Արտավազդ Եղիազարյան | Ձեռնարկ հայ սերիալագիր սցենարիստների համար

Լուսանկարը` Բիայնա Մահարի

 

[Հատվածներ]

…Մոռացեք ժանրային բաժանումների մասին` հայեցի սերիալը պետք է լինի միաժամանակ դրամա, տրագեդիա, կրիմինալ, կատակերգություն ու էլի տրագեդիա, մեկ էլ մի քիչ տրագեդիա և իհարկե` ողբերգություն մի քիչ կրիմինալով: Կրիմինալ ողբը մեր գործի հաջողության 90 տոկոսն է:

Նաև գոյություն չունի տարիքային սահմանափակում` պետք է այնպես անել, որ սերիալը դիտեն բոլոր տարիքի հայորդիներն ու հայդուստրերը: Այսինքն, հերոսները պետք է լինեն ջահելական սերնդից ու մեծերից (տենց համ էլ կարելի ա խաղարկել “հայրերի ու որդիների” դարավոր խնդիրը), անպայման մի երկու երեխա (որ ասեն «վա՜յ, ինչ պուպուշն ա՜»), մի երկու հատ էլ բիձա (չմոռանանք, թե ինչ մեծ դեր ունեն հայերի կյանքում տատիկ-պապիկները):

Անպայման պետք էլինեն հարուստներ ու աղքատներ: Հարուստները` կրիմինալոգեն ու լպիրշ, աղքատները` ազնիվ ու բարի: Բայց: Հարուստների մեջ անպայման պետք է լինեն մի երկու բարի մարդիկ, որոնք ամաչում են իրանց նման հարուստ, բայց փիս մարդկանցից: Իրենք պիտի ընկերանան աղքատների հետ, բայց իրենց հարստությունը պետք է խանգարի աղքատների հետ շփմանը:

Գլխավոր հերոսները

…Ամենահաղթող տարբերակը` երիտասարդ ուսանող աղջիկն է: Ցանկալի է, որ նա լինի շատ աղքատ, առանց հոր, հազիվ` ոռահան լինելով հացի փող վաստակող մայրիկով: Աղջիկը պիտի լինի լավ սովորող, կարդացած, բարի, համեստ, անօգնական, միամիտ ու ամաչի տղաներից (ասել է` հանկարծ, ոչ մի դեպքում, որ խարակտեր չունենա!!!): Իրան պետք ա սիրահարվեն միաժամանակ մի քանի երիտասարդներ: Ցանկալի ա, որ մեկը լինի իրա նման չքավոր ու կյանքից նեղված, մեկն էլ` հարուստ, ջիպ քշող, որ էն աղքատը ամեն անգամ աղջկան ասի, որ հարուստը ուզում է սրան իր փողերով խաբել:

Կարևոր դեր են խաղում տղաների ընկերները: Հատկապես հարուստը պետք է լինի կիսաքյարթու (եթե լրիվ քյարթու լինի, ռիսկ կա, որ մի հինգ հոգի քիչ կնայի սերիալը), ունենա քյարթու ընկերներ, որոնց հետ ինքը կնստի քյարթու կաֆեներում ու արաղ կխմի, ասելով քյարթու կենացներ, քորելով քյարթու սանդրվածքներով պատված գլուխները: Մեկ էլ չի խանգարի, որ ունենա քյարթու ընգերուհի:

Գլխավոր հերոսները երբեք չպիտի ժպտան, ուրախանան, հրճվեն` չի կարելի: Իրանք պետք է լինեն դժբախտ` սիրեն անպատասխան, չգտնեն հորը, կորցնեն մորը, հիվանդանան, մոտիկ ընկերուհին ռակով հիվանդանա, ընկերոջը առևանգեն, հորքուրը թալանի, պարզվի, որ` քույրը իր մայրն է, որ բարի հարևան պապիկը ժամանակին բռնաբարել է իր մորը: Գլխավոր հերոս տղան պետք է բացահայտի, որ իր հայրը մարդասպան է, մայրը պոռնիկ էր, որ ինքը վերցնովի է, իսկ կինը դավաճանում է: Մե խոսքով` սաղ իրար քցեն, խաբեն, սպանեն (ի դեպ, ոչ մի բան չի արվում օրենքով` կյանքում տենց չի լինում): Սա անհրաժեշտ է, որպեսզի հեռուստադիտողը սենց գլխով “հա” ասելով կարեկցի ու ասի` “բա կյանքը սենց ա լինում…”:

Կոմիկական մասի պատասխանատուն պետք ա լինի ինչ-որ մի հատ քյալ կլոուն, որը կանի պլենդուզա™-հումորներ, որ հասկանան բոլոր հեռուստադիտողները:

Մենձերի սերունդը

…Մեծահասակները անպայման պետք ա լինեն օլիգարխ-կրիմինալոգեն տարրեր, ջիպերով, ախրանայով ու ասաբնյակներով (վ կվարծիրախ ժիվուտ լոխի): Իրանք անպայման պետք ա ունենան սև կետեր անցյալում: Նենց սև կետեր, որ դրանց համար իրանց երեխեքին կարող ա առևանգեն, ծեծեն, ծախեն և այլն:

Առևանգելու պահը շատ, շատ կարևոր ա, որովհետև դերասաններից մեկը ցանկացած պահի, կարող ա հանկարծ ուզի գնալ արձակուրդ ու նկարահանումները չկանգնանցնելու համար, պետք ա, որ սյուժեով իրան առևանգեն:

Նույն էդ օլիգարխ մեծերը պետք ա լինեն քյարթու “ադաթավոր” հայորդիներ` էն որ տղամարդը դրած ունի տան կանանց ասածների վրա, որ եթե տղան պսագվում ա, ուրեմն պիտի տանը ապրի իրանց հետ, իսկ աղջիկը եթե սիրահարվում ա ինչ-որ չդզող տղայի` կապ չունի, դա իր ընտանիքին հարիր չի:

Նկարագրելով տեսարանը, ամբախ-զամբախ լոքեյշններ մի մոգոնեք` ամեն ինչ պետք ա լինի հնարավորինս պարզ` սրա տունը, նրա տունը, քյարթու կաֆե, վատագույն դեպքում` օլիգարխիկ պապայի ասաբնյակի բակ: Թե չէ ինչ-որ ալաֆրանգի բան կգրեք` խեղճ պրոդյուսերը պետք ա մեջտեղից ճղվի, որ մի օրում տենց տեղ գտնի:

Ցանկացած պահի պատրաստ եղեք սպանել հերոսներից ցանկացածին` տնտեսական վիճակն այնպիսին է, որ դերասանը հանկարծ կարող է հագնել ղեկավարության հետ աշխատավարձի վրով ու հեռանալ նախագծից: Էդ դեպքում պետք ա ձև գտնել իրան սպանելու համար:

Երկխոսություններ

…Փիս մարդիկ պիտի խոսան նորմալ մարդկանց պեստ` խոսակցականով, լավ մարդիկ` գրական: Բայց որ չուզողները չհաչան ժառգոնի տարածման թեմաներով, դաժե կրիմինալ գողական տարրերը պիտի մեկ ու մեջ գրական մտնեն: Օր.` “Արա հո դու չե՞ս գժվել, նման բան չէր կարող պատահել!”, կամ “Արա դու քիչ մտածի, քեզ ասում են` առևանգի, գնա գործդ արա”:

Նաև. առավել առաջադեմ սերիալագիրները, հնարավորությունների դեպքում, անշուշտ, կարող են ներգրավվել սփյուռքը, նախ և առաջ օմերգահայությունը: Դա կարող է հարստացնել ինչպես կրիմինալ էլեմենտը (շարքային հայաստանցի դիտողը միայն հպարտություն կապրի, տեսնելով էկրանին Ֆեբեեռի ու Կագեբեի ներվերին ազդող սփյուռքահայ գողականներին, որովհետև կարան ասեն, որ մենք էլ ունենք մեր դոն կառլեոնեներին), այնպես էլ խոսակցական մասը, քանի որ հերոսների բառապաշարների մեջ մտնում են ֆաքյու, էմերջընսի, հայ, բայ և այլ մրցունակ բառերը: Համ էլ դե ավելանում ա աուդիենսը` օմերգահայերի տեսքով:

ՀԳ. Մենք վստահ չենք, բայց կասկածներ կան, որ հայկական սերիալների բոլոր սցենարիստների համար դժոխքում հատուկ տեղ կա, նենց որ եթե զբաղվում եք էս գործով, պատրաստվեք դժվարությունների էն կյանքում:

Ընդմիշտ քո` պրոդյուսեր

Սկզբնաղբյուրից արտատպված է հեղինակի թույլտվությամբ

Share Button

4 Կարծիք

  • Սահակյան Լենա says:

    Զիլ անդրադարձ էր…Շնորհակալություն…

  • Sona Khachatryan says:

    Մի օր ու մի ակնթարթ սերիալ նայեցի ու զարմացա, թե ոնց կարա մի հայ քյառթու կրիմինալ` ջպոտ, ախռանոտ…, մտնի տուն ու կնոջը գեր-գրական հայերոնով ասի. “Սիրելիս, ընթրիքը պատրաստ է?”:
    Ես չգիտեմ ովքեր են սերիալների հեղինակները, բայց խորհուրդ կտամ հերոսի լեզվին, լեզվամտածողությանը գոնե մատերի արանքով, բայց նայեն, այլ ոչ թե ընդհանրապես չնայեն: Որովհետև իրենց առանց այն էլ ծիծաղելի հերոսներին լեզվի պատճառով, դնում են հիմար վիճակի մեջ:
    Իսկ ընդանրապես, ամեն ինչ այնքան էլ վատ չի:
    Իսկ եթե էդ սերիալները չլինեին, պատկերացնում եք կամուրջների տակ քանի ինքնասպան կհայտնվեր պարապությունից:

  • Mariam says:

    Շատ լավն էր:Ցավալի է,որ կարդում են քիչ թե շատ մտածող մարդիկ,որոնք արդեն կողքով են անցնում այդ հատուկ մշակված դեգեներացնող ծրագրերի:
    Չնայած կարդան էլ`օգուտ չունի:

  • sevak says:

    լավն էր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *