ԱՐԹՅՈՒՐ ՌԵՄԲՈ | Բանաստեղծություններ

Արթուր Ռեմբո

ՆԻՆԱՅԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

ՏՂԱՆ  –
……………………………………
Կուզե՞ս կուրծքս կրծքիդ վրա
Քայլենք անվերջ
Կապուտաշող առավոտվա
Շողերի մեջ,
Որ կցողեն գինու նման
Դեմքերը մեր…
Երբ անտառն է հեղում համայն
Համըր մի սեր
Ամեն ճյուղից ու բողբոջից,
Ցողից կանաչ,
Սարսռում է օդի մեջ ջինջ

Մարմինը բաց :
Դու կփռես առվույտի մեջ
Շորդ ճերմակ,
Կշողացնես սև ու անշեջ
Աչքդ կրակ.
Սիրահարված ու երջանիկ
Կտարածես
Քո խենթ ծիծաղը շամպայնի
Փրփուրի պես.
Եվ կսկսես դու ինձ ծաղրել`
Հաբած ուժգին,
Ես էլ ուժով կուզեմ քաղել
Քո շրթունքի
Բույրը մոշի ու ելակի,
Դու կծաղրես
Գարնան քամուն, որ կգրկի
Քեզ գողի պես,
Մասրենուն, որ գգվանքով
Կտաջի քեզ,
Եվ հատկապես սիրածին քո
Կծանակես…
Դու տասնյոթ տարեկան ես,
Կերջանկանաս,
Ահա դաշտերը սիրակեզ.
Դե ի՞նչ, կգա՞ս…
Կուզե՞ս կուրծքս  կրծքիդ վրա,
Զրուցելով,
Քայլենք դանդաղ, մտնենք ապա
Անտառը զով…

Եվ աչքերը քո կիսաբաց,
Մեռյալի պես,
Իմ թեվերին` ընդարմացած
Դու կպառկես…

Եվ կտանեմ  քեզ ժպպտադեմ,
Իմ թեվերին,
Կերգի հավքը իր անդատեն`
“Կաղնիներին” …

Կկռանամ ես քո  դեմքին,
Քեզ պինդ գրկած,
Ինչպես քնած երեխային,
Գինովացած

Քո արյամբ, որ հոսում է տաք
Մաշկիդ ներքո,
Կասեմ խոսքեր ես համարձակ
Ականջին քո…

Անտառը իր հյութը կզգա,
Արեգակի
Շողքը վառման
Նրան կտա երազ ոսկի:

………………………………………

Տուն կդառնանք երեկոյան
Ծանոթ ճամփով,
Ինչպես հոտն է թողնում դժկամ
Հանդ ու արոտ:

Չորս կողմը խոտն է կապտաթույր
Ու անխռով,
Եվ այգիներն են` քաղցրաբույր
Խնձորներով:

Կիսամութին մենք գյուղ կգանք
Լուռ, հոգնաբեկ,
Կաթնեղենի հոտը կզգանք
Ամենուրեք,
Կզգանք օդի մեջ` գոմերի

Բույրերը տաք,
Կլսենք հևքը կովերի,
Եվ լուսնի տակ

Նրանց մազեղ մեջը կոպիտ
Մենք կտեսնենք.
Ամեն քայլի կկոռոպի
Գոմեշը սեգ…

Հետո` ակնոցը տատիկի,
Քիթը երկար`
Գրքի վրա,գարեջրի
Խըցված  տակառ,

Նաև`ծխի ամպեր կապած
Ծխամորճներ,
Եվ ծխահոտ շուրթեր կախված,
Որ անհամբեր

Վերջ են տալիս խոզապուխտին
Ագահաբար,
Իր ցոլքերն է սփռում  չորս դին
Կրակը վառ:

Մի մանուկի հետույքը գեր
Ու շողարձակ,
Որ ամանի մեջ է խցկել
Դեմքը ճերմակ.

Գռմռում է կողքին մի շուն
Մեծ, պատվավոր,
Որ քսվում է նրան, լիզում
Թուշը կլոր…

Մռայլ, նստած աթոռակին
Մի անկյունում
Սարսափազդու մի պառավ կին
Թել է մանում…

Եվ կտեսնենք,սե’ր իմ, էլի
Բաներ այնքա՜ն,
Երբ կրակը լուսավորի
Դուռ, պատուհան…
-Հետո թփի տակ մի փարթամ
Յասամանի

Մեզ թաքնված մի պատուհան
Աչքով կանի…

Կգա~ս,կգա~ս, սիրո’ւմ եմ քեզ,
Իմ բարձրահո′ն,
Կգաս, չէ՞, որ մշտապես…

ԱՂՋԻԿԸ  –
Իսկ իմ բյուրո՞ն:

ՀՄԱՅՎԱԾՆԵՐԸ

Սև գնդի նման` ձյան ու բքի մեջ
Շրջան են կազմել լուսավոր ու մեծ
Պատուհանի տակ,
Հինգ փոքրիկ,- թշվառ,-նայում են ծնկած
Ճերմակ հացթուխին,որ մեջքը կքած
Հաց է թխում տաք…
Տեսնում են ուժեղ ձեռքը հացթուխի,
Որ գորշ խմորն է հունցում, թխի
Շեկ վառարանում:
Տեսնում են`ինչպես մի մեծ, բարի հաց
Եփվում է դանդաղ, հացթուխն էլ կամաց
Երգ է դնդնում:
Ու կուչ են գալիս,սեղմվում իրար`
Կարմիր օդանցքի շնչից բարերար`
Կրծքի պես տաքուկ:
Եվ երբ գիշերվա զանգերն թնդում
Ու հացն են հանում ծանր, կայծկլտուն,
Դեղին ու փափուկ,
Ու երբ ծխացող ցախերի միջից
Երգում են բուրյան փշուրներն հացի
Ծղրիդների պես,
Եվ երբ անցքն այդ շոգ շնչում է կյանքով,
Հոգի’ն է նրանց լցվում բերկրանքով
Փալասների մեջ,
Ու նրանք այնպե՜ս ուտել են ուզում,
Փոքրիկնեն այդ խեղճ`եղյամով լեցուն,
-Որ այնտեղ են, տե՛ս,
Փոքրիկ, վարդագուն դեմքերը հպած
Փշալար ցանցին, սրունքները բաց,
Երգում են ասես,,
Աղոթք են ասում ի փառս փռի,
Նրաց ձգում է երկինքն այդ բարի
Այնպիսի~ ուժով,
Որ ճաքճքում են շալվարները կարճ,
Ու սրունքների գծերում թերաճ
Քամին է շրշում…

ԱՌԱՋԻՆ   ԵՐԵԿՈՆ

(երեք համբույրի կատակերգություն)

—  Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։

Կիսամերկ բազմելով բազկաթոռին իմ չոր՝
Նա ձեռքերն էր խաչել. և հատակին կախված
Նրա ոտքը փոքրիկ, նուրբ ու սիրատոչոր
Դողում էր հաճույքից՝ կամաց, կամաց, կամաց։

-Եվ ես տեսա, ինչպես մի գունափայլ պարոն,
Թփի միջից ելած մի ճառագայթ բարակ,
Նրա ժպտուն դեմքին անհոգ թռվռալով.
Իջավ կրծքին, ինչպես ճանճը՝ վարդի վրա։

Համբուրեցի նրա կոճը ես նրբակազմ.
Նա ծիծաղեց կտրուկ մի ծիծաղով հանգած,
Որի դայլայլը լույս կախվեց օդում մաս-մաս,
Հետո բյուրեղացավ, ընկավ ու զրնգաց։

Փոքրիկ ոտքերն իսկույն անցան շապիկի տակ
Եվ փրկվեցին. «Վե՛րջ տուր», ասաց նա մեղավոր,
—  Եվ իրեն թույլ տված արարքն այդ համարձակ՝
Ձևացրեց, թե իբր պատժում է ծիծաղով։

—  Խեղճ աղջիկը դողաց շրթունքիս տակ, երբ ես
Քնքշությունով իմ ողջ աչքերին մեղմ դիպա,
Կոտրատվելով իսկույն գլուխը ետ թեքեց.
«Սա տանելի է դեռ, ավելի լա’վ է, բայց…

Պարոն, խոսելու բան քեզ հետ ունեմ նորից…».
Ես վերջին համբույրի մնացորդը անուշ
Դրոշմեցի կրծքին. նա ծիծաղեց, որ ինձ
Ո՛չ միայն շատ, այլև լավ բան էր խոստանում…
—   Նա հանվում էր այնքան արագ ու սրընթաց.
Եվ հաստաբուն մի ծառ անպարկեշտ ու լկտի
Տերևներն էր փետում՝ նախանձից չարացած,
Պատուհանին մոտիկ, պատուհանին մոտիկ։

ՈՐԲԵՐԻ ՆՎԵՐՆԵՐԸ

I

Խավար է դեռ սենյակում, բայց լսվում են շշուկներ.
Տխուր ձայնով խոսում են երկու քնքուշ մանուկներ,
Աչքերը նոր բաց արած, քնաթաթախ, գլխահակ,
Թրթռացող ու երկար առագաստի տակ ճերմակ։
–  Կծկվում են շարունակ խեղճ թռչունները դրսում.
Գորշ երկնքի տակ նրանց թևերը շատ են մրսում։
Եվ նոր տարին իր ամբողջ շքախմբով միգամած,
Ձյունաճերմակ զգեստի երկար փեշերը փռած,
Արտասվելով ժպտում է և երգում է դողահար…

II

Իսկ մանուկները՝ ծփուն առագաստի տակ, ահա,
Խոսում են ցածր ձայնով, ինչպես խավար գիշերին,
Լարված ականջ են դնում ասես հեռու ձայներին…
Նրանք ցնցվում են հաճախ, երբ հնչում է վաղորդյան
Զանգի ձայնը ոսկեհունչ, որ զարկում է բարձրաձայն
Իր լեզվակը մետաղյա գմբեթի տակ ապակե…
–  Ցուրտ է մռայլ սենյակում… երևում են հատակին
Մահիճների շուրջ թափված սգո շորեր սևավոր,
Եվ տան շեմին ոռնացող ձմռան քամին ահավոր
Փչում է այդ տան վրա իր հևքը սառն ու դաժան։
Զգացվում է, որ այնտեղ պակասում է ինչ-որ բան…
–  Մի՞թե մայրն է այդ քնքուշ մանուկների բացակա.
Մայրը պայծառ ժպիտով և հայացքով հաղթական։
Մոռացե՞լ է իսկապես նա իրիկունը արդյոք
Վառարանը տաքացնել, միայնակ ու ծնկաչոք,
Ծածկել բրդյա վերմակով մանուկներին իր քնած,
Ներողություն ասելով, նախքան լքելը նրանց։
Չի՞ մտածել, որ տանը ցուրտ կլինի այդ ժամին.
Որ դռների արանքից կփչի սառը քամին…
–   0~, տենչանքը մայրական, դա մի վերմակ է տաքուկ,
Մանուկների ապաստան բույն է հարմար ու փափուկ,
Որտեղ որպես թռչուններ՝ ճյուղի վրա ճոճվելով,
Ննջում են մեղմ ու հանգիստ երազի մեջ անխռով…
-Բայց այս բնում էլ չկա ո’չ ջերմություն, ո՛չ փետուր,
Եվ մրսում են ձագերը, վախեցած են ու տխուր.
Սառել է բույնը արդեն ձմռան քամուց բքաբեր…

III

Նրանք զրկված են մորից,— ճիշտ գուշակեց սիրտը ձեր։
Չկա մայրը, իսկ հայրը հեռու տեղ է գնացել…
—   Նրանց կողքին լոկ պառավ աղախինն է մնացել։
Հիմա  մենակ են նրանք սենյակում մութ ու սառած,
Չորս տարեկան որբուկնե՛ր, ահա մտքի մեջ նրանց
Կամաց-կամաց մի ուրախ հիշողություն է հառնում…
Ինչպես աղոթք անելիս տերողորմյան են համրում.
-Ա~խ, գեղեցիկ առավոտ `ճոխ նվերներ խոստացող.
Ամեն մեկը, գիշերը, երազի մեջ լուսաշող
Տեսել էր իր ցանկացած խաղալիքները շքեղ,
Կոնֆետները ոսկեզօծ և զարդերը գունագեղ,
Որոնք զվարթ պտույտով պարում էին, շրխկում՝
Չքանալով ու նորից հայտնվելով սենյակում։
Առավոտյան ժպտադեմ արթնանում են խնդագին՝
Տրորելով աչքերը՝ քաղցր համը շրթունքին…
Եվ ինչպես մեծ տոներին, աչուկներով լուսավառ,
Խոպոպներով գզգզված վազ են տալիս խենթաբար,
Մերկ տոտիկները հազիվ դիպցնելով հատակին՝
Մեղմիկ դուռը թակելու ծնողների սենյակի…
Ներս են խուժում… Գգվում են… և համբուրում են դարձյալ.
Նրանց այդ օրը մի քիչ կարելի է շփանալ։

IV

Ա’խ, բառերն այդ կրկնվող թովիչ էին չափազանց.
-Հիմա այդ տունը զվարթ որքա~ն, որքա~ն է փոխված։
Վառարանում աղմուկով վառվում էր թեժ մի կրակ՝
Պայծառ լույսով լցնելով հին սենյակը բովանդակ,
Եվ ցոլքերը ալ կարմիր ցայտում էին ու փայլում,
Պար բռնելով խանդավառ կահույքի ջինջ հայելում։
—  Չուներ ոչ մի բանալի պահարանը բազմաձև…
Միշտ գրավում էր նրանց փայտե դուռը գորշ ու սև…
Չկա~ ոչ մի բանալի… տարօրինա~կ է ինչքան…
Ի՞նչ գաղտնիքներ է պահում, տեսնես փորի մեջ ինչ կա…
Եվ լսում են ասես թե փականքից մութ ու անձուկ
Ինչ-որ հեռո՛ւ, անորոշ և ցնծալի մի աղմուկ։
—  Ծնողների սենյակը լուռ ու դատարկ է այսօր.
Դռան վրա այլևս չկան ցոլքերը բոսոր,
Ծնողները, կրակը, բանալիները չկան,
Չկան նաև համբույրներ և նվերներ մոգական…
0 ‘հ, ի’նչ տխուր կլինի Նոր տարվա օրն առաջին:
— Եվ տրտում ու մտահոգ աչուկներից կապտաջինջ
Դանդաղորեն դառնաղի արտասուքներ են կաթում,
Եվ մրմնջում են նրանք. «Մայրիկը ե՞րբ կգա տուն»։

…………………………………………………………….
V

Հիմա նորից քուն մտան մանուկները տրտմագին.
Քնած տեղն էլ թվում է, թե արտասվում են կրկին.
Աչքերն ուռած են այնպես, և ծանր է հևքը նրանց.
Երեխաները բոլոր զգայուն են չափազանց։
—  Բայց հրեշտակը բարի նրանց արցունքը սրբեց
Եվ այդ ծանր քնի մեջ ուրախ երազ ուղարկեց,
Այնքան ուրախ, որ նրանց շրթունքները կիսաբաց
Ժպտացին և ասես թե մրմնջացին կախարդված…
—  Տեսան իբր, թե թմբլիկ թաթիկներին հենվելով՝
Արթնանում են մեղմորեն անուշ քնից անխռով
Ու մտորուն աչքերով ապշած նայում են, խնդում…
Հայտնվել են ասես թե մի վարդագույն դրախտում…
Վառարանի մեջ ուրախ երգում է բորբ մի կրակ,
Պատուհանից ժպտում է երկինքը ջինջ, կապուտակ,
Բնությունը արթնանում և արբում է շողերից…
Եվ երկիրը կիսամերկ վերածնվում է նորից՝
Սարսռալով արևի համբույրներից սիրավառ…
Եվ հին տանը ամենուր նորից տաք է ու հարմար,
Էլ թափված չեն հատակին սգո շորեր սևավոր,
Էլ չի ոռնում տան շեմին ձմռան քամին ահավոր…
Ինչ-որ բարի փերի է ասես եկել, կախարդել…
—  Մեկտեղ ուրախ ճչացին երեխաները… Այնտեղ,
Մահիճի մոտ իրենց մոր, շողերի տակ հուրհրան,
Այնտեղ, գորգի վրա մեծ փայլփլում է ինչ-որ բան…
Մեդալյոններ են երկու արծաթավուն, սև-սպիտակ,
Սադափի ու սև սաթի ցոլանքներով շողարձակ,
Սև պսակներ՝ ապակե շրջանակի մեջ փոքրիկ,
Վրան ոսկե տառերով երեք բառ՝ «ՔԵ՛Զ, ՄԵՐ ՄԱՅՐԻԿ»:

ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ

Ամռան կապույտ գիշերին շավիղներով կգնամ՝
Ծակծկվելով հասկերից, ճզմելու արտը խոտի,
Անրջելով՝ ոտքերիս նրա զով շունչը կզգամ
Եվ կթողնեմ, որ քամին մազերը իմ շաղոտի։

Կքայլեմ ես միայնակ, լուռ ու առանց խորհելու,
Սակայն սերը անսահման կհամակի իմ հոգին,
Գնչուի պես կգնամ ես միշտ հեռու, միշտ հեռո՛ւ
Ու կգրկեմ երջանիկ Բնությունը, որպես կին։

Մարտ 1870

ԱՐԵՎ ԵՎ ՄԱՐՄԻՆ

I

Արեգակը հնոցն է գգվանքների և կյանքի,
Որ հմայված երկրի մեջ հուրն է հեղում հեշտանքի.
Եվ երբ պառկում ես դաշտում, դու ջղերով քո իսկույն
Հասունացած այս հողի արյան խռովքն ես զգում.
Նրա կուրծքը անսահման՝ լցված հևքով կենդանի,
Կնոջ ծոցի է նման և Աստըծո սեր ունի,
Եվ շողերն ու ավիշը ստեղծում են նրա մեջ
Մի մրջնանոց սաղմերի, որ չունեն թիվ, չունեն վերջ։

Եվ աճում է ամեն ինչ։
– Օ~, Վենե՛րա, Դիցուհի՛,
Ափսոսում եմ ես ջահել ժամանակները այն հին
Կենդանակերպ ֆավների, սատիրների հեշտասեր,
Որոնք սիրուց խենթացած, կրծում էին կեղևներ
Եվ համբուրում Նիմփերին շուշանների մեջ ճերմակ,
Ժամանակները այն հին, երբ ավիշը բովանդակ,
Գետի ջուրը, ծառերի ալ արյունը կենդանի
Հեղում էին տիեզերք երակների մեջ Պանի,
Երբ նա հողն էր դողացնում կճղակավոր ոտքի տակ,
Երբ համբուրում էր մեղմիկ սրինգը իր քաղցրորակ
Եվ հնչեցնում երկնի տակ սիրո օրհներգը վսեմ,
Երբ կանգնում էր նա հովտում և կամենում էր լսել
Ի պատասխան իր կանչին՝ արձագանքը Բնության,
Երբ օրորում էր ծառը թռչուններին քաղցրաձայն,
Հողն օրորում էր Մարդուն, և Աստված էր հովանի
Էակներին իր բոլոր և բովանդակ Օվկիանին,
Ժամանակնե՛րը այն հին, երբ Կիբելեն փառապանծ,
Աստվածորեն գեղեցիկ, պղնձե կառքը նստած.
Շրջագայում էր շքեղ քաղաքների մեջ պայծառ.
Նրա կրծքերը երկու տարածության մեջ անծայր
Հեղում էին անսպառ կենաց շիթեր անարատ,
Եվ պտուկները նրա ծծում էր Մարդը զվարթ`
Երեխայի պես փոքրիկ նստած նրա ծնկներին։
–  Ուժեղ էր Մարդը, ուստի ողջամիտ էր ու բարի։

Խե~ղճը, այժմ ասում է, թե ամեն ինչ գիտեմ ես,
Բայց անցնում է իր ճամփան նա խուլի ու կույրի պես։
–  Չկա և ոչ մի աստված, մարդը երկինք է հասել,
Մարդը Աստված է, սակայն Մերն է Հավատը վսեմ։
Ա~խ, եթե Մարդը մնար ստինքներից քո կախված,
0 ~, Կիբե’լե, դու մեծ մայր աստվածների և մարդկանց.
Եթե Մարդը դիցուհի Աստարտեին չլքե~ր,
Որը կապույտ ջրերից ելավ մի օր լույս եթեր,
Որպես տարտամ բույրերով մարմին առած մի ծաղիկ,
Ցույց տալով իր փրփրապատ պորտը վարդից գեղեցիկ
Եվ ստիպեց, որ երգեն, սև աչքերով իր անշեջ,
Սոխակները՝ անտառում և սերը՝ մեր սրտի մեջ։

II

Հավատում եմ քեզ, օ~ մայր, օ~ դիցամայր աննման,
Ափրոդիտե՛ Ծովածին։— 0 ‘հ, փշոտվեց մեր ճամփան,
Երբ որ ուրիշ մի Աստված մեզ շղթայեց իր խաչին.
Հավատում եմ քե՛զ՝ Ծաղիկ, Մարմար, Վեներա, Մարմին։
–  Այո, Մարդը տխուր է ու տձև այս երկնի տակ,
Հագնվում է, քանի որ անպարկեշտ է, այլանդակ,
Աղարտել է, ծռմռել, հրակիզված կուռքի պես,
Օլիմպիական մարմինն իր ստրկության մեջ խայտառակ։
Մահից հետո էլ անգամ. Մարդը, որպես փուչ կմախք,
Կուզե ապրել ` գտնելով գեղեցկությունը նախկին։
–  Իսկ քո այդ Կուռքը պաշտած, որին կոչում ես դու Կին,
Կավն այդ, որի մեջ այնքան մաքրություն ես դրել դու,
Որպեսզի Մարդը ցրի խավարը հեգ իր հոգու,
Կամաց-կամաց ելնելով, սիրո գրկում անսահման,
Իր երկրային զնդանից դեպի լույսերը վառման.
Կինն այդ հիմա չի կարող լինել նույնիսկ հետերա։
-0~, ինչպիսի տխուր Ֆարս։ Հիմա մարդիկ, Վենե’րա,
Ծաղրում են քո անունը սիրելի ու սրբազան։

III

Ժամանակները անցա վերստին ե՛տ կդառնան,
–  Քանզի Մարդը վերջացա~վ, խաղաց դերերն իր բոլոր։
Բայց կփշրի ձանձրացած նա իր կուռքերը մի օր,
Աստվածներից ազատված կյանք կմտնի նա կրկին
Եվ կհասնի վերջապես իրեն ծնող երկնքին։
Իդեալը, մտքերը անմեկնելի և անվերջ,
Աստվածը, որ ապրում է նրա մարմնի կավի մեջ,
Կելնեն, լույսով կպատեն նրա ճակատը պայծառ,
Իսկ երբ չափել կարենա նա հորիզոնը անծայր,
Դու ՝ հին լծի հերքողդ, զերծ վախերից ամենայն.
Կգաս նրան շնորհելու Քավությունը սրբազան։
–  Կրծքերով մեծ մայրերի, շքեղաշուք, գեղատես,
Կհայտնվես և անծիր Տիեզերքին կնետես
Սերը, Սերը անսահման քո անսահման ժպիտով,
Մի վիթխարի համբույրի սարսուռի մեջ հոգեթով
Կթրթռա Աշխարհը քնարի պես վիթխարի։

–  Դու կգաս, որ  հագեցնես սիրո ծարավն Աշխարհի։

…………………………………………………………………………

Բարձրացնում է գլուխը Մարդը հպարտ, ինքնիշխան,
Եվ հեղակարծ շողերը գեղեցկության նախնական
Արթնացնում են աստըծուն մեհյանի մեջ մարմընի։
Երջանկացած, մոռացած տառապանքը երբեմնի,
Մարդը ամեն, ամեն ինչ կուզե չափել, իմանալ.
Միտքը՝ երկար, շատ երկար սանձահարված երիվար.
Ծառս է լինում, և երբ նա սուրա, ինչպես խոլ թռչուն,
Մարդը կգա Հավատի և կիմանա, թե Ինչո՛ւ…
—  Ինչո՞ւ լազուրը համր է, տարածությունն՝ անսահման,
Ինչո՞ւ աստ ղեր կան այսքան ավազի պես անքանակ,
Ի՞նչ կտեսնես վերևում, եթե անվերջ բարձրանաս,
Ունի՞ ինչ-որ մի Հովիվ աշխարհների նախիրն այս,
Որ քայլում է մշտապես տարածությամբ ահավոր։
Եվ  եթերում  թևածող աշխարհներին այդ բոլոր
Չի՞ տատանում ինչ-որ մի հավերժական ձայն արդյոք։
—  Եվ տեսնել ու հավատալ կարող է Մարդը իրոք,
Արդյոք մտքի ձայնը սոսկ երազանք չի՞ մի դատարկ։
Մարդը աշխարհ է գալիս և ապրում է մի կարճ կյանք.
Որտեղի՞ց է հայտնվում. Սերմերի ու Սաղմերի
Օվկիանո՞սն է նա սուզվում, խոր հատա՞կը վիթխարի
Այն Հալոցի, որտեղից Մայր-Բնությունը կրկին
Նրան կյանքի է կոչում, որպես ապրող էակի՝
Ցորենի մեջ աճելու և սիրվելու վարդի մեջ…

Մենք չենք կարող իմանալ, և մեզ ճնշում են անվերջ
Չիմացության թիկնոցն ու քիմեռները դիվական։
Կապիկի պես ընկնում ենք մենք արգանդից մայրական
Եվ անհաղորդ ենք մնում անսահմանին մշտապես։
Մենք կամենում ենք նայել, բայց Կասկածն է խոցում մեզ,
Խփում է ժանտ իր թևով որպես դժնի մի թռչուն…
—  Եվ հորիզոնը հավերժ մեզնից փախչո~ւմ է, փախչո~ւմ…

Բաց է երկինքը անհուն, և գաղտնիքներ էլ չկան.
Մարդը կանգնել է ոտքի՝ մեծահանդես բնության
Շքեղության մեջ անբավ ապավինած իր բազկին,
Երգում է նա… Անտառն ու գետն են երգում մեղմագին.
Երջանկության երգն է դա, որ ճախրում է դեպի վեր.
–  Դա Քավությո~ւնն է հոգու, դա սե՛րն է մեր, սե՛րն է մեր…

IV

Օ~, վեհապանծ դու մարմի՛ն, օ~ իդեալ վեհապանծ,
Օ, սուրբ սիրո արթնաց’ւմ, օ~ հաղթական այգաբաց,
Երբ Կալիպիգը ճերմակ և էրոսը հոգեթով
Հերոսներին և բոլոր Աստվածներին հաղթելով,
Ձյունաճերմակ վարդերի թերթիկներով զարդարված,
Նուրբ ոտքերով կհպվեն ծաղիկներին ու կանանց։
-Օ~, Արիա’դնե չքնաղ, որ հոգոցներ ես հանում
Ծովի ափին, տեսնելով, թե ինչպես է հեռանում
Առագաստը Թեսևսի ալիքների մեջ երեր,
Քնքո~ւշ մանո՛ւկ անարատ, որ ջարդվեցիր մի գիշեր,
Մի’ լար. կառքով իր ոսկե՝ սև խաղողով զարդարուն,
Հարբած Բաքոսն է շրջում փռուգիական դաշտերում,
Ինձերի հետ շիկամորթ, վագրերի հետ հեշտասեր,
Երկայնքով մով գետերի, հանելով ալ փրփուրներ։
—  Զևսը ահա ցլակերպ՝ առած հուժկու իր վզին
Եվրոպեին մորեմերկ, որը նետում է նրբին
Իր բազուկը Աստըծո պարանոցին սարսըռուն։
Տարտամ աչքով նայում է Զևսը ծաղկած գեղուհուն,
Որ ճակատին է նրա հպում իր այտը չքնաղ
Եվ շող աչքերը փակած, հալվում, հալվո՜ւմ է նվաղ
Համբույրի մեջ դյութական, և ալիքներն անխռով
Նրա վարսերն են ծածկում ոսկեպսակ փրփուրով։
Դափնեվարդի և կայտառ լոտոսների մեջ, ահա’,
Մեղմ սահում է երազկոտ մեծ Կարապը սիրահար
Եվ գրկում է Լեդային իր թևերով ձյունաթույր.
–  Ընթանում է Կիպրիսը գեղեցկությամբ իր անլուր,
Ցուցադրելով փառահեղ ազդրերը իր անթերի.
Շողացնելով ձույլ ոսկին իր լուսահեղ կրծքերի
Եվ իր փորը ճեփ-ճերմակ՝ սև մամուռով զարդարված։
–  Քաջ Հերակլեսը, ահա, առյուծաձև, սիգապանծ,
Որի մարմնի վրա պիրկ առյուծի մորթն է փայլում,
Ճակատով մեղմ ու խրոխտ, դեպ հորիզոնն է քայլում։

Դրիասը ամառվա լուսնի լույսի տակ աղոտ
Թալկությամբ իր ոսկեցոլ կանգնած է մերկ, երազկոտ,
Երկար հյուսքերը կապույտ ալիքվում են նուրբ մեջքին,
Մշուշապատ բացատում, մամուռի մեջ շողարձակ
Նայում է նա ակնդետ լուռ ու համըր երկնքին…
-Իր քնքուշ քողն է նետում Սելենեն սեգ ու ճերմակ
Երկչոտորեն՝ ոտքերին էնդիմիոնի նրբագեղ
Եվ ցոլքերի մեջ գունատ համբուրում է նրան մեղմ…
–  Հեծեծում է Աղբյուրը հեռվում, վշտի մեջ խորին…
Օ~, դա Նիմփն է երազում՝ արմունկը իր սափորին,
Այն գեղեցիկ պատանուն, որին ալիքը տարավ։
–   Գիշերվա մեջ հեշտագին սիրո զեփյուռը թռավ,
Եվ անտառում սրբազան, ծառերի մեջ վեհաշունչ
Մարմարները մթամած, Աստվածները, որոնց փուչ
Ճակատին բույն է հյուսում Խածկտիկը թռվռան,
–  Լուռ ունկնդրում են Մարդուն և Աշխարհին անսահման։

29 ապրիլի, 1870

ՄԻՇԵԼ ԵՎ ՔՐԻՍՏԻՆ

Թքած, որ այս ափերից արեգակն է հեռանում,
Չքվիր, լույսի հոսք, ահա, ճամփաները խավարչտին։
Հին պալատի մեջ պատվի, ճյուղերի մեշ ուռենու
Փոթորիկը նետում է իր կաթիլներն առաջին։

Հովվերգության զինվորնե՛ր, հարյուր գառնե՛ր սպիտակ,
Ակվեդուկնե՛ր, թառամած, չոր ցախինե՛ր, հեռացեք,
Հորիզոնը, դաշտերը, հարթավայրը բովանդակ
Փոթորիկի կարմրավառ զարդածածկոցն են դարձել։

Շո՛ւն սևամազ, թուխ հովի՛վ՝ թիկնոցի մեշ պարուրված,
Փախե՛ք հեռու երկնային կայծակներից ահավոր,
Շեկ նախիրնե՛ր, ծծմբե ամպն է գալիս մթամած,
Գտեք մի նոր ապաստան կանաչավետ և անդորր։

Սակայն, Աստվա՜ծ իմ, ահա՛ իմ ոգին է սավառնում
Դեպի երկինքը շիկնած և սառնաշունչ, անսպառ
Ամպերի տակ, որ անվերջ ճախրում են ու գալարվում
Սոլոնների վրա բյուր երկաթուղու պես երկար։

Ահա գայլեր բյուրավոր, վայրի սերմեր անհամար,
Որոնց բերում է, սփռում ետկեսօրը կրոնասեր
Այս մահաբեր փոթորկի՝ պատատուկի սիրահար,
Եվրոպայի վրա հին, ուր կգան բյուր հորդաներ։

Այնուհետև՝ լուսնի լո՜ւյս։ Ավազուտներ են չորս դին,
Ճակատները արյունոտ դեպի երկինք սևակնած,
Զինվորները քշում են իրենց գունատ ձիերին.
Սալաքարերն են զնգում սմբակների տակ նրանց։

– Կտեսնեմ ես, օ՜ Գաղիա, հովիտները լուսառատ,
Կարմրաճակատ ամուսնուն, կապտաչյա կինը կողքին,
Ոտքերի տակ Զատիկի սուրբ Գառնուկին անարատ,
– 0՛ Սիշել և Քրիստին – Քրիստո՜ս։– Վերջ այս հովվերգին։

ԱՄՈԹ

Քանի դեռ սուր մի դանակ
Այս ուղեղը չի բացել,
Ճարպոտ այս տուփը ճերմակ
Չի դադարի զառանցել:

(Նա՛ պիտի իր սեփական
Քիթն ու ականջը կտրեր
Եվ փորձեր, օ՜ հրաշք բա՛ն,
Իր որովայնը պատռել):

Այո՛, քանի չի խրել
Սուր դանակը իր գանգին,
Քարը կողը չի փշրել,
Չի մատնվել կրակին,

Այդ խենթ ու խեւ երեխան,
Որ արգելք է, խոչնդոտ,
Կմնա միշտ դավաճան
Եվ ստախոս անամոթ,

Ինչպես վայրի մի կատու,
Որ աղտեղում է չորս դին,
Բայց երբ մեռնի, Տե՛ր իմ, դու
Նրա համար աղոթի՛ր:

«Ապոլոն», 1991թվական

Share Button

Նշանաբառ՝

3 Կարծիք

  • Arqmenik Nikoghosyan says:

    Կար ջան, անպայման ավելացրու, թե ում թարգմանությամբ են ներկայացված բանաստեղծությունները:

  • Nane says:

    Ես նույն բան էի ուզում ասել,
    հիմա թարգմանությունը ու՞մն է:

  • Tsovinar says:

    կարծում եմ Գուրգեն Գասպարյանին են:
    կառանձնացնեմ ԱՐԵՎ ԵՎ ՄԱՐՄԻՆ
    ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆ
    ՄԻՇԵԼ ԵՎ ՔՐԻՍՏԻՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *