Պոեզիան մարդու աչքերը չպիտի լինի
չպիտի մարդու հոգին լինի..
Պոեզիան մարդու Մարդը պետք է լինի…
Այնտեղ… իմ տանը
Ճանապարհիս
լեռները ձյունոտ,
հիշեցնում են ինձ տատիս
փեշերն ալրոտ,
ուր ես գլուխս էի դնում
հեքիաթներ տեսնելու համար:
Ու թափ էր տալիս տատս փեշերն իր
գլորելով ձյուները սարերից,
հոսում էր ձյունը
նկարելով ծաղիկներ,
ես բացում եմ ափս,
հոտոտում այն,
քո բույրն արթնանում է իմ մեջ,
գրկում եմ գիշերային սառնությունը,
նրա մեջ խցկված քաղաքի շոգ աղմուկը,
բամբասկոտ կանանց «խելացի» թվացող հայացքները,
ես տարածում եմ թևերս իբրև գրկախառնություն
և վերադարձ
այն տուն,
ուր պապս տատիս կենացն էր խմում,
մայրս իմ ծնվելու լուրն էր շշնջում
հորս ականջին,
ես տարածում եմ թևերս փրկելու համար աղյուսներն այդ տան,
որ անտանիք է մնացել,
անընկեր:
Տատիս չպատմած հեքիաթների մեջ
մոլորվում եմ:
Աստղերի ուղղությամբ
քամի եմ հեծնում
և ճանապարհը թվում է այն ուղին,որով
հնարավոր չէ վերադառնալ:
Տարածում եմ ձեռքերս դեպի կարոտ…
Քայլում եմ,
գրպաններումս պահած համբույրներն է քո,
ու այգեպանը ծիծաղում է.
«աղջիկ, որ գրպաններում ծաղի՞կ է աճեցնում»
Ես, բոլորս քայլում ենք արցունքներիդ տակ
անձրևում է..
Այնտեղ… այդ տանը…
մայրս ամեն անգամ բարուրս բացելուց
համբուրում էր ուսերս…
Հիշողությունները խրվում են դատարկության մեջ..
Թվում է աշխարհը սկիզբ է ունենալու:
Ու աչքերիդ մեջ փայլում են բառեր,
որոնք ես եմ հորինել:
Հ.Գ
Տատս ափերն իր թաքցնում էր հայացքներից:
Մեռնելուց առաջ նա փակեց ափերը
-Իմ տուն եմ գնում… դուք չգաք հանկարծ…
Օրը
Օրը ջրի կաթիլ է լուսամուտին,
Օրը ստորագրություն է հիշողությանդ լավագույն էջին,
Օրը համարձակություն է թռչելու օդապարիկով,
և պատճառ` այն կործանելու,
Օրը ականջիդ բլթակից կախված ծանրություն է,
որին ոչ ոք չի հավանում
Օրը աչք է, հացի փշուր,
Որին վախենում ես մոտենալ`
Կմտածեն կույր է…
Օրն անցում է առանց հետ նայելու:
***
գրում եմ
տողերիս մեջ հայտնվում են աչքերդ
նայում… համբուրում մատներս…
ես այնտեղ եմ, ուր ինձ սիրում ես
գրում եմ
աչքերդ
տղայիս օրորոցից հսկում են քունս
ես միշտ այնտեղ եմ քնում, ուր ինձ սիրում ես:
ԵՍ Երկնքից եմ
Երկիրն ապրելու համար չէ:
Անունները կրկնում են այն կրողների ճակատագրերը…
Ես երկնքից եմ հայտնվել
և սիրտս թողել եմ այնտեղ:
Հոգիս պիտի բարձրանա նրա՛ հետևից:
Ես երկնքից եմ եկել
և չեմ հարմարվում երկրային կյանքին,
դրա համար նախընտրեցի
տղայիս երկրային կյանք տալ:
Ես երկնքից եմ իջել
և ամեն առավոտ ծլվլում եմ
թռչունների հետ…
Երկինքն ապրելու համար չէ:
Ինչպես ոչ միշտ
Պատը ճեղքել է լռությունն իր
ու տեսողությանս օպտիկ-թիթեռները
շշնջում են գարնան ականջին.
տերև… փաթիլ… ծաղիկ:
Առուն ճեղքել է աղմուկն իր
ու երազներս ամպեր են կտցահարում:
Ձյունը ճեղքել է սառնությունն իր
և երկիրն է արտասվում դեպ երկինք,
և ծաղիկը հողին է բացվում
արմատները խրելով ամպերի մեջ…
Հարազատ վայրերը կորցրել են քայլերը հետդարձի
տունը խեղդում է մարմինս
դրսում ճահիճ է,
քնելը վտանգավոր`
արթնանում ես, պարզվում է այնտեղ ես ուր չես քնել:
Լույս չկա ընթացքի մեջ
նետված դանակներն անթիրախ են մնում:
Զգացի որ կողքիս չես
փակեցի աչքերս
ժպիտ եմ, որ
շուրթեր չլինելու պատճառով
այդպես էլ չի երևում:
Արցունք եմ, որ
անաչք է` չի ծնվում:
Բողբոջ եմ`անծառ,
ու չի պտղանում,
հոգի` անմարմին,
բառ` անաղոթք,
լեզու` աներակ
աչքեր ունեցա, բացեցի, տեսնում եմ
զգացի, որ
կողքիս չես,
փակեցի աչքերս:
ՆԱՎԸ
Հեռանում են…
Հեռանում է ծովը նավից:
Հոգնած աչքերը կապույտ են տեսնում,
փաթաթվում են խարիսխին ու
իջնում` անհետք դրոշմ դնելով ծովահատակին:
Սլաքները հեռանում են…
Հեռանում է երկինքը լույսից:
Քաղաքը հեռանում է երկրից…
Հեռանում են երկար ու անբառ զրույցները:
Հեռանում է սիրտը զարկերից…
Դուռս ծեծում են հեռացող, անհնչուն ձայներ
Հեռանում եմ դռնից…
Բացում եմ:
Հեռանում են գրքերս` անստորագիր,
գրիչներս` ջարդված փորիկներով,
թղթերս` օտար ձեռագրերով,
հեռանում է դատարկը, սինը:
Քունը ծովից
Ծովը դռնից
Դուռը լույսից
Լույսը քարից
Քարը մարմնից
Մարմինը ջրից
Ջուրը կապույտից
Կապույտը երկնքից
հեռանում են…
Հեռանում է նավը:
20.07.2013թ
Արտասվում եմ ափերիս մեջ,
Երբ ծարավում են ձիերդ: