Գարուն
Գարնանը
ես երազանքներ եմ ցանում
ու ապրելու ժամանակ եմ խնդրում գործերից հետո,
որ վայելեմ արևը ու փոխվելը օրերի
որ աչքս տեսնի
հողի ուռչելը
ու հասկանա
սոխուկի զարգանալն ու սերմերի ցավը:
***
Անձրևների շատությունը
լրացնում է
լեռներում ապրողներիս համար
Ծովի կարոտը
ու արդյունքում ստացվում են
թաց քարեր:
***
Թղթի վրա ջրափոս նկարեցի
ու կորացա, որ նրա մեջ տեսնեմ արտացոլքս:
հենց այդ պահին գլխիս մեջ քեզ տեսա:
հետո արցունքս կաթեց ուղիղ «ջրափոսի» մեջ
ու շրջանի եզրերի թանաքը լղոզվեց:
Կարոտել եմ:
***
Բլուրներով,
կորերով`մեկ վար, մեկ վեր
լեռներով ու ձորերով
թեքություններով
քայլել արև որսալու՝
ոսկեծամիկի հետևից
հացահատիկի արտերով
նեղություններով ու չորություններով
դողով ու ոգևորումով
հորինելով ու կրկնելով
հռհռոցով ու լռությամբ
գնալ կանչողի հետևից
ու չիմանալ…
***
Լուսաբացին կիսաքուն, արևի հետ ծագող մտքեր.
զգացողությունները սահմանային են
օդի թարմ հոսքը սենյակ, հետո թոքեր
երազները թառել են լուսամուտագոգին ու փռշտում են միջանցիկ քամուց…
հաստատ կարելի է ասել`
օդը մաքուր է, արցունքի պես ջինջ:
***
Չհմայելու անտարբերություն
չհմայելու վստահություն
չհմայելու ուժեղություն:
***
Իմ ու քո արանքում սկզբում կարող էի մի ամբողջ աշխարհ տեղավորել`
փողոց, աղմուկ
մեքենաներ
մեր ծանոթներին
կինոներ
գրքեր
երգեր
նկարներ:
Հետո մոտեցանք
շատ մոտեցանք
ու
մեր միջև տարածությունը փոքրացավ:
Հետո մենք էինք՝
ես-դու,
իսկ մեզանից դուրս մի ամբողջ աշխարհ`
փողոց, աղմուկ
մեքենաներ
մեր ծանոթները
կինոներ
գրքեր
երգեր
նկարներ:
***
Մեծ-մեծ ձեռքերիդ,
խոշոր ափերիդ մեջ կորում էին գրքերը,
որոնք ինձ ցույց էիր տալիս
պտտում աջուձախ
նայում հրատարակման թիվը.
ես նստել էի անկողնուդ ու ճոճվում էի սենյակիդ լռության մեջ
քստքստացնում կոշիկներս ու ամաչում պարբերաբար:
Երբ քայլեցի պատերովդ ի վեր, ի վար ու աչքերով անցա բոլոր անկյուններով
հետո նայեցի քեզ`
ինչ-որ խելոք բաներ էիր խոսում
ու երբեմն լռում մտածելու համար.
ես զգում էի սենյակիդ առարկաները
դատարկությունն ու ձեռքերիդ ծանրությունը…
առաստաղը իջնում էր կարծես
ու ես սեղմվում էի տեղի փոքրությունից…
օդը թաց էր
օրը` երկուշաբթի
ես հիվանդ էի ու
մտածկոտ`
հիմիկվա պես:
ապրիլ 2013
***
Սիրողի լիքությամբ
կամուրջներ սարքելու
գնալու
ու վերադառնալու
մնալու
մենակության միջով քայլելու ու
ծաղկելու ուժ ունենալու համար է
գարունի երկարությամբ
էս կյանքը:
Իմ մենակ:
Իմ լուռ:
Իմ անտեր:
***
Թրթիռներիս հետևելու կամք չունեցա
ու կանգնած մնացի
ու կիաստ ճամփին մնացի
ու հետ գնալը չիմացա
ու չփոխվեց աշխարհագրությունը զգացածիս
ու ոչինչ չփոխվեց:
***
Իմ մտքի փոթորիկ տանը
աղի պատերով իմ տանը
ջրափոսեր
եղինջ
եղինջ:
***
Բառերը, որ մտքում գրում եմ քեզ,
ասում եմ քեզ,
բառերը, որ չես տեսնում,
չես կարդում,
երևի չես լսում,
բառերը,
ինձ ու քեզ կապող միակ-միայնակ բառերը:
***
Լինել ծառի պես միայնակ
կանգնած տեղին հավատարիմ
որի
միակ շարժումը` արմատներից վերև
խշշխշշալն ու ծածանվելն է
ու մեկ էլ պտուղների ցած թրմփալը:
Իսկ թե արմատներն ուր են գնում,
դա չի երևում
ու շատ բաներ մարդու մեջ
չեն երևում:
***
Քառակուսի պատուհանից
երևում է կլոր լուսինը…
լուսնի լույսի տակ
բալենու ծաղիկը կաթնագույն է….
ոտաբոբիկ քայլողները
տրորում են
այգում կանգնած սառնությունը
ու
ծառաբների սպիտակությունը
շարքով կանգնած զինվորներ է հիշեցնում…
…ու թե թեքենք
ու թե երկինքը հող լինի
հողը` երկինք
երկնքից ծառեր են կախվել…
ու օդում ամպերով տներ են սարքվում …
/թարսություններ ու շիտակություններ/
***
Զսպվածությանդ պարանները
ազատության մեջ են ինձ դնում,
մտքերս զսպանակվում են
ու ցցվում հարցականի պես՝
տարուբերվում չիմացության ու հիացումի սահմանին:
Լռությամբ քո ու խոսքերով` ասված ու դեռ ասվելիք`կռահվող
ես տուն եմ սարքում`
վստահության
պնդության
առողջության
ուրիշ տեսակ սիրո:
վերջապես կարգին բան կարդացի