Գրականագիտություն

Սերգեյ Աթաբեկյան | Հոգևոր տեղատվության մեր ժամանակներում…

Հոգևոր տեղատվության մեր ժամանակներում առավել սրվում են պոեզիայի հանդեպ մեր զգացմունքները, և տպագրված ամեն բանաստեղծության, շարքի ու ժողովածուի հետ զգայական առնչությունը դառնում է ուրույն ծես ու հանդիսություն:

• 16 րոպե

Սերգեյ Աթաբեկյան | Հոգևոր տեղատվության մեր ժամանակներում…

Հոգևոր տեղատվության մեր ժամանակներում առավել սրվում են պոեզիայի հանդեպ մեր զգացմունքները, և տպագրված ամեն բանաստեղծության, շարքի ու ժողովածուի հետ զգայական առնչությունը դառնում է ուրույն ծես ու հանդիսություն: Առավել ևս՝ երբ շփվում ես տաղանդավոր գործի հետ: Ահա վերջերս, երկամյա տպագրական մաքառումից հետո, Հովհ. Գրիգորյանի «Հրեշտակներ մանկության երկնքից» ժողովածուն հոգեպես սովյալ ընթերցողին բերում է մտավոր-զգայական նորանոր պաշարներ, բացում խոհերի հարուստ ակունքներ:

Այսինքն՝ հիմնովին փոխհատուցվել է արվեստագետի սիզիփոսյան չարչարանքը, և մենք կրկին համոզվում ենք, որ արդի մեր շատ բանաստեղծների «ակամա» լռությունը պիտի միայն բացատրել ձիրքի սակավությամբ: Ուղղակի պետք է խոստովանել, որ մեր դժվար կյանքն ու տպագրվելու «անհնարինությունը» (բայց մենք տասնյակ թերթեր ունենք) սոսկ շպարներ են՝ քողարկելու գրական անկարողությունը և չընդունելու այն տեսությունը, որ բարձր պոեզիան հեշտ ու ծանր ժամանակներ չունի, այլ ունի իր մշտական ժամանակը՝ տաղանդի մաքառման ժամանակը:

Այսինքն՝ գրական ձիրքն ստուգվում է հենց դժվար ժամանակներում. նման պահերին անհատի ու ազգության իդեալների փլուզումը զայրացնում է տաղանդավոր մարդուն, նրա խոսքը դառնում է առավել կրքոտ: Նա հանդես է գալիս իբրև խռովարար, և նրա պոեզիան մի կողմից լիցքավորվում է ընդդիմադիր կրքերով, մյուս կողմից էլ՝ զուլալում, սրում է կորուսյալ գեղեցկությունների ծարավը: Հովհաննես Գրիգորյանի ներկա ժողովածուն հենց այս հոգևոր տարերքների արտահայտությունն է:

Նախապես նշեմ, որ բանաստեղծի ոճական ու բովանդակային համակարգը, միասնական լինելով, պառակտված է, քանի որ ամենափոքր բջիջը՝ բառը, հնչյունական թաղանթով (սա արտաքին շերտն է) հին լինելով՝ նոր տեքստում ձեռք է բերում իմաստային «անակնկալ» բովանդակություն (ներքին շերտ), և «ծանոթ» անհայտությունից ծնվում է այլագո պատկեր:

Այսպես՝

Մի հոգնած լեռ
անտառը պիջակի նման գցած ուսերին
և պիջակի գրպանից դուրս է ցցվել
սրած մատիտը եկեղեցու գմբեթի:

Հայկական տոհմիկ այս բնանկարում ավանդական բառերը (լեռ, անտառ, եկեղեցի, մատիտ) ասես գոյակցության եզրեր չպիտի ունենային: Բայց բանաստեղծական ձիրքը դրանց միավորում է գեղագիտական ինքնատիպ օրենքներով, ստեղծում իմաստային այնպիսի միջավայր, ուր բառերը ներծծվում են նոր կենսաձևերով: Մեզ ծանոթ մատիտն ու պիջակը ազատագրվում են նախնական իմաստներից, քանի որ, ըստ բանաստեղծի նորագույն տեսության, «հնարավոր չէ պատմել այս ամենը հին լեզվով, հին բառերով, որոնք անվերջ կտրատվում են փտած թելի նման»:

Բառի տեսադաշտի ընդարձակման այս տեսությամբ Հովհ. Գրիգորյանը իմաստալից առնչության է գնում մեր դարի պոեզիայի առաջատար միտումներին և իր բառերի ինքնատիպ փոխակերպություններով վերստեղծում է իրերի ու մարդկանց աշխարհը: Այստեղ հարկ է շեշտել էականը. նրա պոեզիան շատ է կյանքոտ, նա անվերջ բերում է ժամանակի ազդերն ու ազդանշանները, նրա պատկերները լեցուն են առօրյա կյանքի հոսքերով: Երբեմն դրանք մերկ ու փաստացի են (երկրաշարժ, շրջափակում, խորհրդարան), բայց ամեն անգամ բանաստեղծը դրանց հաղորդում է արվեստի շունչ ու նոր կեցություն, ամեն դեպքում «հին» աշխարհը մատուցվում է նորանոր երանգներով:

Այլ կերպ ասած՝ արվեստի օրենքներով «ղեկավարվող» նրա բառերը վանում են կյանքի մերկ ու անհրապույր երևույթների առարկայականը և շարժվում դեպի խորքը, դեպի իրերի անտես միջուկը, դեպի նրանց ոգին: Իսկ սա բանաստեղծի այս տեսակի որակներից է: Ծնվում են նոր հայացք, նոր աշխարհ, նոր ընկալումներ: Բազում նմուշներից առանձնացնենք մի քանիսը.

Իմաստուն միտքը ջահել, ճերմակ աղավնու նման,
կապույտ ու խորունկ երկնքի ֆոնին՝ որպես սքանչելի
մտահղացում…

Ծաղկած ծառերի վրա
ծաղիկները փոքրիկ ու ճերմակ օրորոցներ են, և ճերմակ
բարուրների մեջ արթնացել են երեխաները…

Երկինքն ամբողջովին խզբզված է ծիծեռնակներով,
ինչպես տառասխալներով լցված տետրակի էջ…

Այլ պատկերներում անապատի անծայր էջին ձգվել է ուղտերի քարավանը՝ իբրև մեքենագրված տող, իսկ ամռան դեղձենին շոգի մեջ կարկամել է, չգիտե «ինչով թաքցնի կրծքերը շիկնած»: Վարդը՝ դեռատի մի աղջիկ, ծնողներից թաքուն ներկել է շուրթերը: Ահա և ավանդական գիշերվա «մոդեռն» բնանկարը. պսպղում է լուսնի գիպսե սկավառակը՝ աստղերի «անթիվ-անհամար արևածաղիկներով շրջապատված»:

Ընդգծենք. բանաստեղծի միտքը նորագույն տեսության օրենքով նույնպես անհայտից միտվում է դեպի հայտնին, անանունից անվանյալը, բացում «անսովոր» ու զարմանալի նոր միջավայր՝ ճիշտ և ճիշտ այս պատկերի նման.
«Ինչ-որ քչփչոց է լսվում թփերի միջից, ինչ-որ զսպված ծիծաղ: Զգույշ ետ տար խոտերն ու թփերը, զգույշ ետ տար, և չարության մեջ բռնված փոքրիկ տղայի նման աչքերը լայն բացած՝ վախով քեզ կնայի մի փոքրիկ առու»:

Այսպես հին իրերի ու բառերի հանդեպ բանաստեղծի խռովարար հոգեվիճակը ստեղծում է գեղարվեստական մի նոր ու գունեղ միջավայր, որի իմաստային առանցքներն են՝ պատրանքայնությունը (առուն՝ վախվորած, թաքնված մանուկ), մտքի «խաբկանքը» (դեղձը՝ աղջկա հասուն կրծքեր), թվացյալությունը (ճնճղուկները ձմռան՝ ծառերի թարթիչներից սառած արցունքներ), անուրջը (լիճը՝ ամռան մեջ բացված պատուհան) և այլն:

Ուրեմն, կարելի է ասել, որ Գրիգորյանի պոետիկայում իրերն ու երևույթները հիմնականում այն չեն, ինչը առօրյա է, այլ առարկայական աշխարհից «ածանցյալ տեսիլներ են», իսկ ժողովածուն՝ մի միասնական ու մեծ «տեսլադաշտ»՝ կյանքի, ժամանակի, իր ապրածի մասին: «Ահա ևս մի նոր գետ» բանաստեղծությունը կարելի է համարել այդ մեծ տեսիլի մոդելներից մեկը.

Ահա ևս մի նոր գետ, որ դեռևս չի գրանցվել
քարտեզների վրա: Նրա անունը
կարելի է Աղի դնել, կամ էլ պարզապես՝
Արցունքի: Այն հոսում է սովորական դաշտերի միջով
և՝ ամենասովորական լեռների…

Սովորական է նրա միջավայրը (լեռ, դաշտ, հովիտ), բայց անսովոր ու բացառիկ է նրա բնույթը. ցերեկները հոսում է դանդաղ, իսկ խոր գիշերներին «սկսում է բարձրաձայն հեծկլտալ և խոսել ողբաձայն ինչ-որ մի հին ու տխուր լեզվով, որն հիմա ոչ ոք չի հասկանում»: Ճիշտ է, որ սիմվոլիկ բառը (կամ պատկերը) ձգտում է անսահմանին, և, այնուամենայնիվ, այդ անսահմանն ամեն դեպքում ընկալվում է իմաստային որոշակի շերտերում: Ներկա դեպքում էլ Արցունքի գետը որքան էլ խորհրդանշում է վշտի ու դառնության բացարձակը, այդուհանդերձ, իր պոլիֆոնիկ-սիմֆոնային շերտերում գաղտնագրում է և՛ մասնավոր, և՛ ընդհանրական հոգեվիճակներ:

Ամենից առաջ նրանում ցոլանում են հայ հողի ու ժամանակի մայրուղին, նրա ալեհեր ոգին ու խոսքը (մի դեպքում զուսպ է ու ներփակ, մի այլ պարագայում՝ ողբաձայն հեծկլտոցով խոսում է իր հնագույն լեզվով, որն անմատչելի է չոր ու անհոգի աշխարհին): Այս հոսքը կարելի է նաև գիտակցել իբրև համանուր Տառապյալի՝ աղետների միջով անցած Մարդու հոգու և բախտի դիմանկար: Այս ամենն, ի վերջո, համախմբվում է բանաստեղծի հոգևոր փորձի մեջ: Այսինքն՝ Արցունքի գետն ինքը բանաստեղծն է, որի զգայական-իմացական աշխարհում միավորվել-խտացել են կյանքն ու ժամանակը. հնավանդ և նորագույն անցքերն ու արժեքները:

Վերը նշված «մանրատեսիլներում» և սիմվոլների առանձին ու կիսանկախ շերտերում նշմարվում է Գրիգորյանի «պատումների», նրա ոճական հյուսվածքի մի կարևոր առանձնահատկությունը՝ «դրվագայնությունը»: Մի պահ նույնիսկ այնպես է թվում, թե բանաստեղծը հաջորդաբար ասմունքում կամ մատուցում է տարաժանր պատմություններ: Եվ իր խոսքի տարասեռ բնույթը չի թաքցնում՝ «Մի բարձր տեղ կանգնած պատմում էր», «Սա մի նոր պիես է…», «Եվ հերոսներից մեկը… պիտի դուրս գա բեմ ու պիտի ասի…», «Ահա մի պատմություն, որը չի կրկնվում», «Բայց դա կլինի բոլորովին ուրիշ ողբերգություն», «Հիշեցի մի նոր պատմություն» և այլն: Ժանրային այլասիրության վկայությունն են մի շարք խորագրերը՝ «Հին ու նոր պատմություններ», «Հրաշալի կրկնություններ», «Ահա մի նոր պատմություն», «Կրկնվող պատմություններ», «Շարադրություն», «Հայ ժողովրդի պատմության համառոտ ձեռնարկ», «Եվ ինչ է ողբերգությունը» և այլն: Նույնիսկ սրանց արտաքին արտահայտության պլանում նկատվում է բանաստեղծի սյուժետավոր-դիպաշարային մտածողության հակումը:
Պարզ է դառնում, որ արվեստագետի իմացական աշխարհն ու կենսական հարուստ տպավորությունները չեն տեղավորվում միայն հուզականի և միայն մեկ ժանրի սահմաններում:

Նկատենք նաև, որ Գրիգորյանի մի շարք բանաստեղծությունները («Նոր պատմություններ», «Այն տարիներին», «Շրջանակ…», «Աթենք», «Հյուրանոց») չափածոյի ռիթմիկ հոսքի մեջ խտացնում են պատմվածքի ու վիպակի «դրվագային» պատումներ: Այս բնույթի գործերում դրվագ-գործողությունը (արտաքին շարժում) հագեցվում է հոգեվիճակ-գործողությամբ (ներքին շարժում), որոնցով նրա ոճը ձեռք է բերում քնարաէպիկական ներծծված երանգավորում:

Ահա այս խորությունը հիմք է տալիս ասելու, որ բանաստեղծի ներկա ժողովածուն մի կյանքի պատմություն է, մի իրապատում ասք, մի ուրույն չափածո վեպ, որում կիսանկախ ձևով միավորված են մի շարք պոեմներ (օրինակ՝ «Շրջապտույտ» շարք-պոեմը, Գյումրիի ենթավեպը կամ պոեմը, ինչպես և մանկության, հայրական տան ու ծնողների պոեմները և այլն): Կառուցվածքային առումով խիստ ուշագրավ է, որ հիշյալ պոեմների առանցքը բանաստեղծի գերխիտ կերպարն է, նրա հոգևոր դաշտում են միավորվում ամենքը, սնվում, հյութավորվում-կազմակերպվում են նրա մտքի միասնական ներուժով:

Հովհ. Գրիգորյանը, ինչպես զգացվում է վերոհիշյալ խորագրերից, շատ չափով անցյալ ժամանակի և այն էլ դժվար կացությունների բանաստեղծ է: Նկատելիորեն աղճատված ու դրամատիկ է նրա հերոսի հոգեվիճակը, այստեղից էլ մռայլվում է նրա ոճը: Իր ապրած կյանքը (ետպատերազմյան թշվառ օրեր, հոգևոր ու բարոյական հարատև բռնություն, հայրենիքի քաղաքական խոշտանգումների գիտակցություն, անուրախ, խեղճ ու կրակ միջավայր, երկրաշարժ, վերջին շրջանի զավեշտաողբերգական անցքերը և այլն) նկատելի ու աննկատ հոսքերով թափանցել են բանաստեղծությունների ենթաշերտը՝ պատումին հաղորդելով մռայլ ուղղվածություն:
Երբեմն նա հոգևոր դաշնության է գնում մեծ ողբերգակների ու տառապյալների (Էսքիլես, Նիցշե, Կաֆկա և ուրիշներ) հետ՝ խտացնելով պատկերի միջավայրն այնքան, որ անեղծ բնանկարն անգամ ներծծվում է եղերական երանգներով.

Աշունը բարձրացնում է իր դեղին վարագույրները,
և մի պառավող օրիորդ է երևում բեմի խորքում.
չորացած ճյուղերից կախած մի քանի թանկարժեք տերև,
և լացակումած կարդում է Կաֆկայի օրագրերը,
որոնք կարող էին նաև իրենը լինել:

«Սա մի նոր պիես է»,– գրում է բանաստեղծը, և այդ պիեսը նախ և առաջ իր գիրքն է, որը բացում է տխուր, ճմլող հեռաստան, բեկված երազների և ցամաքած երջանկության ոլորտներ:

Իրոք, հաճախ մռայլ ու ողբերգական է Գրիգորյանի պատկերած աշխարհը, իսկ հաճախակի կրկնվող մետաֆորները (արցունք ու մահ, թափոր ու թաղում, անձրև ու տխրություն, լաց ու հիշատակ, շիրմատուն ու լռություն և այլն) առավել հուսահատական են դարձնում միջավայրը, մեծացնում հոգեկան որբության սահմանները: Մետաֆորի և սիմվոլի «անիրական» միջավայրում հստակ նշմարվում է իրական կյանքի ողբերգական ակունքը, ցավի սկիզբը.

– Նայիր պատին, հովհայ, – զիլ ձայնով ճչացի ես,
երբ ծնվում էի,
երբ ընդհակառակը, ամառ էր և շոգ,
և պատն աճում էր ինձ հետ, բարուրից
տեղափոխվում օրորոց
և նույնիսկ քայլել սովորեց ինձանից արագ,
աճում էր, մինչ ես ոտանավորներ էի սերտում…

Բանաստեղծության տարածքը փոքր-ինչ միֆական է (արևելք, ինչ-որ ծերունի արաբ, միջավայրի խորհրդավոր կահավորում), և այնպես է թվում, թե բռնության խորհուրդները վերաբերում են ինչ-որ ուրիշ աշխարհների: Բայց դա «սիմվոլիկ խաբկանք է», և պատը, իբրև բռնության խորհուրդ՝ ուղեկցել-ուղեկցում է բանաստեղծին (հայ սերունդներին) ապրած… ու չապրած բոլոր օրերում: Ըստ որում, պատկերի ողբերգականությունը շատ ավելի սպառնալի է դառնում, քանի որ չարիքի դեմ կանգնած է զգայուն ու անպաշտպան հոգին. դեռ մանուկ օրերից նա սերտել է տաղեր:

Անգամ իր հիվանդ ու անկար օրերին կարդում էր «Դոն Կիխոտը» («Մայրս ջղայնանում էր, որովհետև դժվար էր ինձ տեղից տեղ տանելը «Դոն Կիխոտի» ծանր հատորի հետ միասին»): Ահա բարձր գաղափարներով զրահապատ, բայց հոգեպես անզրահ մարդու այս տեսակը հոգու թռիչքների բոլոր պահերին բախվել է հոգևոր-քաղաքական իմաստով անբարո բազում պատերի: Այս մթնոլորտում է նաև հասակ նետել բանաստեղծը, և այսօր էլ. «Լռություն է, սարսափելի գիշեր, համրացած լեզու, խավար պատ, որ չունի ոչ մի լուսավոր պատուհան»:

Անել վիճակներում եղծվում են հոգին, անգամ երազները: Թվում է, թե հումորով («Եվ մի առավոտ, երբ բացեցի պատուհանս, իմ դեմ բացվեց մի հրաշալի տեսարան. ամենուր պատ էր, սքանչելի, հասուն և ավարտուն մի պատ») կարելի է «մեղմացնել», բթացնել գունեղությամբ «գայթակղիչ» միջավայրի վտանգը, բայց դա բանաստեղծի «գիտակցական ինքնախաբեությունն է», որի մասին դեռ կխոսենք:

Այստեղ ավելացնենք, որ պատի մետաֆորն ինչ-որ կարևոր բան է պարունակում համամարդու ճակատագրից: Սա խիստ կարևոր հատկանիշ է, քանի որ հայ բանաստեղծը հայկական ժամանակին, հայ մարդու ճակատագրին հաղորդում է ընդհանրական հնչեղություն՝ մեծացնելով մեր նյութի և բախտի սահմանները: Սարսափն աստիճանաբար ուժգնանում է, արժեքները անզոր դալկանում են, բնական գեղեցիկն առավել դառնում է անպաշտպան. իմաստային ծանր բեռով հուն են բացում նոր ու չարագույժ մետաֆորներ՝ համր լեզու, ագռավ, անշարժ բիբ, խորհրդավոր վարագույր, շղթա, որոնցով համակարգ են մուծվում անփարատելի տագնապներ՝ կյանքը վերածելով մղձավանջի.

Շղթա չկա նրանց ոտքերին, բայց հազիվհազ են քայլում,
Շղթա չկա նրանց ձեռքերին, բայց կաշկանդված են նրանց շարժումները,
բայց շղթաների զնգոցից աղավնիներն ահա խուճապահար
բարձրացան երկինք…

Այստեղ խաբկանք չկա, քանի որ ազատ ձեռքերի և անշղթա ոտքերի տեղ շղթայակապ է բանաստեղծ-հերոսի հոգին, և աղավնիների ազատ ճախրն անգամ փայլ չի նետում տառապյալների հորիզոնին: Բայց, այնուամենայնիվ, հենց այս համատարած ողբերգության տիրույթում հայտնաբերվում է և՛ ցավի, և՛ ցանկալիի ակունքը՝ բնականի (աղավնիների ճախրը) և անհեթեթի (մարդկանց շղթայակապ հոգին) կից անհամատեղությունը: Եվ այս հիմքի վրա կուտակվում են հոծ ենթաշերտեր, ուր գեղեցիկը պաշարվում է հակագեղեցիկով, երազը՝ մղձավանջով, ցանկալի ժամանակը՝ հակաժամանակով, իսկ երազկոտ հոգին հար ենթարկվում է հակամարդու հարվածներին:

Այս հիմնային կոնֆլիկտն առանձին դեպքերում սեղմվում-խտանում է ժամանակային փոքր միավորի մեջ՝ օրվա մետաֆորում, և հաճախ արտահայտում է իրական օրվա և բանաստեղծի հոգևոր օրվա սուր հակադրության տեսքով: Իրական ժամանակը խտանում-ծվարում է մեկ օրվա տարածքում, այսինքն՝ իր ապրած կյանքն ու ճանաչած աշխարհը, իբրև ժամանակ, ճակատագիր ու տարածություն ներսուզվում են օր մետաֆոր-սիմվոլի շերտեր, որոնց խտությունը բնութագրելու առումով խիստ հարմար է Բախտինի քրոնոտոպ տերմինը (ժամանակի ու տարածության համաչափ փոխակերպման, անտրոհելի միասնության պատկեր):

Հովհ. Գրիգորյանի «օրվա պոետիկան» իմաստային մի շարք նրբերանգներ ունի: «Առավոտյան դու դեռ ոչ մի տարեկան ես»,– խորհում է բանաստեղծը, և դրանով առանձնացնում մաքուր Սկիզբը՝ ճերմակ, անթերի ժամանակ: Այլ բանաստեղծություններում մաքուր սկիզբն աճում, իր մեջ է առնում այգաբացը, վաղ առավոտը, թափանցիկ լազուրը, ապա մանկության զուլալ աշխարհը, միֆական անարատ եզերքները, առաջին սիրո կուսական թրթիռները, լայն իմաստով՝ նախնական ու մաքուր արժեքները և այլն: Այս բոլոր սկիզբները կազմում են բանաստեղծի հոգևոր օրը, որը և շուտով (երբ իրական օրն առաջ է գնում, և ծավալվում են բուն ժամանակի աղտերը) եղծվում է բազում հարվածներից:

Թվում է, թե վաղը կսկսվի նոր կյանք, բայց դա սոսկ ցանկալին է՝ տեսիլներով առատ այս համակարգում: Ամեն օրն իր հետ բերում է հակամարդու ահագնացող սպառնալիքը.

Ահա լսում եք, որսորդական փողը հնչեց,
ազդարարելով օրվա սկիզբ, ահա լսում եք,
ձիերի սմբակների դոփյունից դողում են ծառերը սմքած,
ահա լսում եք, պայթում է սիրտս տագնապից ու վախից,
և օղակն է սեղմվում կամաց-կամաց…

Սա նաև մեր օրն է ու մեր ժամանակը, որը «հիշարժան դարձնելու համար հուսահատ ճիգեր է թափում ամենօրյա լրագիրը՝ ինչ-որ մի անգույն եռանդով»: Օր-սիմվոլի հաճախականությունն աստիճանաբար սաստկացնում է հակաժամանակի պատկերը: Բանաստեղծը կյանքի տաղտուկը («Եվ էլի նույն գրքերը», «և միշտ նույն պառավն էր նստած դռան առաջ կամ պատշգամբում և միշտ նույն շունը հաչում էր՝ խառնելով օրերը իրար»), ամուլ ու անպտուղ ժամանակը (որը «հոսում է մատների արանքով»), կեղծ ու սնամեջ կյանքը («Դատարկ բառերով լցված է օրը»), Նոր տարվա օրը («թղթե նոր տարի»), անգամ ծննդյան օրը («Աջ կողքիս մայրս է արտասվում, ետևում հեկեկում են քույրերս, իսկ դեմքը մազակալած այս տղամարդը հայրս է») միավորում է հակամարդկային մեկ, բայց գերխիտ ժամանակում: Եվ այնպես է ստացվում, որ այդ պահի մեջ խտանում է բանաստեղծի ապրած կյանքի մեծ ժամանակը, և որ նրա բոլոր օրերը նույնն են: Ուրեմն՝ քնարական հերոսն ապրել է միայն մեկ օր, և մարդը վեր է ածվել թիթեռի, որը «հուսահատ թպրտում է՝ խփվելով պատուհանիդ թաց ապակուն, և դու կմտածես, ահա կյանքդ տևեց մի օր ու ավարտվեց»:

Խորքային այս մոտիվը հարստացվում է միալար աշխատող, երբեմն էլ կանգ առած ժամացույցի մետաֆորով, որը դարձյալ խորհրդանշում է ամայի կյանքը («ոչ-ոք, ոչ-ոք, ոչ-ոք՝ անտարբեր պատասխանեց ժամացույցը» իր միալար թխկացող մկրատով) և խնդությունից պարապ ժամանակը («ոչ մի ուրախ օր չեմ ապրել, ոչ մի հեշտ ու թեթև օր», և ապա՝ այս ինքնատիպ հոգևոր բանտարկյալի տան դռները փակ են, մեխել են պատուհանները, «արցունքը դանդաղ շրջում է սենյակում»):

Եվ ի՞նչ, հույսի շող չկա՞, և իրո՞ք «կյանքը մի արատ է, որը բուժվում է մահով», ու սրան հաջորդելու է ռեքվիե՞մը.

Դժվար է քեզ դառնաղի հրաժեշտի խոսք ասել,
Ճանապարհորդ մոլորված, ոտաբոբիկ, անտերունչ:
Գիշերվա փակ դռների առաջ կանգնած գլխիկոր
Դու չուզեցիր նայել ետ՝ ապրող մարդկանց աշխարհին:
… Կապրես այդտեղ դու հեռվում, մոլորակում տխրության,
և արցունքը կծածկի ճանապարհը ետդարձի…

Նրբին ու մարդկայնորեն ճմլող է մահվան եղերական պատկերը, բայց լինելով բարձր տենչանքների ու նրբին խոհերի բանաստեղծ՝ Գրիգորյանը ենթատեքստերում և անգամ մահվան շնչի ներքո բորբոք է պահում սերը կյանքի և կարոտը կորուսյալ արժեքների հանդեպ:

Այս ամենով հանդերձ և դրանից զատ բանաստեղծն իր գրքում բացում է հոգու ուրիշ եզերքներ, կեցության ճախրի գունեղ հանգրվաններ:
Բանաստեղծը (ինչպես ամեն ճշմարիտ արվեստագետ), որն իր ժամանակի խիղճն ու ոգին է և հայրենիքը գիտակցում է իբրև սեփական էություն («Սա իմ երկիրն է, չափսերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ»), բանաստեղծը, որն իր տաղի ոլորտներում հոգեպես մեծացնում է նույն այդ հայրենիքի ոգու սահմանները, ներքին դառնության պահերին հաճախ էլ դիմում է հումորի, հեգնանքի, երբեմն էլ՝ գրոտեսկի ու սարկազմի (սրանք նրա ոճի ու մտածողության ամենաբնորոշ երանգներից են):

Երբեմն նա դիմում է ինքնախարազանման («Ո՞վ ես դու, – և ես ձեզ կասեմ, որ ես ոչինչ եմ՝ փոքրատառով, սովորական մի ոչինչ»): «Ինքնաոչնչացման» այս մոտիվը սնվում է կյանքի համատարած ոչնչությունից, այն գիտակցությունից, որ մեր ժամանակը մի ընդարձակ հյուրանոց է («Հյուրանոց»), առանց հոգևոր ջերմության, առանց ազգային ու ընդհանուր մարդկային ամուր կապերի, և որ հենց նման պահերին էլ մարդը հոգեպես ամայանում է, ու հալվում-անէանում է նրա կենսադաշտը: Մարդը՝ մարդու օրերի ու անպտուղ ժամանակների համար տառապող մեծ անհատը, ցավագին զգում է, որ ինքը և՛ կա, և՛ չկա («որ դու այստեղ ես, բայց և այստեղ չես, որ դու հիմա կաս, բայց շատ ավելի՝ չկաս»): Եվ հասկանալի է դառնում, որ մի պահ նա իրեն նույնացնում է իր ապրած ժամանակի հետ՝ «Իսկ դու ի՞նչ ես տեսել – գրեթե ոչինչ՝ գորշ ու տխուր մի կյանք»:

Այս մթնոլորտում հասակ նետած բանաստեղծը հեգնանքով (և սա նրա ուրույն սերն է մարդու, ապա և՝ «անուղղակի» կարոտը ցանկալի կյանքի հանդեպ) ասես ուզում է թեթև շունչ փչել ծանր կացության վրա, ասես ձգտում է հասկացնել, թե սպառնացող չարիքն այնքան էլ վտանգավոր չէ, որ կարելի է նաև ծիծաղել:

Հիշենք տառապյալների մի պատկեր (այստեղ լսվում է նաև ետերկրաշարժյան Հայաստանի աղաղակը), որում ծանր ողբերգությունը քողարկվում է «զավեշտական» բառերի (խաղաղ, մնաք բարով) թաղանթի տակ. «Մնաք բարով ռելսերի վրա նստոտած հարազատներ, ապրեք խաղաղ՝ բանտերի խցերում և հոգեբուժարաններում, գարշահոտ գարեջրատներում և նկուղներում՝ առնետներով լի»: Ահա այս դժոխքը «մեղմացնելու» համար հաճախ նա գրոտեսկային տեսքով «աղճատում» է կյանքը, փոխում նրա բիրտ ձևերը («ուր ծառերը գլխիվայր են աճում՝ արմատները երկինք պարզած, պտուղները՝ հողի մեջ»), որպեսզի գոնե այլակերպությամբ մեզ դուրս տանի ու փրկի ապականված ժամանակներից:

Բայց բանաստեղծն ունի նաև հոգևոր այլ զրահներ՝ ընդդեմ հակամարդու և հակաժամանակի: Ընթացիկ ողբերգական կացություններից նրա միտքը երբեմն ուղղվում է վաղվա ցանկալի ոլորտները.

… Եվ դա վաղն է – երկար ու արևոտ օր՝
լցված նոր կյանքով, կանաչ տերևներով,
ճյուղերով, որոնք բանաստեղծության տողերի նման
աճում են հենց աչքիդ առաջ…

Ազատ ու շեն օրվա տեսիլները՝ երգի ու շքեղ կյանքի դաշնավոր հանգրվանում միանում են իրար՝ ստեղծելով կեցության ցնծության պատկեր: Ակներևորեն դա ազատ կյանքի և ազատ երգի միասնության կարոտն է, որն ի վերջո ապաստանում է բնական ու չպղծված եզերքներում: «Շրջապտույտ» պոեմն արթնացնում է հենց այդպիսի կյանքով ապրելու բեղուն տենչանքներ, և հոգևոր բռնություններից վաղ «ծերացած» բանաստեղծը երգի և հոգու անդորրության է հասնում տեսակների ազատ ու ջինջ ճախրանքների մեջ.

… Ինչպես տերևը՝
միամտորեն կառչած ծառի կատարին,
ինչպես թռչունները,
որ թռչում են առանց որևէ լուրջ պատճառի,
ինչպես մողեսը,
որ արագորեն անհետացավ
ավազների անհուն համբերության մեջ,
և ձուկը,
որ ձեռքերը գրպանները դրած լողում է
իսկական ու շողշողուն լռության մեջ:
Բայց հոգին չունի սկիզբ ու սահման,
և երգը հենց այդ մասին է խոսում,
երգը, որի մեջ աճում է տերևը…

Այսինքն՝ բնության կույս ոլորտներում տեսակների հանդեսն է, մի անթերի սկիզբ, որի ծարավը փոխանցվում է երգին՝ դառնալով հոգնած հոգու հանգրվան:

Երբեմն էլ բանաստեղծի իմացության ոլորտներում, իբրև մի ուրիշ տենչանքի ակունք, բացվում են վաղնջական ժամանակների դռները: Մի շարք բանաստեղծություններում նա դառնում է միֆական ոլորտներին, հնագույն տիպերին և հավատի մաքուր ակունքներին (Սուրբ Կույս, Աստված, Փարավոն, Դավիթ մարգարե, Հովսեփ ու Աբել, ուրիշներ): Այլ գործերում ստեղծելով ժամանակի ու իր տենչանքների խոր ու հարուստ հակադրության պատկերը, բանաստեղծն իր հայացքն ուղղում է դեպի կուսական անհունները՝ իր զգայուն տեսակի ակունքն ու հայրենիքը.

… Կան ցավի ու հուսահատության պահեր, երբ սևանում է հոգիս,
երբ մշուշվում են աչքերս, ու հենց այդպես՝
մշուշված ու ոչինչ չտեսնող աչքերս հառում եմ երկինք՝
որոնելու հեռավոր ու անհայտ հայրենիքս՝
անանուն մի մոլորակ,
ուր, երևի, ճիշտ և ճիշտ այսպիսի Մասիսներ կան…

Վերջապես, բանաստեղծի պոեզիայում մի ամբողջ հոսք են բացում վերհուշների և վերադարձի մոտիվները: Վերադարձ դեպի մանկության եզերքը, դեպի առաջին սիրո տագնապներն ու անուրջները, դեպի իր հոգու և մտածական աշխարհի մաքուր ու ջինջ սկիզբները: Եվ այս անեղծ մթնոլորտում բանաստեղծական ուժեղ ու ազդեցիկ պատկերներով քանդակվում են հոր ու մոր, մտերիմների կերպարները: Նոր վերադարձի, անվերջ վերադարձի հոսքերով բանաստեղծը մթերում է վերհուշների, պատրանքների, տեսիլների ու անուրջների նորանոր խմբեր, որոնք առաջացնում են գեղարվեստական հոծ միջավայր, քանի որ մի կողմից խիստ առատ են հայրենի եզերքի ու նրա մարդկանց «կենսագրական» հաղորդումները, անցյալ ժամանակի ինֆորմացիան, մյուս կողմից էլ՝ գեղագիտորեն չզինված աչքի համար փոքր-ինչ անհաղթահարելի է թվում սիմվոլ-պայմանաբառերի «պատնեշը»: Եվ, այնուամենայնիվ, այդ ամենը հղկելով անհատական փորձի և սեփական գեղագիտության օրենքներով՝ բանաստեղծը հյուսում է ինքնատիպ փիլիսոփայություն՝ կորուսյալ արժեքների, մարած ձայների, հեռացած գեղեցկության և հարության ու հնարավոր երջանկության մասին:

Ժամանակի այն հեռու եզերքներում՝ իբրև փոխհատուցում, պայծառանում է տան, օջախի ու մանկան «լուսանկարը», և զգում ես մոտիկ, շատ մոտիկ թափառող երջանկության շունչը.

Ահա իմ հին լուսանկարները, սիրելի հյուրեր, բարեկամներ
իմ թանկագին, հիացեք ինչքան ուզում եք, չէ՞ որ
ամբողջ օրը մերն է: Ահա այս մեկը – ես ընդամենը
երեք տարեկան եմ: Աջ կողքիս մայրս է ժպտում, ետևում
քույրերս են կանգնած ու ծիծաղում են, իսկ այս
ուրախ տղամարդը հայրս է…

Լուսանկար-վերհուշը մի պահ մոռացնում, մի պահ քողարկում է հոգեպես աղետալի մեր ժամանակը: Դրանով և բազում ուրիշ տեսիլ-երազներով բանաստեղծը ասես քողարկում է նաև ծնողների դժվար ժամանակը, հայրենի քաղաքի ու նրա մարդկանց ողբերգությունը և պայծառ երանգներ մուծում բոլոր տառապյալների՝ իր հոգևոր եղբայրների ներաշխարհ:

Հենց այս առումով էլ գրքի խորագրի միավորները՝ հրեշտակներ, մանկություն, երկինք, ամփոփում են անարատ սկիզբների, անեղծ ակունքների խորհուրդներ, որոնք հար սնում են ինքնատիպ այս տաղանդավոր բանաստեղծին՝ հյուսելու Եղիցի Լույսի իր համակարգը:

ՍԵՐԳԵՅ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Թողնել մեկնաբանություն