Քուրթ Վոննեգութ | Կենսաչափական անձնագիր

Քուրթ Վոննեգութ

Ամերիկացի ժամանակակից գրող, մահացել է Նյու-Յորքում, 2007 թվականին, 84 տարեկան հասակում :

Քաղվածքներ

*
Հայրս ու պապս ճարտարապետներ էին, բայց հայրս ասաց, որ ուզածս մասնագիտությունը կարող եմ ընտրել բացի ճարտարապետությունից:

*
Տան փոքրերից սովորաբար հրաշալի կատակերգուներ են ստացվում: Երբ ճաշի սեղանի շուրջ դու ամենափոքրն էս, ուշադրություն գրավելու միակ միջոցը լավ կատակելն է:

*
Երբ մեր ընտանիքը մեծ ճգնաժամի տարիներին կորցրեց իր ողջ կարողությունը, մորս մտքով անցավ, որ  պսպեղ ամսագրերի համար գրելը եկամտի լավ աղբյուր կարող էր դառնալ: Նա գրականության երեկոյան դասընթացների սկսեց հաճախել և ոչ թե կարդում, այլ հետազոտում էր ամսագրերն ինչպես խաղամոլներն են ձիարշավի արդյունքներն ուսումնասիրում:

*
Որդիները շատ հաճախ փորձում են իրագործել իրենց մայրերի չիրականացած երազանքները:

*
Ես գրական կրթություն չունեմ: Համալսարանում քիմիա էի ուսանում, հետո՝ մարդաբանություն: 35 տարեկան էի, երբ սիրեցի Բլեյքին, 40, երբ կարդացի «Մադամ Բովարին» և 45, երբ առաջին անգամ իմացա Սելինի մասին: Լրիվ պատահականորեն «Նայիր տանը քո, հրեշտակ»-ը (Թոմաս Վուլֆի վեպը – խմբ.) ես կարդացի հենց այն ժամանակ, երբ պետք էր՝ 18 տարեկանում:

*
Ես երեխայի պես եմ գրում: Չեմ չարաշահում երկար նախադասությունները, չեմ օգտվում կետ-ստորակետից, խուսափում եմ հեգնանքից: Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ մի բան ասելով՝ այլ բան ի նկատի ունեն: Սրա շնորհիվ ինձ կարդում են աշակերտները:

*
Արվեստի գործերի վրա ջղայնանալը շոկոլադե սոուսով պաղպաղակի վրա ջղայնանալու պես մի բան է:

*
Ես ուսանողներիս ասում էի, որ գրքի սկզբում հերոսը պիտի շատ ուժգին ինչ-որ բանի կարիք ունենա՝ թեկուզ և մի գավաթ ջրի: Եվ ահա նրանցից մեկը մի պատմություն գրեց միանձնուհու մասին, ով ամբողջ օրը չէր կարողանում ազատվել ատամների արանքում մնացած ատամնաթելի մնացորդից: Հրաշալի գաղափար էր:

*
Մի անգամ տղայիս՝ Մարքին հարցրի, թե որն է կյանքի իմաստը և նա ասաց. «Մենք ծնվել ենք, որ օգնենք իրար հաղթահարելու այս կյանքը»: Նա ճիշտ է:

*
Երբ ես հայտնվեցի ճակատում ու գերի ընկա գերմանացիներին, նրանք ասեցին, որ բախտներս բերել է, որ ամենայն հավանականությամբ մենք կվերապրենք պատերազմը: Մեզ՝ ձեռբակալվածներիս, ուղարկեցին Դրեզդեն՝ արձաններով ու գազանանոցներով քաղաքը, Փարիզի պես: Մենք կառափնարանում էինք ապրում և ամեն առավոտ աշխատում հղիների համար նախատեսված ածիկի օշարակ արտադրող գործարանում: Եվ ահա մի անգամ, 1945 թվականի փետրվարի 13-ին հնչեց ռազմական շչակն ու մենք իջանք գետնի տակ՝ մսի հսկա սառնարան: Երբ դուրս եկանք՝ քաղաքն էլ չկար:

*
Շատերը կարծում են, որ Դրեզդենի ոչնչացումը համակենտրոնացման ճամբարներում սպանված մարդկանց դիմաց նվազագույն վրեժն էր: Հնարավոր է: Բայց մահապատժի դատապարտվեցին բոլորն ովքեր այդ պահին քաղաքում էին՝ երեխաները, ծերերը, կենդանիները, նացիստները, ես ու իմ ընկեր Բերնարդը: Որքան շատ դիակներ՝ այնքան արդարացի փոխհատուցում:

*
Աշխարհում մեն մի հոգի կա, ով Դրեզդենյան սպանդից ինչ-որ բան շահեց: Այդ մի հոգին ես եմ: Դրեզդենում զոհված ամեն մի հոգու դիմաց ես երեք դոլլար եմ աշխատել:

*
Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ ես գրքեր եմ գրում, իսկ նախագահներն ու գեներալները դրանք չեն կարդում:

*
Ես ողջ կյանքս նկարում եմ, բայց ոչ ոքի ցույց չեմ տալիս: Հաճելի զբաղմունք է՝ բոլորին եմ խորհուրդ տալիս: Երգեք, պարեք, գրեք, նկարեք և նվագեք, կարևոր չէ՝ լավ է ստացվում, թե ոչ – այսպես դուք ձեր հոգին եք զարգացնում:

*
Մարդիկ որակյալ ստի կարիք ունեն, որովհետև շուրջբոլորը չափազանց շատ է անորակը:

*
Հեռուստատեսությունն արվեստներից ամենակենսունակն է: Շատերի համար հեռուստատեսությունը հենց ինքը կյանքն է:

*
Կարևոր չէ, թե որտեղ ես ապրում և ինչ ընտանիք ունես: Դու միացնում ես հեռուստատեցույցն ու բարեկամներդ այնտեղ են:

*
Բարեկամներս ուրախ են, որ հարստացել եմ, բայց միևնույն է չեն կարդում ինձ:

*
Բոլորն էլ վատ գրքեր են գրում, ես ինչո՞ւ չգրեմ:

*
Աշխարհում կարգին գրողների պակաս չկա, բայց կա հուսալի ընթերցողների պակաս: Ես առաջարկում եմ, որ գործազուրկներին հերթական նպաստը տան միայն կարդացած գրքերի ցանկ ներկայացնելու դեպքում:

*
Ես սիրում եմ զրուցել փականագործների, ատաղծագործների և ավտոմեխանիկների հետ:

*
Ամեն մի գործում էլ տաղանդ է պետք: Քեյփ-Քոդում ես մեխանիկություն էի սովորում, բայց ինձ վռնդեցին այնտեղից – տաղանդ չունեի:

*
Ես բազմաթիվ գրչակից ընկերներ կորցրի: Նրանք ինձ էին փոխանցում իրենց գործերն ասելով՝ «կարդա և կարծիքդ հայտնիր»։ Դե, ես էլ հայտնում էի:

*
Գրողները սովորաբար իրենց լավագույն գրքերը մինչև 45 տարեկանն են գրում:

*
Պատրաստվում եմ դատի տալ Pall Mall-ին՝ ես 83 տարեկան եմ, 12-ից ծխում եմ, իսկ էդ ստահոդ սրիկաներն ինչքան ժամանակ է խոստանում են սպանել ինձ՝ տուփի վրա հենց այդպես էլ գրված է: Բայց ես կենդանի եմ:

*
Ծխելն ինքնասպանության ամենազնվական ձևն է:

*
Թե, Աստված չանի, ես մի օր մեռնեմ, գերեզմանիս պետք է գրել. «Նրա համար Աստծո գոյության միակ ապացույցը երաժշտությունն էր»:

*
Ես վետերան եմ և ուզում եմ, որ ինձ զինվորականի պես թաղեն՝ շեփորով, դրոշով փաթաթված դագաղով և օդային համազարկով:

*
Հանրային կարծիքի հարցումների համաձայն ամերիկացիների հիսուն տոկոսը կարծում է, որ Սադամն է ինքնաթիռներն ուղարկել երկվորյակ աշտարակների վրա:

*
Վիետնեմի պատերազմը միլիոնատերերին միլիարդատեր սարքեց, իսկ Իրաքյանը՝ միլիարդատերերին՝ տրիլիարդատեր: Սա այն է, ինչ ես առաջընթաց եմ անվանում:

*
Բուշի և Հիտլերի միակ տարբերությունն այն է, որ Հիտլերն իրոք ընտրվել էր:

*
Երկիրս ավերակների մեջ է: Ես ձուկ եմ՝ թունավորված ակվարիումում: Պիտի մեծ երկիր դառնայինք, բայց ողջ աշխարհում ատում են մեզ:

*
Ես վստահ եմ, որ ՁԻԱՀ-ն արդյունքն է այն բանի, որ մոլորակի իմունային համակարգը փորձում է ազտվել մեզնից: Երկու համաշխարհային պատերազմներից, հոլոքոստից և Բալկաններում տեղի ունեցածից հետո մոլորակը պարզապես պիտի ազատվի մեզնից: Մենք սարսափելի կենդանիներ ենք:

*
Ինձ թվում է էվոլյուցիայի գործընթացն Աստծո դրածո ինչ-որ ինժեներ է կառավարում: Ահա թե ինչու աշխարհում կան ընձուղտներ, գետաձիեր և գոնորեա:

*
Այս աշխարհը չափազանց լուրջ է:

*
Ափսոս, որ երաժիշտ չեմ:

*
Այսպիպի բաներ:

Թարգմանությունը՝ Կարեն Անտաշյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *