Նրա գոտկատեղն ականապատ է… և նա պայթում է… Սա ո՛չ մահ է, ո՛չ էլ ինքնասպանություն:
Սա Գազայի ձևն է՝ հայտարարելու, որ ինքն արժանի է ապրելու:
Արդեն չորս տարի է, ինչ Գազայի պատառոտված միսը թռչում է արկերի բեկորների պես:
Սա ո՛չ կախարդանք է, ո՛չ էլ հրաշք. դա Գազայի զենքն է՝ պաշտպանելու իր գոյությունը և հյուծելու թշնամուն:
Եվ արդեն չորս տարի է, ինչ թշնամին հրճվում է իր երազանքներով…հմայված սեթևեթում է ժամանակի հետ… բայց ոչ Գազայում:
Գազան հեռու է իր հարազատներից, բայց կպած է իր թշնամիներին…Գազան կղզի է, որ ամեն անգամ, երբ պայթում է (իսկ նա երբեք չի դադարում պայթել) ճանկռում է թշնամու դեմքը, փշրում նրա երազանքները և թույլ չի տալիս գոհունակ վայելել ժամանակը:
Որովհետև Գազայում ժամանակն այլ բան է:
Որովհետև Գազայում ժամանակը չեզոք տարր չէ:
Այն մարդկանց չի մղում սառնասիրտ խորհրդածության, այլ ընդհակառակը՝ մղում է պայթյունի և ճշմարտության հետ բախման:
Ժամանակն այնտեղ երեխաներին մանկությունից չի տանում դեպի ծերություն, այլ նրանց տղամարդ է դարձնում թշնամու հետ հենց առաջին իսկ առերեսման ժամանակ:
Ժամանակը Գազայում հանդարտեցում չէ, այլ գրոհ կիզիչ կեսօրին: Որովհետև Գազայում արժեքները տարբեր են, տարբեր են, տարբեր:
Օկուպացվածի համար միակ արժեքը օկուպացիային իր դիմադրության չափն է: Դա այնտեղ միակ մրցակցությունն է: Գազան կախվածություն է ձեռք բերել այս դաժան ու վեհ արժեքի իմացությունից: Նա դա չի սովորել գրքերից, արագ դասընթացներից, մեգաֆոններից գորգոռացող քարոզչությունից կամ երգերից: Նա դա սովորել է միայն սեփական փորձով և այնպիսի գործով, որը չի արվում գովազդի ու լուսանկարի համար:
Գազան չի պարծենում իր զենքերով, հեղափոխականությամբ կամ բյուջեով: Նա զոհաբերում է իր դառը միսը, գործում է իր կամքով և հեղում իր արյունը:
Գազան հռետորաբանության վարպետ չէ: Գազան կոկորդ չունի։ Նրա ծակոտիներն են, որ խոսում են քրտինքով, արյունով ու հրով։ Ահա թե ինչու է թշնամին մահու չափ ատում նրան և ոճրագործություն գործելու աստիճան վախենում նրանից, և փորձում է նրան խորտակել ծովում, անապատում կամ արյան մեջ: Եվ ահա թե ինչու են նրա հարազատներն ու ընկերները սիրում նրան մի տեսակ ամաչկոտությամբ, որը սահմանակից է խանդի ու վախի, որովհետև Գազան դաժան դաս է և շողուն օրինակ թե՛ թշնամիների, թե՛ ընկերների համար:
Գազան քաղաքներից ամենագեղեցիկը չէ:
Նրա ափն ավելի կապույտ չէ, քան արաբական քաղաքների ափերը:
Նրա նարինջները միջերկրածովյան ավազանում ամենագեղեցիկը չեն:
Գազան քաղաքներից ամենահարուստը չէ:
Նա քաղաքներից ամենավայելչագեղը կամ ամենամեծը չէ: Բայց նա հավասար է մի ամբողջ հայրենիքի պատմությանը, որովհետև ամենատգեղն է թշնամու աչքերում, ամենաաղքատը, թշվառն ու կատաղին: Որովհետև մեր մեջ նա ամենաունակն է փչացնելու թշնամու տրամադրությունն ու նրա հանգիստը: Որովհետև նա նրա մղձավանջն է: Որովհետև նա ականապատ նարինջներ է, մանուկներ՝ առանց մանկության, ծերեր` առանց ծերության, և կանայք՝ առանց ցանկությունների: Ահա թե ինչու նա ամենագեղեցիկն է, ամենամաքուրն ու ամենահարուստը մեր մեջ և ամենաարժանին սիրո:
Մենք անարդար ենք գտնվում Գազայի հանդեպ, երբ փնտրում ենք նրա բանաստեղծությունները, ուստի եկեք չաղավաղենք Գազայի գեղեցկությունը: Նրա մեջ ամենագեղեցիկն այն է, որ նա զուրկ է պոեզիայից, մինչդեռ մենք փորձում էինք բանաստեղծություններով հաղթել թշնամուն, հավատում էինք ինքներս մեզ և ուրախանում` տեսնելով, որ թշնամին թույլ է տալիս մեզ երգել… և մենք թույլ տվեցինք նրան հաղթել: Իսկ հետո չորացրինք մեր շուրթերը բանաստեղծություններից ու տեսանք, որ թշնամին արդեն ավարտել է քաղաքների, ամրոցների ու փողոցների կառուցումը:
Մենք անարդար ենք գտնվում Գազայի հանդեպ, երբ այն վերածում ենք առասպելի, որովհետև կատենք այն, երբ հայտնաբերենք, որ այն ընդամենը մի փոքրիկ, աղքատ քաղաք է, որը դիմադրում է:
Եվ երբ հարցնում ենք՝ ի՞նչը նրան առասպել դարձրեց:
Մենք կջարդենք մեր բոլոր հայելիները և կարտասվենք, եթե արժանապատվություն ունենանք, կամ կանիծենք այն, եթե հրաժարվենք ապստամբել ինքներս մեր դեմ:
Մենք անարդար ենք Գազայի հանդեպ, եթե փառաբանում ենք այն, որովհետև նրանով հմայված լինելը մեզ կտանի դեպի սպասման եզրը, իսկ Գազան մեզ մոտ չի գալիս: Գազան մեզ չի ազատագրում: Գազան չունի ձիեր, ինքնաթիռներ, կախարդական փայտիկներ կամ գրասենյակներ մայրաքաղաքներում: Իրավ, Գազան միաժամանակ ազատագրում է իրեն թե՛ մեր տված բնութագրումներից, թե՛ մեր լեզվից ու թե՛ իր զավթիչներից: Երբ մենք հանդիպենք նրան՝ երազում, թերևս նա մեզ չճանաչի, որովհետև Գազան ծնվել է կրակից, մինչդեռ մենք ծնվել ենք սպասումից ու լքված տների վրա լաց լինելուց:
Ճիշտ է, որ Գազան ունի յուրահատուկ հանգամանքներ և յուրահատուկ հեղափոխական ավանդույթներ։ Բայց նրա գաղտնիքը հանելուկ չէ. նրա դիմադրությունը ժողովրդական է, միաձուլված, և գիտի, թե ինչ է ուզում (ուզում է վտարել թշնամուն իր հագուստի միջից): Դիմադրության կապը ժողովրդի հետ նույնն է, ինչ մաշկի կապը ոսկորների հետ, այլ ոչ թե ուսուցչի կապն աշակերտների հետ:
Գազայում դիմադրությունը չվերածվեց վարձատրվող աշխատանքի, չվերածվեց հաստատության։ Այն չընդունեց որևէ մեկի խնամակալությունը և իր ճակատագիրը կախված չթողեց որևէ մեկի ստորագրությունից կամ կնիքից:
Նրան այնքան էլ չի հուզում, թե արդյոք մենք գիտենք իր անունը, պատկերը կամ ճարտասանությունը: Ինքն իրեն լրատվամիջոցների համար նյութ չհամարեց: Այն չպատրաստվեց տեսախցիկների համար և իր դեմքին ժպտացող շպարամածուկ չքսեց:
Ո՛չ նա է դա ուզում, ո՛չ էլ մենք։
Գազայի վերքը չի վերածվել հռետորների ամբիոնի: Գազայի մեջ գեղեցիկն այն է, որ մենք նրա մասին շատ չենք խոսում, և նրա երազանքների ծուխը չենք օծում մեր քնարերգության կանացի բուրմունքով:
Ահա թե ինչու Գազան անշահավետ գործարք է միջնորդների համար, և ահա թե ինչու այն անգնահատելի հոգևոր և բարոյական գանձ է արաբների համար:
Գազայի գեղեցկությունն այն է, որ մեր ձայները նրան չեն հասնում։ Ոչինչ չի շեղում նրան․ ոչինչ չի հեռացնում նրա բռունցքը թշնամու դեմքից։ Ոչ Պաղեստինյան պետության ձևը, որ մենք կհիմնենք լինի դա լուսնի արևելյան մասում, թե Մարսի արևմտյան մասում, երբ այն կհայտնագործվի: Գազան նվիրված է մերժմանը… սով և մերժում, ծարավ և մերժում, տեղահանություն և մերժում, տառապանք և մերժում, պաշարում և մերժում, մահ և մերժում։
Թշնամիները կարող են հաղթել Գազային (փոթորկվող ծովը կարող է հաղթել կղզուն… կարող են կտրել Նրա բոլոր ծառերը)։
Կարող են փշրել նրա ոսկորները։
Կարող են տանկեր տեղադրել նրա երեխաների ու կանանց որովայնում: Կարող են նրան նետել ծովի, ավազի ու արյան մեջ։
Բայց նա չի կրկնի ստերը և «այո» չի ասի զավթիչներին։
Նա կշարունակի պայթել։
Դա ո՛չ մահ է, ո՛չ էլ ինքնասպանություն։ Դա Գազայի ձևն է հայտարարելու, որ ինքն արժանի է ապրելու։
Դա ո՛չ մահ է, ո՛չ էլ ինքնասպանություն։ Դա Գազայի ձևն է հայտարարելու, որ ինքն արժանի է ապրելու։
1973թ. Բեյրութում հրատարակված «Սովորական տխրության օրագիր» (يوميات الحزن العادي) գրքից:
Թարգմանությունը անգլերենից` Մերի Պողոսյանի