Պոեզիա

Մանե Մկրտչյան | Անհասցե պոեմներ

Ինչպե՞ս ինձ հաղթեմ Ու հաղթահարեմ քեզ: Ծովերին խնդրեմ քո ձայնով խոսել, Ու քամիներին` ինձ ամուր գրկել: Այնքան օտար են: Այնքան օտար ես:

• 5 րոպե

Մանե Մկրտչյան | Անհասցե պոեմներ

Ինչպե՞ս ինձ հաղթեմ
Ու հաղթահարեմ քեզ:
Ծովերին խնդրեմ քո ձայնով խոսել,
Ու քամիներին` ինձ ամուր գրկել:
Այնքան օտար են:
Այնքան օտար ես:
(Ես ինձ չեմ խաբի)
Ոզնու պես փակվել ու թաքնվել ,
Պաշտպանվել անհիմն, անիմաստ,
Պաշտպանվել քեզնից:
Իմ անկեղծ հոգին
Քեզ դեռ չի ներել:
Ու այդ նույն հոգին,հայելիների մեջ,ավարտվող ինքնաներման ճանապարհին է:
Առաջին շնչի նման` վերակենդանացած,
Ես քեզ թողնում եմ այնտեղ, որտեղ ուրիշներն արդեն գտել են:
Ես ինձ չեմ խաբի,
Քեզ ուղղակի թողնելը
Ինքնադավաճանություն է:

Թող բուժվեմ քեզնից:
Քեզ ուղղակի թողնելը,
Դեղատոմսում է:

***

իմ սպիտակ սեր
քեզ ինչպես գրեմ
որ թանաքոտ ձեռքերս
հանկարծ չդիպչեն
ու գրչի նման
սպիտակ էջերդ
ինձնով չլցվեն
ինչպես կետադրեմ
որ ոչ մի տողդ
անքեզ չթողնեմ
որ ամեն տողս
անավարտ լինի
ու չմտածեմ
որ իմ մտքերում
դու քչացել ես
դու ավարտվել ես
առանց կետերի
ու բազմակետերի
քեզ միշտ կգրեմ
իմ սպիտակ սեր
ինչքան մաքուր ես

***

Անկում.
Ես շատ էի վախենում բարձրությունից,
Իսկ հետո հանդիպեցի մարդկանց:
(Քմծիծաղ)
Ու ամեն հաջորդ հարվածը` ներքև,
Արդեն թռիչք էր թվում:
Անկում,
Դու ստիպեցիր,որ ես սիրեմ բարձրությունը…

***

Այս խաղաղության զգացումը
Ինձ ամուր գրկեց,
Ու հավերժությունը այնքան կեղծ թվաց,
Որ ես սիրեցի ներկան:
Անքեզ:
Թող այս վայրկյանի մեջ խաղաղ երևամ,
Ու բղավելով ,թող բարձր լռեմ,
(Ինչպես ես գիտեմ)
Իմ երեկվա ես,
Ինձ չմատնես:
Այս խաղաղության զգացումը`
Անշոշափելի,
Ինձ ամուր գրկեց…

***

Քեզ գրված նամակը
Ես նորից պատռում եմ:
Վերջին անգամ:
Թող գրիչս, քո մասին պատմելու համար,
Բարձրանա վերջին անգամ…

***

Լռեց հայրենիքս,
Ու լռեցի ես:
Գոռում էին լեռները,
Բայց լռության աղմուկի մեջ
Մենք էլ ոչինչ չէինք լսում:
Լռեցին լեռները,
Ու գոռացինք մենք:
Այդ լռության մեջ
Մենք անձայն էինք…

***

Ես ինձ հաղթած համարեցի,
Երբ սեր չզգացի:
Եվ երբ անունդ դարձավ
Հույզերիս կորուստը,
Ես ինձ պարտվեցի:
Անտարբերությունը եղավ պարտությունս:
Ընդունել եմ լինելիությունդ.
Ինձնից հեռու, օտար անցյալ,
Որ ներկա դարձար…
Ընդունել եմ ներկայությունդ.
Անխոսք, անտեսք, անքեզ:

***

Ամենացավոտը բացակայությունն էր.
Գիտակցված հեռացումը, օտարացումը,
Ձևական անտարբերությունը,
Քեզ թողնելը մենակ, առանց ինձ, առանց սեր:
Խաղաղ չէի:
Որովհետև դա ինքնապաշտպանություն էր:
Ես ուղղակի գիտեի պաշտպանվել:
Բայց այդ պաշտպանվածությունը այնքան կեղծ էր,
Առանց փուշ վարդի նման,
Որ ես որոշեցի ձնծաղիկ լինել.
Չերևացող, աննկատ, ազատ:
Ձնծաղիկ լինել ու չպաշտպանվել.
Սիրել գարունը, անձրևը ու քեզ:
Ու ազատվել,
Ազատվել
Փշերից:

***

Ես մենակ եմ,
Ու գոռալն անիմաստ է:
Գիտե՞ս ինչի:
Դու փակել ես ականջներդ,
Իսկ ձայնն անզոր է ձեռքերի դեմ:
Չէ, չէ ձայնս անզոր է ձեռքերիդ դեմ:
Դե, փորձիր փակել բերանս,
Չե՞ս կարողանում:
Գիտե՞ս ցավը որն է,
Դու այդ ձեռքերով փակել ես ականջներդ:
Այն ականջները, որ վաղուց չեն լսում:
Ես ձեռքս մեկնեցի,
Բայց քոնը ընդառաջ չեկավ,
Ու գիտե՞ս ինչի,
Դու այդ ձեռքերով փակել ես ականջներդ:
Իսկ երբ ծարավես,
Ձեռքդ կպարզե՞ս ջուր վերցնելու,
Թե ավելի լավ է ծարավից մեռնես,
Քան թողնես, որ ձայնս անցնի ձեռքերիդ միջով:

***

Սիրելու տեղ չունեի էլ,
Դու ինձ տեղ չթողեցիր:
Քո ներկայությամբ լցրեցիր
Իմ համբերության բոլոր բաժակները,
Ու ինձ տեղ չթողեցիր:
Ինքնասիրության համար չէ,
Քեզ, քեզ սիրելու համար:
Ես չիմացա դու ինչ գույն ես սիրում,
Իսկ ես սիրում եմ կապույտի բոլոր երանգները:
Դու երևի թեյ ես սիրում,
Իսկ ես` սուրճի սիրահարներին:
Չէ, չեմ ներում:
Ինձ չեմ ներում,
Որ մտածել էի,
Թե սուրճ ես սիրում:
Տեղ թողեցիր քո մասին մտածելու համար:
Ինչի՞:

***

Տեսնես ժամը քանի՞սն էր,
Երբ առաջին անգամ տեսա քեզ:
Տեսնես ժամը քանի՞սն էր,
Երբ առաջին անգամ գրկեցիր ինձ
Ու բաց չթողեցիր,
Ու բաց չթողեցիր, մա´մ:
Ես աշխարհը տեսա քո աչքերի միջով
Ու սիրահարվեցի,
Ու սիրահարվեցի կյանքին, մա´մ:
Իմ տունն ես, մա´մ:
Ապահով է տանը:
Գրկում ես ինձ, մա´մ,
Պինդ,
Ինչպես առաջին անգամ:
Շնորհակալ եմ,
Որ կաս,
Որ կամ,
Մա´մ:

***

Քեզ թվում էր դու «ում» ես սիրում,
Չէ, չէ, չէ,
Դու քե՞զ ես սիրում էդ սիրո մեջ,
Դու էգոիստ ես:
Դու «ում» չես սիրում
Դու սիրում ես քո ներկայությունը էդ «ում»-ի կյանքում:
Դու քեզ էլ չես սիրում,
Բայց դու ամենաէգոիստն ես:
Ներկա ես, գնա տուն:
Էդ բոլոր բացակայությունները հարգելի չէին,
Բայց ու՞մ էր էդ պետք,
Եթե «ում» չկա:
Կաս դու, դու ու էլի դու:
Երկու գյուղերի արանքում`
Ամայի դաշտում,
Դու քո վեհագույն ներկայությամբ,
Մենակ:

***

Արդարություն փնտրողները գտնում են,
Անարդարությունը:
Բարին փնտրողները գտնում են,
Նախանձը:
Սեր փնտրողները գտնում են,
Բայց միակողմանի:
Երջանկություն փնտրողները գտնում են,
Անվերջ որոնումներ:
Հայացքներ փնտրողները գտնում են,
Փակ աչքեր:
Ջերմություն փնտրողները գտնում են,
Սառը, շատ սառը լոգանք:
Փնտրտուքների ժամանակ չկա:
Ափին ավազի հատիկ եմ փնտրում,
Իսկ ծովն ալեկոծվել է,
Քամին խաղում է,
Մարդիկ չկան:
Ես հետևում եմ ամպերի շարժին
Ու փնտրում եմ
Միայն
Ինձ:

***

Մութ ա:
Ես ոչ ինձ տեսնում եմ,
Ոչ` լսում:
Ուղղակի գիտեմ, որ կամ,
Հաշվենք զգում եմ:
Մութ ա:
Մարդիկ էնքան են բամբասում,
Որ էդ աղմուկի մեջ,
Ես ինձ չեմ լսում:
Մութ ա:
Էդ մթության մեջ
Ես զգում եմ փոշու հոտը:
Ականջիս մեկ-մեկ հասնում ա թեթև քամու ձայնը:
Ըհըն, ուրեմն կյանք կա:
Ես ինձ լսում եմ օրվա մեջ մի երկու ժամ:
Երբ քաղաքը վերջապես քնում ա,
Մոտավոր 3-4-ի կողմերը,
Մինչև ժամը 6-ը:
Ու թարսի պես, ես էդ ժամին քնած եմ լինում:
Խնդրում եմ էլի, մի քիչ լռություն:
Թե չէ ցերեկները ես ինձ չեմ լսում:
Կամ էլ ես գնամ սարեր,
Ուր լռություննա ապրելու ու ապրման հիմնական ռեժիմը:

***

Վերք ունեմ,
Դեղ չունի:
Ցավ ունեմ,
Տեղ չունի:
Չունի,
Չունի,
Չունի:
Աչք ունեմ,
Կոպ չունի:
Ձեռք ունեմ,
Երկար չի:
Ճար չունեմ,
Ճար չունեմ,
Ճար չունեմ:
Սիրտ ունեմ,
Զարկ չունի,
Առանց քեզ զարկ չունի:
Չունի,
Չունի,
Չունի:
Ինձ թվում էր առանց քեզ կյանք չունեմ,
Հա, չունեմ,
Բայց հանուն քեզ պիտի
Ապրեմ,
Ապրեմ,
Ապրեմ:
Աստված ունեմ,
Վերադառնալու եմ,
Ես,
Տուն:

Թողնել մեկնաբանություն