Մարինէ Խաչատուր | Ո՞ւր մնաց Փոքր Մհերը

Այսօր մենք ժամանակակից աշխարհի հետ հաղորդակցվելու, որպես ազգ մեր պապենական հողի վրա գոյատեւելու, ինքնակառավարվելու, ապրելու եւ արարելու լուրջ խնդիր ունենք։ Հայաստանի ընտրական թատերաբեմը հեղեղված է անձանցով, ովքեր ուզում են դառնալ ժողովրդի ընտրյալը, խառնաշփոթի մեջ ավելի ապակողմնորոշելով մարդկանց։

Ես ո՛չ քաղաքագետ եմ, ո՛չ էլ էպոսագետ, սակայն որպես կին, մայր, մանկավարժ, մեր ազգի համար օրհասական այս օրերին, ելք ու լուծում գտնելու հույսով հաճախ եմ հիշում Սասնա Ծռեր էպոսը, քանի որ այն արտահայտում է հայ ժողովրդի ոգին, նրա հերոսություններն ու երազանքները։ Միեւնույն ժամանակ, այն սրբագրում է ժողովրդի հավաքական բնութագիրը, որը ուղեցույց կարող է ծառայել գալիք սերունդների համար։

Թե՛ Հայաստանում եւ թե՛ սփյուռքում սերունդ կրթելու փափագով մենք հաճախ կիսվում ենք միայն հայի խառնվածքի գովելի, հերոսական մասերով ու զլանում ենք խոսել թերությունների ու բացթողումների մասին։ Բայց մի՞թե անթերի են նրանք՝ մեր քաջերը։

Ստորեւ՝ նպատակս բարոյականություն քարոզելը չէ, այլ էպոսի հերոսների արարքները, ընտրություններն ու որոշումները զննելը։ Գուցե սովորենք նրանց սխալներից ու ճշտենք դրանք մեր ու գալիք սերունդների համար։ Այլոց հասցեին անվերջ հորդող մեղադրանքների ու անեծքի փոխարեն մեր զավակներին կարո՞ղ ենք տալ ժամանակակից աշխարհում ապրելու, գոյատեւելու համար ճիշտ ընտրություն կատարելու այլընտրանք։

Երբ խոսում ենք սխալներից դասեր քաղելու մասին, պետք է ընդունենք, որ որքան էլ խորն ու հին է մեր ժողովրդի ժառանգությունը, անցյալի կարծրատիպերով ներկան ապրելը հաճախ ջախջախիչ հետեւանքներ է թողնում։ Ժամանակները փոխվում են շատ արագ։ Ժամանակի հետ համատեղ փոխվելը հրամայական է, որը մարդուն ոչ միշտ է հաջողվում իրագործել։ Ո՞րն է այսօրվա հրամայականը հայ անհատի ու ազգի համար։ Ինչպե՞ս փոխվել, որպեսզի կարողանանք քայլել աշխարհին համընթաց՝ առանց կորցնելու այն ինչ բնորոշ է հային։

Ընդունելով էպոսի դյուցազուններին որպես ժողովրդի հավաքական կերպարներ, փորձենք հասկանալ թե պատմականորեն ի՞նչ սխալներ են գործել մեր Ծռերը եւ ի՞նչ եղավ մեր դյուցազունների վերջը։

Վտանգի ահագնությունը գիտակցելով հանդերձ փորձության նետվելը առնվազն տղայականություն է, կամ ծռություն՝ խելահեղ քաջության դրսեւորում, որը հայը մեծարում է թե՛ էպոսում, թե՛ իրական կյանքում, երբ այն գործում է իր օգտին։ Հակառակ դեպքում՝ փնովում է ու անիծում անխելքությունը։ Հենց այս պահին մենք ականատես ենք լինում սրան Նիկոլ Փաշինյանի օրինակով։ Ընդամենը երեք տարի առաջ Փաշինյանի խիզախ քայլից ոգեւորված ժողովուրդը նրա գովքն անելով փողոց դուրս եկավ։ Այսօր նույն ժողովուրդը նրա մահն է պահանջում։

Ազգին նվիրվածությունը, ժողովրդին տեր կանգնելը, օտարին ասպատակելը հանուն հայ ազգի բարօրության առանցքային է Սասնա Ծռերի բոլոր պատումներում։ Ուրեմն սրանք են հատկությունները, որոնք հայ ժողովուրդը գնահատում է իր հերոսների մեջ։ Անկախությունից հետո մինչեւ 2018 թ. գործող իշխանություններից Հայաստանի քաղքացիները դժգոհել են շարունակաբար, որովհետեւ վերջիններիս մեջ բացակայել են այս հատկությունները։ Փաշինյանի ղեկավարությամբ հայ ժողովուրդը նրանց գահընկեց արեց։ Այսօր հերթը Փաշինյանինն է։ Նա շահեց շատերի համակրանքը, բայց օտարին ասպատակելիս տանուլ տվեց։ Ներել նրան, թե՞ ոչ։ Ետ բերել նախորդների՞ն։ Գտնել ու ընտրել երորրդի՞ն։

Սանասար ու Բաղդասար
Սանասար ու Բաղդասարով է սկսվում մեր էպոսը։ Ի սկզբանե Ծովինար արքայադուստրը զոհաբերում է իր անձը, որպեսզի փրկի ժողովրդին ոչնչացումից։ Մենք սա ընդունում ենք ու գովաբանում հայ կնոջ այս տեսակը։ Իսկ հայ արքայի իր դստերը Մսրա խալիֆին կնության տալու որոշումը երբեք կասկածի տակ չենք առնում։ Իհարկե, դրանով Գագիկ թագավորը կանխեց Մսրա խալիֆի ոտնձգությունները դեպի հայոց աշխարհը, բայց մի՞թե այնքան անճարակ ու անպատրաստ էր Գագիկ արքան իր հարստությամբ, զորքով ու զենքով հանդերձ, որ համաձայնեց զոհաբերել իր զավակին։ Այո՛ Ծովինարը գնաց կամովի, բայց արդյո՞ք նա կաներ նույն ճարահատ ընտրությունը, եթե պայմանները տարբեր լինեին։ Չէ՞ որ ծնողի պարտականությունն է իր զավակի (աղջիկ եւ տղա) ապահովության երաշխավորը լինել։ Ծովինարը զոհ գնաց իր հոր ապիկարության պատճառով, բայց մենք նախընտրում ենք հավատալ այլազգի ու այլակրոն մարդու չարությանը, մեր սեփական սխալները ընդունելու փոխարեն։

Իհարկե արքայադստեր կերպարի ընտրությունը կարելի է ընկալել փոխաբերական իմաստով։ Գուցե հայոց արքայի ազգին, հողին նվիրվածությունը ընդգծելու համար է, որ էպոսում Գագիկ թագավորը զոհաբերում է իր համար ամենաթանկագինը, բայց զավակին (աղջկան) որպես արժույթ օգտագործելը պետք է որ իրականություն լիներ, այլապես մենք ուրիշ լուծում կարող էինք ունենալ գոնե՝ էպոսում։ Փաշինյանն էլ , այսօր հերոսաբար զոհասեղանին է դնում իր միակ որդուն։ Սա ո՛չ այլ ինչ է քան անկարողությունից բխող հուսահատ քայլ։

Ծովինարի Մսրա խալիֆի հետ ամուսնությունը, որպես հնարամիտ լուծում, գուցե առժամանակ կանխեց ժողովրդի ֆիզիկական վտանգը, սակայն իրականում այն ավելի բարդեցրեց հայ ժողովրդի գոյության պայմանները։

Մանկահասակ Ծովինարը պայման դրեց Մսրա խալիֆի հետ մեկ տարի ամուսնական հարաբերություն չունենալ, բայց այդ ընթացքում նա հղիացավ առվից ջուր խմելով։ Շրջանցելով երեւույթը, որ Ծովինարի ամուսնությունը հիմնված էր խաբեության վրա, մենք նախընտրում ենք ատել դաժան խալիֆին ու նույնիսկ չկասկածել, որ թերեւս հայ իշխանուհին գաղտնաբար հանդիպում է ունեցել իր հայազգի սիրեցյալի հետ։ Ո՛չ մի մահկանացու՝ թեպետ հայ, հրաշքով չի հղիանում։ Շատ ավելի հավանական է, որ մանկահասակ աղջնակը բռնաբարվեց ինչ-որ անդեմ հայի կողմից։ Ամեն դեպքում, ամուսնական դավաճանությունը տարավ հայ իշխանուհու ողբերգական մահվան։ Մենք գիտակցում ենք անարդարությունը, բայց արդարացնում ենք պատահածը որպես ժողովրդի փրկության միակ միջոց, քանի դեռ այն հրաշքով ծննունդ տվեց հայազգի Սանասարին ու Բաղդասարին։ Ուրեմն կարող ենք ենթադրել, որ մեր ազգային կերպարը թույլ է տալիս խաբեությունն ու ողբերգությունը որպես լուծում, եթե վերջիններս գործում են ի օգուտ մեր ազգային շահերի։

Հանուն ազգային շահերի (նույնիսկ ձախողված) մենք պատրաստ ենք զոհել մարդուն, անհատին։ Բայց չէ՞ որ յուրաքանչյուր անհատի անարդար մահով մենք կորցնում ենք մեր մարդկության մի մասնիկը՝ չարանում ենք, դառնում ոխակալ։ Արցախյան վերջին պատերազմը վկա։ Մի՞թե ազգի գոյությունը անհատով չէ պայմանավորված։ Յուրաքանչյուր զոհված երիտասարդ ազգի համար կարող էր բազմազավակ օջախ դառնալ, իմաստավորել իր կյանքը սիրով, աշխատանքով, ծաղկուն հայրենիք կառուցելով։ Զավակի ծնունդը Ծովինարի համար էլ կարող էր լինել երջանկաբեր, ազգի համար՝ ավելի բարենպաստ։ Հնարավոր չէ՞ր միթե նախապատրաստվել ակնկալելով հարեւան երկրների ոտնձգությունները, պատերազմից խուսափելու ճկուն քաղաքականություն մշակել նման իրավիճակի հետ չառերեսվելու համար։ Այսօր այս հարցը պետք է ուղղել մեր ապիկար առաջնորդներից յուրաքանչյուրին։

Առաջնորդներից հաշիվ պահանջելու փոխարեն մեր ժողովուրդը նախընտրում է փրկվել հրաշքով։ Նման մի հրաշքով էլ հզորացավ Սանասարը, երբ իր եղբորը՝ Բաղդասարին հակառակ, խելահեղորեն ալիքներին հանձնվելով նա հայտնվեց ընդերկրում եւ որպես պարգեւ ստացավ թուր-կեծակին ու Քուռկիկ-Ջալալին, որոնց շնորհիվ Սանասարը բազմաթիվ հաղթանակներ տարավ։ Այստեղ գնահատվում է Սանասարի անվախությունը, դեպի անորոշություն նետվելու պատրաստակամությունը, իսկ Բաղդասարի կերպարը մղվում է հետին պլան ու լռում՝ կարծես ո՛չ ասելիք ունի ո՛չ էլ անելիք։

Իհարկե ավելի հետաքրքիր է Սանասարի կերպարին հետեւելը։ Արդյո՞ք Սանասարը կաներ նույն ընտրությունը, եթե գիտակցեր որ ընդունելով թուր-կեծակին ու Քուռկիկ-Ջալալին նա պատասխանատվություն է ստանձնում մի ամողջ ժողովրդի գոյության պաշտպանը դառնալու, որ իրականում պատերազմը ողբերգություն է եւ փրկությունը գին ունի։ Արդյո՞ք գիտակցում էր սա Սանասարը։ Արդյո՞ք գիտակցում են սա այսօր վարչապետի աթոռի նոր հավակնորդները։

Ենթադրենք, որ Ծովինարը մարմնավորում է հենց հողը, երկիրը, որն էպոսում հիմնական խնդրո առարկան է։ Երկուսն էլ՝ թե՛ հայ արքան եւ թե՛ Մսրա խալիֆը չեն վարանում որպես փրկագին օգտագործել անմեղ Ծովնարին ու նրան էլ մեղսակից դարձնել իրենց ավերիչ գործառույթին։ Երկիրը մայր է։ Մայրը չի՛ կարող խտրականորեն վերաբերվել իր զավակների հանդեպ։ Նա պարտավոր է լինել ազնիվ ու արդար։ Սա է ամենաբարձր նվիրումը, որը նույնպես դարերով ոտնահարել են հայ արքաներն ու մսրա մելիքները։

Արցախն այսօր մեր էպոսի Ծովինարն է։ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել Արցախի անվտանգությունը, ճկուն ռազմավարությամբ զերծ պահել այն հուսահատ քայլերից։ Ո՞վ կլինի առաջնորդը, որը կկարողանա ապահովել Արցախի անկախությունը, վստահել նրա ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությանը, մեր երկիրը փրկել կործանումից անկողմնակալ, ազնիվ ու արդար մոր նման։

Մեծ Մհեր
Մեծ Մհերը, Սանասարի ավագ որդին, դավաճանեց իր կնոջը՝ Արմաղանին ու կենակցեց Իսմիլ խանումի հետ, որն էլ ծնեց Մսրա հաջորդ գահակիրը՝ Մհերի որդին։ Սա կարող էր չէ՞ առիթ դառնալ երկու ժողովուրդների համերաշխության, բայց՝ մեղավոր էր Մհերը։ Մհերին պակասում էր պատասխանատվության զգացումը, հավատարմությունը իր կնոջ՝ կողակցի հանդեպ, (գուցե նա ժառանգել էր իր հոր արկածախնդիր գենը), սակայն Մհերի դավաճանությունը արդարացվում է Իսմիլի նենգամտությամբ ու դավադրությամբ։ Մի՞թե սեփական զեղումներին տրվելը այլոց մեղավորությունն է։ Գուցե ավելի հեշտ է նենգամտության մեջ մեղադրել կնոջը, այն էլ՝ այլազգի։ Թե՞ կրկին անգամ ժողովուրդը արդարացնում է հայ դյուցազնի դավաճանությունը՝ ամեն գնով մեղադրելով հակառակորդին։

Եթե դիտենք էպոսի կանանց հավաքական կերպարը որպես հողի սիմվոլ, ակնհայտ է դառնում հայ քաջերի անփութությունը սեփական երկրի հանդեպ, անկախ նրանց բազկի զորությունից ու հերոսության նետվելու պատրաստակամությունից։ Հողը, երկիրը բերք տալու ու բարգավաճելու համար կարիք ունեն հետեւողական խնամքի, սիրո, հոգատարության, անխոնջ աշխատանքի։ Օտար ափերում այլոց կանանց սիրահետող տղամարդը անկարող է սեփական երկրին ժառանգ պարգեւել առանց ավերիչ հետեւանքների։

Մհերը սխալվեց եւս մեկ անգամ, երբ վերադարձավ հայոց աշխարհ ու ստիպեց Արմաղանին մոռանալ աստծուն տված իր խոստումը։ Մենք, որպես ազգ, նույնիսկ աչք չենք թարթում, որ Արմաղանը ընդունեց իր դավաճան ամուսնու վերադարձը, բայց երդմնազանցության պատճառով նրանք դատապարտվեցին մահվան, երբ ծնվեց Դավիթը։ Դավթի ծննունդը կարծես արդարացնում է մեր հերոսների մարդկային թուլություններն ու սխալ որոշումները։ Այո,՛ մենք շարունակում ենք ապրել, բայց կարո՞ղ ենք առողջ սերունդ ծնել ու ապրել այնպես, որ բերք ու բարիք սփռենք մեր շուրջը։ Ո՞վ կլինի այն առաջնորդը, որը կկարողանա պարարտացնել հայոց հողը, որն այնքա՜ն կարիք ունի սիրո ու հոգատար խնամքի։

Սասունցի Դավիթ
Դավիթը հսկա էր, գեղատես ու անվախ՝ ծռության աստիճանի։ Իրականում Դավիթը որբ էր։ Ծնող կորցրած զավակը ունի բարդույթներ։ Նրան մեծացնելն էլ ընտանիքի համար հաճախ խնդիր է հանդիսանում. Դավիթը չէր տեղավորվում իր միջավայրի սահմաններում։ Այդ պատճառով քեռիները նրան ճամփեցին Մսըր՝ խորթ մոր ու եղբոր մոտ, բայց Դավիթը այնտեղ էլ չհարմարվեց ու վերադարձավ իր հայրենի աշխարհը։ Մենք Դավթին վերաբերվում ենք հասկացողությամբ, ներում ենք նրա ծռությունը, որքան էլ որ այն տարօրինակ թվա, միեւնույն ժամանակ զրպարտում ենք Իսմիլ խանումին ու նրա որդուն։ Մոռանալով, որ Դավիթը նույն մոր կաթով է սնվել, մենք ոգեւորվում ենք Դավթի բազկի զորությամբ, Քուռկիկ-Ջալալով ու թուր-կեծակով, որոնցով նա ջախջախում է Մսրա Մելիքին՝ իր խորթ եղբո՜րը։ Մենք նախընտրում ենք արդարացնել եղբայրասպանությունը, քանի դեռ հակառակորդին անհնար է ներել։ Ո՞րն է համերաշխության գինը։ Հնարավոր չէ՞ ր արդյոք թոթափել վիրավորված «ես»ը ու գալ համաձայնության։ ՉԷ՞ որ նրանք նույն մոր կաթով էին սնվել։ Ռոբերտ Քոչարյանը կարողությունը ունի՞ գեթ իր մեկ սխալը ուղղելու։

Մենք մեր տղա զավակների մեջ գնահատում ենք ու քաջալերում Դավթի ծռությունը ու հաճախ մոռանում ենք այն զսպելու մեր ծնողական պարտականությունը։ Խելահեղ քաջությունը հետեւանքներ ունի, որոնց համար մեր հերոսները պատասխանատվություն պետք է կրեն, այլապես նրանց սխալները դառնում են ճակատագրական նրանց սերունդների, ողջ ազգի ու ժողովրդի համար։

Մեծանալով Դավիթն էլ իր հերթին դավաճանեց Խանդութին, երբ սիրահարվեց չինացի Չմշկիկ Սուլթանին, որի հետ նա անկողին մտավ, խոստացավ վերադառնալ յոթ օրից, բայց լքեց յոթ տարով, ապա վերադառնալով Չմշկիկ Սուլթանի մոտ, Դավիթը սպանվեց իր իսկ հարազատ աղջկա արձակած նետի հարվածով։ Դավթի դավաճանությունը պատճառ դարձավ նաեւ Խանդութի մահվան։ Վերջինս, իր սիրեցյալ ամուսնու կորստյան վշտին չդիմանալով, ինքնասպան եղավ։
Ո՞վ կարող էր հուշել մեր հերոսին, որ երդմնազանցությունը պատժվում է առավել դաժանորեն։ Ո՞ւր էին իմաստուններն ու հոգեւոր հայրերը, որոնք կարող էին ուղղորդել ծուռ Դավթին։

Փոքր Մհեր
Դավթի ու Խանդութի որդին՝ փոքր Մհերը ծնվեց իր փակ ափի մեջ արյան կաթիլով, որը ենթադրում էր արնախմություն։ Մհերը աշխարհ եկավ պատասխան տալու իր նախնիների արարքների համար։ Մհերի թշնամիները շատ էին՝ թե՛ ներսից եւ թե՛ դրսից. օտարազգի արքաներ իրենց զորքերով, պառավ կանայք ու ծերացած աղջիկներ (ենթադրաբար՝ հին ու ծերացած գաղափարներ), որոնց նա անգթորեն ջախջախեց։ Նա կռվի բռնվեց իր սեփական հոր՝ Դավթի հետ, ով Մհերի մանկության տարիներին հեռվում գտնվելով, հետագայում չկարողացավ ճանաչել իր զավակին։ Իսկ սխալը գիտակցելուց հետո Դավիթը անիծեց որդուն «մնալ անմահ և անժառանգ» հորն ընդդիմանալու համար։ Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի, որ Դավիթը զղջար իր սխալի համար, ներողություն հայցեր իր զավակից, որին թողել էր անհայր երկար տարիներ։ Որդու հանդեպ պատասխանատվությունից խուսափելով Դավիթը պատժեց ինքն իրեն ու դատապարտեց ողջ ազգին ու ժողովրդին ամլության։

Այսօր Հայաստանի նախկին իշխանությունները հպարտանում են շուրջ քսանհինգ տարի Ադրբեջանի հետ առճակատումից խուսափելու համար՝ անտեսելով իրողությունը, որ նրանք պարզապես երկարաձգել են զինադադարը, անպատասխանատու ձեւով արհամարել են երկրի ու ժողովրդի ամենաանհրաժեշտ կարիքները, խլել են նրանցից խաղաղ, ապահով ապրելու հնարավորությունը։

Ո՞ւր մնաց Փոքր Մհերը՝ Դավթի ու Խանդութի միակ որդին։ Աշխարհի հանդեպ չարացած, խռոված Փոքր Մհերը փակվեց քարայրում որոշելով դուրս չգալ.

Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։

Ի՞նչ է սրա հավանականությունը։ Սպասե՞նք, որ Փոքր Մհերը մի կողմ թողնի հայի ավանդական ծռությունը, դուրս գա ինքնամեկուսացումից, ուղղորդի հայ ժողովրդին դարերի ընթացքում ձեռք բերած իմաստությամբ՝ բարություն սեփական անձի եւ այլոց հանդեպ, հավատարմություն հակառակ պատեհապաշտության, ազնվություն ու արդարամտություն օտարի հետ հարաբերություններում, պատասխանատվություն հակառակ խելահեղության, ներողամտություն հակառակ ոխերիմության, ողջախոհություն, հակառակորդի հետ բանակցելու կարողություն, վտանգը դիմագրավելու նախապատրաստվածություն։ Ժամանակն է, չէ՞։

Այսօր մենք ազգովի կրել ենք ջախջախիչ պարտություն թե՛ ֆիզիկապես եւ թե՛ հոգեպես։ Հայ հողը տնքում է ցավից։ Նա կքված է զոհված զավակների արյան ծանրությունից։ Գուցե հրաշքի չսպասենք այլեւս։ Գործի լծվենք ու պարարտացնենք մայր հողը, որպեսզի մեր զոհերի արյունը ապարդյուն չկորչի։ Փոխե՛նք մեր անհատական եւ հավաքական իրականությունը, որպեսզի փոխենք մեր էպոսի հերոսների ճակատագրերը։

21-րդ դարում աշխարհն ավիրվում ու շինվում է նորովի ամեն օր։ Նույնը կատարվում է հայոց աշխարհում անկախ մեր կամքից։ Յուրաքանչյուր հայ անհատից պահանջվում է որոշել թե ինչպիսի աշխարհում է ուզում ապրել ու գործի լծվել, պայքարել հանուն երազի ամենայն պատասխանատվությամբ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *