Գերտրուդ Սթայն | Երկար զգեստ

Դուստր

Ինչո՞ւ է աշխարհը խաղաղ։
Սա կարող է զարմացնել ձեզ մի քիչ, բայց երբ հասկանում եք,
թե ինչ հեշտությամբ է տիկին Չարլզ Բիանկոն
ամերիկացի նկարիչների գործերը վաճառում ամերիկյան միլիոնատերերին,
գիտակցում եք, որ հեղինակությունները պարտադրում են թեթևության զգացում:
Թույլ տվեք ինձ մի բան պատմել։
Նկարիչը սիրեց մի կնոջ։
Երգիչն այլևս չերգեց։
Հարավաֆրիկացին սիրեց գրքերը։
Իսկ ամերիկացին կին էր, ով օգնության կարիք ուներ։
Եվ մի՞թե ամերիկացիները նման չեն ինկուբատորի…
Բայց դա մեկ այլ պատմություն է։ Նա հասավ իշխանության։

 

Երկար զգեստ

Ինչ է ներկան, որ մեքենաներ է ստեղծում,
որ ստիպում է նրանց աղմկել,
ինչ է ներկան, որ երկար մի գիծ է և անհրաժեշտ մի գոտի,
ինչ է այս ներկան։
Ինչ է քամին, ինչ է այն։

Որտե՞ղ է խաղաղ երկարությունը, այն գոյություն ունի,
և մութ վայրն ամենևին էլ մութ չէ, միայն թե
սպիտակն ու կարմիրը սև են, միայն թե
դեղինն ու կանաչը՝ կապույտ,
վարդագույնն ալ կարմիր է,
իսկ վարդակապ ժապավենը՝ ամեն գույնի։
Գիծը զատորոշում է։
Գիծը պարզապես զատորոշում է այն։

Տհաճ արձակում

ՊԱՅՈՒՍԱԿԸ մոռացել էին,
չէին վերցրել, լքել էին պարզապես:
Պայուսակն այդպես էլ չգտան։
Տեղանքը՝ «վերջին անգամ»։
Որպես մի կտոր, որ կարելի էր փոխանակել, մի մաս թեկուզ, բայց պետք չէր ոչ ոքի,
Մնացածն անկազմակերպ մի բան էր…

 

«Չորս սրբերը երեք գործողությամբ» օպերայից

Աղավնիները խոտի վրա, ավա՜ղ,
Աղավնիները խոտի վրա, ավա՜ղ,
Կարճ, երկար խոտ, կարճ, ավելի երկար, ավելի երկար, կարճ դեղին խոտ։
Աղավնիները
մեծ աղավնիները կարճ, երկար, դեղին խոտի վրա, ավաղ, աղավնիները
խոտի վրա։
Թե դրանք աղավնիներ չեն, ապա էլ ինչ են։
Եթե նրանք աղավնիներ չեն խոտի վրա, (ավաղ), ապա էլ ինչ են։
Նա լսել էր երրորդի մասին ու հարցրեց,
Թե արդյոք դա կաչաղակ է երկնքում։
Թե կաչաղակ է երկնքում, երկնքի վրա, չի կարող լաց լինել, եթե աղավնին խոտի վրա, ավաղ, կարող է, ավաղ, և անցնել, աղավնին խոտի վրա, ավաղ, և կաչաղակը երկնքում, երկնքի վրա և փորձել, և փորձել, ավաղ, խոտի վրա, ավաղ, աղավնին… խոտի վրա և ավաղ։
Նրանք գուցե շատ լավ են, նրանք գուցե շատ լավ են, շատ լավ են նրանք
կարող են
լինել։
Թող Լյուսիին Լիլիին Լիլիին Լյուսիին Լյուսիին
թող Լյուսիին Լյուսիին Լիլիին Լիլիին Լիլիին Լիլիին Լիլիին
թող Լիլիին Լյուսիին Լյուսիին թող Լիլիին։
Թող Լյուսիին Լիլիին։

 

Մեդիտատիվ բանաստեղծական տներ. Տուն 13

Կարող է պատահել, որ վարդագույնը լինի սպիտակի հետ
կամ սպիտակը՝ վարդի,
Կամ կարող է սպիտակը լինել վարդի հետ,
իսկ վարդագույնը՝ բաց մանուշակագույնի։
Կամ նույնիսկ կարող է սպիտակը դեղինի,
իսկ դեղինը կապույտի հետ լինել։
Կամ էլ նույնիսկ, եթե նույնիսկ դա վարդ է,
սպիտակի ու կապույտի հետ։
Եվ այդպես, եթե ոչ պատահաբար,
այնտեղ դեղին չկա։

 

Անգլերենից թարգմանությունը՝ Սամվել Խաչատուրյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *