Ֆորուղ Ֆարրոխզադ | Վաղվա վիշտը


Բանաստեղծ Ֆորուղ Ֆարրոխզադը կարճ ժամանակում դարձավ Իրանի ամենասիրված գրական դեմքերից մեկը: Նրա անունը առաջին անգամ թնդաց գրական շրջանակներում` «Մեղք» անսքող, մերկ ու համարձակ բանաստեղծությամբ: Այնուհետեւ մեկը մյուսի ետեւից լույս տեսան` «Գերի», «ընդվզում» եւ «Պատը», բանաստեղծությունների ժողովածուները, որոնք ճանապարհ հարթեցին` «Մի այլ ծնունդ» եւ հետմահու հրատարակված «Հավատք ընծայենք սառը եղանակների սկզբնավորմանը»`
Ֆորուղ Ֆարրոխզադը նաեւ ճանաչված կինոսեցենարիստ էր: Նրա` «Տունը սև է» բորոտների դաժան կյանքի մասին վավերագրական կինոֆիլմը բազմիցս արժանացել է միջազգային փառատոնների բարձր մրցանակների, իսկ Արեւմտագերմանիայում կայացած 14-րդ կինոփառատոնը` վավերագրական ֆիլմերի առաջին մրցանակը, ի հիշատակ Ֆորուղ Ֆարրոխզադի կոչեց` նրա անվամբ:
Ֆորուղ Ֆարրոխզադը ապրեց բուռն ու դրամատիկական կյանք, որը ընդհատվեց 1966 թվին` 32 տարեկան հասակում` ավտովթարի հետեւանքով: Հայ ընթերցողը ծանոթ է Ֆ․ Ֆարրոխզադի պոեզիային իսկ արձակ էջերին ոչ։ Ներկայցնում ենք նրա պատմվածքներից մեկը։

 

ՎԱՂՎԱ ՎԻՇՏԸ

Վառարանում բոցկլտացող կրակի կարմրավուն բոցերի լույսի ներքո երիտասարդ տղամարդը կռացավ նրա մարմնի վրա։ Նրանց ստվերները ընկել էին դիմացի պատին, իսկ ստվերներից ավելի վերև` ոսկեզօծ նուրբ շրջանակում, սուրբ Մարիամի պատկերն էր, որն անտրամադիր աչքերով, անմեղ ժպիտով նայում էր այս տեսարանին։
-Վաղը ուրեմն գնո՞ւմ ես։
Աղջիկը գլուխը բարձրացրեց աթոռի դաստակից։ Ուսերին թափվող մազերը սևաթույր ու նուրբ էին, աչքերը խոշոր ու շեղ էին, շուրթերը՝ լարված, իսկ լույսի խաղերը, նրա ուռուցիկ այտերը, շուրթի մեջտեղի փոսիկը և քիթը ընկղմվել էին հաճելի լուսումութի մեջ։ Կիսաբաց կոպերի արանքից նայեց իր բերանին սևեռված, սպասող ու անհանգիստ աչքերով տղամարդու դեմքին։ Փորձեց այս աչքերի պատկերը ընդմիշտ գծագրել հիշողության մեջ։ Աչքեր, որոնք ասես ափեափ լցված էին անորոշ ինչ-որ հարցով, աչքեր, որոնք սպասման ու անհանգստության ինչ-որ մի վիճակով մշտապես նրա վրա էին սևեռվում։ Գլուխը շրջեց և մազերի հետ խաղալով ՝ շշնջաց․
-Գիտես, որ ստիպված եմ, այլապես երբեք չէի գնա։ Երկու ամիսը մի բան չի, շուտ կվերջանա։
Դառնորեն ծիծաղեց, մի ակնթարթ․․․իսկ հետո․․․
Մտածեց՝ «Իսկ հետո ի՞նչ, իսկ հետո մշտապես կմնաս այնտեղ։ Փոքրիկ եղբայրներդ․․․նրանք քո կարիքը ունեն և դու պետք է նրանց խնամես, դու այլևս ինքդ քեզ չես պատկանում»։
Հիշեց մորը։ Հիմա արդեն նա գոյություն չուներ այս աշխարհում։
-Կյանքը ծիծաղելի է։
Նյարդային ծիծաղը տարածվեց սենյակում։
-Մի ակնթարթ․․․իսկ հետո․․․
Մարդը դեպի նա սողաց, հենվեց ոտքերին և գլուխը դրեց նրա ծնկներին։ Դրսում սուրում էր քամին, ու եղևնիների ճյուղերը զարնվում էին լուսամուտի ապակուն։ Եղանակը սաստիկ ցուրտ էր։ Տղամարդն ասաց․
-Աստծո արցունքներն էլ են սառել։
Աղջկա մատները խառնեցին նրա մազերը։ Երբ գլուխը դրեց նրա ծնկներին՝ հագստության զգացում ունեցավ։
Որքան լավ է, որ մարդ սիրում է։
Մի արևոտ օր իրար հետ ծանոթացել էին լճափին։ Աղջիկը եկել էր արևելքից։ Տղամարդը տարաբնույթ պատկերացումներ ուներ արևելքի աշխարհից և երբ նայում էր նրա աչքերին, բոլոր այդ գունավոր ու հոտավետ առասպելները, նրա մութ ու առեղծվածային հայացքում մարմնավորվում էին։ Երկրորդ անգամ հանդիպեցին համալսարանի գրադարանում։ Երկուսն էլ միևնույն գիրքն էին փնտրում և աղջիկը ասաց․
-Գիրքը միասին կկարդանք։
Հենց որ ամսական թոշակը ստացավ՝ աղջկան հրավիրեց ուսանողների համար կազմակերպված համերգին, որը կայանալու էր քաղաքի մեծ եկեղեցիներից մեկում։ Դժվարությամբ էր կարողացել երկու տոմս հայթել։ Սաստիկ ուրախ էր։
Երբ դուրս էին գալիս եկեղեցուց, աղջկա աչքերը խոնավ էին թվացել։ Բախից ու Մոցարտից տխուր հատվածներ էին ունկնդրել։ Աղջկան ասել էր․
-Ի՞նչը քեզ լացացրեց։
Եվ նա, ասես վերջ չունեցող աչքերով, նայել էր նրա աչքերին և պարզորոշ պատասխանել․
-Երջանկությունը, և այն, որ առաջին անգամ զգում եմ, որ ողջ եմ։
-Արդյոք իմ հետ երջանի՞կ ես։
Աղջիկը պատասխանելու փոխարեն մտախոհ նայել էր գետնին և լուռ էր մնացել։
Աղջկա մելանխոլիկ հոգին ձգում ու կլանում էր նրան, խաղաղ գետի էր նման, որի ավարտը կորսվել էր մթամած քարայրում և տղամարդը կամենում էր հայտնագործել այս ավարտը, նա փնտրում էր այս ավարտը։
-Մեր երկրամասում արևը ճառագում է պայծառությամբ, սակայն մեր հոգին ապրում է խավարի մեջ, Մենք մեր հոգու հովանոցն ենք։
Սա առաջին խոսքն էր, որ աղջկա բերանից լսել էր արևի ու արևելքի մասին։ Շատ էր ցանկանում, որ մի օր ճամփորդի այնտեղ, բայց նա չքավոր ուսանող էր։
Երբեմն վստահությամբ և հուսալի նայում էր իր դիմացի կետին, իսկ դեմքի դիմագծերը վճռական ու լուրջ արտահայտություն էին ստանում և նույն վճռականությամբ դիմելով աղջկան՝ ասում էր․
-Շուտով կավարտվի, երկու տարի, ընդամենը երկու տարի է մնացել։
Եվ հանդիպում էր նրա խորիմաստ ծիծաղին և թախծոտ հայացքին, որ ամբողջ օրը նստում էր իր դիմաց, ասես նախշավորվել է դիմացի պատին։ Ամռան երեք ամիսը միասին էին, սիրում էին իրար։ Աղջիկը նկարում էր, իսկ նա արագորեն դասերն էր կարդում։ Քննությունները մոտենում էին, բարեհաջող հանձնելուց հետո մի փոքրիկ տոնախմբություն կազմակերպեց և առաջին անգամ համբուրեց աղջկան։ Աղջիկը այդ գիշեր նրան ասել էր․
-Ես քոնն եմ, գուցե մինչև վաղը ողջ չմնանք․․․
Այդ գիշերվա վերհուշից դողաց։ Այդ գիշեր գորգի ծաղիկները ծածկվել էին աղջկա սև մազերով։ Շուրթի վերին հատվածը և ճակատը ողողվել էր քրտինքով, իսկ աչքերը ալիքվում էին խավարի մեջ, ալիքվում էին, ինչպես փոթորկահույզ ծովը։
Եվ միևնույն ժամանակ, որ գլուխը նրա ծնկներին էր և հայացքը թափառում էր օդում՝ մեղմ հարցրեց․
-Հիմա այնտեղ հաստատ գարուն է եկել։
Կրակը վառարանում բոցավառվում էր, և ամեն պահ սաստկացող քամին՝ դռները իրար զարնելով, ոռնում էր միջանցքներում։ Կրակի կարմրությունը արտացոլվել էր աղջկա աչքերում, գլուխը թեքեց մթության կողմը, ձայնն ասես հեռավոր տեղից էր լսվում։
-Հյուսիսում և հարավում նարգիզներ են ծլարձակել, թարմ հողի բույրը տարածվել է օդում, տեղացող մեղմ անձրևը թրջում է մենավոր ու հեռու ընկած լեռները։ Փոքրիկ երեխաները նստում են լուսամուտների մոտ և ամենայն ինչում՝ աչքերում, ձեռքերում, ծիծաղներում, քամու սահանքում, ծառերի ճյուղերի շարժման, թռչունների երգում և արևի լույսում առկա է մի տեսակ քաղցր սպասում։
Մի պահ հապաղեց և խուլ ձայնով ասաց․
-Եվ ես պետք է գնամ։
Եթե մայրը ողջ լիներ, կարող էր հենց այդտեղ մնալ և ուսումը շարունակել, իսկ հիմա․․․Ինչ են անում փոքր եղբայրները, նրանք միայնակ և անխնամակալ են, պետք է վերադառնար նրանց մոտ, մի պահ խորհեց․ «Նրանց էլ կբերեմ այստեղ՝ ինձ մոտ»։
Բայց անմիջապես անհուսորեն ծիծաղեց։ Նրանք հարստություն չունեն, և օտար մի երկրում կյանքը անհնարին էր լինելու։ Նայեց տղամարդուն․
-Երկու տարի, երկու տարի հետո և գուցե ոչ մի ժամանակ։
Եվ մրմնջաց․
-Մեր ճանապարհը այստեղ բաժանվում է իրարից, և ես սիրում եմ նրան։
Աչքերը շրջեց կրակի դիմաց շողացող տղամարդու մազերի, ուսերի, բազուկների վրա։ Նրա բազուկների մեջ շոշափել էր սերը։ Կոպերը անորոշ մի արբեցումից ծանրացան ու փակվեցին։ Նրա սառը սենյակի չորս պատերի մեջ հասել էր վերջին հուզումին ու այրոցին․․․ Ներսուզվեց մեղմ մի խոնջանքի մեջ։ Ստվերը ընկավ դիմացի պատին, իսկ ձեռքերն ասես օդում ինչ-որ բան էին փնտրում․
-Մենք միասին երջանիկ էինք։
-Ոչ, մենք միասին ապրեցինք,- ասաց աղջիկը,- սա շատ գեղեցիկ ու հազվագյուտ է։
-Հիշո՞ւմ ես ամռան այն օրը, երբ միասին «Վաշենզեն» էինք գնացել։ Այն օրը կարծես, արևը իր ջերմությունը քո մեջ էր լցրել։
Քաղցր մի ժպիտ բացեց աղջկա շուրթերը, իսկ մատները դեռևս թափառում էին տղամարդու մազերի մեջ։
-Երբ դու վերադառնաս, մենք ամռանը դարձյալ ծովափ կգնանք։ Ես այս երկու ամիսը կաշխատեմ։ Բավարար գումարով կգնանք այնտեղ, աստված իմ, դու պատկերացրու՝ ցերեկները ծովում, իսկ գիշերները կապրենք անտառում։
Աղջիկը հառաչեց ու ասաց․
-Այո, ծովափ կգնանք, բայց այդ մասին մի խոսիր, գուցե ծովի ջուրը չորանա, անտառը հրդեհի ճարակ դառնա։ Գուցե ես և դու․․․
Տրտմորեն ժպտաց․
-Բայց հիմա, որ ես ու դու կանք, հիմա, հենց այս պահին․․․Եվ վաղը ես գնում եմ, ինչ է մոռացե՞լ ես։
Աթոռից, որի վրա նստած էր, ձկնիկի պես սահեց նրա բազուկների մեջ, ու երկուսով վառարանի մոտ պառկեցին գետնին։
Նրանց ստվերները գունազարդվել էր դիմացի պատի և սուրբ Մարիամի նկարի տակ։
Կորսվել էին միմյանց մեջ և ջանք էին գործադրում, իսկ ոսկեերիզ շրջանակում այն անմեղ ժպիտը ասես ալիքվում էր հավերժության մեջ։
Աղջիկը խորհեց․
«Սա վերջին անգամն է»։
Եվ տղամարդը լռության մեջ շշնջաց․
-Մեր կյանքի բոլոր ամառները, բոլոր ամառները․․․
Հայացքի առաջ պարեցին ծովի ալիքները և տեսավ ագռավների խումբը, որ թռչում էր եղևնիների անտառի բարձունքում։
-Դու կվերադառնաս, չէ՞։
Հարյուրերորդ անգամվա համար ցանկանում էր իր հարցի պատասխանը լսել, իսկ աղջիկը փորձում էր մտապահել, սերտել նրա աչքերի պատկերը, շարունակ պատասխանի սպասող նրա աչքերը։
-Այո, կվերադառնամ, երկու ամիսը մի բան չի․․․մի ակնթարթ․․․
Եվ դեմքը շրջեց ու սուզվեց տրտմության մեջ։
-Ամեն ինչ ավարտվում է։ Ամեն ինչ․․․Ի՞նչ է կյանքը։ Թողնել ու գնալ, թողնել ու գնալ ինչի՞ համար։
Պատի ժամացույցը տասն անգամ ձայնեց, և բարձիկների վրա քնած սև կատուն իր կանաչ աչքերով մթության մեջ նայեց նրանց․․․Հաճույքը նրանց աչքերի բիբերը անարտահայտիչ, իսկ կոպերը ծանրացրել էր։ Գորգի ծաղիկների վրա տարածվել էր աղջկա սև մազերի շերտերը, իսկ նրանց սրունքները լարված ու ջղաձգված էին։ Սև կատուն, նրանց մարմինը հոտոտելով, հանդարտ անցավ նրանց կողքով և քիչ այն կողմ՝ մեջքը վեր ցցած, իրեն քսեց դռանը։ Դրսում սուրում էր քամին, իսկ երկինքը սաստիկ մթամած էր և եղևնու ճյուղերը հարվածում էին լուսամուտի ապակուն։
-Ժամը տասից հետո արդյո՞ք մեկը կարող է հյուրին պահել։
Տղամարդու ձայնը խուլ ու դողահար էր։
-Այս գիշեր մնա ինձ մոտ, դռնապանը քնած է, միայն այս մի գիշերը․․․
Երկար մատնածայրերով շոյեց տղամարդու դեմքը, աչքերը ալիքվում էին արցունքի մեջ։
-Միայն այս մի գիշերը, միայն այս մի գիշերը, հետո ի՞նչ է պատահելու, ով ինչ գիտի։
Մի կտոր ցախ չոր ձայնով բռնկվեց վառարանի մեջ, և վեր ձգվող բոցը մի պահ լուսավորեց դիմացի պատը և սուրբ Մարիամի պատկերը։

1957թ․
 Թարգմանությունը պարսկերենից՝ Էդուարդ հախվերդյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *