Պոեզիա

Դեպի Երևան և այլ տարօրինակություններ

Վլադիմիր Էռլը խորհրդային գրական անդերգրաունդի առանցքային դեմքերից է, ավանգարդիստական «հելենուկտներ» խմբի առաջնորդը։ Ներկայացվող վաղ շրջանի վերլիբռներն աչքի են ընկնում աբսուրդի պոետիկայով, խորքային հեգնանքով ու անսպասելի պատկերներով (թարգմանությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի)։

Թարգմանիչ՝ Հրանտ Ալեքսանյան

• 4 րոպե

Դեպի Երևան և այլ տարօրինակություններ

Խելահեղ է պատկերս եւ վարքս է կատաղի –
մերթ ցնորված եմ, մերթ քնքշասիրտ,
եւ նրանց միջեւ չկա ոսկե միջին…

***

Երբ մարդիկ ունեն տեսակետներ, փոխանակում են
դրանք:
Երբ մարդիկ չունեն տեսակետներ, փոխանակում են
տեսակետների բացակայությամբ:

***

Հեռաստաններին նայիր խիզախորեն, մոլի
ծովագնաց,-
ո՞ւմ կղզիներն են քոնը, ի՞նչ կղզիներ
նվաճվեցին երեկ…
Ո՞ւր նավարկել հիմա, ո՞ւր ուղղել նավը,
ի՞նչ անշտկելի ճեղք է սպասում քեզ…
Դու առաքյալ ես: Թող: Բայց ո՞ւր է պտուղը ջանքի,
պտուղը ճամփի: Հավերժական է հարցս…
Մի՞թե ծանրախոհ բառարարների
պարապը կհամեմատես այն դիպվածի հետ,
երբ կրտսեր ու մեծ, բնակչությունը ողջ
հեծում է ծանր մեղքերի տակ… Բայց ինչո՞ւ
օվկիանի ալիքներն անվերջ թերթում են գիրքը,
ուր տողարանքներում առկայծում է սպիտակ
նավակը քո:
Այն նավակին ես կանգնած դու հիմա՝
ակնթարթին հլու, լծի տակ խոնարհ,
որ իշխում են քեզ
ու ետ սավառնում…

***

Քնի անջրպետը՝
հանց քամի, խուժում է ծառերի
սաղարթների մեջ:
Երեկ ապրեցի վերստին:
Այսօր քնում եմ սոսկ.
անցնում է դատարկ
երազանքների շարանը ձիգ:
Ալիքնե՞րն են, թե՞
ավազը՝ սորուն, թեթեւ ու անգույն…
Հանց անձրեւ լինի…

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ

Եվրոպա: Ե՞ս եմ պատուհանիդ՝
կիսափակ, կիսաթափանցիկ…
Իսկ գուցե ոչինչ էլ չարժե՝
վառվել հույլ կրակի մեջ…
Ավաղ, ավաղ: Ներսում եմ: Դրսում
ես ոչինչ չգիտեմ.-
ոտքերիդ տակ դարսում եմ արդ
հագուստները՝ ինձ առաջ սազող:
Ես մերկ եմ: Մի՞թե թագավոր չեմ ես…
Գուցե ես կրկին նշանավոր եմ…

***

Արտաքնոցում փտած տախտակների միջով
խորտակվելով ցած,
փոքրիկ տղան լացեց՝ կանխատեսելով վախճանը իր:
Ի՞նչ է մնում նրան… Հանց կավից՝ բերնով կառչեց
դարչնագույն կղկղանքից, բայց
նա ավելի ու ավելի խորը սուզվեց… Ծնողները նրա այդ
ժամին նստել էին
երեկոյան թեյի… Տղան ձեռքերը հուսահատ
թափահարում էր՝
կեղտից կուրացած, գարշահոտությունից
ամոթ էր զգում…
Նրա աղաղակը ոչ ոք չլսեց:

***

Ընդառաջ եկողը՝ լավն ու բարեհամբույր –
օձիքատակից նայում է մարդը:

***

Ես գիտեմ՝ ժամանակն այդպես ճռռում է,
երբ աշխարհն է ճեղքվում…

***

ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ

Կոխոտելով ճյուղերն արթուն մարդիկ
լռին փռվեցին խոտերի մեջ
հարեւանուհիները ետեւից գոռում են
ասում են իբր Երեւանում
մութ դաշտով երկար անտառով
սլանում է հեծյալը ձիուն
մկնիկն է խցկվում կափարիչն է ցնցվում
Պուշկինն է ոռնում լուսնի վրա
Գոգոլն է անցնում մռայլադեմ
նա ոչ թզուկ է ոչ էլ բարձրահասակ
շուրթերի արանքում մի պատառ հաց կա
բեղերին կաղամբի թերթիկ
քունքամազերը ցցվել են ատամների կողմ:

Փոքրիկ դաշտում ճանկիկներ են աճել
այնտեղ են պառավն ու ճրիկը սնկերի հետ
փայլում է երկինքը մեծ մոմակալի ճյուղերով
հետո նկուղ է իջնում
հանում արշինը երկար:
Թռչում է թիթեռյա բազմոցը
հուրհրում է փայտե ցախանոցը:

Եկավ կատակասերն ու կատակեց մի լավ
հետո թեյի շուրջ նինջ մտավ խոր
նրան մոտենում է վայրագ Պուշկինը
ու ասում՝ հայդա, ճլկիր անտառ:

Արծիվն ու բազեն թռան-եկան
ձկնկուլը թափով մոտեցավ
հետո բուլկին համեղ
դոփում է այծի նրբանցքում:

Պուշկինը մեկնում է Երեւան:

Գրիբոյեդովը խժռեց արջին
ապա գրեց մի բանաստեղծություն
եւ աճապարեց Երեւան:

Անտառ մտավ տխուր ձին
ետեւից կրակն է գոռում
աստղերն են շողում հեռու-հեռու
մի մարդ է նստած հաստ բռունցքին:

Տղամարդը թափ տվեց իրեն
եւ հիմա նա էլ է շարժվում
դեպի Երեւան:

օգոստոս 1968

ԽՎՈՍՏԵՆԿՈՅԻ ԲԱՐՁՈՒՆՔԸ

Պոեմ՝ 26-ամյա հոբելյանին

Գլուխ երրորդ
Ինչպիսի՞ն էր Խվոստենկոն

1. Մեռյալ
2. Կենդանի
3. Հիվանդ
4. Առողջ
5. Մրսած
6. Անգրագետ
7. Գրագետ
8. Հմուտ
9. Քաղցր
10. Թթու
11. Դառն
12. Համեղ
13. Անուտելի
14. Տարբեր
15. Գեղեցիկ
16. Ոսկրոտ
17. Փայտե
18. Ապակե
19. Արճճե
20. Երկաթե
21. Քարե
22. Սեղանի
23. Քսաներեքերորդը
24. Ուժեղ
25. Զվարթ
26. Հակինթե
27. Ադամանդե
28. Դարչնագույն
29. Կապույտ
30. Կանաչ
31. Գորշա-մորեգույն
32. Խայտաբղետ
33. Պիսակավոր
34. Զոլավոր
35. Մազմզոտ
36. Չեչոտ
37. Խռպոտ
38. Անգույն
39. Թափանցիկ
40. Ներսմղված
41. Առաջմղված
42. Ետմղված
43. Թռչող
44. Քնկոտ
45. Իմաստուն
46. Առույգ
47. Փշրված
48. Ամբողջական
49. Սնամեջ
50. Գուտապերչե
51. Ամուր
52. Ուղիղ
53. Կլոր
54. Երկարավուն
55. Փոքր տրամաչափի
56. Կարգին
57. Տոնական
58. Ռուս-ժողովրդական
59. Բորբոքուն
60. Սուլող
61. Սեղանակից
62. Ուտող
63. Խմող
64. Թափառող
65. Բառարանային
66. Գարեջրային
67. Ծոռնակից
68. Ավագ
69. Կրտսեր
70. Կամային
71. Տարօրինակ
72. Ահավոր
73. Շախմատային
74. Շաշկային
75. Ակվարելային
76. Նկարագեղ
77. Լուսանկարչական
78. Փակցված
79. Ավելորդ
80. Պիտանի
81. Լավ
82. Յուրահատուկ
83. Ինչ-որ

Համահեղինակ՝ Դմ.Մ.

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿՑԻՆ

եթե
սեղանից պատահաբար գցես բաժակը
նրան կպած լղար ճանճի հետ միասին
երեւի անկարելի է հաշվարկել նրա անկման
հետագիծը

եթե
թքես ուժեղ ցից ականջներով ժամանակակցի կողմը
ապա կարելի է սպասել մի ինչ-որ
արդյունավետ բանի առաջացմանը –
եթե շոշափելի ու նշանակալի չէ
ապա թեկուզ եւ լսողական կամ տեսողական

եթե բաժակի հետ
ընկած այն ճանճը
սատկի
այսինքն եթե մինչ պատահական անկումը բաժակի
կենդանի էր նա
այդժամ կարելի է սպասել պարզ բանի

իսկ թե ոչ
ապա
միանգամայն այլ բան

Թարգամնությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի

Թողնել մեկնաբանություն