Նոնա Պողոսյան | Կապույտի մեջ ճերմակ սպի

***
Ես քամիների թևերի վրա
Շարել եմ բոլոր սվսվոցներդ…
Մի օր, երբ ուզեմ քեզ նորից կարդալ`
Ես կվարարեմ քո արևային անձրևների հետ…

 

***
Ես չգիտեմ` հիշողությունս որտեղ թողեցի…
Բայց կապույտի մեջ մի ճերմակ սպի թրթռում է դեռ…
Ես հրեշտակ չեմ… Ու դրա համար խիղճս թաղեցի
Այն հետքերի տակ, որոնց նախշերը ես էի ընտրել…

 

***
Դու փռել էիր ծանր ձյուները
Հոգուս թրթռան, խենթ հալոցքներին…
Թե պիտի շալակեինք մեր գարունները`
Ինչների՞ս էր պետք հիշողությունը ձնծաղիկների…

 

***
Երեկ սկիզբ էի,
Այսօր`ճանապարհ
Վաղը` հանգրվան…
Երեկ անցորդ էի,
Այսօր` ուղևոր,
Վաղը` ձեր վկան…
…Մինչև ե՞րբ պիտի չկարողանամ,
Ես ձեռքը բռնել այս երջանկության…

 

***
Անհավասար օրերի
Լայնքի մեջ ու երկայնքի
Տեղավորվել չի լինում
Եվ կամ` խցկվել անհարկի…
Երբ փշերը խաբկանքի
Ես հանում եմ իմ մարմնից,
Մի անգույն ցավ է մնում`
Իբրև ծաղկող մի թախիծ…
Մի մեռյալ կետ է մնում
Իմ աչքերում քարացած.
Օ՜, ինչ դժվար է սիրվել
Ժամանակից որբացած…
…Անհավասար օրերի
լայնքի մեջ ու երկայնքի
Մի թռչնի դող է ննջում
Թևերի տակ երկնքի…

 

***
Մի շրջանակիր բառերս,
Թե չէ դրանք այլևս
Չեն ոսկոզօծվի…
…Մի շրջանակիր բառերս.
Թող որ երջանկությունս
Անպարագիծ լինի…

 

***
Իմ թևերը
Դրախտի դռան դիմաց
Վարանեցին մի պահ…
…Իմ թևերի վրա
դեռ փետուրներ կային,
Որոնք չէին շոյել
Երկնքի կուրծքը բաց…

 

***
Բոլոր բառերը
Ճակատագիր ունեն…
Նոր եմ հասկացել,
Թե ինչու են այդքան
Երգերս նման
Ճակատագրիս…

 

***
Բանաստեղծությունն
Ինձանից առաջ է
Ապրել մեր տանը…
Բայց աննկատ մի տեղ`
Ծվարած անկյունում…
Ու երբ գիշերներն ինձ
Օրորել է մայրս,
Ես պատերի թրթռան
Անվերջության վրա
Կարդացել եմ նրա
Գրած նամակները…

 

***

Ինքնասպանի պես
Բաժանումները
Կախվում են բախտի
Ճաղավանդակներից
Ու ճոճվում են,
Քանի դեռ…
Իսպառ
Չի ջնջվել
Հիշողությունը…

Խնդրում եմ…
Գոնե փոքրիկ մի դիպված
Թող հիշողության էջերի վրա…

Նշանաբառ՝

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով