ՎԱՀԵ ԱՐՄԵՆ | Կռունկների թռիչքից հետո

Վահե Արմեն

ՄԻ ԱՐԹՆԱՑՐՈՒ ԱՅՍ ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ՆԱԽԱՍԿԻԶԲ

Եվ ի վերջո
Ինչպես նորաքայլ մանուկ
Կանգնեց մոռացված ոտքերի վրա
Պատռեց սև թիկնոցը
Կրակի ճարակ դարձրեց սավանները ճերմակ
Եվ անցավ տաճարների ու պոռնկատների միջով
Վանականների ու պոռնիկների կողքով
Որոնք մի պատի երկկողմում
Թաղում էին
Իրենց մարմինները հոգու գերեզմանոցում
Եվ հոգիները մարմնի գերեզմանոցում
Եվ ողբերգում էին
Սեփական մահը

ՔՆԱՏ

Արթնացա
Կեսգիշերից հետո
Փողոցում
Ցայգածաղկի թփի տակ
Քնած էր ամբողջ աշխարհը

Իմ սենյակում
Զրույցում էին
Աստվածն ու սատանան
Մեկի ձայնը
Նման էր հողին թափվող անձրևի
Մյուսի ձայնը
Փոսի մեջ թափվող
Մի բուռ հողի

ԼՈՒՐ

Այսօր
Դիկտատորի մահվան լուրը
Կարդացի այն թերթում
Որի մեջ Բեթհովենը
Փաթաթել էր իր նոտաները
Եվ ընկերներս
Լյուդվիգի համար
Մրմնջացին աղոթքը
Նջեցյալների

ՄԻ ՀԱՏՎԱԾ ՉԳՐՎԱԾ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԻՑ

Երբ արթնացրին
Միանգամից սկսեց
Մղձավանջը մենության

Լույսը երբ միացրին
Տեսավ պատը
Եվ մթությունը

Երբ գնացք նստեցրին
Մի ձի խրխնջաց
Ու երկիրը կանգ առավ

Երբ գլուխը անջատեցին մարմնից
Լքված տաճարում
Հողին ընկավ
Արցունքից թաց
Մի թաշկինակ

ԼՈՒՍԱՄՈՒՏԻ ՊԱՏԿԵՐԸ

Մեջքով կանգնած պատին կախված հայելուն
Մաքրում եմ դեմքս
Այն թաշկինակով որ իմ մանկության շապիկն էր
Եվ դեռևս խոնավ է
Արցունքներից մի տղամարդու

Հեռվում
Ինչ փոշեծածկ է ու ծխածածկ
Պատկերը լուսամուտի

Մեջքով կանգնած պատին կախված հայելուն
Դատարկում եմ գրպաններս
Ու լցնում ափերս
Այն պայթուցիկներով
Որ երեկ
Հարվածում էի
Պատին այն պալատի

ՍՐՏԱԿԻՑ ԶՐՈՒՅՑ ՉՏԵՍԱԾ ԸՆԿԵՐՈՋՍ` ԹԻԴԱՅԻ ՀԵՏ

Տեսնում ես Թիդա*
Որքան նման է
Քունթայի** լռությունը
Իմ հառաչանքին
Եվ իմ գիշերային մղձավանջները
Նրա առօրյա կյանքին

Չգիտեմ Թիդա
Ինչու եմ երբեմն Վան Գոգին երազում տեսնում

Այսօր աճուրդում վաճառեցին
Կտրած ականջով դիմանկարը
«Աշխարհը չիրականացված նախագիծ է»

Նկարչի դեմքը
Իմ երազներում
Դեռևս նման է
Գիշերում արևածաղիկների

Գիշերները սենյակիս վարագույրները
Չեմ փակում Թիդա

Նա
Գնացքով
Գնում էր Թարասքոն***
Գնում էր Ռուեն****

Մահվան հետ
Հետիոտն
Գնաց դեպի աստղ

*Teeda ** Kunta *** Tarascon **** Rouen

ԱՐԵՎԻ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Ինչ խաղաղություն կա այս սպասման մեջ
Եվ թաքնված
Ինչ հրաշք ուրախություն

Ամենագեղեցիկ բանաստեղծություններս
Գիշերները մոռանում եմ երազիս մեջ
Եվ արթմնի
Ոչ մի հետք չկա նրանցից
Չգիտեմ ինչու
Մոռանում եմ երազիս մեջ
Որ մոռացկոտ եմ

Ուսերիս վրա զգում եմ
Արևի շնչառությունը

Հոգնած եմ քույր իմ
Ինձ մի արթնացրու այս անքնությունից…

 

ԳՈՂԳՈԹԱ

Այն խաչը որ կախել էի պարանոցիս
Երեկ վաճառեցի
Ոսկերիչին

Իմ խաչը
Փայտյա մի մատիտ է
Թղթի ուսին

Իմ Գողգոթան
Կարճ մի բանաստեղծություն
Սակայն
Մեծաշուք

 

ՓՌՆՉՅՈՒՆ

Հազարամյա գերեզմանի կողքին
Ճերմակ վարսերով մի աղջիկ
Փորում է հողը և
Ծխախոտի ծխուկը
Անջատում է
Բռնապետի աչքի խոռոչում

Ժամանակը կանգ է առնում
Լռում է ամբողջ աշխարհը
Մի բանաստեղծ
Փռնչում է դագաղի մեջ

Երկրի բարձունքում
Մի արծիվ
Մեռնում է վախից

 

ՊԱՐ ԿՐԱԿԻ ՎՐԱ

Կույրի նման որ գիշերը անգամ
Չի հանում ակնոցն աչքերից
Ակամա
Հագավ կոշիկները և քնեց
Մի քիչ հոգնած էր
«Երանի…» ից
«Եթե…» ից

Խենթանում էր մերկ ոտքերով
Կրակի վրա պարելու ցանկությունից

Հաջորդ առավոտ
Կոշիկները մի քիչ հողոտ էին և
Ոտքերը
Տենդահար

 

ԽԱԲՎԱԾՆԵՐԸ

Մուրացկաններին տվեցինք մեր ձեռքերը և
Սրա -նրա առաջ ձեռք մեկնեցինք

Ստրուկներին տվեցինք մեր ոտքերը և
Սեփական ոտքով սպանդանոց գնացինք

Անհավատներին տվեցինք մեր ականջները և
Մեկս մյուսի ականջին ննջեցյալների աղոթքն մրմնջացինք

Ստորներին տվեցինք մեր աչքերը և
Ինչոր տեսանք մեր աչքից տեսանք

 

ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ԽԱՂ

Խաղն ավարտվեց
Գարունը եկավ և
Ձնագնդերը
Մեր ափի մեջ հալչեցին

Հիմա
Այս անվերջանալի խաղում
Մեր հրացաններում առկա արճճե գնդակների հետ
Ի՞նչ անենք…

 

ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Աթոռները դատարկ են
Դատարկ են
Սեղանի վրայի ափսեներն
Ու բաժակները
Դատարկ են
Պատից կախված հրացանը
Եվ նկարի այս շրջանակը

Չգիտեմ
Ուշ եմ եկել
Թե շուտ

 

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐ

– Պարոն,
կարելի՞ է,
Զուգարան ունեմ:
– Խեղդվիր,
Վերընկիր տեղդ
/ Ինչ անխղճորեն ծիծաղեցինք այն օրը
Նրա վրա
Ով վերընկավ տեղը և
թրջեց շալվարը/:

/ Այսօր
Ուզում ենք մի քիչ ծիծաղել,
Մի քիչ ուրախանալ,
Մի քիչ թրջվենք անձրևի տակ ու
Մի քիչ պարենք/:

– Պարոն,
կարելի՞ է…

 

ՏԱՃԱՐ

Մի մոմ վառիր, ընկեր:

Մի ժամանակ այս տաճարում
Քաղաքի աղջիկները
Իրենց սրտի կարմրությունը և
Այտերի կապույտը
Մաքրում էին
Արցունքով:

Մի մոմ վառիր, ընկեր…

ԹԱՑ ԼՈՒՐ

Ձեռքս դիպավ
Աստվածների ծաղկամանին և
Ծովի ալիքը
Ջրով ծածկեց
Սեղանին փռված լրագիրը

Խոնավ տողերը
Դեռևս հնարավոր էր կարդալ
Նորություն ոչինչ չկար
Բացի թաց լուրը երաշտի
Եվ էայի ուսոսկրի ջարդվելուց

ՔԱՐԿՈԾՈՒՄ

Վանկաններին պոռնկատանը
Եվ պոռնիկներին տաճարում
Քարկոցեցին և
Աքսորեցին
Վանականին տաճար
Պոռնիկին պոռնկատուն

ՓՈՂՈՑԻ ԽԱՌՆԱՄԲՈԽՈՒՄ

Փողոցի խառնամոխում
Ասեղ գցելու տեղ չկար

Ասեղը ինքնաբերաբար մատս մտցրի
Աներևույթ կաթիլը
Ծորաց
Քարե սալահատակին

Մի պտղունց կյանք
Ոչ
Մի պտղունց մահ

ԿԱՏԱԿ

– Տղաս, պատերազմու՞մ ես անդամալույծ դարձել:
– Խաղաղ ժամանակ, գեներալ:
– Կատակու՞մ ես:
– Հազվադեպ,
Հիմնականում բանաստեղծություններ եմ գրում:
– Բանաստեղծություններդ կվաճառես ինձ:
– Գեներալ, կատակու՞մ եք,
Աշխարհը
Մի վաշտի մեջ չի տեղավորվի:

ՆԱՇՈՅԻ* ԼԱՑԸ

Եվ խախտվեց լռությունը
Արյունոտվեց այս բանաստեղծությունը
Մի թռիչքով և
Գնդակի կրակոցով

Ինչ անեմ, Նաշո
Ինչպես ամենուր
Այս անիծյալ բանաստեղծության մեջ էլ
Աղավնու արագությունը
Չգերազանցեց
Գնդակի արագությանը
Ճակատագրի

* Բանաստեղծի կատվի անունը:

ՄՆԱՑԱԾՆԵՐԸ

Այս կեսգիշերին
Լռությունը
Անխնա կսմթում է
Մարմինը տավիղի

Հրացանները դատարկ են
Ինչպես հյուրասիրությունից հետո
Գինու շշերը սեղանի վրա

Հայացքները սառն են
Ինչպես մի կաթիլ արյան մեջ
Կեսօրվա պատկերն արևի

Մի փակիր տետրը
Երկինքը հարբած է ու
Հողը մերկ
Մի փակիր տետրը…

ԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԻՆՎՈՐԻ ԳՐՊԱՆՈՒՄ

Ծիծաղելի է, չէ՞,
Այն խաղում
Վայր էինք ընկնում և
Վիրավորվում էինք

Այս խաղում
Վիրավորվում ենք ու
Վայր ենք ընկնում

ԽՐԽԻՆՋ

Լռությունը
Հառաչի դիակն էր
Որ կախվեց կոկորդում

Լռությունս
Հողին հանձնեք

Կեսգիշերային անքնությունս և
Մրմունջներս
Ամուլ մի ձի
Կխրխնջա
Աշխարհի ականջին

ԺՊԻՏ

Ինչ տխուր է
Ժպիտն այն մանկան
Ինչպես
Մշտապես փայլուն կոշիկները
Անդամալույծի ոտքերին
Ինչպես
Մատիտը և սպիտակ թուղթը
Գրպանում մեռած պոետի

ԶՐՈՒՅՑ ՄԻ ԲԱԺԱԿ ԹԵՅ ԽՄԵԼՈՒ ՏևՈՂՈՒԹՅԱՄԲ

Լռեցի
Ծիծաղեց և ասաց
Չի հիշում

Այն ճանապարհներն որ անցել է
Այն դռները որ բախել է
Այն սերերը որ փորձարկել է

Լռեցի
Արտասվեց և ասաց
Դեռևս հիշում է

Այն ճանապարհները որ չի անցել
Այն դռները որ չի բախել
Այն սերերը որ չի փորձարկել

 

ՀԱՆՐԱՀԱՇՎԻ ԳԻՐՔԸ

Հանրահաշվի գրքում
Գրել էի
Ափիս մեջ
Կրակ կբերեմ
Քեզ համար

Գիրքը մոռացա դասարանում և
Կրակը մարեց
Սակայն ձեռքերս
Եվ մի այլ աղջկա ուսերը
Այս խաղում
Այրվեցին

ՄԱՆԿԱԿԱՆ

Փակում էի աչքերս և
Հաշվում էի մինչև հարյուր
– Գնա
Թաքնվիր
Քեզ գտնում էի
Ծովափին թողած քո ոտնահետքերից
Եվ կրիաների հայացքի ուղղությունից

Փակում եմ աչքերս և
Հաշվում եմ մինչև հարյուր
– Գնա
Թաքնվիր
Քեզ կգտնեմ
Ծովի վրա թողած քո ոտնահետքերից
Եվ կռունկների հայացքի ուղղությունից

ՄՈԽՐԱՎՈՒՆ ՓՈՂՈՑԸ ԵՎ ՄԻ ՏՈՒՓ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԱՏԻՏ

Ամուլ լռության մեջ
Դու հառաչում ես
Եվ իմ բանաստեղծության մեջ
Մի մանուկ է ծնվում

Դու մնում ես փակ դռների ետևում և
Իմ բանաստեղծության մեջ
Ցրտից մեռնում է ազնվասարեկը
Լուսամուտի բազրիքին

Դու ժպտում ես հայելու մեջ
Եվ իմ բանաստեղծության մեջ
Հզոր մի ամպ
Իր ցանկասիրությունն է բավարարում ծովից
Դու մի կում գինի ես խմում և
Իմ բանաստեղծության մեջ
Հարբում են բոլոր բառերը

Դու փականի մեջ պտտեցնում ես բանալին
Եվ իմ բանաստեղծության մեջ
Մի կին արևին իր հետ տուն է տանում

Դու անցնում ես տաճարի կողքով և
Իմ բանաստեղծության մեջ
Վայր է իջնում
Մի նոր աստվածուհի

ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Երեկ փողոցում
Մի կին,
Որի աչքերը ոչ մի նմանություն չունեին քո աչքերին`
Ժպտաց ինձ,
Դանդաղ մոտեցավ
Եվ մտերմիկ ձայնով,
Որ ոչ մի նմանություն չուներ քո ձայնին`
Հարցրեց.
– Մենք որտե՞ղ ենք հանդիպել,
Այն անավարտ պատմության մեջ չէ՞ր
Չգիտեմ ինչու այդ կինը
Հանկարծ քեզ հիշեցրեց
Եվ ասացի.
– Ինչու չէ
Այն պատմության մեջ էր…

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԻՑ Այն ԿՈՂՄ

Շադի Մովահեդին

Թզբեի թելը
Պատռվեց բանաստեղծոտված ձեռքերիս մեջ
Ցորենի հատիկները
Հողին թափվեցին
Հեռավոր ցորենի արտում

Գրադարանում մի պատանի
Հայացքով քաղեց «Զայրույթի ողկույզները»
Եվ Աստված
Լուվրի խառնամբոխում
Ժպտաց
Ժոքոնդային

ՆՈՒՆՈՒՖԱՐ

Մութը ընկնելուց առաջ
Հեծանիվը հենեց ճակատագրի պատին
Պատը փլուզվեց և
Արևի մարմինը
Սուզվեց ճահճի մեջ
Ծերունի անցորդը
Բանաստեղծի ականջին շշնջաց

Ամեն մի սիրո փոխհատուցումը
Սպասումն է
Սպասման պարգևը
Սեր

Անցավ մի պահ
Բանաստեղծը արթնացավ
Մի քանի տարվա քնից
Դողդոջույն մի նունու‎‎ֆար
Գլուխը նրա ուսին խոնարհեց
Հեռավոր մի լուսամուտի ետևից
Էլուարը
իր հայացքի ծածկոցը
Նրանց վրա գցեց

Լուսաբացից առաջ
Մի կաթիլ արյուն ծորաց
Գիշերվա փեշին
Լինելիության մի կաթիլ
Ծաղկի մարմնում

ՌՈՄԵՈՆ ԵՎ ԼԵՅԼՒՆ

Կռունկների չվերթից հետո
Մշուշում կորան
Ռոմեոն և Լեյլին
Նրանց հեռացումը
Շեքսպիրն էլ նկատեց և
Այտս համբուրեց

Կռունկների չվերթից հետո
Ոչ մի երեխա աչքը չկտրեց երկնքից և
Ոչ մի բանաստեղծ աչքը մշուշից

Մեկը հարցրեց
Ո՞ւր գնացին
Ռոմեոն և Լեյլին

ԻՄ ԵՎ ՆՐԱ ՍԵՐԸ*

* / Անցեք այս աներևույթ բանաստեղծությունից / իմ և նրա սերը մի գլուխ է ճերմակ /
ինչպես մի ծով / մանկան ափում / ինչպես մի նուռ / Աստծո ձեռքում:

ՀԱՍԱՐԱԿ ՄԻ ԴԵՊՔ

Տեսնու՞մ ես այն աղջկան
Մի օր նրա փեշը լի էր ծաղիկներով
Իմ բանաստեղծության տետրը
Դատարկ, առանց գազելի

Մի գիշեր այդ աղջիկը
Անցավ իմ կողքով
Քմահաճ քամին
Թափահարեց նրա փեշը
Դատարկ տետրը ընկավ իմ ձեռքից
Եվ նրա փեշը
Դատարկվեց ծաղիկներից

Եկել էր անապատից
Ծաղիկներ էր նվիրում ու
Գողանում էր գրքեր

ՆՐԱ ԿՈՂՔԻՆ

Մենք շարունակ ծիծաղեցինք մենության մեջ և
Արտասվեցինք
Մենության մեջ

Նրա կողքին
Անձրևի տակ
Ժամանակ չկար
Ծիծաղելու համար

Ռումբերի տարափի տակ էլ
Արտասվելու համար
Չկար ժամանակ

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *