Ռուզան Ազիզյան | Ներխուժում

Սահմանափակում չկա: Որեւէ սահմանափակում չեմ ընդունում: Եթե սենյակն ինձ են տվել, ուրեմն այս գիշեր այն ամբողջովին ինձ է պատկանում: Կարող եմ ուսումնասիրել, քանի դեռ քունս չի տանում:
Հարցն այն է, թե ինչ եմ անում այստեղ: Ինչո՞ւ եմ այստեղ: Ի՞նչ եմ փնտրում քաղաքներում, որտեղ ոչ մեկին չեմ ճանաչում: Որտեղ ոչ մեկը չի ճանաչում ինձ: Գիտակցում եմ, որ միեւնույն է չեմ մոռանալու նրան, ո՞ւր եմ փախչում ուրեմն: Որոշել էի արձակուրդս անցկացնել քնած, ծայրահեղ դեպքում` գիրք կարդալով: Բայց ճանապարհները յուրօրինակ իշխանություն ունեն ինձ վրա: Երբ կանգնած չեմ, գնում եմ, կյանքը այլեւս

այդքան անտանելի չէ:
Վարորդը խայտառակ տիպը դուրս եկավ: Ինքնասպան տեսակ էր:Քանի դեռ ճանապարհը ազատ էր, ինքը հանգիստ քշում էր մեքենան: Բավական էր առջեւում մեքենա տեսներ, ոտքը սեղմում էր գազին ու չէր հանգստանում այնքան ժամանակ, քանի դեռ չէր անցել առջեւում նշմարվող մեքենայից: Ես, որ երբեք չեմ կշտանում ճանապարհներից, պարբերաբար պահում էի շունչս, մինչեւ հերթական մեքենան հետեւում էր մնում:
Գորիսում կանգ առնելու որոշումս բացառապես ա’յդ վարորդին հրաժեշտ տալու ցանկությամբ էր պայմանավորված: Համոզված էի, որ առավոտյան ուրիշին կգտնեմ, որն ինձ առաջ կտանի: Առաջ, դեպի ո՞ւր: Պարզ չէր դեռեւս: Ընթացքում կորոշեի:
Իսկ այս տան առաջ կանգնեցրի մեքենան, քանի որ բակում ցայտաղբյուր նկատեցի, իսկ ես արդեն մի կես ժամ էր խմելու ցանկությունից կոտորվում էի, կոկորդս ճանապարհի փոշուց, թե հաճախակի շունչս պահելուց անընդհատ չորանում էր: Մթնում էր արդեն, ցայտաղբյուրից ջուր խմեցի ու նայեցի շուրջս: Երկհարկանի, մեծ տուն էր, բարեկարգ բակով, բայց մի տեսակ ասես տերերը մեռած լինեին: Չհասկացա` ինչի հետ էր կապված առաջին տպավորությունս: Այդ տանը գիշերելու ցանկությունս էլ հանկարծակի կայացրի. ջուրը մի տեսակ շատ համեղ էր ու հանգստացնում էր միանգամից: Կանչիս հետ տան առաջին հարկի պատուհանից կնոջ գլուխ երեւաց, որին խնդրեցի գիշերելու տեղ տալ ինձ: Ընդամենը մի գիշերվա համար: Գլուխը ներս քաշվեց, հետո տնից դուրս եկավ միջահասակ մի կին, որը շատ ավելի ջահել էր թվում, քան միայն գլխից կարելի էր դատել. մազերը լրիվ սպիտակ էին, իսկ մարմինը ձիգ էր ու բարեկազմ: Առաջարկեց վերեւի հարկի փոքրիկ սենյակը, ընդամենը հինգ հազար դրամով ու ես առանց երկար սակարկելու բարձրացա վերեւ: Չնայած այդ գումարով հավանաբար կարող էի եւ հյուրանոցում տեղավորվել: Փոքրիկ քաղաքներում հյուրանոցները սովորաբար էժան են լինում:
Փայտե աստիճանները ճռճռացին ոտքերիս տակ: Տունը տիրոջ հակապատկերն էր. դրսից` երիտասարդ, ներսից` հալից ընկած ու խարխուլ: Աստիճանների միջեւ հսկայական ճեղքեր կային, ու մտքովս հանկարծ անցավ, որ եթե ավելի շատ ժամանակ ունենայի ու որոշեի մնալ այստեղ, այս աստիճանների ճեղքերում կարող էի գտնել հին ոսկեդրամներ, գրված ու այդպես էլ ոչ մեկին չուղարկված նամակների կտորտանք ու փետուրներ, որ պատկանել են թռչունների, որոնք ապրել են երկրներում, որ հազար տարի առաջ են անհետացել երկրի երեսից:
Բայց ես ժամանակ չունեի: Ընդամենը մի գիշեր, մի 10-12 ժամ, որի ընթացքում քնելու էի մեռածի պես: Համենայն դեպս այդպես էր ինձ թվում, մինչեւ սենյակ մտնելը:
Սենյակը ահավոր փոշոտ էր: Կապույտ էր ու փոշոտ: Մինչ տանտիրուհին կբերեր մաքուր սպիտակեղենը, գնացի պատուհանը բացելու: Այստեղ կրկին ունեցա այն զգացողությունը, որ տան տերերը վաղուց մեռել են, ասես մեռած, քայքայված ոգիներ են ապրում այս սենյակում, բայց զգացումը վերագրեցի ճանապարհի ոլորաններին: Պատուհանի վարագույրը մի կողմ տանելուց փոշու մի նոր չափաբաժին ստացա: Վերադարձա սենյակի կենտրոնն ու նստեցի միակ դարչնագույն աթոռին: Աթոռը ճռռաց, բայց դիմացավ: Դիմացս սեւ գրասեղան էր: Գրասեղանին գրասեղանից ավելի սեւ շրջանակի մեջ երիտասարդ աղջկա լուսանկար կար: Աղջկա դեմքը ծանոթ էր թվում:
Նեղլիկ, ասես իրենց ներսը նայող աչքերը մի տեսակ չար փայլում էին: Բարակ շրթունքները ժպտում էին չուզենալով: Ուշադիր նայեցի. աղջիկը տանտիրուհուն էր հիշեցնում: «Մի՞թե դուռը իմ առաջ մեռել է բացել,- մտքիս մեջ քմծիծաղեցի ինքս իմ վախերի վրա,-գուցե իզուր չէ՞ր առաջին տպավորությունս, թե տունը անտեր է»… Չհասցրի միտքս ավարտել, դուռը բացվեց ու տանտիրուհին աղմուկով անկողնուն նետեց սպիտակեղենը, ու սենյակում նորից փոշու ամպ բարձրացավ:
«Պատուհանը իզուր ես բացել,-ասաց սառը` հասկացնել տալով հանկարծակի զայրութի պատճառը,- ճանճ ու մլակ ներս կլցվեն»: Չպատասխանեցի: Դուրս եկավ` հետեւից շրխկացնելով դուռը: Կասկած չկար, ինքը կենդանի էր, մեռածները այսպես զիլ չեն զայրանում, այն էլ հյուրերի վրա, որոնց սեփական կամքով են ներս թողել, հինգ հազար դրամով: «Կարելի էր հյուրանոց գտնել»,- նորից մտածեցի ես, բայց նկարի աղջիկը աչքերը չարությամբ պտտեց վրաս: «Հավանաբար ինքը երկար է հյուրերի սպասել,- մտքումս ուղղակի զվարճանում էր իմ տարօրինակ մտքերի վրա: Նստեցի անկողնուն: Մահճակալը ուղիղ դռան կողքին էր, դռան վրա ներսից փական չկար. գիշերը դուռը կողպել չէր հաջողվի, ստիպված էի բաց դռան հետեւում թաքնվել:
Թաքնվել: Ումի՞ց: Ինձ այստեղ ոչ մեկը չի փնտրում, ոչ մեկը չգիտի, որ Գորիսում եմ: Տանը ինձանից ու կիսաջահել-կիսածեր կնոջից բացի կարծես ոչ ոք չկա: Չհաշված գրասեղանի նկարը: Եթե ինքը որոշի սպանել ինձ այս գիշեր, կինը իհարկե, ո’չ թե նկարը, չնայած այսպիսի հին տներում ամառային գիշերներին ինչեր միայն չեն կատարվում, ու թաղել բակում, ոչ մեկը երբեք չի փնտրի ինձ այս կողմերում, չի պատկերացնի, որ կարող եմ այստեղ լինել, ու ես այդպես էլ կմնամ թաղված մինչեւ ժամանակների վերջը:
Նկարը ուղիղ նայում էր աչքերիս մեջ: Փոխեցի դիրքս: Նկարը աչքերը ինձանից չէր կտրում: Ժպտում էր` հիմա ավելի ակնհայտ, գրեթե կայտառ, ու աչքերով դեպի պատուհանն էր ցույց տալիս: Զարմանքով զգացի, որ քունս բոլորովին չի տանում: Մարմինս կարծես դեռ ցնցվում էր ավտեմեքենայի շարժումներին համընթաց, բայց միտքս սթափ էր ու արթուն, ինչպես վաղ առավոտյան: Հանեցի վերնաշապիկս ու առանց ծածկվելու պառկեցի անկողնուն: Ինձ թվում էր, որ բարակ ծածկոցը չափազանց ծանր է, եւ, եթե վրաս նետեմ, այլեւս չեմ կարողանալու տակից դուրս գալ: Պառկելը տհաճ էր, այնպիսի զգացողություն ունեի, ասես ժամանակ եմ կորցնում:
Կանգնեցի: Մոտեցա պատուհանին: Դրսից թարմ օդ էր ներս խուժում, բայց սենյակի օդը կանգնած էր, ոչ մի կերպ չէր փոխվում: Այս սենյակում հաստատ ուրվականներ են ապրում,-մտածեցի,- հոգիներ, որոնք վաղուց փոշի են դարձել եւ այդ փոշին լցրել է սենյակը: Վերադարձա սենյակի կենտրոն: Գրասեղանի վրա թղթի կտորտանք կար լցված: Թղթերը կապույտ էին ներկված, տարբեր երանգի կապույտ` բաց կապույտ, ավելի շատ կանաչ հիշեցնող կապույտ, մի տեսակ հագեցած կապույտ, որին անընդհատ ուզում ես նայել, մուգ կապույտ` փոթորիկ գուշակող երկնքի պես, սեւին ավելի մոտ կապույտ, մանուշակագույնին նման կապույտ, մոխրագույնին խառնված կապույտ: Կապույտ թղթերը հավաքեցի ու բացեցի գրասեղանի դարակը, որ մեջը խցկեմ: Դարակի մեջ միայն մի ծրար էր դրված: Հանեցի: Բաց էր: Եթե բաց չլիներ, ես գուցե եւ չհամարձակվեի բացել: Բայց ծրարը բաց էր, ասես ինձ էր սպասում: Դպրոցական տետրի էջի վրա հետաքրքիր կապույտ գույնի տառեր էին: Մի պահ ինձ թվաց, որ սեղանի բոլոր կապույտ գույնով ներկված թղթերը միայն փորձ էին գտնելու համար այն կապույտը, որով գրված էին տառերը: Տառերի գույնից հանգստություն էր բուրում, մի տեսակ երկնքի անդորր, այդ կապույտից կարծես թե սենյակի օդը միանգամից մաքրվեց, պարզվեց, սառեց`միեւնույն ժամանակ: Թուղթը դեղնած էր, երեւում էր, որ նամակը վաղուց է գրված: Հետաքրքիր էր, որ մինչեւ հիմա ոչ ոք չի փորձել կարդալ այն: Իսկ գուցե փորձե՞լ են: Թղթի վերեւում խոշոր տառերով գրված էր «Ծառը»: Սկսեցի կարդալ.
«Ծառը սկսեց աճել հանկարծակի: Ստամոքսումս մի քանի օր խուտուտ զգացի, հետո արմատները կառչեցին աղիքներիցս ու ճյուղերը սկսեցին բարձրանալ, հաստանալ: Բարձրացան մինչեւ կոկորդս, փռվեցին թոքերովս մեկ, սկսեցին ճնշել ուղեղս: Ճյուղերի վրա մանր բողբոջներ հայտնվեցին, ուռեցին, պայթեցին ու մարմինս լցվեց կանաչ տերեւներով: Բոլորովին էլ անհնար չէ հավատալ մարդու ներսում ծառի գոյությանը, պետք է միայն ընդունել դրա հնարավորությունը:
Բայց ինձ չհավատացին: Մայրս սենյակիցս ձայներ էր լսում ամեն երեկո եւ չէր հավատում, որ դա Ծառն է սոսափում: Ես փոքր էի, իսկ Ծառը մեծանում էր օրեցօր: Գիշերները ավելի կատաղի էր աճում: Ցերեկները, երբ զբաղված էի դասերով, երբեմն նույնիսկ չէի նկատում նրա գոյությունը: Դա ասես նեղացնում, վիրավորում էր Ծառին եւ երեկոները նա սկսում էր ճյուղերով ճանկռտել որովայնս:
Ես հասկանում էի, որ Ծառը հաղթում է ինձ, իսկ բացատրել ոչ մեկին չէի կարող: Ինձ չէին հավատում: Մի տեսակ կարեկցանքով նայում էին երեսիս, ասես խելքս կորցրել եմ: Իրար մեջ խոսում էին, ես լսում էի, ոնց են քչփչում. «Տատիկի` Ժենյայի մայրն էլ` Անիչկան 80 տարեկանից հետո սկսել էր տարօրինակ բաներ ասել, թե իր ներսում Ցուլ կա, որը կարծում է, թե աղիքները խոտ են ու կամաց որոճում է դրանք: Անիչկան մեռավ 85-ում, այդ տարիքում մահը նորմալ է, իսկ խեղճ երեխան ի՞նչ է արել, որ այսպես պիտի տանջվի»:
Դու գիտես, չէ՞, որ Ծառը սպանում է: Ջուր չկար եւ սկզբի համար նա խմեց արյունս, ավիշս, հետո սկսեց քամել օրգաններս, որ աճի-մեծանա: Դու էլ ես վազում, չէ՞, դու էլ ես փախչում Ծառից, Ցուլից, Վագրից, որոնք մեծանում-ուռչում են ներսումդ: Վախերից, որ մանկուց հանգիստ չեն տալիս, վիրավորանքից, որ կուտակել ես տարիների ընթացքում, նախանձից` հաջողակ ընկերուհուդ նկատմամբ, որի երեխան ընդունվել է համալսարան, ափսոսանքից, որ չստացվեց, այնքան շատ բան չստացվեց ծրագրածիցդ, որ հեշտից էլ հեշտ էիր համարում, ծուլությունից, որը թույլ չտվեց, որ աճես, առաջ գնաս, չստացված սիրուց, որին փորձում ես մոռանալ ողջ կյանքդ, բայց գիտես, որ չի հաջողվելու: Հիմա էլ ես փախչում: Կանգնիր, խոսիր ինձ հետ, խոսիր ինքդ քեզ հետ, քանի դեռ Ծառը արմատներ չի գցել, քանի չի սկսել խոսել Ցուլը……»
Սենյակում առաջվա նման կիսամութ էր, կապույտ գիշերալամպը կարծես չուզելով էր ցրում մութը: Կեսգիշեր էր: Նստած մահճակալին` նայում էի պատուհանից դուրս: Թույլ լույսը զգալով թիթեռնիկներ ու միջատներ էին մոտենում բաց պատուհանին, բայց ներս մտնել չէին համարձակվում: Ես հասկացա` ինչու դռան վրա փական չկա. ոչ մեկը չի մտնի այս դռնից, մինչեւ ինքս չկանչեմ: Ոչ ոք անգամ բաց պատուհանից ներս չի գա այն սենյակը, որտեղ Ծառը մարդ է սպանել:
Առավոտյան վաղ ճամփա կընկնեմ: Ինչքան հնարավոր է շուտ: Անգամ նույն վարորդի հետ, եթե ուրիշին չգտնեմ` սարերի ու ոլորանների միջով: Իսկ գուցե սա այն էր, ինչ փնտրել եմ միշտ. այն միայնությունը, որի կարիքը միշտ ունեցել եմ, մինչ շուրջս մարդիկ էին վխտում: Թողնել ամեն ինչ ու գնալ բնակվել դատարկված մի գյուղում, կիսաքանդ մի տան մեջ, որի հատակի անցքերից պարբերաբար դուրս են գալիս նախկինում հազար տարիներ այնտեղ բնակված ընտանիքների հետքերը: Լռել, ուշադիր ունկնդրել ներսիդ ձայներին, քանի դեռ չես խլացել: Որովհետեւ` որքան վազում ես, այնքան վերջը վազում է քեզ ընդառաջ, որքան գոռում ես, այնքան ուշ ես նկատում, որ ներսումդ սկսում է շարժվել մի բան, որը դու չես այլեւս:

Առավոտյան տանտիրուհին սուրճ առաջարկեց: Զվարթ էր մի տեսակ, ուրախ, ասես վերջապես հասել էր նպատակին: Նույնիսկ ավելի ջահել էր թվում: Սուրճի սեղանի շուրջ հարցրեց`հանգի՞ստ եմ քնել: Հարցրեց` դուր եկա՞վ սենյակը: Իր աղջիկն է ապրել այնտեղ: Մահացել է, ասաց, քսան տարի առաջ, տասնութ տարեկանում: Նկարը սեղանին էր: Միշտ տարօրինակ հանգիստ երեխա էր, հետո թուլացավ, նվազեց, «ճլորեց» ու մեռավ երեք ամսվա մեջ: Սաբինա էր անունը, տարօրինակ անուն է, գիտեմ, տատիկն էր ընտրել: Բակում իր պատվին հուշաղբյուր է կանգնեցված, հանգուցյալ ամուսինս կանգնեցրեց մինչեւ մեռնելը: Երեկոյան, որ եկաք, ջուր խմեցիք, բայց մութ էր, երեւի չնկատեցիք մակագրությունը: Որտե՞ղ է թաղված: Խնդրեց իրեն հին Գորիսում թաղել, ասաց` օդը այնտեղ մաքուր է, Ծառը իրեն լավ կզգա: Ինչ-որ տարօրինակ բաներ էր ասում մեռնելուց առաջ, ոչ ոք չէր հասկանում` ինչ է ուզում ասել: Սուր ընթացքով լեյկոզ էր, չնայած տարօրինակ սիմպտոմներ ուներ: Կանաչել էր դեմքը, եղունգները, բժիշկները էդպես էլ գլուխ չհանեցին, մտածեցին, որ հիվանդության նոր տարատեսակ է, կամ օրգանիզմն է այդպես արձագանքում հիվանդությանը: Եթե գնաք հին Գորիս, անմիջապես կնկատեք գերեզմանը, կողքին մեծ ծառ կա աճած, ինքն իրեն աճեց, մի ամսվա մեջ, չնայած ես ուզում էի այնտեղ կապույտ ծաղիկներ տնկել….
ՌՈՒԶԱՆ ԱԶԻԶՅԱՆ

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *