Քեզ
կավից եմ
կերտել.
մի՛ անիծիր,
Որ ցեխոտ են ձեռքերս…
Մնացյալը՝
քեզ սիրելուս
հիվանդությունն է,
որ կոչում են
զոհողություն
հանուն արվեստի –
…Ինձ մի բուժիր
Քեզնից,
Թո՛ղ ծաղկեն ձեռքերս
Կոնքերիդ
սափորներին,
իբրև վերջին գարուն
դրախտային հուշի…
***
Էլ աստղերի մեջ
չեմ
փնտրելու
հայացքդ,
որովհետև
այլևս
կուրանալու
տեղ
չունեմ…
***
Ամեն գիշեր
մտադրվում եմ
շեղել
ճանապարհս՝
քեզ տեսնելիս,
Եվ ամեն անգամ
առավոտն սկսվում է
Քո բակից…
Ամեն ցերեկ
Դրժում եմ գիշերվա
պատվիրաններս:
Ամեն օր
ժամադրում եմ մեզ-
Քո ատելանքն՝ իմ սիրո,
քո մոռացումն՝ իմ հիշողության հետ..
Հանդիպումը
վերտեսլական ու այնպես թանկ ու ի՛մն է…
թեպետ բաժանումն
արդեն իմ դստեր տարիքին է…
***
Հոգեթաց օրվա երակների մեջ
Հոգեվարում է կարոտը դեռ կույր,
Բառերն ի՜նչ երգեն որբացած ձեռքում,
Ինչպե՞ս թաքցնեմ լռությունը մեծ:
Քո հեռացումի խուլ ակորդներին
Ներդաշն չեղավ մեղեդին սիրո,
Արցունքը սահեց կեսօրվա ծիրով
Եվ սառեց մթան աստղե կոպերին:
Բայց օրհնյալ լինես մինչևիսկ երգում
Սատանա՛, փերի՜, հրեշտա՛կ անեղծ
…Հոգեթաց օրվա երակների մեջ
Հոգեվարում է կարոտը դեռ կույր:
***
Քո գնալուց հետո,
ցերեկներն ամենից բարակ
զգեստներն են,
Եվ գիշերները նույնպես,
Եվ կյանքն՝ առհասարակ…
Քո գնալուց հետո
Ես անիծում եմ
ոչ թե եղանակներին,
եվ մերկությանն անգամ,
այլ օրհնում եմ
հուշն ու սերը տաքուկ
Եվ կարոտը
մաքո՜ւր,
որ քո տված միակ
ընծան է –
պատառոտված ու թանկ…
***
Թաթախում եմ մատներն իմ քո
Հիշողության գուաշի մեջ,
Բաբախում է սիրահևքով
Իմ կարոտը տաք ու անշեջ:
Վրձնումներ են սիրահուշի,
Դրախտային անէացու՛մ,
թե սիրում ես դեռ ուրիշի,
սիրելի ես ուրեմն, սո՜ւրբ:
Սպասում եմ դեռ քո գալուն,
Որ ավարտ է ապերջանիկ,
Սակայն հույս է, թեև դալուկ,
նետված դեմքին նենգ վախճանի:
Ավա՜ղ, ու՞մ են հիշում դեմքով,
Անդեմ ցավ է սերը անվերջ.
… Թաթախում եմ մատներն իմ քո
Հիշողության գուաշի մեջ…
***
Քեզ թվում է,
դյուրի՞ն է
ավազների համար
հորինել
անգնա
ժամանակ,
ես կարող եմ
ընդամենը
ավազե ժամացույց
Դարձնել
իմ սիրտը…
Կարծում ես,
կզորեմ
ալիքների համար
Տաճա՞ր շինել,
Ես կարող եմ
իմ ձեռքերը
մոմերի պես
դնել
ալեկոծություններիդ վրա,
Աղոթելով,
որ դու տևելու ես
իմ խորքերում,
Օվկիա՜ն,
Հավատալով
թացությանդ միայն,
Որ չի անցնելու երբեք…
***
Ցերեկների պայծառ մագաղաթի վրա
Ես կգրեմ լուսե քո անունը, Դահիճ,
Գովերգելով, որ դու իմ օրերում վհատ
Քո հայացքն ես փռել հեռու, սակայնև՝ ջինջ:
Կներբողեմ երգեր՝ ներսերենով, մաքու՜ր,
Եվ կարդալով բոլոր անեծքներդ անսեր,
փոխարկելով տողի, սիրո՜, նյարդի տաքո՜ւկ,
արարելով կեսօր հիշողության անսև:
Ցերեկների պայծառ մագաղաթի վրա
Ես կգրեմ լուսե քո անունը, Դահիճ,
որ իմ կյանքը շքեղ մի երգարան թվա,
Թեպետ ինձ ես կապել անտանելի ցավին…
***
Թե գնալու ես
ու գիշեր մնա,
քո աչքերը թո՛ղ
Իբրև լուսատու
աստղեր աննման..
Թե գնալու ես
Ու ձմեռ լինի,
Քո ձեռքերը թո՛ղ,
Որ շարունակվի դրախտը,
Լիլի՜թ:
Թե մնալու ես,
Ուրեմն գնա,
Իմ անդառնալի
Լուսավորություն,
Իմ ներկայություն
անիմանալի…
***
Ամառային մի օր,
Եվ տաք մի երեկո
Տարօրինակ մի դող
Կզեփյուռվի քո մեջ,
Քո ներսերի որմին
Կարոտաջուր մի լաց
Կթացանա հանկարծ…
Ու չե՛ս զգա՝ ինչու,
Չես հասկանա՝ ինչպես
աշխարհներում քո տաք
փաթիլները կգան
ու կարծաթվեն մեկեն…
զի բաժանումդ արդեն
Եղանակ է դարձել…
Եվ դու հանկարծ կերգես
Իմ այն երգը, որ դու
անգիրել ես սիրով
Եվ ինձանից թաքուն…
Թեպետ այրել էիր
նամակի հետ վերջին –
Եվ կծաղկես նորեն,
Քեզ ատելով, որ դեռ
Ինձ սիրում ես այնպես,
Իմ սիրասո՜ւն երազ,
իմ հուշերի պարտե՜զ…
***
Մենությունն արդեն դարձել է ընկեր,
Հավատարմության երդում է կորզում,
Ու՞մ են պետք սիրո քնքշաբույր երգեր
Երկիր անվանվող այս նեխող փոսում:
Երբ լուսավոր է գիշերն ավելի,
Երբ ցանկալի է մահն ու հարազա՜տ,
Դու չիմացողին երգեր ներբողիր,
Դու իմացողին հազարը ասա՜:
Մենությունն արդեն դարձել է ընկեր,
Հավատարմության երդում է կորզում,
Կյանքը մեղմորեն սահում է ներքև՝
իբրև անշուք բառ գեղեցիկ փոսում…
***
եվ եթե լիներ
Գիշերը՝ գիշեր,
որ անգիրում ենք
դասագրքերում,
աշխարհագրության
ժամերին բոլոր,
Մարդն էլ կլիներ
պարզապես էակ,
Եվ սիրտն էլ՝ հենց սիրտ,
Սակայն այդպես չէ,
քանզի իմ աշխարհն այլևս դու ես,
Եվ գրությունն էլ սի՜րտ-անաշխարհիկ,
Եվ ուրեմն Դու
Գիշերաչափ ես,
Կարոտաչափ ես ու սրտագրկուն,
Եվ ուրեմն Դու՛
Ավելին ես, քան
Բառն ու Կարոտը,
Ժամանակներից ավելին ես Դու
եվ չլուսացող
իմ ցավն ես անդու՛լ…
***
Իմ գիշերները էլ լուսին չունեն,
էլ աստղ չունեն, ոչ լույս, ոչ էլ՝ չու՜,
Եվ չկան սիրո պայծառ հնչյուններ,
որ երջանկություն բառով են կոչում:
Խավարում մնաց աղոթքը լույսի,
Եվ կյանքը թվաց անա՜ստղ ու ցու՛րտ,
Բայց փրկեց մահից պատրանքը հույսի,
որ դարձավ մի նոր բանաստեղծություն…