Տիգրան Գրիգորյան | Շիրին–Շիրինամ

Նա ներս է մտել:
Նստել է նա:
Նա չի նայում կարմրահեր բոցին:
Վառվում է լուցկին:
Մեկնել է նա:

Գիյոմ Ապոլիներ

Ճամփորդությունը դեպի մեծ Արևելք սկսվեց Այղրի կիրճի երկար մայրուղուց, այստեղով անցնում է Կովկասն ու Թուրքիան կապող լայնահուն ճանապարհը։ Մի ժամանակ, երբ սահմանները բաց էին Ղարսաչայի վրայով մինչև Ալեքպոլ քսան րոպեյվա ճանապարհ էր երկաթուղով, հետո ուղիները փակվեցին ու զմրսվեցին։ Մնացյալ պատմությունն արդեն հայտնի է աշխարհին։ Ոչինչ չի փոխվել, նույն սկզբունքային հարցերն են, որոնք անլուծելի կմնան այքան ժամանակ, քանի քաղաքակնությունը կառուցվում է թշնամանքի հողի վրա ու ամեն պատեհ առիթով թե՛ մերոնք, թե՛ նրանք սպառնում են միմյանց, որ պատմաբանների խումբ կստեղծեն, որ անկախ մոնիթորինգ կանեն, եվրոպական միջնորդներ կգտնեն ու բազմաթիվ նմանօրինակ դատարկաբանություններ, մի խոսքով ամեն ինչ՝ քաղաքական կամքից բացի։ Մեր արշավախումբը աղմկելով, երգու ծիծաղով անցնում էր հարևան երկրների փակ սահմաններով ու այդ խմբի շատ անդամներ մեկնում էին վստահաբար մի նոր հայտնագործություն անելու, մի բան տեսնելու, որը իրենցից բացի՝ հաստատապես ոչ- ոք նկատած չէր լինի։ Վերջին սահմանային անցումից հետո, լուսաբացին, ճանապարհի երկայնքով փռված էր Հյուսիսային ծովակը ՝ Չլդըրը, կապու՜՜յտ, անեզր…
Ես արևելահայ եմ և չկա ինձ համար ավելի մեծ երջանկություն, քան զերծ լինելն այն բարոյական ողբերգությունից, որը մարդուն դարձնում է հավերժ հայրենազուրկ ու գաղթական։ Նրանց սերունդները ևս սրբորեն պահպանում են այդ հայրնազրկվածի հուշերի տոպրակը ու հետ դառնալով իրենց նախնիների երկիրը՝ ամենաշատն իվիճակի են մի թիթեղյա տուփով հող տանել իրենց նոր Ավետյաց երկիրը՝ Ամերիկա, Ավստրալիա, Ֆրանսիա կամ էլ՝ հենց Հայաստան։ Մեզ հետ էր գալիս նաև բժիշկ – բուսաբան Նազեր Ալթընը։ Հենց նա էլ սկսեց պատմել Անատոլիայի ժողովրդի մասին։ Նայեց պատուհանի մոտ նստած Հելլենին ու մատը տնկելով՝ ցույց տվեց արևի մեջ կիզվող դաշտավայրը. « Տե՛ս, հիմի էս ողջ տարածությունն անվանում են Քիւրդիստան, հսկայական հողեր են, մի քանի պետության տարածքում»,- Հելլենը նայեց-նայեց ու ձայն չհանեց, մեկ էլ ասաց թե․ «քսան միլիոնի հետ խաղ ես անում, կանայք էլ են զինված, առանձին ջոկատներ ունեն»։ Հետո սկսեցին խոսել թուրքերեն ու նրանց զրույցից հասկացա, որ ինչ-որ քուրդ աղջկա մասին է խոսք գնում, որը ժամանակին էս կողմերում էր ապրել։ «Դոկտոր Ալթըն բա ինչպե՞ս հանդիպեցիք Շիրինին»․-հարցրեցի ես՝ նրա և Հելլենի զրույցից ինչ-որ կտորներ որսալով։
«Ես դեռ ուսանող էի, երբ մենք էլ ձեզ պես արշվախմբով հաճախ գալիս ենք հյուսային Իրան, Անադոլլու՝ բույսերն ու ֆլորան ուսումասիրելու համար»,- Ալթընը երկար ժամանակ Թեհրանում էր աշխատել ու միայն նախագահ Օզալի կառավարման շրջանում էր տեղափոխվել Ստամբուլ, այսինքն 90-ականներին երբ արդեն կայացած բժիշկ էր. «Իմիջիայլոց մեզ հետ լուսանկարիչներ էին գալիս, ազգագրագետներ, որոնք հետաքրքրված էին էս շարջաններում ապրող քրդերի կյանքով»։ «Երբ մի անգամ էլ եկանք դեպի Դողու–Բայազեդ,

Լուսանկարը ՝ Էրիկ Լաֆորժ , Հս․ Իրաք

Վան, այստեղ հիմիկվա պես բարձրահարկ շենքեր, բա՜ն չկային, էստեղ գյուղաքաղաքներ էին, որի շուրջ քրդկան ղշլաղներ էին»,- ես ուշադիր մեքենայի պատուհանից հետևում էի նրա ցուցամատին, որն ուղղություն էր տալիս դեպի կիսամութ ընդարձակ տափաստանները…ճանապարհն անհարմար էր, բոլորը կիսաքնած էին, ջարդոտված, իսկ մենք զրուցում էինք. «Ամեն անգամ էս պատմության մասին հիշելիս սիրտս կտոր –կտոր է լինում, մի՛ խոսեցրու անցած- գնացած օրերի մասին»։
Ճանապարհները հետաքրքիր հատկություն ունեն՝ կա՛մ մոտեցնում են բարեկաներին կա՛մ հավերժ բաժանում։ Այսպես է պատմությունը, այսպիսին է կյանքն առհասարակ։ Մենք երկար ուղիներից մերձենում ենք հոգեպես, ավելի սթափ դառնում, բացում հայացքն աշխարհի առաջ ու դառնում ճամփեզրի փիլիսփաներ։ Տրորում ենք Շիդհարի ճամփորդի պես վերստին տրորոված ճամփաները ու քանդում հողերը, մոխրաշերտի, ավերակների միջից արդյունահանելով պատմանյութը։ Կյանքն առանց ճամփաների նման է մանկությունն առանց օրորոցային երգի, որ առաջին հնչող ձային հետ մեզ է փոխանցում մեծ լեգենդ՝ առասպել ապրվող ժամանակի մասին։ Վեր բարձրացող լեռնային ուղիները կորչում են անտառների մեջ, ու ես բարձրից նայում եմ աշխարհին։ Լեռների, լճերի, անձավների մեջ մարդու շունչ չի նկատվում, հարյուրավոր կիլոմետրեր են ձգվում և կարծես բլուրները ածիլված լինեն։ Այստեղ արդեն մի քանի հարյուր տարի ուրիշ ժողովուրդներ են ապրում։ Քրդերը ցրվել են առաջավոր Ասիայում, իրենց վրաններով ու սերունդներով նրանք դեգերում են հյուսիսային Իրաքում, Սիրիայում, Իրանի հյուսիսային նահանգներում և բնականաբար Արևելյան Անատոլիայում։ Ովքե՞ր են նրանք։ Խոշոր հաշվով դեռևս թափառական ժողովուրդ, ովքեր կտրելով Իրանի ընդարձակ անապատները՝ նախորդ դարերի ընթացքում հաստատվեցին Ասորիքում, Արաբիայում, Օսմանյան կայսրության մեջ՝ հմտորեն գործածվելով որպես զենք տեղաբնիկների դեմ։ Այժմ քրդերը հակասական են ընկալվում արևելքում, առավել ևս՝ Արևմուտքում, նրանք այժմ դիտվում են որպես սպառնալիք Մերձավոր Արևելքի համար, որը քաղաքական հիմքեր ունի և հակված է հենց իր բնում խեղդել քրդերի ազատագրական պայքարը։ Այս ժողովրդի աշխարհայացքը, փոխըմբռնումը, կենցաղը ամեն բան պատմական շունչ ունի և կրում է ժամանակի դրամտիկ ու լիրիկական գծերը։ Երեկ բարեկամներիցս մեկն ասաց, որ թուքական բանակը հատուկ գործողություններ է սկսել Դիարբեքիրի ցեղերի դեմ ու հավանաբար միտք ունի նրանց քշելու դեպի հարավ՝ Իդլիբ, գուցե, Համմա, չգիտեմ…
Նրանց զգեստները՜, աչքերի գույնը՜…Այս մարդիկ լցրել են Անատոլիան, եկել են լրացնելու խեթերի, խուռիտների, բիայնացիների, արմենների տեղը ու եկել են, որ մնան։ Անկախ մեր կամքից նրանց գոյության իրավունքը մարդկության գունապնակն ու երանգները լրացնելով, մարդասիրությամբ լցնելով՝ նոր հորիզոն է բացում, առավել ևս, որ նրանցից շատերը մեր արյունակիցներն են ու բռնի կերպափոխվածները։ Քսաներորդ դարի ողբերգական իրադարձություններից հետո ճամփորդներից շատերն ասում են, որ հարյուրավոր երգեր, որոնք նվիրված էին հայերի քաջարի մարտիկներին, հիմա հնչում է քրդերի շուրթերին ու նրանք սրբորեն պահպանում են այս հերոսների անունը։ Դե իհարկե, միջին որակական եվրոպացուն, որն օրական ամենքիչը տասներկու ժամ մտածում է օրգանական սննդի մասին և սիրում է նայել տափակ կոմեդիաներ ու պատկերացնում է արևելքն ինչ-որ կեղծ տիրույթներում՝ առատ շաքարաջրով ու ընկուզեղենով պատված, դժվար է ըմբռնել այս ամենը: O tempora, o Mores !!

Ալթընը նորից աչքը գցում է լեռների կողմը. «Էնտեղ նայի՝ դեպի հարավ – արևելք, մեզնից մի 120 կմ հեռու քրդերը կռվում են Իրաքում։ Մի քսան կիլոմետրի վրա էլ Այղրի ռազմակայններն են։ Աչքդ լույս, հասել ես Անատոլիա, արևելյան նահանգներ»։ Ասում եմ. «Քրդերն արնախում ժողովուրդ են, տոկուն են։ Դոկտոր եթե նրանց կոտորեն, ի՞նչ կլնի էս կողմերում, արևելքը, որտեղից անցանք, քրդերի տիրապետության տակ է. մեզ «էրմենի գյարդաշլար» էին ասում, ինչքան գեղեցիկ էին նրանց երեխաները՝ նուրբ դիմագծերով, արևային աչքերով՝ խաժ, կանաչ…» Պատասխանում է. «Չեն կոտորի, դեռ պետք են Արևմուտքին, նրանք քրդերով են ճնշում Անակարային, էստեղից մի հարյուր կիլոմետր էլ ներքև Քիւրդիստանի լեռներն են, Վանի նահանգը 80 տոկոսով բնակեցված է քրդերով, նրանք ապստամբ են ու աննահանջ։ Բայց իրոք, տոկուն ժողովուրդ են…»։
Նախ ասեմ՝ նրանք ապրում են տոհմատիրական կարգերով, գյուղերն անտանելի հետամնաց են ու ամենուրեք անգրագիտություն է տիրում։ Անկարան հոգ է տանում, որ էստեղ ամեն բան նույնը մնա, անփոփոխ։ Բայց և այնպես նրանք արագ են կազմակերպվում դիմադրության համար ու տեռորը պետական մարմինների նկատմամաբ մի ժամանակ մասսայական բնույթ էր կրում։ Մի տարի ոստիկանատուն էին պայթեցրել Դերսիմի նահանգում, հարձակվել էին նահանգային իշխանության անդամների վրա Այղրում և էսպես շարունակ։ Հասկանում ես՝ նրանք Ստամբուլից մինչև Սամսուն ու Թուզլսւջա ցնցումների մեջ են պահում երկիը։ Թուրքները աշխարհիկ պետություն ստեղծելուց հետո էլ չեն կարողանում հաղթահարել ինքնության ճգնաժամը, ազգային փոքրամասնությունները կան և մնում են ժամանակակից լաիցիստական պետութան ներքի անվտանգության հիմնական սպառնալիքը։ Ամենուրեք դրոշնե՜՜ր, շովինի՜զմ, Աթաթուրքի դիմանկարնե՜ր…
Ես մտածում եմ, նայում եմ հեռուներին, մեքենայում գրեթե արթուն մարդ չկա, իսկ նա գլուխը հենած պատուհանին խոսում է․ «Բայց վախենամ ամենասարսափելին դեռ առջևում է։ Գիտե՞ս ժամանակակից աշխարհը դադարել է ընդունել ազգային պետության գաղափարը, խոշոր հաշվով. այն Եվրոպայի գաղութային կայսրությունների փլուզումից հետո կորցրել է իր քաղաքագիտական անհրաժեշտությունը, այլ հարց՝ մենք կողմ ենք դրան, թե ոչ։ Սա ընդարձակ և հզոր երկիր է, անհավասարաչափ բաշխաված ռեսուրսներով և իշխանության պրոբլեմն այն է, որ երկաթե ձեռքով կարողանա ամուր պահել իր տարածքային ամբողջակնությունը և էստեղ զարմանալու բան չկա»։ Կարծես շարունակում եմ բժշկի միտքը. «Միայն հուսով եմ, որ քրդերը մեր սխալներից կսովորեն։ Նրանց մշտական գրգռողն ու սադրողը ռուսներն են, դա պարզից էլ պարզ է, ու պետք եղած ժամանակ մի ամբողջ ժողովուրդ թնդանոթի միս կդառնա՝ քավության նոխազ, ինչպես և մենք դարձանք մեր անշրջահայաց հայրերի պատճառով և, բնականաբար, «պատասխան տվողը՝ մեղավորը չգտնվեց» այդ ամենի համար։ Ամեն մեկը քաշվեց մի եվրոպական երկիր, գլխին ցիլինդր դրեց ու չքվեց պատմության թատերաբեմից, է թող մեռնողն էլ մեռնի…»։ Ալթընը աթոռակին դրված թերմոսից անանուխի թեյ լցրեց փոքրիկ ապակե ճամփորդական բաժակի մեջ ու շաքարի կտորը բերանը դնելով՝ ասաց․ «Դե հա, անշուշտ, ի՞նչ ես կարծում երբ Սադամը հազարներով կոտորում էր քրդերին, քիմիական զենք էր կիրառում, ռուսները չգիտեի՞ն, Ամերիկա՞ն էր անտեղյակ, թե՞ Եվրոպան էր կորցրել իրականության զգացումը։ Բարդ է. Գիտես. աշխարհը պատկերացնել քաղաքական և ազգային շահերի դիտանկյունից։ Իրականում ես կարծում եմ՝ էս աշխարհին մնում են ժողովուրդների ազնիվ բարեկամությունն ու ընկերությունը անհատների մակարդակում, մի քիչ վեր՝ խմբային մակարդակում և, եթե հաջողեցին հաղթահարել այս ցենզը ևս, ապա վստահաբար կարելի է պնդել, որ հնարավոր կլինի ապագայում ակնկալել խաղաղ Արևելք »։
Մեր ճանպարհը ձգվում էր դեպի հարավ, ուր Մասիսի հակառակ փեշին՝ ընդարձակ մոխրաբլուրներիին ծլած խոտածածկի վրա, արածում էին ձիերի երամակները։ Հետաքրքիր է արևելյան Անատոլիան, այստեղ մարդիկ կարծես ծնվել են պատմականորեն ուշ և տեսնելով նրանց կեցաղը՝ պիտի պատկերացնես միջնադարի ոգին։ Նրանց կյանքը, լեռների մեջ կորած բնությանը սերտ ու ձուլված, ինչ-որ չափով նման է այն հայերի կյանքին, ովքեր ապրում էին այստեղ 20–րդ դարի սկսզբներին և նախորդ 19-դարերում ևս։ Մի քուրդ երգում էր «Սարի Գելին» ու ես նրա հետ զուգահեռ երգում է այնքան հայտնի երգը, որ տարածված է հայերիս մեջ.

Վարդ սիրեցի՝ փուշ դառավ,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Վարդ սիրեցի՝ փուշ դառավ,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Գնաց, ուրիշին առավ,
Ա՜խ, մերըդ մեռնի, սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ,
Քարի աղջիկ, օյ, օյ, Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ։ Գընաց, ուրիշին առավ,
Դըլե յաման, լեյլի յար, ջան։ Մինուճարիս մեղքացիր,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Մինուճարիս մեղքացիր,
Դըլե յաման, դըլե յաման, դըլե յաման,
Թույն մի ածա թեժ վերքիս,
Ա՜խ, մերըդ մեռնի, սարի աղջիկ, օ՜յ, օ՜յ,
Քարի աղջիկ, օյ, օյ,
Քար սիրտ աղջիկ, օյ, օյ,
Չար սիրտ աղջիկ …
Դոկտոր Ալթընը՝ որպես փափկասիրտ արևելքցի, հանեց թաշկինակը կտորի տաբատի գրպանից ու սրբեց քրտնած ճակատը, հետո աչքերն ու բեղերը։ Էս կողմերի ժողովուրդն էդպիսին է, սրտից թույլ է, ու եթե ուզում ես զրուցել նրա հետ ու դարձնել բարեկամդ, պիտի սովորես զգալ աշխարհն իրենց պես՝ ավելի մեղմ, ավելի հյութեղ, ավելի գունագեղ ու ավելի նրբանկատ։ Կեսգիշերին Հելլենը՝ Նազերի զրուցակիցը, ողջ ճանապարհին հեռախոսով պայմանավորվում էր հյուրատների հետ, որտեղ պիտի գիշերեինք, թեև շատ լարված էր, բայց համբերատար էր ու ամեն նոր քար ու թփի հետ նույն հիացմունքն էր ապրում, ինչ մենք։ Հելլենը գեղեցիկ աղջիկ էր։ Շարունակ ուզում էի ասել նրան, թե որքան հաճելի է իր ներկայությունը, որքան վարժ է խոսում թուրքերեն, ինչքան լավ կլիներ, եթե հետո դառնայինք հարազատներ, բայց նորից միտքս թռչում էր ու մտածում էի քրդերի, դրուզների, ալեվինների մասին ․․․
Երևի հատել էինք կեսգիշերը, ժամը չորսի–հինգի կողմն էր ու արթուն էինք ես, բժիշկն ու վարորդը, որը լսում էր գեղեցիկ երգեր, սրտամոտ ու մի տեսակ այքա՜ն հարազատ։ «Ես քսաներեք տարեկան էի, մենք եկանք Վանի նահանգ, էն ժամանակ էս ճանապարհները չկաին, քարուքանդ, գրունատյին ․․․ մի խոսքով, եկանք վրաններով ու ճամբար դրեցինք էդ քաղաքամերձ բլուրների մոտերքը։ Էնտեղ դեռ առանձին ցեղերով էին ապրում ու յոթանասունականներին ծայրահեղ հետամնաց բարքերով էին, մի ցեղը մյուսին աղջիկ չէր տալիս, արյան վրեժ կար։ Հին շրջանի մարդիկ դեռ պահում էին ընտանեկան դատաստանի, ժողովների ու ցեղապետների անսահմանափակ իրավունքները, երեխաներին ամուսնացնում էին ինը–տաս տարեկանից, մի խոսքով, ապրում էին աշխարհից կտրտրված», – նա պատմում էր հանգիստ, անշտապ, մեքանյում այրվող լամպիկը լույսը գցում էր ուղիղ աչքերին ու դրանց մեջ լճակներ էին երևում: «Թու ՜՜, հիմա չենք կարող կանգնեցնել մեքենան, սիրտս էնպես ծխախոտ է ուզում»,- հետևում փորձում էի բացել պատուհանը, բայց եթե վարորդը տեսներ, որ ծխում է, աղմուկ կաներ ու բոլորը կարթնանային: Մտքիս մեջ ասում էի․ «Զսպի՛ր քեզ Նազեր, ախր իմ սիրտն էլ է ուզում»։ «Հա՜՜, եկանք մնացինք մի քանի ամիս, էդտեղ գետակներից մեկը քարերի գլխով թափվում էր ու սիրուն ջրվեժ էր գոյացել, հանվում էինք, գիշերով լողանում, էդտեղ էին գալիս նաև քոչվորները, մի քիչ ներքև մակաղում էր հոտն ու բարձրանում դեպի գետաբերանը՝ լողանում, մաքրվում անտանելի հոտից ու կեղտից։ Ես հիշում եմ՝ Նա գալիս էր երբեմն, երբ մայրամուտից այգեստանը վառվում էր նռնենիների մեջ, գալիս էր կուրծքը բաց, գալիս էր ձի հեծած, գլուխը հեջաբով կապած։ Մի գիշեր էլ տեսա, որ ծիկրակում էր վրանների կողմն ու տեսնելով նրան՝ առաջացա դեպի ավազանը․ ինչ Աստվածային էր, ի՜նչ կին էր, ի՜նչ չքնաղ մերկություն ․․․», – ես կարծես տեսնում էի Շիրինին՝ իր կարմիր հուրհրատող տարազով, նրա լանջակապը, կիսաբաց շապիկն ու թրջված երկար թուխ մազերը։ Պատկերացնում էի, թե ոնց է ձի հեծած կտրում դաշտերն ու կոկորդով ձայնում այդ տափաստանների քնած ոգիներին, զրնգում էին ականջներիս մեջ նրա ոսկե զարդերի, արծաթե հոլունքների ձայները.«Ի՜նչ գիշերներ էին, մի օր էլ որոշեցինք ամուսնանալ, ես վախենում էի նրա ցեղից, շատերն էին պատմել, որ ճամփորդներին թալանում են ու ամբողջ մարմնով ողջ-ողջ թաղում հողի մեջ։ Էստեղ նոր էր սկսվել երկաթուղու շինրարությունը ու նրանց ցեղը անցնում էր լճի հարավային ափերը, դեպի լեռնային պարեգոտները։ Որոշեցինք փախչել։ Փախանք։ Ճանպարհին մեզ մատնեցին, դեպի Ուրմիե էինք գնում, սահմանին առանց անձնագրի անցնել հնարավոր չէր, իսկ լեռներով չէինք դիմանա սովին ու ցրտին։ Ինձ պահեց Իրանի ոստիկանությունը, իսկ նրան տարան։ Ասում եմ․ «Ախր, պարոն կապիտան, նրան կմոռթեն, նրան մի հանձնեք, ախր նա իմ կինն է, ես սիրում եմ նրան, հասկանո՞ւմ եք, ես կմեռնեմ»։ Ոստիկանն էլ թե․ «Իմ ի՞նչ գործն է, դուք օրենք եք խախտել, իսկ սահմանից այն կողմ առանց անձնագիր չի լինի, էստեղ որտե՞ղ պահեմ ձեր կնոջը»։ Եղբարները տարան, եկել էին ցեղապետի հետ, եկել էին որ փորոտիքս թափեին, բայց ոստիկանները հետ ուղարկեցին նրանց։ Էլ ոչ մի լուր չստացա Շիրինից»,- ես լսում էի նրան՝ գլուխս հենած թիկնակին, նայում էի թե ոնց է Ալթընը թաշկինակով աչքերը սրբում, հարցրի․ «Բա էլ երբեք հետ չդարձա՞ք»: «Հետ դարձա,-պատասխանեց,- հետ եկա հինգ տարի հետո, բայց Աստված վկա հինգ տարի քուն–դադարս կորցրել էի, խելագարի պես վախենում էի Անատոլիայաից, չէի ուզում լսել էս կողմերի մասին, մեկնեցի Պարսկասատան։ Երբ հետ եկա, ահագին բան փոխվել էր, երկաթուղու շինարարությունն ավարտվել էր, կայարան էին բացել, շենքեր, մի երկու գործարան էր կառուցվել։ Դե ցեղն արդեն չկար, գյուղերում ապրող մի քանի մարդ ասացին, որ նրանց ցեղը տեղափոխվել է Դերսիմ, ու թուրք- քրդական բախումների ժամանակ նրանցից շատերին սպանել են, մի քանի տասնյակին ձերբակալել»: Հարցրի. «Բա Շիրի՞ն,- ասաց,- նրան եղբայրները կապել էին գնացքի գծերից ու աղջիկը սպանվել էր վագոնի հարվածից»։
Հ․ Գ․ – Գիտե՞ս ինչու էր Մովսեսը քառասուն տարի թափառել տալիս հրեաներին անապատով…
– Գաղափար չունեմ ․․․
– Որ մեռներ հին սերունդը՝ սովոր եգիպտացիների մտրակին, ու նոր սերունդը, անապատի ծնունդը լինելով, քարերի ու ավազի մեջ կերտեր իր Ավետյաց երկիրը։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *