Սոնա Համբարձում | Բումերանգ

պառկեմ ու արթնանամ գաղթի ճանապարհի նեղլիկությունից.
փակեմ աչքերս կրկին արթնանամ
սեպտեմբերի 19-ի ռումբերի ձայներից
վախեցած
կծկվեմ տանս միջանցքում
համառորեն հավատամ,
որ տունս չի փլվելու…
փակեմ աչքերս, երբ բացեմ
բլոկադայի վերջին շոկոլադը
կիսեմ քաղցրասեր երեխաների հետ…
ալյուրի, կարտոֆիլի բարձր գներից վիրավորվեմ,
հացի հերթերի աղմուկից փակեմ ականջներս,
նստեմ պատշգամբիս
ու հետևեմ
հորս կառուցած ու մորս ծաղկեցրած փոքրիկ այգու անշարժ կարապի հետ
խաղացող փիսիկին…
փակեմ աչքերս, կրկին արթնանամ
2023-ն ավետող ամանորին
կենացներ ասեմ՝ խաղաղության
ու առատության…
փակեմ աչքերս՝ բացեմ
լացեմ,
գժվեմ
կյանքի կտոր ուսանողներիս կորստից,
նրանց մայրերի ձեռքերը համբուրեմ..
գժվեմ Մատաղիսի, Շուշիի, Հադրութի կորստից
ծնկաչոք աղոթեմ լացով…
բացեմ աչքերս
2020-ի սեպտեմբերի 27-ն է
համոզված ծառայեմ թիկունքում՝
օր առաջ պատերազմի ավարտին սպասեմ,
հավատամ ստին՝ հաղթելու ենք։
փակեմ աչքերս՝ բացեմ
Մեղրագետի ափին
խորովածի սպասեմ…
բացեմ աչքերս՝
գյուղեգյուղ մտնեմ,
ծառերի հովին քնեմ,
հեռավոր լեռներում
լեռան պես հպարտ
տղաներին այցելեմ…
Փակեմ աչքերս՝ բացեմ
Գտնեմ արցախա արմատները
կտրատողներին
ու կտրեմ մատները նրանց՝
անձնապաշտների
ագահների
շահամոլների…
չթողնեմ արնաքամ անեն,
չթողնեմ անպաշտպան դարձնեն,
չթողնեմ քանդեն պապիս տունը,
քանդեն իմ տունը,
անհայրենիք դարձնեն որդուս…
չթողնեմ նրանց
պատրաստեն կորուստն Արցախի
ու
փակեմ աչքերս,
այդժամ փակեմ աչքերս՝ չբացեմ։
13.10.23

https://www.facebook.com/reel/3019771928153320

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *