Սառած պահին տարավ ինձ քամին,
տարավ մի տեղ, որ անուն չուներ,
կանգնած արանքում ոչ մի բանի՝
փչեց ամառային սառը քամին,
որ կուզեի՝ չդադարեր։
Երբ կորցրել էի սահմանը բարու ու չարի,
գտա ես քեզ՝ իմ բանալին նոր աշխարհի,
որտեղ նույնիսկ դևն էր բարի։
Պառկած գրկում գիշերահավասարի,
ընկած լուսնի վրա՝ սպասում էի, թե այն երբ կմարի,
սակայն տեսա, որ լույսը լուսնի քեզնից է գալիս։
Անցան օրեր, մի քանի ամիս,
չգտա ես ո՛չ քարն իմ սարի, ո՛չ էլ սահմանը բարու ու չարի,
անցավ նաև գիշերը դեկտեմբերի քսանմեկի։
Մնաց, սակայն, քամին, որ տվել էիր,
երբ նստած էի սարի ստորոտին
կամ անդունդի եզրին։
Մնաց տվածդ քամին, որ կար դեռ ամառվա այն շոգ օրը
կամ ձմեռային գիշերահավասարին…
Մնաց քամին։
***
Փտել եմ ես էս քաղաքի փողոցներում,
մնացել եմ էս չափից ծանոթ խաչմերուկում ու
հոգնել եմ ես էս նույն դռնից, նույն սենյակի գույներից,
ամեն օրվա հերթերից ու փողոցի հայացքներից։
Հոգնել եմ ես էս միշտ կրկնվող «բարև»-ից,
շենքի մաշված տուֆից ու ժանգոտած կտուրներից,
հոգնել եմ ես մեր խանութի միամիտ աշխատողից,
թաղի հիվանդ պապիկից ու նույն սուրճի պատվերից։
Ատում եմ ես մեր ստախոս օլիգարխին, նրա
հավատարիմ ստրուկներին, և լաչառ պատգամավորին,
ատում եմ ես մեր թաղի անուղեղ լակոտներին, էդպես կոչված՝
«լավ տղերքին» ու նման արժեք փոխանցողներին։
Ստել եմ ես ձեզ՝ բոլորիդ, երբ ասել եմ «հարգելիս»,
էլ չնայես աչքերիս ու հագիս շորերին,
ստել եմ նաև ինքս ինձ, երբ զգացել եմ ինձ տանը,
էլ չեմ նայում ինքս ինձ, որ խուսափեմ հերթական ստից։
Ուզում եմ ասել՝ գտել եմ ինձ,
ինձ, իմ գույնը պատերիս ու երանգը ժպիտիս,
կուզեի ասեի՝ գտել եմ ինձ,
որ չեմ հոգնել հերթ խախտողից ու երթուղու տոպրակով տատիկից։
Երբ որ ասեմ՝ գտել եմ ինձ,
չեմ լինի էլ փողոցում իմ հին, որտեղ առաջ փնտրում էի ինձ,
չեմ լինի տանը ես իմ, ու չեմ մասնակցի տնեցիքիս զրույցներին,
գիտի քաղաքս ամեն ինչ, բայց ցավոք չգիտի այն ինձ։
***
Գնացքի գծերի կողքին կանգնած եմ՝
շրջակա բարձր խոտերից ամուր բռնված,
հեռվից եկող ձայնին եմ սպասում,
գիտեմ՝ խոտերից կառչելով միայն ինքս ինձ եմ խաբում։
Ախր նույնիսկ երկաթե գծերն են վախենում,
մանր քարերն իրարից են բռնվում,
իսկ ես դեռ կանգնած՝ բռունցքներս եմ սեղմում,
գնացքը չհասած՝ արդեն խոտերն եմ պոկում։
Քամին է փչում, ինձ տեղիցս շարժում,
երկաթները՝ ոռնում, քարերին փրկության կանչում,
հետո էլ չեմ հիշում, վագոններն էին սլանում,
իսկ ես արդեն օդում էի թռչում,
պոկած խոտերս էլ դեռ բաց չէի թողնում։
Ձեռքերս ձգած՝ գետնին էի նայում,
ուզում էի իջնել, բայց վերև էր ձգում,
մատներս բացեցի, խոտերը գետնին թափեցի,
ես էլ հոգնած էի՝ օդին տրվեցի։
***
ներս, դուրս,
կրկնի՛,
ձեռներս կապեց վերևից,
կուրծքս վառեց, թափեց փորիս։
Ներս, դուրս,
մի՛ մտածի,
ինչ վերցրել ես՝ քեզ պահի՛,
վերցրել ես՝ մտածելով, որ չեմ հանդուրժի,
խնդրում եմ՝ մի՛ փոշմանի։
Ներս, դուրս,
մի՛ հանձնվի,
ինչ արել ես, ես եմ արել։
Ես եմ արել,
դու՝ սատարել։
Ներս, դուրս,
հանձնվի՛,
հանձնվե՞մ ու
քեզ տրվե՞մ։
Թե՞ մեզ տրվեմ ու
ինձ կորցնեմ։
Հանձնվի՛, որ ես
էլ տրվեմ։
Մեզ տրվեմ, որ քեզ
գտնեմ։
Ներս, դուրս…
Վերջ։ Երեսդ սրբի՛։