Պատմվածք

Փթթող դժոխք

Մի երեկո, աշխատանքից հետո, նա նստած էր հյուրասենյակում՝ հեռուստացույցի անջատված էկրանի դիմաց, երբ մարմինը նորից սկսեց իր ձայնագրությունը։ Հայացքն պատահաբար ընկավ ոտքի փոքր վերքին․ երևի քարի էր դիպել, կամ մետաղի, կամ պարզապես մաշկն էր հոգնել անընդհատ թաքնված լինելուց։ Ինքնաբերաբար, գրեթե առանց մտածելու, նա պոկեց կեղևը։ Այդ պա…

Փթթող դժոխք

Մալքոլմ Լաուրիին, որովհետև տեսել է

․․․գուցե սկզբում ցավ էլ չէր, գուցե ցավ էր, բայց այնքան թույլ, բայց այնքան անորոշ, բայց այնքան աննշմար, որ ավելի շատ, որ միտք էր հիշեցնում, քան՝ մարմին՝ մի շարժում երիկամների հատվածում, մի քաշող բան ձախ ամորձու մոտ, մի ծանրություն կրծքավանդակում՝ ճիշտ այնտեղ, որտեղ սիրտը, որտեղ պիտի լիներ, ու այս, ու զգացողությունը, որ ավելի, որ հաճախ էր գալիս ու նստում, ու երկար մնում, կա¬նվանեմ փթթող դժոխք, որովհետև այդպես է, կարող ես տալ հոգեբանական որևէ ա¬խտանուն, որովհետև ապահով է․․․
․․․ոչինչ, ասում էին, ամեն ինչ նորմալ է, ասում էին տարբեր բժիշկները, գլխով էր անում, դուրս գալիս հիվանդանոցից, քայլում փողոցով, և հենց, և մի քանի քայլից, և լսվում էր մարմինը, մարմինը խոսում էր․․․ սկզբում նա հավատում էր բժիշկներին, հետո սկսեց հավատալ մարմնին, վերջում կասկածում էր երկուսին էլ․․․ մարմինը խոսում էր ցավով, ցավը գալիս էր անձև՝ ոչ սուր, ոչ խոր, ու նստում, ու ներսում, ու մաշում անվերջ․․․
․․․սկսեց ապրել ցավերով, իսկ դրանք, իսկ փոխվում էին, իսկ ինչպես եղանակը՝ սեփական ժամանակացույցով, առանց թույլտվության, ու երբեմն, ու թվում էր՝ մարմնում երկուսն են՝ ինքը, որ վաղուց դարձել էր մեծ ականջ՝ լսելու ներսի ձայները, և ուրիշը, որ մերթ գազան էր, մերթ՝ նորածին երեխա, և երկու, և դեպքերում էլ, և ձայներ էր արձակում՝ հասկացնելու մի բան, որ անշուշտ, որ իր մասին էր, որ կարևոր էր, ու ժամերով լսում էր թոքերը, սիրտը, այլ օրգաններ, լսում էր այնքան, մինչև լսելն ինքնին դառնում էր ցավ․․․
․․․աշխատանքային օրվանից հետո նա նստած էր հյուրասենյակում՝ հեռուստացույցի դիմաց, փորձում էր հանգստանալ, երբ մարմինը, երբ նորից սկսեց․․․ հայացքն ընկավ ոտքի փոքր վերքին, գուցե քարի էր դիպել, գուցե՝ մետաղի, գուցե պարզապես մաշկը հոգնել էր փակ մնալուց․․․ ինքնաբերաբար պոկեց կեղևը ու այդ պահին, ու պարզ, ու շոշափելի ցավ զգաց․․․ առաջին անգամ մարմինը լռեց ոչ իր կամքով, սրտի տակ կուչ եկած մշուշն իսկույն ցրվեց, ասես չէր եղել․․․ այնտեղ, որտեղ ցավ կա, արյուն կա, որտեղ արյուն կա, կասկած չկա – միտքը խարանի պես դարձավ մշտական ուղեկից․․․
․․․ողջ երեկո, ողջ գիշեր զարմանալի հանգիստ անցավ, հետո օրվա ընթացքում, հետո, երբ ձայները փորձեցին վերադառնալ, հետո թարմացրեց վերքը, ու նորից, ու երանելի լռություն․․․ այդ օրվանից նա սկսեց հիշեցնել մարմնին, թե որն է իրական ցավը․․․ սկզբում ոտքերն էին, սկզբում փոքր քերծվածքներ էին, սկզբում՝ փոքր կտրվածքներ, ու տաբատը, ու թաքցնում էր ամեն բան․․․ կեղծ ցավը հարց էր, իրական ցավը՝ պատասխան, բայց պատասխանները, բայց ամեն անգամ, բայց ավելի կարճատև էին դառնում․․․ անցավ որովայնին, մեջքին, թևերին, ու վերքերը՝ քարտեզի վրա պատերազմներ, ու մարմինը՝ փակվել ցանկացող անցյալ․․․
․․․այդ գիշեր ձայները վերադարձան բոլորը միասին․․․
․․․բացեց․․․
․․․այլ տեղից․․․
․․․նորից․․․
…ևս մեկը…
․․․էլի․․․
․․․բայց ցավերը, բայց այլևս, բայց չէին տարբերվում․․․
․․․երկու օրից նրա արնաքամ մարմինը գտան սեփական բնակարանի հատակին, ու ինչպես հաճախ է լինում, ու ինչպես միշտ, ու եզրակացրին՝ ինքն է իր հետ այդպես վարվել․․․

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով