Պոեզիա

Ռումի | Ղազալներ

Ի՞նչ տեսա գիշերը երազում, որ այսօր հարբած եմ, Մաջնունների պես խելքի կապանքից ազատված եմ։ Արթմնի եմ մի՞թե ես երազ տեսնում, Զի քուն չունեմ, քանի այս ցավն եմ։

Թարգմանիչ՝ Դիանա Սիսակյան

• 4 րոպե

Ռումի | Ղազալներ

Ղազալ 1496-րդ

Ի՞նչ տեսա գիշերը երազում, որ այսօր հարբած եմ,
Մաջնունների պես խելքի կապանքից ազատված եմ։

Արթմնի եմ մի՞թե ես երազ տեսնում,
Զի քուն չունեմ, քանի այս ցավն եմ։

Մի՞թե պատկերը սիրո ճշմարիտ
Երազում տեսա, որին պաշտում եմ։

Արի՜, ո՛վ սեր, որ մարմնի միջում՝ ասես հոգի,
Քո բարի գալուստով՝ մարմնի բանտից ազատվեցի։

Ինձ ասացիր․ «պատռի՛ր քողը»—պատռեցի,
Ինձ ասացիր․ «կոտրի՛ր գավաթը»—կոտրեցի,

Ինձ ասացիր՝ «կտրվի՛ր բոլոր ընկերներից»,
Բոլորից սիրտս պոկեցի, քեզ կապեցի։

Սիրտս վիրավոր դարձրիր․ հանցանքս այս էր,
Որ թերթերունքով պատկերդ վիրավորեցի։

Ա՛ռ իմ հոգին, որ քո հովանու ներքո
Երկու ձեռքով ծափ զարկեմ, զի հոգուցս կտրվեցի։

Ի՜նչ աշխարհներ կան վարսիդ ամեն թելում,
Սփռի՛ր ծամերդ, զի աշխարհքից կտրվեցի։

Զի յոթերորդ երկրում քեզ հետ եմ՝ բարձր,
Զի յոթերորդ երկնքում առանց երեսիդ եմ՝ ցածր։

Ղազալ 1497-րդ

Բոլոր հարբած հոգիները վկա՝ հարբած եմ,
Բռնի՛ր, ո՛վ սրտագող բազմահնար, ձեռքն իմ։

Բոլոր հոգետուր հոգիները վկա՝ հոգի եմ,
Բոլոր փրկված հոգիները վկա՝ փրկվեցի։

Փայլածուի պես մատենասեր էի,
Վեր էի բազմում գրագետներից։

Երբ որպես տախտակ տեսա ճակատը սաղիի,
Դարձա հարբած ու գրիչները կոտրեցի։

Չքնաղքը յարի դարձավ ղեբլեն[1] իմ աղոթքի,
Արցունքը նրա հանդեպ խանդի՝ լվացումն իմ[2]։

Հովսեփյան չքնաղքից գինովցած էի,
Զի իր չքնաղքն ամեն պահ ասում է․ «Ալաստ եմ»[3]։

Այդ հարբանքի միջում թորանջ[4] էի կտրում,
Թորանջն ահա՝ ողջ, ձեռքս վնասեցի։

Գլուխ չունենամ, թե քեզնից բացի միտք ունենամ,
Թող այրվի գոյն իմ, թե առանց քեզ գոյություն ունենամ։

Դու՛ ես պաշտելին Քաաբայում ու մեհյանում իմ,
Դու՛ ես փափագս վերում ու վարում իմ։

Որսն իմ ձուկն էին ու Հովնանը[5],
Երբ քո խոպից ի՛մը դարձավ վաթսուն կարթ։

Երբ տեսա շքասեղանը քո, աչքս հագեցավ,
Երբ խմեցի ջրից քո, այս առվից փախա։

Կաղի տեսք առած՝ կաղալով գնացի,
Չար աչքի վախից գլուխս էլ կապեցի։

Մարդն արժե նույնքան, որքան նա, ում պաշտում է,
Երանի՜ ինձ, որ նրան եմ պաշտում։

Թող տանի նրանից, ումից վերջում պիտ տանի,
Դեպի արդարը փախեք անիրավից։

Երբ «ռեն» միացավ «սին»-ին, «թե»-ին ու «միմ»-ին[6],
Այդ միությունից Ռոստամը ցուցանեց երեսն իր։

Հաստատվե՛ց․ միությունը ողորմություն է,
Միությանը կյանքովս ծառա եմ ես։

Լուռ դարձա, որ որսը դառնամ առյուծի,
Վասնզի նա ասի, որ ե՛ս եմ որսը գիշատչի։

Ղազալ 1498-րդ

Արի՜, զի քեզնից բացի ամենից բեզար դարձա,
Եվ թե քնած էի, արթուն դարձա։

Արի՜, ո՛վ հոգիս, զի մինչ օրը Հարության
Գինետիրոջ տան բնակիչը դարձա։

Իմ թև ու փետուրից ցեխը թոթափեցի,
Դեպի իմ Ղաֆ լեռը[7] թևածեցի։

Թթու տեսա ողջ աշխարհը վախից,
Այդ դոշաբի միջում թթվի պես դարձա։

Առժամանակ կտրվեցի օտարներից,
Հիմա ինքս ինձ օտար դարձա։

Այլոց վիճակից ես խրատ առա,
Հիմա ինքս աչաց խրատ դարձա։

Արի՜, ո՛վ որոնող գաղտնյաց աշխարհի,
Ի՛նձ նայիր, զի ես գաղտնիք դարձա։

Իմացի՛ր․ այնքան ոլորվեց գլուխս այս,
Որ ջուբա ու դաստարի[8] շուրջը ես դարձա։

Վասն այնոր բանտված էի կետի պես,
Որ կետի շուրջ կարկինի պես դարձա։

Ղազալ 1499-րդ

Արի՛, քանզի քո սիրուց խենթ դարձա,
Եվ թե քաղաք էի, ավերակ դարձա,

Քո սիրուց ինձ տուն ու տեղից կտրեցի,
Քո սիրո ցավին տնակից դարձա։

Այնքան անկամ էի՝ ասել չեմ կարող,
Երբ տեսա դեմքը քո, արի դարձա։

Երբ քո հոգին որպես իմ հոգին տեսա,
Քեզ համար հարազատներիս խորթ դարձա։

Առասպելք էի սիրահարաց կարդում գիշերուզօր,
Հիմա քո սիրո միջում ինքս առասպել դարձա։

Թարգմանությունը պարսկերենից՝ Դիանա Սիսակյանի

[1] Պարսկերեն՝ قبله /qebˈle/։ Իսլամում աղոթքի ուղղությունն է դեպի Քաաբան։ Դասական պարսկական սիրային և սուֆիական պոեզիայում այս բառը հաճախ գործածվում է փոխաբերաբար՝ որպես սիրո, երկրպագության և հոգևոր ձգտման գերագույն առարկայի խորհրդանիշ, երբ սիրելիի դեմքը կամ ներկայությունը դառնում է սիրահարի հոգևոր ուղղությունը։

[2] Պրսկ․՝ آبدست, ābdast, աղոթքից առաջ կատարվող ծիսական լվացում։

[3] Արաբ․՝ ألست alastu՝ «մի՞թե ես չեմ»․ հղում Ղուրանի 7։172-ին՝ Աստծո «Մի՞թե ես ձեր Տերը չեմ» (ألست بربكم, alastu bi-rabbikum) հարցմանը։ Սուֆիական ավանդույթում այս դրվագը մեկնաբանվում է որպես Աստծո և մարդկային հոգիների նախաստեղծ ուխտ։

[4] Պրսկ․՝ ترنج, նույն բերգամոտն է (կիտրոնազգի բուրավետ պտուղ)։

[5] Աստվածաշնչյան մարգարե, որին ծովը նետելուց հետո կուլ է տալիս մեծ ձուկը։ Վերջինիս փորում նա մնում է երեք օր ու երեք գիշեր։

[6] Պրսկ․՝ ر، س، ت، م  տառերի անունները, որոնց միացումից կազմվում է Ռոստամ (رستم) անունը։

[7] Պրսկ.՝ کوه قاف [Kuh-e Qāf ], պարսկական և իսլամական դիցաբանության առասպելական լեռը՝ աշխարհի հեռավոր սահմանում։ Պարսից գրական ավանդույթում Ղաֆ լեռը Սիմորղ առասպելական թռչնի բնակավայրն է, իսկ սուֆիական պոեզիայում՝ հոգևոր հանգրվանի, անհասելի բարձրության և դեպի սեփական ակունքը տանող ճանապարհի խորհրդանիշ։

[8] Ջուբա (պրսկ․ جُبّه, jobbe)՝ երկար, ազատ վերնազգեստ, դաստար (պրսկ․ دستار, dastār)՝ գլխին փաթաթվող կտոր՝ չալմա։

Նշանաբառեր՝

Թողնել մեկնաբանություն