Ատելությունս
սիրո բարբառով է խոսում…
***
Ես քեզ սիրում եմ
բանաստեղծություն գրելու նման
չմտածված, կարճ ու սիրուն,
ճերմակը դեղին ներկելու պես,
վերևում` արև, ներքևում` ձյուն,
ու ռետինով եմ նկարում մեր սերը…
***
Կիսատ թողած շոկոլադի նման,
որ ոչ դեն են նետում,
ոչ կարող ես թղթով նորից փաթաթել,
ես թողնում եմ քեզ
սուրճի մրուրից մի ափ հեռու
և սուրճի մրուրին մի ափ մոտ…
***
Հանդարտությունն ու վստահությունը,
խանդն ու իրար տանջելը
առանձին, մեկը մյուսից զատ
չեն ստիպի սիրել,
բայց բոլորը միասին
կսովորեցնեն զգալ…
***
Ու վաղվանից առաջ
մի լուսավոր գիշեր`
մոռանալու համար,
քո գնալուց հետո
եկած այս օրը
ինձ չի հերիքում…
***
Երեկոն ցածրացել է
Երևանի տափակ կտուրներին,
վաղվանից մնում եմ
քո բացակայությամբ կահավորված այս քաղաքում՝
իմանալով,
որ ձմռան ամենաերկար գիշերն է,
որ ժամանակն ավարտվել է հիվանդ փողոցներում,
և ինչ-որ մեկը հաշվում է բոլոր քայլողներին…
***
Դու այնքան մոտ ես,
որ քաղաքը կտեղավորվի մեր արանքում,
ուր ես կարող եմ օրերով սպասել
ու չվախենալ, որ կհասնես ինձ,
անձրևից հետո փոքրացող
ու բարակ այս քաղաքում
դու այնքան մոտ ես,
որ ձեռքդ չեմ կարող բռնել,
որ ներեմ քեզ…
***
Եվ երբեմն նստած պատշգամբում՝
նայում եմ պահի անխռովությանը՝
չմտածելով ոչնչի մասին,
բայց նորից չմոռանալով քեզ,
որովհետև քեզ հետ ապրած օրերս
նման են ցորենի արտում աճած բարդիների.
որքան հեռանում եմ,
դրանք ավելի տեսանելի են դառնում…
***
Երեկվա աշխարհ՝
ոչ մի տեղից եկած,
ոչ մի տեղ գնացող:
Բարև՛,
օտար մեկի մոռացած,
ինչ-որ մեկից մնացած աղջիկ…
***
Սովորական էր մեր հանդիպումը
ինչպես օրացույցում չփնտրած օր,
աշնան այգում
ոտքդ ցավեցրած ընկույզ.
գտնելիս՝ խոնավ,
կոտրելիս՝ անցավ,
ու սովորական եմ գրում
քո մասին…
***
Տեսնես ձյունը կու՞յր է,
երբ իջնում է
կոտրված կղմինդրե տանիքներին
ու չի տեսնում բաց երդիկները,
որոնցով ամռանը
թիթեռներ են ելումուտ անում,
երբ իջնում է
կավածեփ պատերով հյուղակներին,
որոնց պատուհանից
մի բուռ աշխարհ է երևում,
մի կաթիլ արև՝
ընդարմացած քարափներին…
***
Տոներին քաղաքը լի է
նախորդ ձմեռների ցանկություններով,
և ձյունը չի դադարում ընկնել
ավելի բարձր լեռներում՝
այս փոքրիկ բակերից հեռու՝
ցանկություններով նախորդ ձմեռների…
***
Քեզ թողել եմ մետրոյի վագոնում
գլուխկոտրուկի կամ խաչբառի տեսքով,
վագոնից վագոն անցնող
մանրավաճառ տատիկը գտել է քեզ,
հիմա ուրիշին է առաջարկում`
գլուխը տարուբերելով
ու ոտքերը լայն բացած,
հաջորդ կայարանը` Երիտասարդական…
***
Փոքր քաղաքներում երջանկության ավտոբուսներ
չեն գալիս-գնում,
թեև միշտ լսել եմ դրանց մասին,
գիտեմ, որ կարմիր են
ու Կոկակոլա են գովազդում,
որոնց շշերին երբեք չեմ փնտրել անունդ,
երջանկության ավտոբուսները
մեծ քաղաքներում կանգառներ չունեն.
մեծ քաղաքներում կանգառներ չեն լինում…
**
Գյուղում հեշտ է գրել սիրելու մասին.
կա կրակ, փայտ, բուխարի,
մոխիր, թաց փայտ,
երբեք չօգտագործված բուխարի,
գյուղում հեշտ է հողի վրա
բոբիկ ման գալ,
ցեխերի մեջ մերկ գլորվել
ու մաքուր դուրս գալ…
***
Դու սիրում ես թեյը թափանցիկ բաժակում,
որ ջրում օրորվող
տարօրինակություններդ տեսնես,
ձեռքերումդ պահես
ու ազատ թողնես,
ցույց տաս, որ իշխում ես,
թրջվես ու չոր մնաս…
Շարքի համար քիչ էր, կամ ես ավելի շատ կուզեի կարդալ: