ նոր տեսակի առաջնորդների կարիք կա, քանի որ կարևոր պահերին ուկրաիանացիները զգացմունքային առումով միավորվում են, իսկ այնուհետև կրկին ցրվում։ Ամերիկյան ՖԼԵՔՍ փոխանակման ծրագրի շրջանավարտ և նախկին սկաուտ Ռոմանը հասկացել է, որ երկարատև հեռանկարում համագործակցել սովերելու կարիք կա։ Հատկապես երիտասարդների շրջանում։ Ու այդպես ծնվել է ակադեմիան, որը 16-20 տարեկան պատանիների ու երիտասարդների համար դպրոցի ու համալսարանի արանքներում քայլելու ու շնչելու տեղ է։ Մեկ տարի տևողությամբ ինքնաստեղծման հնարավորություն։ Հիմա քայլել հասել են Ուժհորոդ ու նախորդ օրը մեզ հետ քայլել Շումանի սահմանազուրկ Եվրոպայով։ Էսօր էլ համալսարանում են։ Պիտի մասնակցեն մեր համատեղ ինքնաստեղծման փորձառությանը։ Կենտրոնական Եվրոպայի շուրջ։

Բարձրանում ենք երկրորդ հարկ։ Սեղանի երկայնքով ուղղանկյուն, երկար վագոն հիշեցնող դահլիճի՝ դեպի երկինք ու Ուկրաինայի ազատության մարտիկների փոքրիկ քար-հուշարձան բացվող բարձր լուսամուտներին նայող պատից նայում են անցած-գնացած ռեկտորները։ Սեղանի մի ծայրից մյուսն այնքան հեռու է, որ շրջանի գաղափարը մնում է դռնից դուրս։  Կենտրոնի գաղափարն էլ։ Երևի։ Անցյալի սրընթաց հայացքների ներքո շարվում ենք սեղանի շուրջ, որ մեզնով լցնենք պատմությունը։

 

Կենտրոնական Եվրոպան չկա, բայց այն պետք է ստեղծվի։ Եվ առանց Ուկրաինայի այն չի աշխատի։ Ասում է ուկրաինացի պատմաբանը։ Հետո մի քիչ փոքրամասնություններից ենք խոսում, և ինչ-որ մեկը ցիտում է ուրիշ մեկին, թե հավատարիմ փոքրամասնություններն արտադրվում են հանդուրժողական քաղաքականությունների միջոցով, ու որ հավատարիմ փոքրամասնություններն աջակցում են խաղաղությանը։ Փոքրամասնություններից սահուն անցնում ենք գաղութատիրությանը։ Եվ պատից մեզ գամված անցյալի հայացքների տակ լեհ մտածողն ասում է, որ գաղութարարներն ուզում են մեզ համոզել, թե միայն մեծը նշանակություն ունի, որ փոքրը նշանակություն չունի, որ փոփոխության վրա կարող ես ազդել միայն երբ մեծ ես, որ մենք կորցրել ենք հավատը փոքրի հանդեպ և որ այն՝ հավատը փոքրի հանդեպ, փոքրին հավատալը, շատ բնորոշ էր Կենտրոնական Եվրոպային, շատ կենտրոն(ա)եվրոպական էր։ Արանքներում ապագա առաջնորդների շապիկներն են ու լեհ մտածողի անցումային դրույթը, թե «Ուկրաինան փախուստ է դեպի ազատություն»։ Փախուստ դեպի Կենտրոնական Եվրոպա։ Գրում ես դու նոթատետրում։ Փախուստ դեպի անցյալ, որը չի եղել։ Գրվում է մտքումդ։ Որը կա միայն մտքումդ կառուցված անցյալում։ Հետո ինչ-որ մեկն ասում է, որ Կենտրոնական Եվրոպայի երկրներն այն երկրներն են, որոնք ծով չունեն։ Ծովակարոտ է հայ գրականությունը, ուրեմն մենք էլ ենք պատկանում Կենտրոնական Եվրոպային։ Փորձում ես նույնականանալ ու վերասահմանվել։ Այն Կենտրոնական Եվրոպայի ու այն անցյալի հետ, որը չի եղել, բայց որը կարող ես ստեղծել։ Ու խոսքդ սկսում նրանից, որ չոր աշխարհագրությամբ Հայաստանի Հանրապետության ոչ մի կտոր Եվրոպայում չի, մինչդեռ Ղազախստանի մի մասն այնտեղ է։ Հա, Կենտրոնական Եվրոպայի գաղափարը թափառող գաղափար է, ասում է ուկրաինացի քաղաքագետը, այն տեղաշարժվում է։ Այն տեղափոխվել է Ուկրաինա և շատ կարևոր է մեզ համար։ Կենտրոնական Եվրոպայի մետաֆորը չեշիրյան կատվի պես է։ Ասում է սլովակ բանաստեղծը։ Ես համերաշխություն չեմ տեսնում, թերահավատ եմ, Կենտրոնական Եվրոպան մասնատվում է։ Պատի դիմանկարներից մեզ նայող պատմությունը ժպտում է, երբ ուկրաինացի պատմաբանը ներկաներին լուսավորում է առ այն, որ Եվրոպայի գաղափարը հայտնվել է վաղ միջնադարում, եվրո-քրիստոնեական հիմքով, քրիստոնեությունն ընդդեմ իսլամի, հյուսիս-հարավ և ոչ արևելք-արևմուտք բաժանմամբ, ու որ արևելք-արևմուտքը շատ ավելի ուշ է հայտնվել, լուսավորության  հետ, 18-րդ դարում։ Լուսավորիչները ներմուծեցին արևելք-արևմուտքը, քանի որ հյուսիս-հարավը քաղաքակիրթն ու բարբարոսն էին, իսկ արևելք-արևմուտքի դեպքում արևմուտքն առաջադեմ էր, որին պիտի հասներ արևելքը։ Սակայն քաղաքակրթությունը ծնվել է Արևելքում։ Հիշում ես Հին Արևելքի պատմության դասախոսիդ առաջին նախադասությունը ԵՊՀ լսարանում։ Արևելյան Եվրոպայի գաղափարը սկզբում կիրառվել է Գալիցիայի նկատմամբ, որն Ավստրիական կայսրության արևելյան մասում էր։ Դիմանկարի խոժոռադեմ տղամարդը հաստատում է ուկրաինացի պատմաբանի այս միտքը։ Դու էլ՝ հիշելով նախորդ կյանքիդ գերմանացի գործընկերոջը, որն ասում էր, թե գերմաներեն «Օստեռայխ»՝ Ավստրիա, նշանակում է «արևելյան կայսրություն», քանի որ Բեռլինում վստահ էին, որ Արևելքն սկսվում է Ավստրիայից։ Ուկրաինացի արվեստագետն ասում է, որ Կենտրոնական Եվրոպայի գաղափարն ուկրաիանական համատեքստում ոչ այնքան կամուրջների, որքան պատերի մասին է։ Ես չեմ հավատում, որ այս գաղափարն աշխատում է մեր համատեքստում։ Գուցե կիրառելի է Բուկովինայի և Տրանսկարպատիայի, բայց ոչ Խարկովի ու Դոնբասի հանդեպ։ Այս գաղափարը կառուցվել է շատ քաղաքական նպատակներով։ Ասում է նա։ Գնացքի մետաֆոր է, որը շարժվում է արևելքից արևմուտք և կանգնում մեջտեղում։ Իսկ Արևելյան ճեպընթացն արևմուտքից արևելք էր սլանում․ գլխումդ Ստամբուլի Հայդարփաշա գնացքի կայարանն է ու թուրք քաղհասարակության կազմակերպած ապրիլքսանչորսյան հիշատակի ակցիան։ Այս խոսակցության կարիքն այլևս չունենք։ Շարունակում է ուկրաինացի արվեստագետը։ Ես մեկ այլ աշխատանքային գաղափար կընտրեի․ սահմանի գաղափարը։ Ծայրամասի։ Բոլոր իզմերը եկել են արևմուտքից և բնավորվել արևելքում։ Փոփոխությունները տեղի են ունեցել ծայրամասերում։ Սահմանային տարածքները, սահմանամերձերը, ծայրամասերը բաց ու անպաշտպան են ամենահիմնարար, էկզիստենցիալ կերպով։ Ինչ-որ մի բան պիտի ծնվի Ուկրաինայում։ Կենտրոնական Եվրոպայի գաղափարը չի օգնում։ Մենք ապոկալիպսիսի կարիք ունենք։ Հունգարացի քաղաքագետն ասում է, որ Լեհաստանն ու Լիտվան վերանայել, վերստեղծել են լեզուն։ Լեզվական ռեֆորմ արել, որով այսուհետ արգելվում է ասել «նա Ուկրաինե» ու պարտադրվում «վ Ուկրաինե» ձևը։ Այսպիսով նրանք ընդունում են Ուկրաինայի՝ որպես անկախ միավորի գոյությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ճանաչում փոքրի գոյությունը հենց այդ փոքրի՝ Ուկրաինայի դիրքից։ Ու դու տեսնում ես, թե ինչպես են 312,696 կմ քառակուսի և  65,300 կմ քառակուսի սահմանագրված մեծ Լեհաստանն ու Լիտվան ընդունում 603,628 կմ քառակուսի տարածքով փոքր Ուկրաինային ոչ թե որպես «օկրաինա», այլ որպես անկախ միավոր։ Ոչ թե ծայրամաս, այլ ուկրաինացիների երկիր։ Կռայ։ Ահա այսպիսի «վ»-ի ու «նա»-ի տարբերություն։ «Մեջ»-ի ու «վրա»-ի տարբերությունը։ Հայերենում չկա վրա, կա միայն մեջ, արևելահայերենում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, արևմտահայերենում՝ Սիրիոյ մեջ, Թուրքիո մեջ, Ռուսիո մեջ, բայց ոչ երբեք՝ վրա։ Չէ՛, սխալվում ես: Որոշ աշխարհագրական անունների պարագայում կարող է և վրա լինել՝ Արարատի վրա, Արագածի վրա: Հարձակվելիս էլ ենք վրան հարձակվում, վրա տալիս։ Դե հա, երբ մեջն ես, ամեն բան խորն ու էկզիստենցիալ է, իսկ վրան՝ մակերեսային, սահելով ու պարելով անցնելու։ Երբ մեջն ես՝ կարող ես խրվել ու խրվել, խորանալ, ձեռքերդ ու ոտքերդ կապվում են բազում տեսանելու ու անտեսանելի թելերով, այնքան, որ անգամ թեթև շարժումն անհնար է դառնում, ու դու միայն խորանում ես դեպի ներս, չես անցնում ծայրից ծայր։ Ու դու ֆիքսում ես, որ 2022-ից հետո ռուսների հետ ռուսերեն խոսելիս հետևողականորեն փորձում ես «Նա Ուկրաինե»-ի փոխարեն ասել «Վ Ուկրաինե»։

Դիմացի բարձր լուսամուտում շրջանակված է ինքնաթիռը։ Ձայնը պատկերից շուտ էր հասել, բայց նկատել չէիր հասցրել՝ լռվել էիր անծանոթ անցյալում։ Ուկրաինայի օդը փակ է՝ ներկան տեղ է հասնում ձայնից ու պատկերից հետո։ Շչակներն էլ են միանում։ Երևի այստեղ տեղին է ասելը, որ մեր՝ Ուժհորոդ ժամանելու հենց առաջին օրը ուկրաիանցի կազմակերպիչները զգուշացրել էին, որ հնարավոր է օդային տագնապ լինի և որ այդ պարագայում պետք է հետևել իրենց հրահանգներին։ Մի քանի հեռախոսային զանգից հետո ասում են, որ անհանգստանալու կարիք չկա, ուկրաինական օդուժն է, ինչ-որ ահազանգ է ստացվել և հիմա պարզապես տարածքն է հսկում։

Խարկովցի բանաստեղծուհին վրաց քույր-եղբայրների կողքին է։ Թիկունքով դեպի լուսամուտում շրջանակված կապույտ երկինքը։ Ես պետք է իմանամ, որ դուք հետ քաշվողը չեք։ Ասում է նա։ Ես հիմա թիկունքս Շոթայի կողմն եմ արել, բայց գիտեմ, որ թիկունքս ապահով է, որ նա հետ քաշվողը չի։ Մեր հարևան ձյաձ Վանոյի պես, որին հորս չափ վստահում եմ: Մեր գյուղի հարևան ձյաձ Վանոն ասում էր՝ սլուշայ, դառագոյ, յա տուտ, յա ս տաբոյ: Ասում է՝ դեմքով դեպի ինձ, ռումինացի քաղաքագետը ու գլխավերևիցս մեզ դիտող հայրերը նստած բանաստեղծուհին։ Ու չնայած ես թիկունքով դեպի պատն եմ, իսկ պատին՝ համալսարանի ամուր ու կուռ պատմությունն է, նրա խոսքերից պիջակս հագնելու կարիք եմ զգում։ Անգամ վերմակի։ Ամրությունից պաշտպանվելու համար։ Այն ամրությունից, որը ցանկացած պահի կարող է փուլ գալ։ Նաև հիշում եմ, որ դիմացի աթոռին պարզած ոտքս երեկ ոլորել եմ, ու անհրաժեշտության դեպքում չեմ կարող արագ հասնել դռանը։ Ո՛չ հետ, ո՛չ առաջ գնալու տեղ առանձնապես չունեմ։ Մեջն եմ։ Սև ծովը փխրուն գաղափար է։ Շարունակում է բանաստեղծուհին՝ Կենտրոնական Եվրոպայից տեղափոխվելով ապագայում քննարկվելիք աշխարհագրություն։ Այդ ջրերում ձեզ հետո լողալու որոշում կայացնելու համար պետք է վստահ լինեմ, որ դուք հետ քաշվողը չեք։ Ես պատմության ճիշտ կողմում եմ։ Ուզում եմ վստահ լինել, որ դուք էլ։ Ձայնը փխրուն է։ Սև ծովի պես։ Ինքն էլ է փխրուն։ Իսկ ես կարող էի երեխա ունենալ, կարող էի մայր լինել, կարող էի փայլեցնել ճենապակին, կարող էի տատիկիս հետ շարունակել ռուսերեն խոսել։ Չի ասում նա։

Հետո սուրճի ընդմիջումն է, որի համար գնում ենք համալսարանի կողքի սրճարանը՝ ամերիկանո, լատե, կապուչինո ու փախլավա։ Շատ անհամ փախլավա ու ոչ վատ սուրճ։ Ավստրիական կայսությունը իր ողջ հմայքով։ Ընդմիջմանը հաջորդում եմ ես՝ նկատելով, որ այս խոսակցությունը սկսվել է Ֆրանսիական հեղափոխությունից, բայց դեռ մինչև վերջ չի խոսացվել։ Որ լուսավորականությունը շարունակական է։ Որ փոքրի դիրքից փոքրի իրավունքի մասին խոսելն ընդունելի է հեղափոխվածների համար, հավասարության պարագայում։ Իսկ մյուս բոլոր տեղերում ու դեպքերում փոքրը մնում է աննկատ։ Սահմանափակ։ Ծայրամասային։ Որ լեզուն ու կաղապարները, որով խոսում ենք այդ մասին 19-րդ դարից են։ Ազգ-պետությունների գաղափարն ու ազգ-պետություններ ծնող դարից։ Ու որ այդ լեզուն լռվել է սահմանային տեղերում, իսկ սահմանազատողները շարունակում են գծել աշխարհը ինչպես կամենան, եթե իհարկե դիմադրության չեն հանդիպում: Փորձում եմ սեթևեթել լեզվի հետ, բայց այն չի հերիքում: Անգլերենս միշտ չի հերիքում: Մեծերի լեզուն և այդ լեզվով հասկացված լինելու անհրաժեշտությունը փոքրերի մշտական սահմանագրությունն է: Մի նամակագրական խումբ ունեինք՝ ուկրաինացիներ, բելառուսներ, մոլդովացիներ, ռուսներ, գերմանացիներ, վրացիներ, հայեր: Քանի որ խմբում շատերը անգլերեն չգիտեին, ռուսերեն էինք գրվում: Գերմանացիներն էլ, բրիտանացիներն էլ: 2022-ի մարտին գերմանացիներից մեկը ռուսերեն զորակցության նամակ գրեց ուկրաինացիներին: Բոլորը արձագանքեցին, ռուսներն էլ՝ զորակցություն հայտնելով: Ուկրաինացիներից մեկը նամակին ուկրաիներեն պատասխանեց: Հաջորդիվ միայն ուկրաիներեն էր պատասխանում՝ չնայած բոլորիցս լավ գիտեր ռուսերեն: Երբ հոգնեցի գուգլի օգնությամբ գրածը թարգմանելուց, պատասխանեցի հայերեն: Վրացին էլ մտավ թեմայի մեջ: Գուցե մեր չքնաղագույն տառերն իրենց մոտ վանդակների էին վերածվում: Չգիտեմ: Ու դա չի կարևորը: Կարևորն այն է, որ աշխարհը նորից հասել է Բաբելոնի աշտարակաշինությանը: Իսկ գիտակցու՞մ է արդյոք: Աշխարհը: Անվերջ կրկնվող հավերժ վերադարձը ու մեծի լեզվով մեծին հավասար հասկացված լինելու անկարողությունը մեծացնում է չթարգմանելու հանդգնությունը: Բայց էստեղ, էս երկար սենյակում, սեղանակիցներիս ուղղված լեզվական սեթևեթանքս ինձ ավելի արձակ տեղ չի հանում, ու ես կուչ եմ գալիս, փոքրանում՝ թարգման(վ)ելու անկարողությունիցս: Սահմաններս եմ ուզում: Ռումինացի քաղաքագետի և նյույորքցի պատմաբանի արանքում:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *