Երևան
Փչի՛ր քաղաք,
ես կթաքնվեմ
քո մոռացության
տուֆե թփերում,
որ դու չհիշես,
անինձ օրերիդ
գողգոթան կարմիր….
քո սիրտը արդեն
հոգեհասցե չէ
և ոչ էլ գոգնոց,
իմ համեմահոտ
շերեփի համար…
ինձ լքի՛ր քաղաք,
ուզում եմ գրկել
ես քո շներին,
որ չունեն ոսկոր,
բայց թափառում են
լիալուսնիդ տակ
և չեն հարցնում
օր և ամսաթիվ….
չգիտեն նրանք,
որ դու մերկության
ցնցոտիներով
բաժանում ես քեզ
մուրացկաններիս,
այս կարճամետրաժ
լվացքի համար,
որ կոչեցինք սեր
առանց արմատի
ու քեզ տեսնելու…..
ինձ փռի՛ր քաղաք,
քո պատշգամբից,
ես`քո ծակ գուլպան,
կարող եմ զգալ,
ինչպես է քամին
հոգուցդ եռում.․․
«ԿԻՆ» ՇԱՐՔԻՑ
դուրս արի՛ խցիցդ,Կի՛ն,
պատռելով մենության գլխաշորը,
քեզ բոլորը լքեցին,
դու լքեցիր ինքդ քեզ՝
հագնելով զսպաշապիկը
նռնագույն տառապանքի,
որ աղոթում էր մեղքեր
ու խմում՝պատվիրաններ
չշնչված….
դու խելագար ես,Կի՛ն,
ու փշրված՝ աշխարհների միջև,
որ չունեն ճակատագիր,
դու նկարեցիր քեզ՝
ճերմակ շրթներկով
թիթեռասպան….
հագուստներդ
կախվեցին առաստաղից
ու չհասան աստղերին,
որ փնտրում էին երկինք….
դու չգտար քեզ,Կի՛ն,
ու կաթկթեցիր հույսի
կապույտ երակներից,
որովհետև,
որովհետև քո հուդաները
քեզանից էին սնվել…
****
Կյանքը սարդոստայն է, Եվա՜,
ես և դու` իգական սարդեր,
սանրի՛ր մազերս`
ոռնալով այն գայլի նման,
որ թաքնվում է վարագույրի տակ
ու կրծում տառապանքի
թնջուկը միայնակ…
Իմ հոգին արցունքների
մենաստան է,
ուր կարող ես խաչվել
առանց գինու.
ես ատում եմ մեռոնված
կարոտները,Եվա՜,
ու սիրտս ծամում
օրերի մաղձով…
Դու եդեմավտար Կի՜ն`
հոգեխնձորներ կերած,
գտի՛ր հակադարձումը
ճակատագրի
ու ճչա այն մասին,
ինչ Աստված լռեց…
Ես կպատռեմ
գլխաշորս,Եվա՜,
բայց կացին չունեմ,
այն ծառի համար,
որ կոչվում է կյանք…
փախուստը մթի
կիսամերկ կանգնած
օրորում է ինձ,
որ անտառապահ
հույսերի միջից
ես ասեղնագործեմ
կապույտ սարդոստայն.
Գրկի՛ր ինձ,Եվա՜ ,
դու թաց եդեմի
վերջին սարդ ու Կին…
***
Ես ուտում եմ
ավազը հիշողության.
իմ հոգին
նարնջագույն անապատ է,
ուր արևամուտը
հոսում է արցունքների հետ…..
ես ատում եմ
պահմտոցին սաղմոսների,
որովհետև երկինքը
ծնկի գալ չի կարող,
բայց մի աչք կիսաբաց է…..
Դու տեսնում ես Աստված
ուր Դու ես,ես չկամ…
սևագրի՛ր ինձ
առանց փշրելու
սարսուռը հարության….
ես կփշաքաղվեմ ծնկներիդ`
կրծելով եղունգները այն հույսի,
որ չունի էլ քեզ
բիբերում արյունոտ…..
չծամե՛ս էլ ինձ`
շրջելով խաղաթուղթը
այն կարմիր,
որ ես եմ կտցահարում….
«ԵՐԿԻՐՍ» ՇԱՐՔԻՑ
Լավաշե Երկի՛ր ՝
փշրահան հույսի
հանապազօրյա
աղոթք կուլ տված,
մենք խաչեցինք քեզ…
ու հոգեվարքի
թաց թոնիրներում,
այրվեցին ամեն
երակները քո,
որ չունեին
էլ մեզ՝
հուդայաերես,
հոգեծախներիս,
որ մեր ծակ մորթին
կարելու համար,
գնդասեղեցինք
լույսդ լեռնային…
Գողգոթա Երկի՛ր,
անկորի՛զ,անսե՛ռ,
բայց ծիրանահամ,
չներես դու մեզ՝
հուդայահամբույր
թոքաբորբերիս,
որ հոգեխնջույք
ընթրիքից հետո՝
հազացինք լոկ քեզ
նռնակիրակի
շնչելու համար…
Մեռոնե Երկի՛ր,
քամվի՛ր դու մեր մեջ,
զի մեր հոգեճեղք
խորաններից ներս
դու պիտի երգվես…
Հիանալի գործեր են,շատ տպավորված եմ:Շնորհակալություն Գրանիշին նման տաղանդներին ներկայացնելու համար: