ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ | Ուշ է՝ էլ չեմ սպասի…

Արմենուհի Սիսյան

Այսօրս էլ սահեց,
ինչպես արձակած զգեստս
սահեց մարմինս ի վար…
մեկ օրով էլ մերկացա կյանքից…

***
Հայացքիս վրա փոշի է նստել,
որովհետև այն քե՜զ չի
ուղղված եղել, Տե՜ր…

***
Աղավնու փետուրներով
իմ երազանքը
պտտվե՛ց ու
պտտվեց քո շուրջ…
Գուցե դու իմանա՞ս,
թե որտեղ է հիմա
աղավնու փետուրներով
իմ երազանքը,
որ պտտվո՛ւմ
ու պտտվում էր քո շուրջ…

***
Ուշ է՝ էլ չեմ սպասի…
հավաքեմ երազանքներով լեցուն սեղանս
ու երբ թափ տամ ճերմակ սփռոցս
երազանքներիս փշուրներից,
երկինքը կլցվի աստղերով…
Ուշ է, գիշեր է արդեն…

***
Չվեցին թռչունները՝
երազներիս երամով.
կվերադառնան գարնանը,
թե սիրտս տաքանա…
(կվերադառնա՞ն արդյոք)
Ցուրտ է:
Չվեցին թռչունները՝
երազներիս երամով…

***
Լույս-երրորդություն

Ես, մարմինս ու հոգիս
մթությունից թաքնվեցինք
վերմակի տակ,
ու իրերին իմ սենյակի՝
շունչ ու անշունչ,
թվաց՝ մութ է այնտեղ…
ի՜նչ իմանան, թե ինչ
լույս ենք տալիս իրար՝
ես, մարմինս ու հոգիս…

***
Օ՜, Հո՛բ երանելի՝
հարազա՛տ իմ նախնի.
այլապես որտեղի՞ց ինձ
այսչափ համբերություն…

***
– Ինչու՞ են գեղեցիկ ծաղիկները ճահճում աճում…
– Որովհետև նրանց հայացքի առջև
երկինքն է միայն,
երկի՜նքն են տեսնում…

***
Իմ երազները ձեր տեսած
երազներից չեն.
ես փակ աչքով չեմ տեսնում նրանց
ու ոչ էլ պատմում եմ ջրին,
որ տանի…

***
Երբեմն

Հրեշտակները երբեմն
շատ են ուզում տեսնել այն,
ինչը իրենցը չէ ու պատժվում են.
հետաքրքրասիրությունը փոքր-ինչ
այրում է նրանց թևերը ու
նրանք թևաթափ են լինում,
երբեմն…

Հրեշտակները երբեմն ուզում են
լինել այնտեղ, ուր պետք չէ, որ լինեն
ու ոտքը նրանց խփվում է քարին.
արյան փոխարեն ցավ է հոսում նրանց ոտքերից
ու դժվարանում են շարժվել առաջ`
առանց թևերի,
երբեմն…

Հրեշտակները երբեմն ուզում են փորձել այն,
ինչ իրենցը չէ, ու քիչ է մնում
կորցնեն իրենցը
ու նրանց աչքերից երկինքն է հոսում…
գուցե պարզապես ներե՞լ է պետք հրեշտակներին,
երբեմն…

***
-Սիրում եմ քեզ,-ասաց քամին
ու գետնով տվեց ծառի տերևները…

***
Քո երազներից, որ իմն էին նաև,
ես տուն սարքեցի,
բայց դու քամի արեցիր
ու քանդեցիր երազե տունը…
որտե՞ղ ես ապրելու առանց երազներիդ…

***
Ես սիրում էի քեզ դեռ այն ժամանակ, երբ ստրկուհի էի.
Ջուր է կրում Նեղոսի ափերից
Ու լցնում քեզ համար քո կավե գավի մեջ…
Ես սիրում էի քեզ դեռ այն ժամանակ, երբ թագուհի էի.
Դու կրկեսում տապալում էիր ցուլին ամեհի
Հետո բարձրացնում գլուխդ իմ առջև…
Ես սիրում էի քեզ դեռ այն ժամանակ,
Երբ հեթանոս աստված էիր դու
Ու մեր հեթանոս սիրուն խառնվում էր արյունն ու գինին…
Ես սիրում էի քեզ դեռ այն ժամանակ,
Երբ խաչակիր էիր դու
Ու սերն առ Հիսուս օրհնում էր մեր սերն
Ու տանում մեզ իր ետևից…
Ես սեր եմ բերում քեզ դարերի խորքից
Այն պարզ պատճառով, որ ծնվել եմ սիրո հետ
Ու պիտի խառնվես հավերժությանը սիրո
Ու հառնես դարերից հավերժ նոր…

***
Աշխարհակործան ջրհեղեղից առաջ էլ
անձրև եղավ.
երկինքը մի կուշտ լացեց Երկրի համար…
Գուցե դրա՞ համար
ամեն անգամ անձրև գալիս՝
սիրտս տխրում է նորից…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *