Տոնինո Գուեռա | Պեննաբիլլիի* կամասուտրան

Տոնինո Գուեռա

Վերջին պատերազմի ժամանակ վառելիք չկար, և մարդիկ կահ-կարասին ու այլ բաներ էին վառում: Վանականների դղյակում, որ պահված էր Տոսկանայի Ապենիններում, Լուսնի լեռների ստորոտին, այդ հին վանքի հարևանությամբ ապրող ընտանիքները ջրով ու սոսնձով թղթե գնդիկներ էին պատրաստում վառելու համար` օգտագործելով խեղճ գրադարանից գողացած հինավուրց ձեռագրերը: Արեցցոյում ապրող մի հնահավաք նման տնագործ գնդեր էր գնել ածխավաճառից, որը դրանք գտել էր 1951-ի ձյունառատ ձմռանը փլված դղյակի ավերակներում: Նրան հաջողվել էր մեծ ջանադրությամբ քանդել այդ գնդերը` այլ թղթերի հետ սոսնձված հին փաստաթղթեր գտնելու նպատակով: Մի քանի կտակի և ժառանգության արձանագրությունների լատիներեն հատվածներ էր հավաքել, քիչ բան, եթե նկատի չառնենք յուրատեսակ ժողովրդական Կամասուտրա կազմող տասներկու գրառումները, որոնց հեղինակը հավանաբար Արևելքի սիրահար վանա- կաններից մեկն էր: 1988-ի հուլիսին Պեննաբիլլիի հնարժեք իրերի ցուցահանդեսի ժամանակ ես ծանոթացա այդ հնահավաքի հետ, որը մի քանի օրով ինձ տվեց իր գտած գրառումները` ուսումնասիրելու համար: Ես էլ որոշեցի դրանք նկարազարդել**:

Տոնինո Գուերրա

ԿՐԱԿՈՑ

Հետախուզումը այն պահին է սկսվում,
երբ արդեն մերկ են մեկմեկու առաջ:
Տղամարդը պետք է գտնի
կնոջ նվիրական անկյունը պահ մտած:
Իսկ երբ ոտքերը լայն բացված են,
տիկինը պետք է շշնջա. «Կրակիր»
և համբերությամբ սպասի այդ կրակոցին:

ԲԱԶԿԱԹՈՌԻ ՎՐԱ

Տարեց զույգի նախընտրած ձևը միաձուլումն է բազկաթոռի վրա:
Տղամարդը կնոջ ստինքներն է կշռում,
մինչ ազատ արձակված «օձը» բույնը կփնտրի:
Ցանկալի է, որ լուսամուտի տակ անձրևը կաթկթա,
և ասված խոսքերը անձրևի շուրջը պտտվեն:

ՄԵՐՁԵՑՈՒՄ ՇԵՓՈՐԱՆՎԱԳՈՎ

Սիրեցյալները ծնկաչոք են, մեկմեկու դիմաց:
Կինը ձեռքերով հենվում է ներքնակին կամ մարգագետնին,
մղվում առաջ` «հաճույքի պարտեզը» հրամցնելու պատրաստ,
մինչ զուգընկերը նրա կրծքով շեփոր է նվագում:

 47539

ՊԱՏԱՏՈՒԿԻ ՈԼՈՐՔ

  Սիրեցյալը, անկողնու եզրին կանգնած,
կնոջն է բռնել,
իսկ նա ոտքերն է ջանում ագուցել
տղամարդու պարանոցին,
որ «պատատուկի ոլորք» գոյանա:
Այսպես է տղամարդը լիավստահ տիրում
մահճին գրեթե քարացած կնոջը:

ՔՆԱԹԱԹԱԽ ԿԵՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Խորհուրդ է տրվում նաև քնաթաթախ կենակցություն,
երբ գրկախառնվում են
ասես նիրհուն մոռացման մեջ:
Մարմնի շարժումներն ակամա դանդաղ են.
թմբիրն է պատել:
Եվ մինչ գլխավոր արարն է ծաղկում,
պտուկը կարող է պատահմամբ հպվել տղամարդու դեմքին,
ինչպես որ ճյուղից կախ ընկած կեռասը:

ՔԱՄԱԾ ԿԻՏՐՈՆ

Կինը, որ բազմել է սիրեցյալի վրա,
իր հեղձուկ ծանրությամբ
կարող է նրան շփոթմունքի մատնել,
և այդ օրգազմը նման կլինի քամած կիտրոնի հոգեվարքին:

ՇԻՆԾՈՒ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ

Պատահում է և, որ թեթև ծանոթությանը պատշաճող
խոսքերն ու շարժումներն անմեղ
տղամարդուն բռնության են դրդում,
և նա կնոջը հրում է, գցում մահճի սնարին
ու ծնկի գալիս` ճիշտ նշանակետին զարկելու համար:
Վատ չի լինի, եթե բռնությանն ականատես դառնա կատուն.
շինծու բռնության զոհ դարձած կինը
թեկուզ և նրան կարող է պատմել
տանջանքն իր քաշած:

ԱՆԶԳՈՒՅՇ ՀԱՆԳԻՍՏ

Տղամարդը պառկած է անկողնում`
ձեռքերը գլխատակին և կոպերը փակ` քնած ձևանալով,
կինն անզգուշորեն նստում է հանգստանալու
նրա կակուղ ազդրերին,
և կնոջ տակ իսկույն մի բան է սկսում աճել
ճիշտ ծառի նման
և ուղղվում այնտեղ, ուր կինը
բնավ չէր ակնկալում:

47541

ՆՍԵՄ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ

 Հաճախ առնանդամի նսեմ ներկայությունը
կնոջը երջանիկ արբեցում չի բերում:
Այդժամ խորհուրդ է տրվում
ձեռք բերել խոշորացույց:
Այս միջոցին է դիմել
սասսոկորվարոցի մարքիզուհի Ֆիլիպուչչին,
որը մերկանալուն պես
ներկայանում էր մեծ խոշորացույցը ձեռքին
և իսկույն ևեթ` դա գործի դնում հանուն փրկիչ կեղծիքի:
Խնդրելով ընտրյալին հանգստի դիրք ընդունել`
նա նստում էր սրա ազդրերին
և խոշորացույցով զննում այն գործիքը,
որը նրա աչքին միշտ համեստ էր ու պստլիկ:

ԱՐԾԱԹԵ ԳԴԱԼ

Մերձեցումն արծաթե գդալի շնորհիվ
հորինել է Գատտարայի կոմսը,
որն սկսեց դիմել գդալի զորությանը
վաթսունն անցնելուց հետո, երբ իր լուման արդեն
համեստափայլ էր, նվազ և փութանցիկ:
Կանանց սիրտը շահելու համար նա արծաթե գդալ էր ցույց տալիս`
մատնանշելով, թե տեսակցության վերջում
պատրաստ է թանկարժեք նվեր ընծայել:
Վստահորեն կարելի է ասել, որ Մարկե մարզում,
Ապենիններով մեկ սփռված տներում
արծաթե գդալների մեծ մասը կոմսին էր պատկանել:
Եվ երբ պարոնը հոգին ավանդեց 1943-ին,
նրա տանն այլևս ոչինչ չէր փայլում:

47540

ՀԱՆԳՈՒՅՑ

«Հանգույցն» այն է, երբ երկու մարմին այնպես են միահուսվում,
ասես տղամարդն ուզում է տապալել կնոջը և ընդհակառակը:
Այս մաքառման մեջ ձեռքերը գալարվում են,
ոտքերը` իրար աքցանի մեջ առնում,
մինչև բանը հասնի այնպիսի խորունկ ներթափանցման,
որ սիրեցյալներն այդ ժայթքումից հետո
մեծ դժվարությամբ սեփական կրունկները գտնեն:

ՄԵՂՄԻԿ ՇՇՈՒՆՋ

Երբ զուգընկերը հասել է նպատակին,
և արդեն հաջողվել է
աղջկան մերկացնել,
պետք է մեղմիկ շշնջալ` հիշեցնելով,
որ թռչուններն անձրևից թաքնվում են
ծառի ճյուղերին:

*1989-ից ի վեր Գուերան բնակվում էր Պեննաբիլլի փոքրիկ քաղաքում(Կենտրոնական Իտալիայի Մարկե մարզի Պեզարո է Ուրբինո նահանգ)
**Գուերրան իր բանաստեղծությունները նկարազարդել է  օֆորտի տեխնիկայով, պղնձասալի վրա

 Իտալերենից թարգմանությունը՝ Զավեն Բոյաջյանի

Share Button

1 Կարծիք

  • gevorg says:

    Բնական(տվյալ դեպքում՝ սեռական) պահանջի իրացման սոսկական նկարագրություններ են: Հաճախ մենք լուրջ արժեք ենք վերագրում շատ գրվածքների միայն այն պատճառով, որ արտասահմանում(մանավանդ արևմուտքում) են ստեղծված:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *