Հրաչ Բեգլարյան | Սարի սմբուլ Կարապետ

-Առ,- կոնյակի երկու հարյուր հիսուն գրամանոց շիշը գրպանից հանեց ու Գառոյին մեկնեց Կարոն,- մի երկու կում` խմիր, կթեթևանաս:
-Ախր,- թևերն անօգնական տարածեց Գառոն ու հառաչեց դեմուդարձ լինելով,- ախր էս ջերմության դեպքում… համ էլ դեղ եմ խմել ախր…
-Դեղն իրա գործը կանի, ախպեր ջան, կոնյակն` իրա,- համոզված ասաց Կարոն:
Գառոն դեմ չէր կոնյակ խմելուն, բայց ջերմությունը բարձրացել էր հանկարծ, մրսե՞լ էր ճանապարհին, թե՞ ինչ-որ վիրուս էր ճանկել, դժվար էր ասել ու դողացնում էր, ասպիրին էր խմել ու վախենում էր: Բայց Կարոյի համոզիչ տոնը կոտրեց առանց այն էլ թուլացած կամքի վերջին փշուրն ու կոնյակը վերցրեց: Մի երկու կում արեց, գլուխը ետ գցելով: Կոկորդը թրթռաց սպասասրահի սպիտակ լույսի տակ ու Կարոն տեսավ, որ մաշկը փշաքաղվել է: «Լուրջ բան չլինի՞»,- մտածեց կոնյակի կիստվող շշին նայելով: Քիչ էր մնում Գառոյի ձեռքից առներ, թե` հերիք է: Ասեցինք խմիր, հո չասեցի՞նք լրիվ դատարկիր: Մի կում էր խմել վրայից ու հիմա ահով նայում էր Գառոյի թրթռացող կոկորդին: Գառոն ժամանակին ետ քաշեց շիշը, մնչաց ցավով ու հայացքը հառեց սպասասրահին: Մարդիկ իրար խառնված, ելումուտ էին անում դռներից: Ոտքերի հետ դրսի ցեխն էին բերում, խոնավությունը, քամին կամ քամու գիտակցությունը: Մարդիկ կես հայացքով նայում էին դուրս, զզվելի եղանակն էին տեսնում ու չնայած ուշք ու մտքները թռիչքներն էին, ուշացող չվերթները, ապագա բաժանումի տրտմությունը կամ հանդիպման ուրախությունը, սակայն իրենցից անկախ հոգիների վրա երկար ժամանակ պահում էին անձրևոտ եղանակի տհաճ կնիքը:
Ահագին ճանապարհ էին անցել մինչև օդանավակայան, տոմս չունեին, բայց ուզում էին շուտ թռչել, պոկվել ձմեռնամուտի դաժանացող եղանակից ու հասնել Հայաստան: Գառոն մի տարի առաջ էր ավարտել դպրոցը, ուսման հետ հույս չէր կապել, բանակ գնալուն մի տարի դեռևս կար ու հոր հետ Սիբիր էր եկել: «Փող կվաստակի, բանակից առաջ աչքերը կբացվեն»,- մտածել էր հայրը ու հետն արտագնա աշխատանքի էր տարել: Աշխատել էին ամբողջ ամառը, փող էին վաստակել, աչքերը բացվե՞լ էին, թե չէ, հայրը չէր իմացել, ու հիմա, երբ արդեն գործն ավարտել էին, որոշել էին Կարոյին ու Գառնիկին տուն ուղարկել: Իրենք մեծերով կմնան, փողի մնացորդը կստանան, եկող տարվա համար գործ կնախապատրաստեն ու կգան:
Ուրեմն Գառոն ճար ու ճամփա չգիտեր, աչքաբացը, ընկած-ելածը, ինքնաթիռ ու գնացք նստածը Կարոն էր:
Եկել էին ավտոբուսով, հետո գնացք էին նստել, հետո նորից ավտոբուս ու հասել էին օդակայան: Պիտի սպասեին, մինչև տոմս լիներ, որ թռչեին Հայաստան: Ճանապարհին մրսե՞լ էր Գառնիկը, միջանցիկ քամու տա՞կ էր ընկել, թե՞ ուրիշ մի բան, Կարոն չէր հասկանում: Նայում էր նրա կարմրած դեմքին, դողացող շրթունքներին էր նայում ու հասկանում էր, որ ջերմություն ունի:
Գառոն շիշը մեկնեց նրան: Կարոն սրբեց շշի բերանը, ուզեց մի կում անել, բայց միտքը փոխեց, փակեց կափարիչը, նորից ստուգեց ու դրեց ծոցագրպանը:
Հետո Գառոն կանգնեց իրերի մոտ, իսկ Կարոն մոտեցավ տոմսարկղերին:
Կանգնել, նայում էր մարդկանց: Կոնյակը խմելուց հետո ծնկներն ասես մի քիչ ամրացել էին, պակասել էր դողը, բայց ժամանակ առ ժամանակ իրենից անկախ ատամներն իրար էր խփում: «Էս ի՞նչ զահրումար էր, էկավ կպավ ինձ»,- սրտնեղում էր մտքում, բայց կանգնել էր ճամպրուկների մոտ ու հայացքով Կարոյին էր ուղեկցում: Կարոն քայլում էր արագ, ծուռ ոտքերն ուր որ է ասես իրար վրա էր դնելու: Նրան նայելիս Գառոն միշտ այն զգացողությունն էր ունենում, թե ուր որ է կընկնի բերանքսիվար, բայց Կարոն ոչ մի անգամ իր քայլքի պատճառով վայր չէր ընկնում: Վայր չէր ընկնում նույնիսկ այն ժամանակ, երբ հետապնդում էր իր հոգին հանող բոռերին: Գառոն հիշեց պատմությունն ու իրենից անկախ ժպտաց: Ամռան շոգին էր, իրեն ու Կարոյին հանձնարարել էին նորակառույց փայտաշեն տան անցքերը խծուծել: Պիտի խծուծ մտցնեին ու վրայից փայտի ճղաններով ամրացնեին, որ ձմռան քամին, սառնամանիքը ներս չմտնեին, որ ապրողների համար հարմարավետ լիներ: Ու իրենք անում էին: Գառոն սանդուղքը դրեց, վերև բարձրացավ, որ վերևի շարքերը խծուծեր, իսկ Կարոն ներքևում մնաց: Շոգն անտանելի էր, քամի չկար: Քամին թաքնվել էր խիտ անտառի թավուտներում: Ով գիտե, ինքն էլ էր շոգից թուլացել և ընկել մնացել մի անկյունում: Շոգը ոչինչ, բոռերն էին անհանգստացնում: Ո՞վ գիտե թարմ փայտի հոտի վրա՞ էին գալիս, թե՞ մարդու քրտնահոտի: Պտտվում էին տան շուրջը, մարդու քրտինքի հոտն առնում ու նետվում էին նրա վրա: Գառոն չգիտեր` քրտինքի հոտը նրանց կատաղեցնո՞ւմ, թե՞ դուր է գալիս: Ինչ էլ որ լիներ, արդյունքը նույնն էր: Նրանց խայթոցը ցավոտ էր ու տհաճ: Իր վրա քիչ էին հարձակվում: Երևի իր հոտն այնքան էլ դուրեկան չէր նրանց համար, կամ վերևում լավ թե վատ թեթև հով էր խաղում: Հարձակվում էին Կարոյի վրա: Կարոն նրանց խայթոցից կատաղում էր, մուրճը մեխին խփելու փոխարեն մատին էր խփում, մատները դնում էր բերանն ու հիշում էր բոռերի յոթ պորտը: Կարոն ծիծաղում էր նրա հիշոցների, իրար խառնվածության, անօգնականության վրա: Ծիծաղում էր մանավանդ այն ժամանակ, երբ Կարոն մուրճով հարձակվում էր իրեն կծած հերթական բոռի վրա:
Գառոն չէր հասկանում. Կարոն իսկականից հավատո՞ւմ է, որ կարող է մուրճով բոռ որսալ, թե՞ իրեն կորցնում է և չի իմանում անելիքը: Ծիծաղում էր և նրա ծիծաղից Կարոն ավելի էր կատաղում ու ավելի շատ էր սխալվում: Կարծես դա քիչ էր, Գառնիկն էլ տեղի անտեղի հիշեցնում էր Կարոյի լեզվի ուսուցչի դրած երկուսն ու բացականչությունը.«Սարի սմբուլ Կարապե՛տ»… Դա ինքն անձամբ չէր լսել: Ինքը Կարոյից հինգ տարով փոքր է: Կարոյի դասարանցի Հրոն էր պատմել մի անգամ ու Գառնիկի գլուխն էր ընկել: Ամեն առիթով ձեռ էր առնում Կարոյին ու բացականչում.
-Սարի սմբուլ Կարապե՜տ…
Եղածը բան չէր: Դեպք էր, եղել, անցել էր: Եթե Կարոն բանի տեղ չդներ, հաստատ Գառնիկն այդքան չէր ասի, բայց ամեն անգամ նեղվում էր, իսկ Գառնիկն ասում ու խրխնջում էր:
…Սպասասրահում մարդկանց թիվը չէր պակասում: Գառնիկը միամիտ հավատով կարծում էր, որ եթե մարդկանց մի մասը թռչի, գնա իր ցանկացած տեղը, մյուսների համար ավելի շատ հնարավորություն կբացվի: Թեև հասկանում էր նաև, որ մեծ օդանավակայանը գիշեր ու զօր ընդունում ու ճանապարհում է մարդկանց և չի հոգնում ու չի հանգստանում երբեք: Նայում էր հերթի կանգնած Կարոյին, հեռվից-հեռու սիրում էր նրան, բայց նաև ծիծաղում ու ձեռ էր առնում մտքում: Ուզեր-չուզեր սիրելու էր: Ախր մորաքրոջ տղան էր, բայց որքան էլ ուզում էր չծիծաղել, չէր կարողանում: Չգիտես ինչու նրա շարժմունքը, խոսքը, մտածելու ձևը ծիծաղ էին հարուցում: Նայում էր Կարոյի թիկունքին ու ծիծաղը գալիս էր: Գիտեր, որ եթե իրեն թողնեին, դժվար թե կարողանար ինքնուրույն տոմս առնել, ինքնաթիռ բարձրանալ ու տուն հասնել:
Բայց զգում էր, որ ծնկները նորից թուլանում են ու քունը տանում է սարսափելի:
-Լուրջ բան չլինի՞,- ասաց կիսաձայն ու կամքը լարեց` ոտքի վրա մնալու համար: Եթե այդպես շարունակվեր, դժվար թե կարողանար ինքնաթիռ բարձրանալ: Ուզում էր պառկել, մարմնի բոլոր մասերը ձեն-ձենի տված ասում էին` պառկիր, իսկ ինքը ոչ միայն պառկելու, այլ նույնիսկ նստելու տեղ չուներ: Ահագին ժամանակ է տեսողությունից կորցրել էր Կարոյին ու չգիտեր տոմս առե՞լ է, թե՞ չէ: Միայն ուղեղի ծայրով էր մտածում այդ մասին: Մարմինն ամբողջովին կենտրոնացել էր ցավը հաղթահարելու համար: Ականջները դժժում էին, ծնկները` ծալվում ու աչքերի առաջ մշուշ էր ասես: «Երևի ջերմությունս շատ բարձր է»,- մտածեց տագնապով ու կամացուկ նստեց իր ճամպրուկի վրա: Ճամպրուկը խղճալի ձայն հանեց: «Կարո՞ղ է կոտրվի»,- մտածեց, բայց չտագնապեց: Հիմա արդեն կարևոր չէր` կկոտրվե՞ր ճամպրուկը, թե՞ չէ: Նստած ավելի լավ էր: Գլուխը քաշել էր ուսերի մեջ ու դողացնում էր:
Կարոն նախ հեռվից ձայն տվեց: Գառնիկը չէր պատասխանում: Մոտեցավ ձայն տալով, բայց Գառնիկն ասես բացակա էր:
-Ո՞նց ես,- մոտեցավ անհանգիստ:
Տեսավ` խոսում է, բայց խոսքը չհասկացավ:
-Ո՞նց ես, մորքուրի տղա,- ասաց Կարոն,- գործը համարյա դասավորել եմ: Մի տաս ռուբլի ավել են ուզում տոմսի մեջ, բայց եղածն ի՞նչ է: Կտանք, մի երկու ժամ հետո կթռչենք:
Նայեց նրա երեսին, տեսավ սփրթնել է ու դողում է իրենից անկախ:
-Վա՞տ ես,- տագնապեց:
-Ըհը՜,- գլխով արեց Գառնիկը:
Հետո օդանավակայնի բուժկետում ճնշումն ու ջերմությունն էին չափում, խոսում էին Կարոյի հետ: Ինքը բառերի մեծ մասը լսում ու չէր հասկանում:
-Շա՜տ բարձր է,- ասաց կարմիր ներկած մազերով աղջիկը:
-Շտապ օգնություն կանչենք,- ասաց հյութեղ շուրթերով մյուսը:
Կարոն ինչ-որ բան ասաց, որ ինքը չհասկացավ: Ականջները ոչ այն է զրնգում էին, ոչ այն է` ղժժում:
Պառկեցրին սպիտակ սավանով ծածկված թախտին, երակից ինչ-որ դեղ ներարկեցին: Տեսավ, թե Կարոն ոնց հյութեղ շուրթերովի սպիտակ խալաթի գրպանը սահեցրեց շոկոլադի սալիկը: Պառկել էր հայացքը առաստաղին հառած ու անհանգստանում էր: Բա որ իրեն հիվանդանո՞ց տանեն: Բա որ Կարոն հաջողացնի տոմսերն ու իրեն հիվանդանոց տանե՞ն: Մտածում էր, բայց այդ միտքը քարի դեմ առած խոփի նման առաջ չէր շարժվում: Պտտվում ու պտտվում էր գլխում: Հետո զգաց, որ թուլանում է ու քնեց:
Արթնացավ կարմիր մազերով աղջկա ձայնից:
-Կոնյակը հիվանդին ես խմացնում: Բա մեզ ե՞րբ ես հայկական կոնյակ հյուրասիրելու:
-Ա՜խ, ափսոս, վերջացել է: Հիմա Հայաստան եմ գնալու,- արդարանում էր Կարոն,- գնամ, մյուս գալուս քեզ համար անպայման կբերեմ հայկական կոնյակ: Հիմա ախպորս ոտքի հանիր, թռիչքին երկու ժամ է մնացել:
-Ասում ես, էլի,- ծիծաղում էր կարմիր մազերովը և փափուկ թաթիկներն իրար էր զարկում,- ո՞վ գիտե, մեկ էլ ե՞րբ ես ետ գալու:
-Վա՛յ, ինձ թաղես, թե սուտ ասեմ,- հայերեն երդվում էր Կարոն, ու շարունակում էր ռուսերեն,- գալու եմ, իմ գործն էստեղ է: Գալու եմ ու բերելու եմ…
Հետո քաղցր խոսքեր էր ասում աղջկան ու Գառնիկի ականջի մեջ խցկվում, դուրս չէր գալիս «պրելեստը»: Գիտեր Կարոն այդպես է ասում, թե մատաղատի աղջկան, թե վաղուց հիսունի սահմանը հատած կնոջը, մանավանդ, եթե մի երկու բաժակ խմած է լինում…
Գառնիկն ուժ ու կուղ արեց, ուզեց տեղից վեր կենալ, բայց զգաց, որ չի կարողանալու: Գլուխը նորից չոր բարձին դրեց ու պառկեց: Կարոն գիտեր, որ Գառնիկին երկար չեն կարողանա պահել բուժկետում, կամ պիտի վեր կենար գնար, կամ շտապ օգնություն պիտի կանչեին ու չգիտեր անելիքը: Շփոթվել, խեղճացել էր ու ներսուդուրս էր անում:
Մոտեցավ Գառնիկին, թեքվեց վրան ու շշունջով հարցրեց.
-Գառո՞:
-Հը՛,- աչքերը բացեց Գառնիկը:
-Ի՞նչ ես ասում: Կարո՞ղ ես վեր կենալ:
-Չէ, թույլ եմ,- հազիվ խոսեց Գառնիկը:
-Հիվանդանո՞ց տանենք,- հարցրեց տխուր ու մոլոր:
-Չէ, չէ,- ձեռքը թափ տվեց Գառնիկը,- էդ աղջիկներին մի բան տուր, թող թողնեն մի քիչ քնեմ: Քնեմ, վեր կենամ լավ կլինեմ:
-Այ անխիղճ, ախր հո ինքնաթիռը հորս սելը չէ՞, որ սպասի: Հազիվ եմ տոմս ճարել, ռեգիստրացիան ուր որ է կվերջանա, ախր…
Գառնիկը նորից ուզեց վեր կենալ ու չկարողացավ:
-Լավ, պառկիր,- ասաց համակերպված:
Հետո լիքը շրթունքներովը ջերմաչափեց Գառնիկին ու հայտարարեց.
-Ջերմությունը նորմալ է:
Կարմիր մազերովը ճնշումը չափեց ու ժպտաց.
-Զարկերակային ճնշումը նորմայի մեջ է:
Կարոն նորից ներսուդուրս արեց ու նրանց սեղանին կարմիր գինու մի շիշ հայտնվեց:
-Պետք չէ, ախր,- սեթևեթեց կարմիր մազերովը: Կարոն չլսելու տվեց ու նստեց բուժկետի մուտքի մոտ:
Գառնիկը քնեց ևս երկու ժամ: Կարոն տագնապով տեսավ, թե իրենց ինքնաթիռն ինչպես է օդ բարձրանում, թախիծով նայեց օդակայանի լույսերի տակ փայլող նրա թևերին ու հառաչեց.
-Գառո, Գառո, մենակ ուրիշի վրա ծիծաղել գիտես: Հիմի ես էս տոմսերն ի՞նչ անեմ:
Երկու ժամ չարչարվեց: Նախ տոմսավաճառին համոզեց, հետո նրա պետին, հետո նրա պետի պետին, հետո…. Տոմսերը ետ վերցրեցին գումարի մի մասը ետ չտվեցին, հետո առավոտյան չվերթի համար երկու նոր տոմս առավ:
Արդեն լույսը բացվում էր: Գառնիկը վեր էր կացել տեղից, նստել, լիքը շրթունքներովի հետ զրուցում էր քաղցր-մեղցր: Իր կիսատ ռուսերենով նրան սարեր էր խոստանում ու աղջիկը չհավատալով հավատում էր նրա խոստումներին:
Ժամը վեցն էր արդեն: Մարդկանց մի մասը քնած էր սպասասրահի աթոռների վրա, մյուսները ներսուդուրս էին անում: Նախ տոմսարկղերի մոտ հերթ կանգնած բազմությունն ալեկոծվեց, հետո քնածներն արթնացան, հետո անտարբերները գլուխները վեր բարձրացրին ու լսեցին տագնապով: Ինքնաթիռ է ընկել: Պաշտոնական հաղորդագրություն չկար, իմացող աշխատակիցները հարցերին պատասխանում էին խուսափողաբար, բայց մարդիկ գիտեին ու հաստատում էին, որ ինքնաթիռն ընկել է:
Կարոն շշմել, կանգնել էր: Եթե Գառնիկն առողջ լիներ ու իրենք ինքնաթիռ բարձրանային, հիմա ընկած կլինեին: Ինքնաթիռի ընկնելու բոթը շամփրել էր նրան: Գիշերվա անքնությունից հետո այդ լուրը փոխանակ սթափեցներ, շշմեցրել էր նրան: Ժամանակ առ ժամանակ իրար էր խփում ձեռքերն ու բացականչում էր.
-Վայ քո, արա՛…
Գառնիկն արդեն լավ էր: Ինքնաթիռի ընկնելն այնքան ցավագին չէր տարել: Ուրախացել էր, որ արդեն ոտքերը չեն դողում և կարմիր, լիքը շուրթերով աղջիկն իր հետ խոսում է հաճույքով ու ծիծաղում է իր կատակների վրա: Աղջկան հրաժեշտ տվեցին հարազատի նման:
-Կգա՛մ,- էլի խոստացավ Կարոն,- կգամ, հայկական կոնյակը կբերեմ: Դու իմ ախպորը ոտքի հանեցիր,- ասում էր, չնայած հաստատ գիտեր, որ Գառնիկին աղջիկները չեն բուժել: Նրան բուժել է իր երիտասարդ ու առողջ օրգանիզմը:
Մարդիկ շտապում էին: Լսել էին օդանավի կործանման մասին, մի պահ սահմռկել էին, հասկացել, որ կարող էր իրենցից յուրաքանչյուրը լինել այդ ինքնաթիռի մեջ, վախեցել էին, բայց էլի վազել էին, որ չուշանան: Հո բոլոր ինքնաթիռները չե՞ն ընկնի: Իրենք անպայման ողջ կմնան, ոչ մի վթար իրենց չի սպանի և կապրեն երկար, առողջ ու երջանիկ:
Ինքնաթիռը թափավազք կատարեց, պոկվեց գետնից ու Գառնիկն ինքնաբերաբար երկու ձեռքով կառչեց բազկակալներից: Բարձրությունից վախենում էր, բայց ցույց չէր տալիս: Լուսամուտից դուրս նայեց ու տեսավ, թե ինչպես է արթնանում մուժի մեջ կորած քաղաքը: Հետո ետ քաշվեց, գլուխը քաշեց ուսերի մեջ ու մտքում զարմացավ Կարոյի վրա: Չգիտեր հեռատեսությո՞ւն ասեր, թե՞ ժլատություն: Երբ բուժկետից դուրս եկան ու հաշվառման հերթ կանգնեցին, Կարոն ծոցից հանեց կոնյակի նոր շիշ: Նայեց Գառնիկի զարմանքից լայն բացված աչքերին ու բացելով նրան մեկնեց շիշը.
-Առ, խմիր, որ ուժ ունենաս:
Գառնիկը ձեռքը մեկնեց շշին, իսկ Կարոն հարցը կանխեց ու վրա տվեց.
-Հա, ի՞նչ անեի, էս շիշը էդ ռուս աղջիկների՞ն տայի: Սաղ ամառ պահել էի: Հետո հետս վերցրեցի ճանապարհի համար:
Գառնիկը մի քանի կում արեց շշից: Տաք հեղուկը տարածվեց մարմնի մեջ ու երակները գոլ տնքացին: Մնացածը Կարոն խմեց, շիշը գցեց արկղի մեջ:
-Սա մեզ կպահի ճանապարհին,- ասաց ժպտալով:
Ինքնաթիռի մեջ Կարոն քնեց տանջված ու վաստակած մարդու քնով, իսկ Գառնիկը որքան էլ տանջվեց, քնել չկարողացավ: Մեկ ամպերին էր նայում, մեկ անցուդարձ անող ուղեկցորդուհուն, մեկ մտքում վերակենդանացնում էր կարմիր շուրթերով բուժքրոջից եկող օծանելիքի բույրը:
Հետո, երբ բարեհաջող վայրէջք կատարեցին և ավտոբուս նստեցին Կարոն էլի քնեց: Գառնիկը նայում էր նրա սև աչք ունքին, կեռ քթին, անհամաչափ ուռած շուրթերին ու զարմանում էր, թե կինը նրա ինչի՞ն է սիրահարվել, որ ժամանակին հոր խոսքը հաշվի չառնելով, փախել է հետը:
Ինքն իրեն արդեն լրիվ լավ էր զգում, մանավանդ, որ գյուղը մոտ էր և դիպվածով, թե՞ Նախախնամության կամքով փրկվել էր ինքնաթիռի վթարից:
Առաջարկեց շրջկենտրոն գնալ, այնտեղից տաքսի վարձել ու առոք փառոք գյուղ մտնել, բայց Կարոն չհամաձայնեց.
-Մի կիլոմետր ճամփա է,- ասաց,- արժե՞ դրա համար ավելորդ փող ծախսել:
Իջան մեծ ճանապարհի խաչմերուկում ու ճամպրուկներն ուսած` քայլեցին դեպի գյուղ: Կարոն թեթև էր քայլում: Չէր հոգնել նաև Գառնիկը, բայց սրտին դուր չէր գալիս, որ ոտքով, ճամպրուկներն ուսած պիտի գյուղ մտնեն: Լավ էր, որ մութն ընկել էր և շատ մարդ չէր տեսնի իրենց:
Քայլեցին էլի, Գառոն փորձում, բայց չէր կարողանում թաքցնել անբավականությունը և շուրթերն ուռեցնելով կիսաձայն ասաց.
-Սա՜րի սմբուլ Կարապետ:
Կարոն լսեց, չլսելու տվեց, չասաց` Մոսկվայի օդանավակայանում խոսեիր, չասաց` եթե ես քեզ չօգնեի…
Ուսին հարմարեցրեց ծանր ճամպրուկն ու մինչև գյուղ քայլեց առանց Գառնիկի հետ խոսելու:

17-ը սեպտեմբերի 2020թ.

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *