Առաջին անգամ եմ մասնակցելու նման համաժողովի: Եվ հրավերքն էլ, ճիշտն ասած, ինձ համար շատ էր անսպասելի: Իմ խորին համոզմամբ՝ գրող կոչվելու իրավունք ունեն բացառապես այն ընտրյալները, ովքեր, ասենք, «Միրհավի» մակարդակով թեկուզ մեկ գործ են գրել: Եվ հանկարծ ես, ֆիզկուլտուրայի գյուղական ուսուցիչս, համարվում եմ երիտասարդ հայ գրող և, նույնիսկ, հրավիրվում եմ համաժողովի… Չէ, անձնական թերարժեքության զգացումով չեմ տառապում: Քավ լիցի, եթե փորձ ես արել ծիկրակել գրականության՝ այդ սուրբ տաճարի դուռ-լուսամուտից, դա ինքնին արդեն մեծ համարձակություն է: Եվ քանի որ ծիկրակելու համար ոչ ոք ականջիցդ չի քաշել, ընդհակառակը, առայժմ գրկաբաց «Էստի համեցեք» են անում, ուրեմն՝ ուղղակի իրավունք չունես սևերես անելու քեզ վստահողներին: Հոռետեսությո՞ւն է: Չէ, մտահոգություն, որ էս գլխից ճիշտ հասկանաս բռնածդ գործի պատասխանատվությունն ու ծանրությունը: Համոզված եմ, իմ երիտասարդ գործընկերներից շատերին նույն խոհերն են այցելել ծաղկաձորյան հանդիպումի նախօրեին: Տարօրինակ հուզմունքով եմ սպասում այդ հանդիպմանը: Իմաստությունն ասում է՝ ամեն թռչուն իր երամի հետ է թռչելու: Մեր այս հանդիպումն, ասես, թռիչքից առաջ երամ կազմելու նման մի բան է:
Ցանկանանք, ուրեմն, մեր նորակազմ երամին համերաշխություն և բարի թռիչք՝ գրականության սուրբ, կապույտ երկնքում:
ԳԹ, 1984, 21 հունվարի