Սմբատ Հովհաննիսյան | Յո՞ երթաս․ ներկայության վախճանը կամ բացասական անկախության թակարդներում

Անկախությունը չի սկսվում և չի ավարտվում հռչակագրով։

Անկախությունը գործընթաց է, որը ենթադրում է և՛ ստեղծագործություն, և՛ նվաճում, և՛ ճիգ, և՛ եռանդ, և՛ նպատակ, և՛ կամք․․․

Հեռավոր 1776 թվականի հուլիսի 4-ին Ֆիլադելֆիայում ընդունվեց ԱՄՆ Անկախության հռչակագիրը։ Թոմաս Ջեֆերսոնը, որը Հռչակագրի նախագծի հեղինակն էր, որոշ ժամանակ անց պնդում էր, որ Ամերիկան «նոր երկիր է՝ իր ձևով ու իր սկզբունքներով»։ Պատկերավոր ասած՝ ամրագրվում էր այն գաղափարը, որ Ամերիկան ինքնօրինակ քաղաքակրթություն է, որն «արմատներ» չունի, որը զուրկ է «հիշողությունից», ինչը, սակայն, բնավ չպետք է խանգարեր ավելի պայծառ ապագա ունենալուն։ Այդ ապագայի կազմավորման կամ նվաճման համար բավական էր ունենալ կամք և վստահություն։

Եվ իրոք, այս նոր «անարմատ» և «հիշազուրկ» քաղաքակրթությունը շուտով ոչ միայն կարողացավ ինքնակազմակերպվել և ընդարձակվել, այլև արդեն XX դարի սկզբին մարել եվրոպական բոլոր պարտքերն ու դառնալ պարտատեր․․․ Շնորհիվ միմյանց հաջորդող (տնտեսական, քաղաքական և այլ) հաջողությունների՝ ամերիկացին մտածում էր միայն ապագայի մասին։ Հընթացս ինչ-որ չափով սկսեցին արժևորել նաև ներկան, բայց անցյալը․․․ Անցյալը մերժվում էր ամերիկացու կողմից․ ո՛չ մի անցյալ, միա՛յն ապագա․․․ Անցյալը նրանք փոխարինում էին «հնարավորությամբ», բայց այդ հնարավորությունն առջևում էր․․․

Այդպես 142 տարի, և հանկարծ 1929 թվականի անակնկալը՝ Սև չորեքշաբթին։ Ամերիկան, որ հպարտանում էր անցյալի ու հիշողության բացակայությամբ, ստիպված էր դիմաբախվել պատմությանը, ստիպված էր հետ նայել․․․ իր «ոսկե անցյալին»։ Եվ նախկինում հանուն անհատականության պաշտպանության մերժված անցյալը, որը կարող էր կաշկանդել ու սահմանափակել անձի կամ ազգի ազատությունը, հանկարծ կարևոր դարձավ։ Ֆերնան Բրոդելի դիպուկ ձևակերպմամբ՝ պարզվեց, որ այդ անցյալում եղել է «մշակութային և քաղաքական ավանդույթի միասնություն, որի վրա էր հիմնված ամերիկյան քաղաքակրթությունը»։ Այժմ անցյալն այլևս անպետք իր չէր, որ դեն նետես, և այնպիսին էլ չէր, որ սեփականես․ այն հարկավոր էր վերարժևորել։ Եվ պարզվեց, որ անցյալը ևս մարդու հնարավորությունն է, ինչպես մարդն է անցյալի հնարավորությունը։ Ստացվում է, որ անցյալը լինելու, գոյություն ունենալու հնարավորությունն է եղել․․․ Այսու՝ մերժված անցյալը վերադառնում էր, բայց վերադառնում էր իբրև հնարավորություն․ պատճառն ու հետևանքը ոչ միայն միավորվում էին, այլև տեսանելի էին դառնում «վերևից»։

Իսկ Հայաստանո՞ւմ․․․

1918 թվականի մայիսի 28։ Արդեն լուծարվել էր Անդրկովկասի Դաշնակցային Հանրապետությունը, արդեն անկախ էին հռչակվել Վրաստանն ու Ադրբեջանը (Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետությունը)։ Հայոց Ազգային Խորհուրդը տատանվում էր․ անկախությանը դեմ արտահայտվողներին լուրջ մտահոգում էր «Ռուսաստանից անջատվելը»։ Ի վերջո մայիսի 30-ին մի բանաձև ընդունվեց, որով իբր հռչակվում էր Հայաստանի անկախությունը, բայց միայն 1918 թվականի հունիսի 13-ին էր, որ Հովհաննես Քաջազնունին պաշտոնապես հայտարարեց Հայաստանի անկախության մասին․ երբ Սեյմը լուծարվել է, Վրաստանն ու Ադրբեջանը հաջորդաբար հռչակել էին իրենց անկախությունը, ոչինչ չէր մնում անելու, քան հռչակել Հայաստանի Հանրապետությունը։ Անկախությունն, ըստ էության, հպատակեցվում էր պատճառահետևանքայնությանը, որտեղ, անցյալն էր ներկայանում իբրև ապագա․ հայ քաղաքական գործիչներն իրենց հայացքը հառել էին դեպի «ապագա», ինչպես ամերիկացիները նախկինում, միայն թե այդ ապագան Ռուսաստանն էր, հետո նաև Ֆրանսիան, Անգլիան, Միացյալ Նահանգները․․․ Կրկին կյանքի էր կոչվել հայկական «ազատագրական լեգենդը», այն է՝ կարևորվում էր անկախության այն տեսակը, որը ակնկալվում էր ուրիշներից։ Այդպիսով՝ այս «ապագան», հետևաբար՝ «անկախությունը» կեղծակերպվում էր, վերածվում կեղծ հնարավորության, քանի որ այդ հնարավորությունը գիտակցվում էր իբրև պարտադրված անհրաժեշտություն և բացառապես պայմանավորված էր Ուրիշով, Ուրիշից էր։

1991 թվական։ Կարծես թե ոչինչ էլ չէր փոխվել։ Կրկին հաղթեց անցյալապաշտությունը․ ապագան կրկին անցյալում էր որոնվում, ավելի հստակ՝ անցյալը հենց ապագա էր ներկայանում։ Հայաստանի Հանրապետության անկախությունը կրկին ձևակերպվում էր իբրև պարտադրված անհրաժեշտություն՝ իբրև Խորհրդային Միությունից դուրս գալու արարք, իրավունք․ ոչ թե հանուն-ի, այլ ինչ-որ-ից։ Պատճառն ու հետևանքը ոչ միայն չէին միավորվում, այլև արտակարգ խզվածության պատճառով նաև շփոթվում էին (պատճառն՝ իբրև հետևանք, հետևանքն՝ իբրև պատճառ)։ Մանավանդ՝ դուրս էր մնում անկախության ներկան․ ի վերջո, անկախությունը ներկայության ցուցիչ է հատկապես, ինչպես հողը նրանն է, ով ներկա է․․․ Ստացվում է, որ մարդն անցյալի լինելու, անցյալն ունենալու համար է․․․ այդպիսով իսկ բացակա։ Եվ առկախվում էր անկախությունը ․․․

Մինչդեռ անկախությունն իր չէ, առարկա չէ, որ նվեր ստանաս կամ նվիրես և անգամ ժառանգես, անկախությունը շարունակական երկխոսություն է, տրամասություն՝ հավերժ շարժուն, հավերժ փոփոխական միջավայր։ Այն անցում է մտքից միտք, համատեքստից համատեքստ, սոցիալական մի խմբից մեկ այլը, մի սերնդից մյուսը։ Անկախությունն աքսիոմա չէ, այլ թեորեմ․ յուրաքանչյուր սերունդ, անվերապահորեն, պետք է անկախության թեորեմը գրի և նորից ապացուցի պատճառականացումից ու հետևանքայնացումից անդին։

Մինչդեռ երբ պատճառականացվում է անկախությունը, հետևանքազուրկ է դառնում նույն այդ անկախությունը, միաչափ հեռանկարի մեջ պարփակված։ Երբ հետևանքայնացվում է անկախությունը, պատճառազուրկ է դառնում նույն այդ անկախությունը, միաչափ հեռանկարի մեջ պարփակված։ Անկախությունն ավելին է, քան պատճառահետևանքային բևեռների զուգակցություն․ անկախությունը հարցադրում  է ու խնդրարկում, որոնց շնորհիվ էլ տեսանելի են դառնում թե՛ անցյալ(ներ)ը, թե՛ ներկա(ներ)ն ու թե՛ ապագա(ներ)ն։ Այդ հայտնությունից է նաև հյուսվում մեր պատմությունը (ճակատագիրը), հարցադրում-խնդրարկումների հայտնությունից։

Մեծ հաշվով՝ անկախություն ուղիղ իմաստով ոչ ոք չունի՝ ոչ մի պետություն (անգամ գերտերություն), ոչ մի անձ։ Ի վերջո դրանք բոլորը կախված են միմյանցից այս կամ այն չափով․ անգամ գերտերությունը, որից կախված են բազմաթիվ փոքր պետություններ, ժողովուրդներ, ևս կախված է հենց իրենից կախված այդ փոքր պետություններից, ժողովուրդներից։ Այսպիսով՝ աշխարհը, պետությունները և հարաբերությունները ծածկագրեր են, մինչդեռ անկախությունը քերականություն է, որով պետք է այդ ամենը վերծանվի։

Քանի դեռ գերակայում է անկախության բացասական ըմբռնումը, այն է՝ անկախություն ինչ-որ բանից, դժվարին է Հայաստանի Հանրապետության անկախության արժևորումն իբրև դրականություն, այն է՝ անկախություն հանուն ինչ-որ բանի․․․

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *