Օրփեոսը հետ նայեց։ Ո՞վ ենք մենք, որ չնայենք։
Ծովերի, պատերազմների, աստվածների տների ու սեփական կերպարից աստիճանական օտարման միջով անցնելով` Ուլիսեսն առնվազն պահպանում էր վերադարձի աշխարհագրական հնարավորությունը. Օրփեոսի ոդիսականը ժամանակի մյուս կողմից ներկա վերադարձնելու մասին էր, որի թվացող անհնարինության գինը պայմանն էր՝ չշրջվել, չստուգել, չնայել կորցրածին։ Երբ կորուստը պահանջում է ապացույց, այն արդեն վերադարձ չէ։
Օրփեոսը շրջվում է։
Եվ մարմնի այդ մեկ շարժման մեջ տեղավորվում է նոստալգիան. կորուստին չվստահելու, այն վերջնական չճանաչելու, բացակայությունը հայացքով ևս մեկ անգամ նյութականացնելու փորձի մեջ։ Բայցևայնպես որոշ կորուստներ գոյություն ունեն այնքան ժամանակ, քանի դեռ հետ ենք նայում։
Մեկին աշխարհն ասում է՝ վերադարձիր տուն, մյուսին՝ հետ մի նայիր։ Եւ այս երկու կենսաձևն էլ միաժամանակ նոստալգիայի մասին են։ Մնում ես երկու հրամանների արանքում՝ դատապարտված վերադառնալու մի տեղ, որի գոյության ամենավստահելի ապացույցը հենց այնտեղ վերադառնալու անհնարինությունն է։
Բորխեսն ասում էր, որ ժամանակակից նոստալգիկի համար «ոդիսականի նպատակը հանդիպումն է սեփական ես-ի հետ»։ Բայց տուն հասնելուց հետո Տրոյայի ամենամեծ խարդախը կարոտում է ոչ այնքան ճանապարհից առաջ եղած իրեն, որքան իրեն՝ ճանապարհի վրա։ Իր գեղեցիկ թագուհու ննջարանում նա սկսում է կարոտել իր թափառական ես-ը․ «Որտե՞ղ է այն մարդը, ով աքսորի օրերին ու գիշերներին շան պես թափառում էր աշխարհով մեկ և ասում, թե իր անունը Ոչ Ոք է»։
Ես կարող եմ միաժամանակ և՛ տունը կարոտել, և՛ տնից հոգնել. հիշողության ու ինքնության միջև անհանգիստ պայմանագիր կա։
Հանճարեղ հույնը երկու ամբողջ գիրք է գրել բացատրելու նոստալգիան այն ժամանակ, երբ բառը դեռ չկար։ Իր նոստոսով՝ վերադարձ տուն, և ալգիա՝ ցավերով։ Անալգին, նույնպես և դժբախտաբար, չկար։ Պարզ երկրաչափություն, որտեղ մարդն ու տունը տարբեր կետերում են, և կարոտի մասին հեռավորության մեջ ոչ մի նշան չկա։ Երևի քանի որ հեռավորությունը նախևառաջ տարածության պրոբլեմն է, իսկ տարածությունը, ի տարբերություն ժամանակի, հանդուրժում է հակառակ ուղղությունը։
Ժամանակը՝ բոլորովին։
Բացակայությունը, որի ընթացքում տունը շարունակում է գոյություն ունենալ՝ առանց մասնակցության, կարող է կատարելապես հաջողել վերադարձը քարտեզի վրա և ամբողջովին ձախողել՝ փորձառության մակարդակում։
Դրա համար էլ տարածությունը ձեռքերը լվանում է նոստալգիայից, ու ի՞նչ իմանային շվեյցարացի գեղեցկադեմ վարձկանները, որ իրենց ֆիզիկական հեռավորությունը լոմբարդիայի հարթավայրերից հայրենի ալպեր բարձրանալով չէր ամոքվելու։ Թող մտածեն, ամեն դեպքում՝ կրծքավանդակի սեղմոցը ճնշման տատանումից է։ Կարոտի ախտ։
Քսաներորդ դարը սկսվեց ֆուտուրիստական ուտոպիայով և ավարտվեց նոստալգիայով, իսկ ապագայի նկատմամբ լավատեսական հավատը վաթսունականների ինչ-որ պահի դուրս նետվեց՝ ժանգոտ տիեզերանավի նման։ Ապագայի գրավչությունը թուլացավ, ու անցյալը սկսեց ստանձնել մինչ այդ նրան պատկանող գործառույթները՝ իմաստ, շարունակականություն, պատկանելություն, նույնիսկ փրկության որոշակի խոստում։
Կարճ ասած՝ արդիականության ժամանակային կառուցվածքի նկատմամբ դիմադրության ձև։ Զուտ անհատական խանգարումը շատ պարզունակ բնորոշում է, ի՞նչ անենք, որ պատմության անդարձելիությունը անարդար է։
Հետագայում Բոյմը նման մղումը կկոչի ռեստորատիվ նոստալգիա, որը շեշտը դնում է nostos-ի վրա՝ պատմական ճեղքը ներկայացնելով որպես տեխնիկական անսարքություն, և փորձելով պատմական ժամանակը հաղթահարող ձևով վերակառուցել կորցրած տունը։
Ռեֆլեկտիվ նոստալգիան հակառակն է՝ ոչ այնքան տունը, որքան հենց կարոտի տարածությունը պահելու փորձ։ Առաջինը ժամանակը տարածականացնում է, երկրորդը՝ տարածությունը ժամանակայնացնում։ Տաֆտալոգիան ներեք ինձ։
Անցյալը, եթե չի պահպանվել, ինչի՞ հետ գործ ունենք վերադարձի եզրին։ Հիշողության, երևի։ Էդ էլ իր հերթին երբեմնի իրականության մոնտաժն է։ Պրուստի մադլենը հարուցիչ է, և հիշվող աշխարհը վերադառնում է տարածության, մարմնի, լեզվի ու ժամանակի միաժամանակյա զգայական խտության ձևով։ հիշողությունը անկանխատեսելի արկած է սինկրետիկ ընկալման մեջ, որտեղ բառերն ու շոշափելի զգացողությունները համընկնում և ծածկում են միմյանց։։ «Որևէ կոնկրետ պատկերի հիշողությունն ընդամենը ափսոսանք է որոշակի պահի համար», — գրում է Պրուստը վերջում։
Հալբվաքսը, սակայն, այս ինտիմ հրաշքի մեջ մտցնում է սոցիալական աղմուկը։ Կոլեկտիվ հիշողությունն արդիական կյանքին բնորոշ փոփոխությունների հոսքի մեջ ստեղծում է կայունության և նորմատիվության մի գոտի։ Ի՞նչ հիշել և ի՞նչ անուն տալ հիշածին։
1990-ականները կարող են նույն հիշողության դաշտում լինել անկախության սկիզբ, պատերազմ, սոցիալական աղետ, ազատություն, արտագաղթ, բակային ընկերություն, խավար, կամ՝ անհավանականորեն՝ ջերմություն։ Սրանցից ոչ մեկը պարտադիր սուտ կամ ճշմարիտ չէ։
Հետևաբար կոլեկտիվ հիշողությունը կեղծ անվանելը չափազանց հեշտ լուծում է։ Ավելի ճշգրիտ է ասել, որ այն երբեք անմեղ չէ։ Այն ընտրում է, դասավորում, շեշտադրում, երբեմն փոխում կադրերի հաջորդականությունը, բայց այդ ընտրողականությունը հենց հիշողության ձևն է, ոչ թե պատահական թերությունը։ Եվ այստեղ հիշողությունը սկսում է նմանվել ինքնապաշտպանության։
Վերաշարադրվում է հիշողությունը, որովհետև չխմբագրված կենսագրության հետ ապրելը չափազանց դժվար է։ Պիտի երբեմն սխալդ անվանես պարտք, կորուստդ՝ արժանապատվություն, զոհաբերությունը՝ անհրաժեշտություն։ Խմբագրումը դառնում է ինքնության պահպանման միջոց։
Գոյություն ունի նոստալգիայի ոչ պակաս գլոբալ համաճարակ՝ կոլեկտիվ հիշողություն ունեցող համայնքի հանդեպ զգացական կարոտ, մասնատված աշխարհում շարունակականության հանդեպ տենչ։ Եթե նոստալգիան երկար ժամանակ ենթադրում էր կորստի փորձ, ապա մշակույթը սովորեց այն արտադրել նույնիսկ առանց կորստի։ Ապադուրայի բազկաթոռային նոստալգիան կամ Բոյմի՝ չապրվածը, նկարագրում են հենց այն պահը, երբ կարոտը այլևս չի պահանջում կենսագրական սեփականություն։ Կարելի է կարոտել երբեք չունեցած մի բան, եթե մշակույթը բավական համոզիչ տրամադրել է այդ կորստի սցենարը։
Ուրիշի անցյալը սեփականաշնորհում ենք, սարքում հուզական նյութ։ Սա տարօրինակ ալքիմիա է, բայց ոչ այնքան բացառիկ, որքան թվում է։
90-ականների հանդեպ մեր նոստալգիան փորձառության սոցիալական հետևանքն այն արտադրած պայմաններից անջատելու մեր արտոնությունն ու կարողությունն է, որ ծնողներս չունեին։ Պակասի ներսում երբեմն ստիպված փոխօգնությունը կորսված հաշտ ու մտերմիկ համայնքի ապացույց դեռ չէ։ Մենք եսասիրորեն նրանց անցյալից առանձնացնում ենք ապրելի մնացորդները՝ երբեմն այնքան մաքուր, որ պատճառը մնում է պատմության մեջ, իսկ զգացական հետևանքը՝ հիշողության։
Մասնավոր տարածության սղությունն ու սոցիալիստական ժամանակի այլ ռիթմը, կարող էին միաժամանակ արտադրել երկար խոսակցության, մտերմության, «ոչ արդյունավետ» ժամանակի որոշակի մշակույթ։ Էստեղ ռոմանտիկա չկա։ Սա խաբուսիկ մոնտաժ է նոստալգիայի կողմից։
….Когда устанешь, приходи, приходи, приходи
На кухни
В бережных и нежных хрущёвках
Хранилище надежд для потомков
Рассыпанная соль на клеёнке
Молоко на губах обсохло
Всё могло быть неплохо
Всё могло быть неплохо
Всё могло быть
Ի՞նչ ենք ուզում մենք մեզնից, երբ հատկապես երգում եք, որ…..«На этих кухнях Радостны дни твои»։ Ի՞նչ իմաստ կա հեշտ սպառելի դարձնելու անցյալը, էսթետիզացումը՝ մոռացման տեխնոլոգիա՝ ոչ պարտադիր դիտավորությամբ։ Ձևը կարող է ապրել բովանդակությունից անհամեմատ երկար։
Ավանդույթի նկատմամբ այդպիսի կենտրոնացված ուշադրությունը և ավանդույթը որպես դարավոր ծես մեկնաբանելու միտումը հստակորեն արդիական երևույթ են՝ ծնված անհետացող անցյալի հանդեպ տագնապից
Սովետական թունդ կարմիր թավշյա աղանդերը Երևանի պճնամոլ կենտրոնում ես Լենինի գլխի ձևով եմ ուտում, իսկ «Ստալինի դիմանկարի տակ նստած է գեղեցիկ մարմնավաճառը և մարիխուանա է ծխում»։ Երկուսն էլ դեռ սուբվերսիվ ժեստեր են։ Հանդգնել ենք երբեմնի սրբազան նշաններն իրենց նախկին գաղափարական ծանրությունից զրկող, իշխանության լեզուն մարմնական միջավայր գցող փոքրիկ սրբապղծություններ։
Թավշյա Լենինից մի գդալ պոկելով՝ մի պահ ինձ ու ձեզ տեղավորում եմ նույն հակահիերարխիկ տեսարանում՝ երբեմնի անձեռնմխելի խորհրդանիշի նկատմամբ սեփական ազատության փոքրիկ, գրեթե ինֆանտիլ վայելքով։ Սրբապղծությունն իմաստ ունի այնքան ժամանակ, քանի դեռ սրբությունը հիշվում է։ Գաղափարական նշանի ապաիդեոլոգացումը, սովորության վերածված, իշխանության հետ աստիճանաբար խլում է նաև այն պատմական լարումը, որի դեմ ընդվզելուց էր ծնվել առաջին հեգնանքը։ Մնում է ձևը՝ կարմիրը, պրոֆիլը, բեղը, կիսանդրին, ճանաչելի սիլուետը։ խաղում ենք սիմվոլի հետ, որ անցյալը դարձնենք ավելի տեսանելի ու անվնաս։ Մեզ համար ապասրբացրել են, մենք էսթետիզացնում ենք։ Պատկերին անթերի հավատարիմ հիշողությունը երբեմն պատմական մոռացման ամենանուրբ ձևն է։
Նաբոկովին վերաձևակերպելով՝ այսպիսի նոստալգիկները հաճախ «Ժամանակի սիրողականներ, տևողության էպիկուրյաններ» են, որոնք դիմադրում են արտաքին արդյունավետության ճնշմանը և զգայական հաճույք են ստանում ժամանակի այն հյուսվածքից, որը չի չափվում ժամացույցներով ու օրացույցներով։
Սա «ինչպես»-ի պատասխանն է։ Տեսանելի ձևը։ Ավելի անհանգիստը ներկայի՝ չապրած անցյալի կարիք ունեցող մարդ արտադրելու հարցն է. ինչո՞ւ եմ ես հիմա ուզում հավատալ, որ անցյալն ավելի լավ էր։ Ինչու՞ են այդ նարատիվը փաթաթում իմ վզին։ Նոստալգիան ներկայի ախտորոշումն է՝ անցյալի գնահատման լեզվով։
Բայց հոմո սովետիկուսի կամ 90-ականների պարադոքսը հատկապես ուժեղ է, որովհետև պատմականորեն անկայուն ժամանակաշրջանը հիշողության մեջ կարող է ստանալ կայունության երանգ։ Սա հակասություն չէ։ Պատմական կայունությունն ու հիշողության կայունությունը տարբեր բաներ են։
90-ականները ապրելու համար անկայուն էին, հիշելու համար՝ զարմանալիորեն կանխատեսելի։ Դրանց ավարտն արդեն գիտենք, հետևանքները՝ նույնպես։ Անցյալն ապագայի նկատմամբ ունի այդ անարդար առավելությունը՝ իր ավարտված լինելը։ Այն ենթակա է մոնտաժի․ անհարմար կադրերը կարելի է կտրել, գունափոխել, սանուդթրեք տալ, հոտ ու համ։ Ապագան նման խմբագրական իշխանություն չի տալիս։
Այս իմաստով նոստալգիան ժամանակի ընտելացման տեխնոլոգիա է՝ միակ ժամանակային տարածքը, որի նկատմամբ մեզ թույլատրված է խմբագրական իշխանություն։
Սա մի տեսակ տեմպորալ սփյուռքացում է, սփուռքացած մտերմություն, որ չի խոստանում անմիջական հուզական միաձուլում. միայն փխրուն կապվածություն՝ ոչ պակաս խոր, բայց իր անցողիկության գիտակցությամբ՝ արմատավորված մեկ միասնական տան նկատմամբ կասկածի մեջ, ընդհանուր կարոտի՝ առանց պատկանելության։
Խորհրդային նոստալգիայի որոշ ձևերում կարոտի իրական առարկան ապագայի նկատմամբ երբեմնի վստահությունն է՝ գիտության, տիեզերքի, մոդեռնիզմի և պատմության ուղղություն ունենալու գաղափարի շուրջ կառուցված հավաքական երևակայությունը։ Կարոտելի ապագայի հանդեպ հավատալու կարողությունն ինքնին՝ պատմական շարժման, թեկուզ սխալ, բռնի կամ գաղափարախոսորեն պարտադրված, բայց միևնույն է՝ ընկալելի ուղղության զգացումը։
Կարոտում ենք անցյալի մեջ մնացած ապագան։
Նոստալգիան կարող էր ընկալվել որպես բուրժուական դեկադանսի վտանգավոր «ատավիզմ»՝ մի բան, որի համար նոր աշխարհում տեղ չկար։ Բայց հիշողությունը վերականգնելու արշավը տեղը զիջեց երևակայական, պատմությունից դուրս անցյալի՝ կայունության և բնականոնության դարաշրջանի հանդեպ նոր կարոտին։ Այս զանգվածային նոստալգիան մի տեսակ համազգային միջին տարիքի ճգնաժամ է։։
Մանկուրտը սեփական ապրած անցյալից զրկված մարդն է։ Ինձ «ստիպում» են ինձ չպատկանող անցյալի հիշողությամբ ապրել, տեղավորել հիշողության ավելցուկի մեջ։
Նոստալգիայի ամենամեծ սարսափներից մեկը վերադարձի անհնարինության կողքին հիշողության ճշգրտությամբ վերադարձի հնարավորությունն է։ Անցյալը, վերադարձած մեր հիշած կերպարանքով, կարող էր ավելի անտանելի լինել, քան նրա բացակայությունը։
Դուք համզվա՞ծ եք, որ ուզում եք հետ բերել անցածը։ Պատմականը, ծնողների պատմածը, VHS-ի պիքսելները, մոմի լույսով տաքանալը, թե՞ մենակ Լենինի մուսսե գլուխը ու 90-ականների ֆոտո-էֆֆեկտները։ Կասեք՝ «պարզ չի՞»։
Նոստալգիան, ըստ էության, պատմություն է՝ անձնական պատասխանատվությունից հրաժարումով, վերդարձ տուն՝ առանց մեղավորության, էթիկական և գեղագիտական ձախողման զգացման։
Ուլիսեսը, գուցե, հենց սա չէր հասկանում։ Քսան տարի կարծել, թե դեպի Իթակա է գնում։ Ու դա աշխարհում միակ Իթական էր, ուր նավով հասնել հնարավոր չէր։
Նոստալգիան վերջիվերջո ներկայի անկարողությունն է՝ մեզ համոզելու, որ այստեղ մնալն արժե, կամ՝ ապագայի անկարողությունը՝ մեզ ինչ-որ բան խոստանալու։
Ապագայի լռության մեջ անցյալը սկսում է չափազանց համոզիչ հնչել։ Նրա ձայնը լսելի դարձնելու համար երբեմն բավական է մոռանալ ճիշտ չափով՝ պահպանելով այնքան, որքան անհրաժեշտ է սիրելու համար։
«Մելանխոլիայի մասին գրում եմ՝ զբաղված մնալով, որպեսզի խուսափեմ մելանխոլիայից», — պնդում էր Ռոբերտ Բարթոնը։ Ես փորձում եմ նույնն անել նոստալգիայի հետ, որից սկսել եմ զգուշանալ
Մոռանալ ճիշտ չափով. հոմո սովետիկուս կամ ինչու՞ ենք կարոտում 90-ականները
«Նոստալգիան այլևս այն չէ, ինչ առաջ էր։ Նույնիսկ կարոտն է փոխվել. մենք հաճախ կարոտում ենք ոչ թե այն, ինչ եղել է, այլ այն, ինչ երբեք չի եղել, բայց որի պակասը մեզ այնքան ուժեղ է զգացնել տալիս ներկան»։ — Միլան Կունդերա
• 8 րոպե