Խեցին կոտրած մի խխունջ,
Տնկվեց հողում լուռ ու մունջ,
Օրերն անցան, բայց մեջքին
Չբողբոջեց նոր խեցին…
Այդպես մոլոր ու տկլոր,
Վշտից կծկված, մեջքը` կոր,
Ճամփա ընկավ նա իսկույն
Դեպի դարբին արջի տուն:
Հսկա արջն էլ անտառի
Երկաթ ձուլեց վիթխարի,
…Խխունջն առավ շալակին
Բայց գլորվեց հատակին:
Ծանր-ծանր հևալով,
Քամու շնչից դողալով,
Ճամփա ընկավ նա իսկույն
Հին մորթեգործ այծի տուն:
Այծ մայրիկը անտառի
Գզզեց բուրդը ոչխարի,
Ու փոքրիկին դրացի
Գործեց բրդյա մի խեցի:
…Խխունջն առավ շալակին,
Խուտուտն ընկավ տանիքին:
Թափառական ու անտուն
Առանց խեցի, առանց քուն,
Ճամփա ընկավ նա իսկույն
Փշեգնդակ ոզնու տուն:
Բարի ոզնին անտառի,
Գթաց խեղճին կարեկից,
Փշե մուշտակն իր հագի
Տվեց թույլին բախտակից:
…Խխունջն առավ շալակին,
Փուշը մտավ կռնակին:
Մտամոլոր ու անհույս,
Առանց տանիք, մեջքը` կուզ,
Ճամփա ընկավ նա իսկույն
Փոքրիկ շինարար
Խաչատուրի տուն:
Քանոնն առավ, լուռ ու մունջ,
Առանց մեխի, առանց մուրճ,
Մի բացիկից գունազարդ,
Շինեց տնակ ծաղկազարդ:
…Խխունջն առավ շալակին,
Ծափ-ծիծաղն էլ ամենքին: